Գերագույն համաժողով
Այս օրը
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Այս օրը

Մեր կենդանի մարգարեն կատարում է իր բաժինը՝ երկիրը Մորմոնի Գրքով հեղեղելու գործում: Մենք պետք է հետևենք նրա օրինակին։

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, Մորմոնի Գրքի «այս օրը»1 արտահայտությունը բազմիցս օգտագործվում է՝ խորհուրդների, խոստումների և ուսմունքների վրա ուշադրություն հրավիրելու համար: Բենիամին թագավորն իր վերջին ուղերձում հորդորեց մարդկանց․ «Լսեք իմ խոսքերը, որոնք ես կխոսեմ ձեզ համար այս օրը ․․․ բացեք ձեր ականջները, որ կարողանաք լսել, և ձեր սրտերը, որ կարողանաք հասկանալ, և ձեր մտքերը, որ Աստծո խորհուրդները բացվեն ձեր ըմբռնման համար»։2 Գերագույն համաժողովը նմանատիպ միջավայր է։ Մենք գալիս ենք լսելու «այս օրվա» խորհուրդը, որպեսզի կարողանանք Տիրոջ և Նրա ավետարանի հանդեպ մնալ «հավատարիմ բոլոր դեպքերում»3: Մեծապես համոզված եմ, որ «այս օրը» կարևոր է մեր հանձնառությունը Մորմոնի Գրքի հանդեպ թարմացնելու համար, որը Ջոզեֆ Սմիթը անվանեց «ամենաճիշտը երկրի վրա եղած բոլոր գրքերից»:4

Նկար
Երեց Ռասբանդը՝ Մորմոնի Գիրքը ձեռքին

Ես իմ ձեռքում պահում եմ Մորմոնի Գրքի մի օրինակ: Սա իմ 1970 թվականի հին տարբերակն է, և այն թանկ է ինձ համար: Իր տեսքով այն հնամաշ է, բայց ուրիշ ոչ մի գիրք այնքան կարևոր չէ իմ կյանքի և իմ վկայության համար, որքան այս մեկը: Կարդալով այն, ես Հոգու կողմից վկայություն ստացա, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է,5 որ Նա իմ Փրկիչն է,6 որ այս սուրբ գրություններն Աստծո խոսքն են,7 և որ ավետարանը վերականգնվել է:8 Այդ ճշմարտությունները խորն են նստած իմ մեջ: Ինչպես մարգարե Նեփին ասել է. «Հոգիս հրճվում է Տիրոջ բաներով»:9

Նկար
Երեց Ռասբանդն իր միսիայի նախագահի և երեց Հենքսի հետ

Ձախից աջ՝ երեց Ռոնալդ Ա. Ռասբանդ (երիտասարդ միսիոներ), նախագահ Հարոլդ Ուիլկինսոն (Արևելյան նահանգների միսիայի նախագահ), և երեց Մարիոն Դ. Հենքս (Յոթանասունի բարձրագույն իշխանություն):

Ահա դրա նախապատմությունը։ Որպես երիտասարդ միսիոներ, ես լսեցի երեց Մարիոն Դ. Հենքսի խորհուրդը, որը մեզ այցելել էր Արևելյան նահանգների միսիայում: Այդ ժամանակ նա Բրիտանական Միսիայի նախկին նախագահն էր, և նրա երկու միսիոներներն «այս օրը» կանգնած են բեմի վրա․ իմ սիրելի եղբայրներ երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը և երեց Քվենթին Լ. Քուքը:10 Նա մեզ հղեց նույն կոչը, որն արել էր Անգլիայի իր միսիոներներին․ կարդալ Մորմոնի Գրքի նշումներ չարած օրինակը առնվազն երկու անգամ: Ես ընդունեցի մարտահրավերը: Առաջին ընթերցմամբ ես պետք է նշեի կամ ընդգծեի այն ամենը, ինչը ցույց էր տալիս կամ վկայում էր Հիսուս Քրիստոսի մասին։ Ես կարմիր մատիտ օգտագործեցի և շատ հատվածներ ընդգծեցի։ Երեց Հենքսն ասաց, որ երկրորդ անգամ պետք է ընդգծենք ավետարանի սկզբունքներն ու վարդապետությունը, և այս անգամ սուրբ գրությունները նշելու համար ես օգտագործեցի կապույտ մատիտ: Ես Մորմոնի Գիրքը կարդացի երկու անգամ, ինչպես առաջարկվեց, որից հետո ևս երկու անգամ կարդացի՝ օգտագործելով դեղին ու սև մատիտները, որպեսզի նշեմ ինձ համար աչքի ընկած հատվածները:11 Ինչպես տեսնում եք, ես բազմաթիվ նշումներ եմ արել։

