Գերագույն համաժողով
Անձնական խաղաղություն դժվարին ժամանակներում
2021 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Անձնական խաղաղություն դժվարին ժամանակներում

Երբեք ավելի կարևոր չի եղել անձնական խաղաղություն փնտրելը։

Վերջերս ինձ հանձնարարվեց նվիրագործել պատմական Նավուի մի տարածք։ Որպես այդ հանձնարարության մաս, ես կարողացա այցելել Լիբերթիի բանտը Միսսուրիում։ Երբ դիտում էի բանտը, ես մտածում էի այն իրադարձությունների մասին, որոնք այն դարձնում են Եկեղեցու պատմության այդքան նշանակալի մասը։ Սրբերի կյանքը սպառնալիքի տակ էր Միսսուրիի նահանգապետի կողմից տրված բնաջնջման հրամանի արդյունքում։ Բացի այդ, Մարգարե Ջոզեֆը և մի քանի ընտրյալ գործընկերներ անարդարացիորեն բանտարկվել էին Լիբերթիի բանտում։ Մեր անդամների հանդեպ դաժան վերաբերմունքի պատճառներից մեկն այն էր, որ նրանցից շատերը դեմ էին ստրկությանը։1 Ջոզեֆ Սմիթի և նրա հետևորդների նկատմամբ այս սաստիկ հալածանքը հանդիսանում է ազատ ընտրության անարդար գործադրման վառ օրինակ, որը կարող է ազդել արդար մարդկանց վրա։ Ջոզեֆի՝ Լիբերթիի բանտում անցկացրած ժամանակը ցույց է տալիս, որ ձախորդությունները Աստծո դատապարտման և ոչ էլ Նրա օրհնությունների դադարեցման վկայությունը չեն։

Ես խորապես ազդվել եմ, երբ կարդացել եմ մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերը, որոնք նա հայտարարել է Լիբերթիի բանտում գտնվելու ժամանակ. «Ով Աստված, որտե՞ղ ես դու։ Եվ ո՞րտեղ է տաղավարը, որ ծածկում է քո թաքնված տեղը»։2 Ջոզեֆն ուզում էր իմանալ, թե որքան ժամանակ Տիրոջ ժողովուրդը պիտի «կրեն այս անարդարություններն ու անօրինական ճնշումները»։3

Նկար
Երեց Քուքը այցելում է Լիբերթիի բանտը

Երբ կանգնած էի Լիբերթիի բանտում, ես խորապես հուզվեցի, մինչ կարդում էի Տիրոջ պատասխանը. «Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն․ քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ․ և հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի. դու կհաղթես քո բոլոր թշնամիներին»։4 Ակնհայտ է, որ հակադրությունը կարող է կատարելագործել մեզ, որպեսզի ունենանք հավերժական, երկնային ճակատագիր։5

Փրկիչի թանկագին խոսքերը՝ «Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն»,6 խորը իմաստ ունեն ինձ համար և մեծ նշանակություն՝ մեր օրերի համար։ Դրանք հիշեցնում են ինձ Նրա ուսմունքները՝ տրված Իր աշակերտներին Իր երկրային ծառայության ընթացքում։

Նախքան Գեթսեմանիի պարտեզում և խաչի վրա տառապելը, Քրիստոսը պատվիրեց Իր Առաքյալներին․ «Սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի»,7 այնուհետև մխիթարեց նրանց այս խոսքերով․ «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ես այն ձեզ չեմ տալիս, ինչպես աշխարհն է տալիս. ձեր սիրտը թող չխռովվի ու չվախենա»։8

Մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի ամենանվիրական կոչումներից մեկը «Խաղաղության Իշխանն» է։9 Ի վերջո, Նրա թագավորությունը կհաստատվի՝ ներառելով խաղաղություն և սեր։10 Մենք անհամբեր սպասում ենք Մեսիայի հազարամյա թագավորությանը։

Չնայած հազարամյա թագավորության այս տեսլականին, մենք գիտենք, որ մեր օրերում համաշխարհային խաղաղությունն ու ներդաշնակությունը գերակշռող չեն։11 Իմ կյանքում ես երբեք չեմ տեսել քաղաքավարության ավելի մեծ պակաս։ Մեզ ռմբակոծում են զայրույթը, վիճաբանությունները և սադրիչ, կործանարար գործողությունները, որոնք ոչնչացնում են խաղաղությունն ու հանգստությունը։

Աշխարհին խոստացված կամ երաշխավորված չէ խաղաղություն՝ մինչև Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը։ Փրկիչը սովորեցրեց Իր առաքյալներին, որ Իր երկրային առաքելությունը չի հանգեցնի համընդհանուր խաղաղության։ Նա ուսուցանել է. «Մի՛ կարծեք, թե երկրի վրա խաղաղություն բերելու եմ եկել. չեմ եկել խաղաղություն բերելու, այլ սուր»։12 Համընդհանուր խաղաղությունը Փրկիչի մահկանացու ծառայության մասը չէր։ Համընդհանուր խաղաղություն այսօր գոյություն չունի։

Այնուամենայնիվ, անձնական խաղաղության կարելի է հասնել՝ չնայած բարկությանը, հակառակությանը և տարաձայնություններին, որոնք փչացնում և ապականում են մեր այսօրվա աշխարհը։ Երբեք ավելի կարևոր չի եղել անձնական խաղաղություն փնտրելը։ Եղբայր Նիկ Դեյի կողմից երիտասարդների համար գրված «Խաղաղություն Քրիստոսում» վերնագրով գեղեցիկ և սիրված նոր օրհներգը հայտարարում է. «Երբ խաղաղություն չկա երկրի վրա, կա խաղաղություն Քրիստոսում»։13 Մենք օրհնվեցինք՝ ունենալով այս երգը COVID-19 համաշխարհային համավարակից անմիջապես առաջ։

Այս օրհներգը գեղեցիկ կերպով արտացոլում է խաղաղության ձգտումը և պատշաճ կերպով շեշտում, որ խաղաղությունը խարսխված է Հիսուս Քրիստոսի կյանքի և առաքելության վրա։ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն ուսուցանել է. «Խաղաղության և սիրո ոգին երբեք չի գա աշխարհ … մինչև մարդկությունը չընդունի Աստծո ճշմարտությունը և Աստծո ուղերձը … , և չճանաչի Նրա զորությունն ու իշխանությունը, որն աստվածային է»։14

Թեև մենք երբեք չենք հրաժարվելու համընդհանուր խաղաղության հասնելու մեր ջանքերից, մենք վստահ ենք, որ կարող ենք գտնել անձնական խաղաղություն, ինչպես ուսուցանում է Քրիստոսը։ Այդ սկզբունքն առաջ է ուղարկվել Վարդապետություն և Ուխտերում. «Բայց իմացեք, որ նա, ով արդարության գործեր է անում, պիտի ստանա իր վարձքը, այսինքն՝ խաղաղություն այս աշխարհում և հավերժական կյանք գալիք աշխարհում»։15

Որո՞նք են այն «արդարության գործերը», որոնք կօգնեն մեզ հարթել խնդիրները, նվազեցնել հակառակությունը և խաղաղություն գտնել այս աշխարհում։ Դրանք մատնանշվում են Քրիստոսի բոլոր ուսմունքներում։ Ես կնշեմ մի քանիսը, որոնք, իմ կարծիքով, խիստ կարևոր են։