Նկար
Մորմոնի Գրքի նշումներով օրինակ

Իմ ընթերցանությունը շատ ավելին էր, քան պարզապես հատվածների նշումը։ Մորմոնի Գրքի յուրաքանչյուր ընթերցման ժամանակ՝ սկզբից մինչև վերջ, ես լցված էի Տիրոջ հանդեպ խորը սիրով: Ես մեծ վկայություն զգացի Նրա ուսմունքների ճշմարտության և այն մասին, թե ինչպես են դրանք կիրառվում «այս օրը»: Այս գիրքը համապատասխանում է իր վերնագրին՝ «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին»:12 Այդ ուսումնասիրությամբ և ստացած հոգևոր վկայությամբ ես դարձա Մորմոնի Գրքի միսիոներ և Հիսուս Քրիստոսի աշակերտ:13

«Այսօր» Մորմոնի Գրքի մեծագույն միսիոներներից մեկը նախագահ Ռասսել Մ. Նելսոնն է: Երբ նոր էր առաքյալ կանչվել, նա դասախոսություն կարդաց Աքրա քաղաքում (Գանա):14 Ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ աֆրիկյան ցեղերի մի թագավոր, որի հետ նա զրուցեց թարգմանչի միջոցով։ Թագավորը լրջորեն ուսումնասիրում էր Աստվածաշունչը և սիրում էր Տիրոջը: Նախագահ Նելսոնի ելույթից հետո նրան մոտեցավ այդ թագավորը, որը կատարյալ անգլերենով հարցրեց. «Ո՞վ ես դու»: Նախագահ Նելսոնը բացատրեց, որ ինքը «Հիսուս Քրիստոսի կարգված Առաքյալն է»:15 Թագավորի հաջորդ հարցն էր․ «Ի՞նչ կարող ես սովորեցնել ինձ Հիսուս Քրիստոսի մասին»:16

Նախագահ Նելսոնը վերցրեց Մորմոնի Գիրքը և բացեց 3 Նեփի 11 գլուխը: Նախագահ Նելսոնը և թագավորը միասին կարդացին նեփիացիներին ուղղված Փրկչի քարոզը. «Ահա, ես եմ Հիսուս Քրիստոսը, ում մասին մարգարեները վկայել էին, որ պիտի գա աշխարհ ․․․ Ես եմ լույսը և կյանքն աշխարհի»։17

Նախագահ Նելսոնը թագավորին ներկայացրեց Մորմոնի Գրքի այդ օրինակը, և թագավորը պատասխանեց. «Դուք կարող էիք ինձ տալ ադամանդ ու սուտակ, բայց ոչինչ ավելի թանկ չէ ինձ համար, քան այս լրացուցիչ գիտելիքը Տեր Հիսուս Քրիստոսի մասին»:18