Առաջին՝ սիրեք Աստծուն, ապրեք Նրա պատվիրաններով և ներեք բոլորին

Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը եկեղեցու նախագահ դարձավ 1945 թվականին։ Առաքյալ լինելու տարիներին նա հայտնի էր որպես խաղաղություն սիրող ղեկավար։ Նախագահ դառնալուն նախորդած 15 տարիները, լի համաշխարհային ճգնաժամի մարտահրավերներով ու փորձություններով, որոնք հաջորդեցին մահաբեր ու կործանարար Երկրորդ համաշխարհային պատերազմին, հեռու էին խաղաղ լինելուց։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1945 թվականի հոկտեմբերին, որպես նախագահ իր առաջին գերագույն համաժողովի ժամանակ նախագահ Սմիթը հիշեցրեց Սրբերին Փրկիչի կոչի մասին՝ սիրել իրենց մերձավորներին և ներել իրենց թշնամիներին, այնուհետև ուսուցանեց. «Ահա այսպիսին պիտի լինեն բոլոր Վերջին Օրերի Սրբերը, եթե հույս ունեն, որ մի օր կանգնելու են Նրա ներկայության մեջ և փառահեղ ընդունելության են արժանանալու Նրա կողմից»։16

Երկրորդ՝ փնտրեք Հոգու պտուղները

Պողոս առաքյալը գաղատացիներին ուղղված իր նամակում սահմանում է արդարության գործերը, որոնք որակում են մեզ ժառանգել Աստծո արքայությունը, և գործերը, որոնք ապաշխարության բացակայության դեպքում կարող են մեզ անարժան դարձնել։ Մեզ արժանի դարձնողները հոգու պտուղներն են՝ «սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն [և] ժուժկալություն»։17 Պողոսը նաև հիշեցնում է միմյանց բեռը կրելու և բարիք գործելուց չձանձրանալու մասին։18 Անարդար գործերի շարքում նա ներառում է թշնամությունները, բարկությունը և հակառակությունները։19

Հին Կտակարանի շրջանի մեծ դասերից մեկը կապված է Հայր Աբրահամի հետ։ Աբրահամն ու Ղովտը՝ նրա եղբորորդին, հարուստ էին, բայց հասկացան, որ միասին ապրել չեն կարող։ Հակառակությունները հարթելու համար Աբրահամը թույլ տվեց Ղովտին ընտրել իր ուզած հողը։ Ղովտն ընտրեց Հորդանանի դաշտավայրը, որը և՛ ոռոգված էր, և՛ գեղեցիկ։ Աբրահամը բնակվեց Մամբրեի ոչ այնքան բերրի տարածքում։ Սուրբ գրություններում կարդում ենք, որ Աբրահամն այնուհետև իր վրանը բացեց ու «զոհասեղան շինեց Տիրոջ համար»։20 Իսկ Ղովտը «իր վրանը բացեց Սոդոմի մոտ»։21 Խաղաղ հարաբերություններ ունենալու դասը պարզ է. մենք պետք է պատրաստ լինենք փոխզիջումների գնալ և հարթել հակառակությունները այն հարցերի շուրջ, որոնք կապված չեն արդարության հետ։ Ինչպես ուսուցանել է Բենիամին թագավորը․ «Դուք մեկդ մյուսին վնասելու միտք չեք ունենա, այլ խաղաղությամբ ապրելու»։22 Իսկ ինչ վերաբերում է արդարության հետ կապված վարքագծին և վարդապետության հրամայականներին, մենք պետք է մնանք կայուն ու հաստատուն։

Եթե մենք ուզում ենք ունենալ խաղաղություն, որն արդարության գործերի պարգևն է, մեր վրանները չենք բացի աշխարհի մոտ։ Մենք մեր վրանները կբացենք տաճարի մոտ։

Երրորդ՝ կամքի ազատություն գործադրելով ընտրեք արդարություն

Խաղաղությունն ու կամքի ազատությունը միահյուսված են որպես փրկության ծրագրի հիմնական տարրեր։ Ինչպես նկարագրվում է «Կամքի ազատություն և պատասխանատվություն» ավետարանական թեմայում, «Կամքի ազատությունը Աստծո կողմից մարդկանց տրված՝ ինքնուրույն ընտրելու և գործելու կարողությունը և արտոնությունն է»։23 Այսպիսով, ազատ կամքը անձնական աճի և փորձի հիմքում է, որը օրհնում է մեզ, երբ հետևում ենք Փրկիչին։24

Կամքի ազատությունը Նախաերկրային խորհրդի հիմնական խնդիրն էր և Քրիստոսի հետևորդների ու սատանայի հետևորդների հակամարտության պատճառը։25 Հպարտությունից և վերահսկողությունից հրաժարումը և Փրկիչի ընտրությունը մեզ հնարավորություն կտա ստանալ Նրա լույսը և Նրա խաղաղությունը։ Բայց անձնական խաղաղությունը կվտանգվի, եթե մարդիկ իրենց ազատ կամքը գործադրեն վնասակար նպատակների համար։

Ես վստահ եմ, որ խաղաղ հավաստիացումը, որը մենք զգացինք մեր սրտում, ամրապնդվեց մեր ունեցած այն գիտելիքով, թե աշխարհի Փրկիչն ինչ էր իրականացնելու մեզ համար։ Սա գեղեցիկ ձևով շարադրված է Քարոզիր Իմ Ավետարանը ձեռնարկում․ «Երբ մենք ապավինում ենք Հիսուս Քրիստոսի Քավությանը, Նա կարող է օգնել մեզ դիմանալ մեր փորձություններին, հիվանդություններին և ցավին։ Մենք կարող ենք լցվել ուրախությամբ, խաղաղությամբ և մխիթարությամբ։ Այն ամենը, ինչ անարդար է կյանքում, կարող է դառնալ ճիշտ՝ Հիսուս Քրիստոսի Քավությամբ»։26

Չորրորդ՝ կառուցենք Սիոնը մեր սրտերում և տներում

Մենք Աստծո զավակներն ենք և Նրա ընտանիքի մի մասը։ Մենք նաև այն ընտանիքի մասն ենք, որում ծնվել ենք։ Ընտանիքը երջանկության և խաղաղության հիմքն է։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ սովորեցրել է, և այս համաճարակի ընթացքում մենք սովորեցինք, որ տնակենտրոն, Եկեղեցու աջակցությամբ իրականացվող կրոնական արարողությունները կարող են «բացահայտել ընտանիքների զորությունը … ու [մեր] տունը դարձն[ել] հավատքի սրբավայր»։27 Եթե մենք մեր տանն անցկացնենք այս հոգևոր արարողությունները, մենք նաև կունենանք Փրկիչի խաղաղությունը։28 Մենք տեղյակ ենք, որ ձեզանից շատերը չունեն արդար տան օրհնությունները և մշտապես պայքարի մեջ են նրանց հետ, ովքեր ընտրում են անարդարությունը։ Փրկիչը կարող է պաշտպանություն և խաղաղություն տալ ձեզ, որը, ի վերջո, ձեզ կտանի դեպի ապահովություն և ապաստան՝ կյանքի փոթորիկներից։

Ես վստահեցնում եմ ձեզ, որ այն ուրախությունն ու սերը, որ վայելում են սիրող արդար ընտանիքները, բերում են և՛ խաղաղություն, և՛ երջանկություն։ Սերն ու բարությունը Սիոնը մեր սրտերում և տներում ունենալու հիմքն են։29

Հինգերորդ՝ հետևենք մեր մարգարեի ներկայիս հորդորներին

Մեր խաղաղությունը մեծապես ամրապնդվում է, երբ հետևում ենք Տիրոջ մարգարեին՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնին։ Շուտով մենք հնարավորություն կունենանք լսել նրան։ Իր կոչմանը նա պատրաստվել էր աշխարհի հիմնադրումից ի վեր։ Նրա անձնական պատրաստվածությունը ամենաուշագրավն էր։30