Դա միակ օրինակը չէ, թե ինչպես է մեր սիրելի մարգարեն կիսվում Մորմոնի Գրքով: Նա Մորմոնի Գրքի օրինակներ է տվել հարյուրավոր մարդկանց՝ միշտ բերելով իր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին: Երբ Նախագահ Նելսոնը հանդիպում է հյուրերի, նախագահների, թագավորների, պետությունների ղեկավարների, բիզնեսի և կազմակերպությունների ղեկավարների և տարբեր հավատքների տեր մարդկանց, լինի դա Եկեղեցու գլխավոր գրասենյակում, թե իրենց երկրներում, նա ակնածանքով ներկայացնում է հայտնությամբ տրված սուրբ գրությունների այս գիրքը: Նա կարող էր նրանց տալ ժապավեններով փաթաթված շատ իրեր, որոնք կարող էին իրենց տեղը գտնել սեղանի, գրասեղանի կամ պահարանի վրա՝ որպես իր այցելության հիշեցում: Փոխարենը, նա տալիս է այն, ինչն ամենաթանկն է իր համար՝ սուտակներից ու ադամանդներից առավել, ինչպես նկարագրել էր այդ ցեղի թագավորը։

Նախագահ Նելսոնն ասել է․ «Մորմոնի Գրքի ճշմարտությունները զորություն ունեն բժշկելու, սփոփելու, վերականգնելու, սատար կանգնելու, զորացնելու, մխիթարելու և քաջալերելու մեր հոգիները»:19 Ես տեսել եմ, թե ինչպես են Մորմոնի Գրքի այս օրինակները ձեռքում ամուր բռնում նրանք, ովքեր ստանում են դրանք Աստծո մեր մարգարեից: Ավելի մեծ նվեր չէր կարող լինել:

Նկար
Նախագահ Նելսոնի նկարը Գամբիայի առաջին տիկնոջ հետ

Հենց վերջերս նա հանդիպեց Գամբիայի առաջին տիկնոջն իր գրասենյակում և խոնարհաբար նրան հանձնեց Մորմոնի Գիրքը: Նա դրանով չսահմանափակվեց։ Նա բացեց գիրքը և նրա հետ կարդաց այն՝ ամենուր ուսուցանելով և վկայելով Հիսուս Քրիստոսի, Նրա Քավության և Աստծո բոլոր զավակների հանդեպ Նրա սիրո մասին:

Մեր կենդանի մարգարեն կատարում է իր բաժինը՝ երկիրը Մորմոնի Գրքով հեղեղելու գործում:20 Բայց նա չի կարող միայնակ բացել հեղեղատարները։ Մենք պետք է հետևենք նրա օրինակին։

Նրա օրինակով ոգեշնչված՝ ես փորձել եմ խոնարհաբար և ավելի ջերմեռանդորեն կիսվել Մորմոնի Գրքով:

Նկար
Երեց Ռասբանդը Մոզամբիկի նախագահի հետ

Վերջերս ես հանձնարարությամբ գտնվում էի Մոզամբիկում։ Այս գեղեցիկ երկրի քաղաքացիները պայքարում են աղքատության, վատառողջության, գործազրկության, փոթորիկների և քաղաքական խռովությունների դեմ: Ես պատիվ ունեցա հանդիպելու երկրի նախագահ Ֆիլիպե Նյուսիի հետ։ Նրա խնդրանքով ես աղոթեցի նրա և իր ազգի համար. ես ասացի նրան, որ մենք կառուցում ենք Հիսուս Քրիստոսի տաճարը21 նրա երկրում: Մեր այցելության ավարտին ես նրան նվիրեցի Մորմոնի Գրքի օրինակը պորտուգալերենով՝ նրա մայրենի լեզվով: Երբ նա երախտագիտությամբ ընդունեց գիրքը, ես վկայեցի իր ժողովրդի համար հույսի և խոստման մասին, որը գտնվում է Տիրոջ խոսքերում՝ Մորմոնի Գրքի էջերում:22

Նկար
Երեց Ռասբանդը Լեսոտոյի թագավորի և թագուհու հետ

Մեկ այլ առիթով ես և կինս՝ Մելանին, հանդիպեցինք Լեսոտոյի թագավոր Լետսի III-ի և նրա կնոջ հետ իրենց տանը:23 Մեզ համար այցելության կարևոր մասը նրանց Մորմոնի Գրքի օրինակ նվիրելն էր և հետո իմ վկայությամբ կիսվելը: Երբ ես հետ եմ նայում այդ և մյուս փորձառություններին, վերջին օրերի սուրբ գրության մի հատված է միտքս գալիս. «Իմ ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում և թագավորների ու կառավարիչների առաջ»:24