Նա ուսուցանել է մեզ, որ մենք կարող ենք «տևական խաղաղություն և ուրախություն զգալ նույնիսկ անհանգիստ ժամանակներում», երբ մենք փորձում ենք ավելի շատ նմանվել մեր Փրկիչին` Հիսուս Քրիստոսին։31 Նրա խորհրդով մենք «ամեն օր ապաշխարում ենք», որպեսզի ստանանք Տիրոջ «մաքրագործող, բժշկող և զորացնող զորությունը»։32 Ես անձնապես վկայում եմ, որ մեր սիրելի մարգարեն ստացել է և շարունակում է ստանալ հայտնություններ երկնքից։

Մինչ պատվում և հաստատում ենք նրան որպես մեր մարգարե, մենք երկրպագում ենք մեր Երկնային Հորը և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Սուրբ Հոգին սպասավորում է մեզ։

Ես բերում եմ իմ անձնական առաքելական վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը՝ աշխարհի Փրկիչն ու Քավիչը, առաջնորդում և ուղղորդում է Իր վերականգնված Եկեղեցին։ Նրա կյանքը և քավիչ առաքելությունը խաղաղության իսկական աղբյուր են։ Նա է Խաղաղության Իշխանը։ Ես բերում եմ իմ հանդիսավոր վկայությունը, որ Նա ապրում է։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. «Ինդիփենդենսի մարդկանց դուր չէր գալիս, որ Սրբերը քարոզում էին հնդիկներին և հավանություն չէին տալիս ստրկությանը» (Սրբեր․ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու պատմությունը վերջին օրերում, հատոր 1, Ճշմարտության դրոշը, 1815–1846 [2018], 172)։

  2. Վարդապետություն և Ուխտեր 121․1:

  3. Վարդապետություն և Ուխտեր 121․3:

  4. Վարդապետություն և Ուխտեր 121․7-8:

  5. Տես 2 Նեփի 2.11-15։

  6. Վարդապետություն և Ուխտեր 121․7:

  7. Հովհաննես 13.34:

  8. Հովհաննես 14.27։

  9. Եսայիա 9․6, 2 Նեփի 19․6: Փրկիչն Իր Երանիներում նաև ուսուցանել է․ «Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ կկոչվեն» (Մատթեոս 5․9

  10. «Իրավունքով ու արդարությամբ … հավիտյան» (տես Եսայիա 9․6–7, 2 Նեփի 19․6–7, տես նաև Գաղատացիս 5․22

  11. Տես Վարդապետություն և Ուխտեր 1․35։ Նախագահ Վիլֆորդ Վուդրոֆը հայտարարել է սա 1894 թվականին և կրկին 1896 թվականին (տես The Discourses of Wilford Woodruff, sel. G. Homer Durham [1946], 251–52; տես նաև Marion G. Romney, in Conference Report, Apr. 1967, 79–82; Ezra Taft Benson, “The Power of the Word,” Ensign, May 1986, 79–80; Dallin H. Oaks, “Preparation for the Second Coming,” Liahona, May 2004, 9)։

  12. Մատթեոս 10․34:

  13. Նիկ Դեյ, «Խաղաղություն Քրիստոսում», 2018 Միացյալ ժամի երգ, Լիահոնա, հունվար 2018, 54–55, New Era, հունվար 2018, 24–25։ «Խաղաղություն Քրիստոսում» օրհներգն ուսուցանում է․

    Թե Նրա նման ապրենք,

    Հանգիստ կգտնենք։

    Նա հույս կտա,

    Երբ հույս չկա։

    Նա ուժ կտա,

    Երբ էլ ուժ չկա։

    Ապաստան կտա

    Կյանքի փոթորիկների ժամանակ։

    Երբ Երկրի վրա խաղաղություն չկա,

    Հանգիստ կգտնենք։

  14. Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ (1998), էջ 400։

  15. Վարդապետություն և Ուխտեր 59.23:

  16. George Albert Smith, in Conference Report, Oct. 1945, 169–70.

  17. Գաղատացիս 5.22–23:

  18. Տես Գաղատացիս 6․2, 9։

  19. Տես Գաղատացիս 5.20։

  20. Ծննդոց 13․18:

  21. Ծննդոց 13.12:

  22. Մոսիա 4.13:

  23. Ավետարանական թեմաներ, «Կամքի ազատություն և պատասխանատվություն», topics.ChurchofJesusChrist.org։

  24. Մենք «ազատ են[ք]` ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով» (2 Նեփի 2.27)։ Կամքի ազատությունը նաև թույլ է տալիս, որ ուրիշների կործանարար չար ընտրությունները դառնան ցավի, տառապանքի, երբեմն էլ նույնիսկ մահվան պատճառ։ Սուրբ գրությունները պարզաբանում են, որ Տեր Աստված տվեց կամքի ազատություն, որպեսզի մարդը կարողանա ընտրել բարին կամ չարը (տես 2 Նեփի 2․16

  25. Ավետարանական թեմաներ, «Կամքի ազատություն և պատասխանատվություն», topics.ChurchofJesusChrist.org։

  26. Քարոզիր իմ ավետարանը. Միսիոներական ծառայության ուղեցույց (2019), 56, ChurchofJesusChrist.org; emphasis added։

  27. Ռասսել Մ. Նելսոն , «Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Լիահոնա, նոյեմբեր 2018, 113:

  28. Տես Վարդապետություն և Ուխտեր 19․23։

  29. Ես բախտ եմ ունեցել մեծանալու այնպիսի ընտանիքում, որտեղ խաղաղություն է տիրել։ Դա առաջին հերթին պայմանավորված էր մեր մոր ազդեցությամբ, ով Եկեղեցու հավատարիմ անդամ էր։ Հայրս բոլոր առումներով բացառիկ էր, սակայն եկեղեցում ակտիվ չէր։ Մայրս հարգում էր մեր հորը և խուսափում հակառակություններից։ Մանուկ հասակում նա սովորեցրեց մեզ աղոթել և հաճախել Եկեղեցի։ Նա նաև սովորեցրեց մեզ սիրել և ծառայել միմյանց (տես Մոսիա 4․14-15)։ Այդպիսի տանը մեծանալով՝ ես ապրել եմ խաղաղ ու օրհնված կյանքով:

  30. Ռասել Մ. Նելսոնը 22 տարեկանում՝ առաջինն իր դասարանում այդ տարիքում, ավարտեց Յուտայի ​​համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Նա վաղուց էր ցանկանում վիրաբույժ դառնալ և լավագույն վերապատրաստում էր անցել հայտնի բժշկական հաստատություններում։ Զինվորական ծառայությունը հավատարմորեն կատարել է Կորեայում և Ճապոնիայում։ Երկար տարիներ նա սրտի բաց վիրահատության ռահվիրա էր և համաշխարհային ճանաչում ուներ։ Որքան էլ նշանակալի էին այս պատրաստումը և նրա բժշկական հմտությունները, որոնցով օրհնվում էին մարդիկ ամբողջ աշխարհում, նախագահ Նելսոնի հոգևոր նախապատրաստումը նույնիսկ ավելի կարևոր էր։ Նա երեխաների, թոռների և ծոռների մեծ ընտանիքի հայր է: Նա հավատարմորեն ծառայել է իր ընտանիքին և Եկեղեցուն իր ողջ կյանքի ընթացքում։

  31. Ռասսել Մ․ Նելսոն, «Ողջույնի խոսք», Լիահոնա, մայիս 2020, 6, տես նաև Ռասսել Մ․ Նելսոն, «Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյեմբեր 2016, 81–84։

  32. Ռասսել Մ․ Նելսոն, «Ողջույնի խոսք», 6։