Նկար
Երեց Ռասբանդը դեսպան Պանդեյի հետ
Նկար
Եկեղեցու ղեկավարները Նորին Սրբություն Պատրիարքի հետ

Ես Ժնևում Մորմոնի Գրքով կիսվել եմ ՄԱԿ-ում Հնդկաստանի դեսպան Ինդրա Մանի Պանդեյի հետ26 և Արևելյան Ուղղափառ Եկեղեցու Նորին Սրբություն Պատրիարք Բարդուղիմեոսի26 և շատ ուրիշների հետ: Ես զգացել եմ Տիրոջ Հոգին, երբ անձամբ եմ նրանց հանձնել «մեր կրոնի պորտաքարը»,27 և բերել իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի՝ մեր հավատքի անկյունաքարի մասին:28

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այժմ կարիք չկա, որ դուք գնաք Մոզամբիկ կամ Հնդկաստան կամ հանդիպեք թագավորների և կառավարիչների հետ, որպեսզի ինչ-որ մեկին նվիրեք սուրբ ուսմունքների և խոստումների այս գիրքը: Ես հրավիրում եմ ձեզ՝ այս օրը, Մորմոնի Գիրք նվիրել ձեր ընկերներին և ընտանիքի անդամներին, գործընկերներին, ձեր ֆուտբոլի մարզչին կամ ձեր շուկայի վաճառողին: Նրանք այս գրքում գտնվող Տիրոջ խոսքերի կարիքն ունեն։ Նրանք առօրյա կյանքի և գալիք հավիտենական կյանքի հարցերի պատասխանների կարիք ունեն։ Նրանք պետք է իմանան իրենց սպասվող ուխտի ուղու և իրենց հանդեպ Տիրոջ մնայուն սիրո մասին: Այդ ամենը այստեղ է՝ Մորմոնի Գրքում:

Երբ դուք նրանց եք տալիս Մորմոնի Գիրքը, դուք բացում եք նրանց միտքն ու սրտերը Աստծո խոսքի համար: Գրքի տպագիր օրինակները ձեզ հետ տանելու կարիք չկա: Դուք կարող եք դրանով հեշտությամբ կիսվել ձեր բջջային հեռախոսից՝ Gospel Library հավելվածի սուրբ գրությունների բաժնից:29

Մտածեք բոլոր նրանց մասին, ում կյանքը կարող է օրհնվել ավետարանով, իսկ հետո ձեր հեռախոսից ուղարկեք նրանց Մորմոնի Գրքի օրինակը: Հիշեք, որ գրի առնեք ձեր վկայությունը, և թե ինչպես է այս գիրքն օրհնել ձեր կյանքը:

Իմ սիրելի ընկերնե՛ր, որպես Տիրոջ առաքյալ, ես հրավիրում եմ ձեզ հետևել մեր սիրելի մարգարե նախագահ Նելսոնին՝ երկիրը հեղեղելով Մորմոնի Գրքով: Դրա անհրաժեշտությունը մեծ է, և մենք պետք է գործենք հիմա: Ես խոստանում եմ, որ դուք կմասնակցեք «երկրի վրա գտնվող մեծագույն աշխատանքին»՝ Իսրայելի հավաքմանը30, երբ դուք ոգեշնչված ձեռք մեկնեք նրանց, ովքեր «ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն»:31 Նրանք ձեր վկայության կարիքն ունեն այն մասին, թե ինչպես է այս գիրքը փոխել ձեր կյանքը և մոտեցրել ձեզ Աստծուն, Նրա խաղաղությանը32 և Նրա «մեծ ուրախության ավետիքին»:33

Ես վկայում եմ, որ աստվածային ծրագրի համաձայն Մորմոնի Գիրքը պատրաստվել է հին Ամերիկայում՝ «այս օրը» առաջ գալու և հռչակելու Աստծո խոսքը և հոգիներ բերելու Տեր Հիսուս Քրիստոսի ու Նրա վերականգնված ավետարանի մոտ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Հակոբ 2․2–3, Մոսիա 2․14, 30, 5․7, Ալմա 7․15, և շատ այլ հատվածներ Մորմոնի Գրքում:

  2. Մոսիա 2․9։

  3. Ալմա 53․20:

  4. Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ (2007), 64։ Ջոզեֆ Սմիթի ամբողջական հայտարարությունը 1841 թվականի նոյեմբերի 28-ին Տասներկու Առաքյալների հետ խորհրդում. «Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»։ «Ճիշտ» բառի հիմնական հղումը կարելի է վերագրել այդ գրքի թարգմանության մեջ ստացված հայտնությանը և Մորմոնի Գրքում ուսուցանվող վարդապետությանը, որը ցանկացած այլ գրքից ավելի լավ է հաստատում ավետարանի «պարզ ու արժեքավոր» ճշմարտությունները (տես 1 Նեփի 13.40):

  5. Տես «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը», որը Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների քվորումի հռչակագիրն է՝ տրված 2000թ. հունվարի 1-ին. «Որպես Նրա պատշաճ հաստատված Առաքյալներ, մենք վկայում ենք, որ Հիսուսը ապրող Քրիստոսն է, Աստծո անմահ Որդին։ Նա է մեծ Թագավոր Էմմանուելը, որը կանգնած է այսօր Աստծո աջ կողը։ Նա է լույսը, կյանքը և հույսն աշխարհի։ Նրա ճանապարհն այն արահետն է, որ տանում է դեպի երջանկություն այս կյանքում և հավիտենական կյանք գալիք աշխարհում։ Փա՛ռք Աստծուն Իր սուրբ Որդու անզուգական պարգևի համար» (ChurchofJesusChrist.org)։

  6. Տես Եսայիա 49․26, 1 Նեփի 21․26, 22․12, Վարդապետություն և Ուխտեր 66․1։

  7. Աստծո խոսքը գտնվում է սուրբ գրություններում: Օրինակ՝ Մորմոնի Գրքում Լամանը և Լեմուելը հարցրին. «Ի՞նչ է նշանակում երկաթյա ձողը»՝ նկատի ունենալով Լեքիի տեսիլքը: Նեփին պատասխանում է․ «Դա Աստծո խոսքն է, և նրանք, ովքեր ականջ կդնեն Աստծո խոսքին և ամուր կբռնեն դրանից, երբեք չեն կորչի. ոչ էլ գայթակղությունները և հակառակորդի կրակոտ նետերը կարող են հաղթել նրանց` կուրացնելով, տանելով նրանց դեպի կործանում» (1 Նեփի 15.23–24):

  8. Տես «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին»: Այնտեղ գրված է․ «Մենք հայտարարում ենք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին, որը կազմավորվել է 1830 թվականի ապրիլի 6-ին, Քրիստոսի Նոր Կտակարանի վերականգնված եկեղեցին է: Այս Եկեղեցին խարսխված է իր գլխավոր անկյունաքարի՝ Հիսուս Քրիստոսի կատարյալ կյանքի և Նրա անսահման Քավությանն ու իրական Հարության վրա: Հիսուս Քրիստոսը ևս մեկ անգամ կանչել է առաքյալներ և նրանց տվել քահանայության իշխանություն: Նա հրավիրում է, որ բոլորս գանք դեպի Իրեն և Իր Եկեղեցին, ստանանք Սուրբ Հոգին, փրկության արարողությունները և ձեռք բերենք հարատև ուրախություն: Մենք ուրախությամբ հայտարարում ենք, որ խոստացված Վերականգնումը առաջ է ընթանում շարունակական հայտնության միջոցով: Երկիրն այլևս երբեք նույնը չի լինի, քանի որ Աստված «ամեն բան [կ]բովանդակի Քրիստոսումը» (Եփեսացիս 1․10)» (ChurchofJesusChrist.org)։

  9. 2 Նեփի 4․16։

  10. Տես Quentin L. Cook, “Be Not Weary in Well-Doing” (Brigham Young University devotional, Aug. 24, 2020), speeches.byu.edu; Eliza Smith-Driggs, “This Week on Social: How to Develop a Love for the Lord, Yourself and Others,” Church News, July 17, 2020, thechurchnews.com:

  11. Երրորդ ընթերցում (դեղին մատիտով)՝ երկրաբանություն կամ աշխարհագրություն, չորրորդ ընթերցում (սև մատիտով)՝ Մորմոնի Գրքի պատմություն:

  12. «Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին» ավելացվել է որպես ենթավերնագիր Մորմոնի Գրքի բոլոր հրատարակություններին: Եկեղեցու ղեկավարները անվանափոխություն կատարեցին՝ ավելի ընդգծելու համար գրքի նպատակը, ինչպես նշված է տիտղոսաթերթում. «Համոզելու հրեային և հեթանոսին, որ Հիսուսը Քրիստոսն է՝ Հավերժական Աստվածը, որն իրեն հայտնում է բոլոր ազգերին»:

  13. Հիսուս Քրիստոսի աշակերտ լինելը Նրա հանդեպ մեր սիրո դրսևորումն է: Աշակերտները մկրտվում են, նրանք իրենց վրա են վերցնում Հիսուս Քրիստոսի անունը, նրանք ձգտում են հետևել Նրան՝ ընդունելով Նրա հատկանիշները, ինչպես նկարագրված է Պետրոս Առաքյալի կողմից. «Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով՝ ձեր հավատը հարստացրե՛ք առաքինությամբ, առաքինությունը՝ գիտությամբ, գիտությունը՝ ժուժկալությամբ, ժուժկալությունը՝ համբերությամբ, համբերությունը՝ աստվածապաշտությամբ, աստվածապաշտությունը՝ եղբայրասիրությամբ և եղբայրասիրությունը՝ սիրով» (Բ Պետրոս 1․5–7, տես նաև Քարոզիր իմ ավետարանը․ Միսիոներական ծառայության ուղեցույց [2019], 121–32)։

  14. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը միջազգային ճանաչում ունեցող սրտի վիրաբույժ է։ Նախքան 1984 թվականին Տասներկու Առաքյալների Քվորում կանչվելը՝ 1986 թվականին սրտի վիրահատության պատմության վերաբերյալ նա դասախոսություն է կարդացել Ակրայի բժշկական համալսարանում (Գանա): Ավելի ուշ լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ նա բացատրեց, որ ինքն այնտեղ է «որպես Տիրոջ ծառա՝ օգնելու [ժողովրդին] դառնալ ավելի լավ քաղաքացիներ, կառուցել ամուր ընտանիքներ, ձեռք բերել իրական երջանկություն և բարգավաճել երկրում»: Նա Ակրա (Գանա) վերադարձավ 2001 թվականի նոյեմբերի 16-ին, Ակրայի Տաճարի հիմնարկեքի համար (տես «Հիմնարկեքն արված է Արևմտյան Աֆրիկայում առաջին տաճարի համար», Church News, նոյեմբերի 24, 2001, thechurchnews.com)։

  15. Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 5.1.1.1․ «Մեր օրերում Տերը կանչում է մարդկանց եկեղեցու Նախագահի միջոցով՝ կարգվելու որպես Առաքյալներ և ծառայելու Տասներկու առաքյալների քվորումում (տես Վարդապետություն և Ուխտեր 18.26–28)»:

  16. Տես Ռասսել Մ. Նելսոն․ «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյեմբեր 2017, 60:

  17. 3 Նեփի 11․10–11։

  18. Ռասսել Մ. Նելսոն․ «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», 61։

  19. Ռասսել Մ. Նելսոն․ «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», 62։

  20. Տես Մոսիա 7․62։

  21. Բեյրա Մոզամբիկի տաճարի մասին հայտարարվել է 2021 թվականի ապրիլի 4-ին՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից: Հնդկական օվկիանոսի ափին ընկած Բեյրայում ապրում է ավելի քան կես միլիոն մարդ։

  22. Մորմոնի Գրքում տեղ գտած հույսի և խոստումների օրինակները ներառում են 2 Նեփի 31․20, Հակոբ 4․4–6, Ալմա 13․28–29, 22․16, 34․41, Եթեր 12․32, Մորոնի 7․41, 8․26։

  23. Երեց և Քույր Ռասբանդները թագավորական ընտանիքի հետ հանդիպեցին 2020 թվականի փետրվարի 10-ին, երբ հանձնարարությամբ գտնվում էին Աֆրիկայում՝ նվիրագործելու Դուրբանի (Հարավային Աֆրիկա) տաճարը:

  24. Վարդապետություն և Ուխտեր 1․23:

  25. Երեց Ռասբանդը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Ինդրա Մանի Պանդեյի հետ, երբ 2021 թվականի սեպտեմբերի 17-ին հանձնարարությամբ մասնակցում էր Բոլոնիայի (Իտալիա) Միջկրոնական ֆորումին:

  26. Երեց Ռասբանդը Արևելյան Ուղղափառ Եկեղեցու Նորին Սրբություն Պատրիարք Բարդուղիմեոսի հետ հանդիպել է 2021 թվականի սեպտեմբերի 13-ին, երբ հանձնարարությամբ մասնակցում էր Բոլոնիայի (Իտալիա) Միջկրոնական ֆորումին:

  27. Ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ, 64: Պորտաքարը սեպաձև քար է կամարի ամենավերևում, որն իրար է կապում մյուս քարերը։ Մարգարե Ջոզեֆը նկարագրել է Մորմոնի Գիրքը որպես «մեր կրոնի պորտաքարը», քանի որ այն կարևոր է սկզբունքների և արարողությունների միջոցով Եկեղեցին միավորելու գործում: Մորմոնի Գիրքը ծառայում է որպես «պորտաքար» անդամների կյանքի համար՝ օգնելով նրանց ամուր մնալ ուխտի ուղու վրա:

  28. Տես Եփեսացիս 2․19-20։ Հիսուս Քրիստոսը գլխավոր անկյունաքարն է այն Եկեղեցու, որը կրում է Նրա անունը: Ինչպես տաճարում անկյունաքարը խորհրդանշում է Աստծո տան հիմքի անկյունը կազմող քարը, այնպես էլ Հիսուս Քրիստոսը մեր հավատքի և մեր փրկության անկյունաքարն է: Նա տվեց Իր կյանքը, որպեսզի մենք ապրենք: Չկա Նրան հավասար՝ ուժով, նպատակներով կամ սիրով:

  29. Կարող եք դրանով կիսվել ձեր բջջային հեռախոսով: Եղանակներից մեկն այն է, որ բացեք Gospel Library հավելվածը, բացեք «Սուրբ Գրությունների» հավաքածուն և այնուհետև սեղմեք «Կիսվել հիմա» վերևում: Կամ Մորմոնի Գիրք հավելվածում կարող եք սեղմել «Կիսվել» պատկերակին, որը ցուցադրում է թվային կոդը, որը ձեր ընկերը կարող է հեշտությամբ սկանավորել՝ օգտագործելով իր հեռախոսը:

  30. Ռասսել Մ․ Նելսոն, «Իսրայելի հույսը» (երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, հունիսի 3, 2018), HopeofIsrael.ChurchofJesusChrist.org։ 2018 թվականի հունիսի 3-ին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը և նրա կինը՝ Վենդի Վ. Նելսոնը, հրավիրեցին երիտասարդներին հավաքագրվել «Տիրոջ երիտասարդների գումարտակին» և մասնակցել «երկրի վրա մեծագույն մարտահրավերին, մեծագույն նպատակին և մեծագույն աշխատանքին»։ Եվ ո՞րն է մեծագույն մարտահրավերը: Իսրայելի հավաքումը» (Charlotte Larcabal, “A Call to Enlist and Gather Israel,” New Era, Mar. 2019, 24)։

  31. Վարդապետություն և Ուխտեր 123․12։

  32. Տես 2 Նեփի 4․27, Մոսիա 4․3, 15․18, Ալմա 46․12։

  33. 1 Նեփի 13․37։