Գերագույն համաժողով
Կառուցենք հակառակորդին դիմակայող կյանք
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Կառուցենք հակառակորդին դիմակայող կյանք

Ես աղոթում եմ, որ մենք շարունակենք կառուցել մեր կյանքը՝ հետևելով մեր Երկնային Հոր կողմից հեղինակված աստվածային նախագծման ծրագրերին և տեխնիկական բնութագրերին։

Տարիների ընթացքում համաժողովների կենտրոնի այս գեղեցիկ ամբիոնից մենք ստացել ենք հոյակապ խորհուրդներ, ոգեշնչում, հրահանգ և հայտնություն: Խոսնակները բազմիցս օգտագործել են համեմատություններ՝ կապված իրենց գիտելիքների և փորձառության ոլորտների հետ՝ պարզ ու հզոր կերպով ցույց տալով Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքը:

Այս կերպ, օրինակ, մենք սովորել ենք ինքնաթիռների և թռիչքների մասին, որոնցում մի փոքր սկզբնական շեղումը կարող է մեզ տանել մի վայր, որը հեռու է մեր սկզբնական նպատակակետից:1 Այս կերպ մենք սովորել ենք նաև այն համեմատությունից, երբ մեր ֆիզիկական սրտի գործառույթը համեմատվում է սրտի հզոր փոփոխության հետ, որը պահանջվում է՝ Իրեն հետևելու Տիրոջ հրավերին արձագանքելու համար:2

Այս անգամ ես կցանկանայի խոնարհաբար ավելացնել իմ մասնագիտական պատրաստվածության ոլորտից ներշնչված մի համեմատություն։ Ես նկատի ունեմ քաղաքացիական շինարարության աշխարհը: Համալսարանական ուսումնառության սկզբից ես երազում էի այն օրվա մասին, երբ կհամապատասխանեմ այն դասընթացի պահանջներին, որն ինձ կսովորեցնի, թե ինչպես նախագծել շենքեր և այլ կառույցներ, որոնք այնուհետ կարող են համարվել «հակասեյսմիկ»:

Վերջապես եկավ այդ թեմայով իմ առաջին դասի օրը: Պրոֆեսորի առաջին խոսքերը հետևյալն էին. «Դուք, անշուշտ, ցանկանում եք սկսել այս դասընթացը և սովորել, թե ինչպես նախագծել հակասեյսմիկ կառույցներ», որին ի պատասխան, մեզանից շատերը անհամբեր գլխով արեցին: Այնուհետև պրոֆեսորն ասաց. «Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ դա հնարավոր չէ, քանի որ ես չեմ կարող սովորեցնել ձեզ, թե ինչպես նախագծել մի շենք, որը «հակա-» է կամ դիմադրում է երկրաշարժին»: Նա ասաց․ «Դա անիմաստ է, քանի որ, ուզենք, թե չուզենք, ամեն դեպքում երկրաշարժեր կլինեն»:

Այնուհետև նա ավելացրեց. «Ես կարող եմ ձեզ սովորեցնել, թե ինչպես պետք է նախագծեք կառույցներ, որոնք սեյսմակայուն են, կառույցներ, որոնք կարող են դիմակայել երկրաշարժից եկող ուժերին, որպեսզի կառույցը մնա կանգուն՝ առանց որևէ լուրջ վնասի, այնուհետև շարունակի ծառայել այն նպատակին, որի համար ի սկզբանե նախագծված էր»:

Ճարտարագետը կատարում է հաշվարկներ, որոնք ցույց են տալիս հիմքերի, սյուների, հեծանների, բետոնե սալերի և այլ կառուցվածքային տարրերի չափերը, որակներն ու բնութագրերը: Այս արդյունքները վերածվում են հատակագծերի և տեխնիկական բնութագրերի, որոնք պետք է խստորեն պահպանվեն շինարարի կողմից, որպեսզի աշխատանքը նյութական տեսք ստանա և այդպիսով իրականացնի այն նպատակը, որի համար նախագծվել ու կառուցվում է:

Թեև սեյսմակայուն շինարարության առաջին դասից անցել է ավելի քան 40 տարի, ես հիանալի հիշում եմ այն պահը, երբ սկսեցի ավելի խոր և ամբողջական պատկերացում կազմել այն կենսական կարևորության մասին, որով այս գաղափարը ներկա կլիներ կառույցներում, որոնք ես կնախագծեի իմ հետագա մասնագիտական կյանքում: Եվ ոչ միայն դա. նույնիսկ ավելի կարևոր է, որ այդ գաղափարը մշտապես կիրառվի իմ սեփական կյանքի շինությանը և նրանց, ում վրա ես կարող եմ դրական ազդեցություն գործադրել:

Որքա՜ն օրհնված ենք մենք, որ կարող ենք մեր հույսը դնել Երկնային Հոր կողմից ստեղծված փրկության ծրագրի գիտելիքի վրա, և ունենալ Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը, նաև ապավինել կենդանի մարգարեների ոգեշնչված առաջնորդությանը: Բոլոր վերը նշվածները կազմում են աստվածայնորեն մշակված «ծրագրերն» ու «տեխնիկական բնութագրերը», որոնք մեզ հստակ սովորեցնում են, թե ինչպես կառուցել երջանիկ կյանք. կյանք, որը դիմակայում է մեղքին, դիմակայում է գայթակղություններին, դիմակայում է սատանայի հարձակումներին, որը հուսահատորեն փորձում է խափանել մեր Երկնային Հոր և մեր սիրելի ընտանիքների հետ միասին լինելու հավերժական ճակատագիրը:

Ինքը՝ Փրկիչը, Իր ծառայության սկզբում «ենթարկվեց սատանայի գայթակղությանը»:3 Բայց Հիսուսը հաջողությամբ դուրս եկավ այդ մեծ փորձությունից: Սատանայի կամ գայթակղության դեմ հակազդող վերաբերմունքն ինչպե՞ս ծառայեց Հիսուսին: Այն, ինչը ստիպեց Հիսուսին հաղթած դուրս գալ այդ ամենադժվար պահերից, Նրա հոգևոր պատրաստվածությունն էր, որը թույլ տվեց նրան լինել հակառակորդի գայթակղություններին դիմակայելու վիճակում:

Ի՞նչ գործոններ օգնեցին Փրկչին պատրաստ լինել այդ վճռական պահին:

Նախ՝ Նա ծոմ էր պահել 40 օր և 40 գիշեր, ծոմ, որը պետք է ուղեկցվեր մշտական աղոթքով: Այսպիսով, չնայած Նա ֆիզիկապես թույլ էր, Նրա ոգին շատ ուժեղ էր: Թեև, բարեբախտաբար, մեզ չեն խնդրում ծոմ պահել նման տևողությամբ, այլ միայն 24 ժամ և ամիսը մեկ անգամ, ծոմը մեզ բերում է հոգևոր ուժ և պատրաստում դիմակայելու այս կյանքի փորձություններին:

Երկրորդ՝ գայթակղությունների նկարագրության մեջ, որոնց ենթարկվել էր Փրկիչը, մենք տեսնում ենք, որ Նա միշտ պատասխանում էր սատանային՝ ունենալով սուրբ գրություններ Իր մտքում, մեջբերելով դրանք և կիրառելով ճիշտ պահին:

Երբ սատանան գայթակղեց, որ Նա քարերը դարձնի հաց, որպեսզի Նա կարողանա հագեցնել Իր քաղցը Իր երկար ծոմից հետո, Տերն ասաց նրան. «Գրված է. «Ոչ միայն հացով է մարդն ապրում, այլև այն ամեն խոսքով, որ Աստծու բերանից է ելնում»:4 Այնուհետև, երբ Տերը տաճարի աշտարակի վրա էր, սատանան փորձեց գայթակղել Նրան, որ ցույց տա Իր զորությունը, ինչին Տերը իշխանությամբ պատասխանեց. «Դարձյալ գրված է. «Տիրոջը՝ քո Աստծուն, չփորձես»:5 Իսկ սատանայի երրորդ փորձին Տերը պատասխանեց. «Հեռո՛ւ գնա, սատանա՛, որովհետև գրված է. «Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես ու միայն նրան կպաշտես»:6

Երկրաշարժը իր հետևանքներն է թողնում նույնիսկ այն կառույցների վրա, որոնք ճիշտ են նախագծված և կառուցված, օրինակ՝ ճաքեր, ընկած կահույք կամ առաստաղներ, կոտրված պատուհաններ և այլն: Սակայն այդ լավ նախագծված և լավ կառուցված շենքը կկատարի բնակիչներին պաշտպանելու իր նպատակը, և որոշ վերանորոգումներից հետո կվերականգնի իր սկզբնական վիճակը:

Նմանապես, հակառակորդի հարվածները կարող են նաև «ճաքեր» կամ որոշ մասնակի վնասներ պատճառել մեր կյանքում՝ չնայած մեր կյանքը կառուցելու աստվածային կատարյալ նախագծին համապատասխան մեր ջանքերին: Այս «ճեղքերը» կարող են դրսևորվել տխրության կամ զղջումի զգացումներով՝ որոշ սխալներ թույլ տալու և ամեն ինչ անթերի չանելու համար, կամ զգալով, որ մենք այնքան լավը չենք, որքան ցանկանում ենք լինել:

Բայց իսկապես տեղին է այն հանգամանքը, որ հետևելով աստվածայնորեն մշակված ծրագրերին և առանձնահատկություններին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի ավետարանին, մենք դեռ կանգնած ենք: Մեր կյանքի կառուցվածքը չի ավերվել հակառակորդի ջանքերի կամ դժվար իրավիճակների պատճառով, որոնց մենք ստիպված ենք եղել դիմակայել. ավելի շուտ, մենք պատրաստ ենք առաջ շարժվել։

Սուրբ գրություններում խոստացված ուրախությունը՝7 որպես մեր գոյության նպատակ, չի ենթադրում, որ մենք չենք ունենա դժվարություններ կամ վշտեր, որ մենք չենք ունենա «ճաքեր»՝ որպես մեր երկրային կյանքի գայթակղությունների, դժբախտությունների կամ իրական փորձությունների հետևանք:

Այդ ուրախությունը կապված է Նեփիի կյանքի հեռանկարի հետ, երբ նա ասաց. «Տեսած լինելով շատ չարչարանքներ իմ օրերի ընթացքում, այնուամենայնիվ, մեծապես հովանավորված լինելով Տիրոջ կողմից իմ բոլոր օրերում»։8 Նրա բոլո՛ր օրերը։ Նույնիսկ այն օրերը, երբ Նեփին տառապեց, քանի որ իր եղբայրները չհասկացան և մերժեցին նրան, նույնիսկ երբ նրան կապեցին նավի վրա, նույնիսկ այն օրը, երբ նրա հայրը՝ Լեքին, մահացավ, նույնիսկ երբ Լամանը և Լեմուելը դարձան Նեփիի ժողովրդի մահացու թշնամիները: Նույնիսկ այդ դժվարին օրերին Նեփին Տիրոջ կողմից մեծ հավանություն զգաց:

Մենք կարող ենք հանգիստ ու խաղաղ լինել՝ իմանալով, որ Տերը երբեք թույլ չի տա մեզ գայթակղվել այն սահմանից ավելին, ինչին մենք կարող ենք դիմակայել: Ալման հրավիրում է մեզ, որ «արթուն կենա[ն]ք ու շարունակ աղոթե[ն]ք, որպեսզի չլինի թե [մենք] փորձվեք ավելի, քան [մենք] կարող ե[ն]ք դիմանալ, և այսպես առաջնորդվե[ն]ք Սուրբ Հոգուց՝ դառնալով խոնարհ, հեզ, հլու, համբերատար, սիրով և ողջ երկայնամտությամբ լի»:9

Նույնը կարելի է կիրառել կյանքի փորձությունների ժամանակ: Ամմոնը մեզ հիշեցնում է Տիրոջ խոսքերը. «Գնացե՛ք … և համբերությամբ տարեք ձեր չարչարանքները, և ես ձեզ հաջողություն կտամ»:10

Տերը մեզ միշտ օգնում է, երբ մենք բախվում ենք դժբախտության, գայթակղության, թյուրըմբռնման, թուլությունների և նույնիսկ՝ մահվան: Նա ասել է. «Եվ այժմ, ճշմարիտ ասում եմ ձեզ, և ինչ ես ասում եմ մեկին, ասում եմ բոլորին. Ուրախ եղեք, փո՛քր երեխաներ. քանզի ես ձեր մեջ եմ, և ես չեմ լքել ձեզ»:11 Նա երբե՛ք չի լքի մեզ։

Ես աղոթում եմ, որ մենք շարունակենք կառուցել մեր կյանքը՝ հետևելով մեր Հոր կողմից հեղինակված աստվածային նախագծման ծրագրերին և տեխնիկական բնութագրերին, և իրականացված մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի միջոցով: Ուստի, այն շնորհի շնորհիվ, որը հասնում է մեզ մեր Փրկչի Քավության միջոցով, մենք հաջողությամբ կառուցելու ենք մի կյանք, որը դիմակայում է մեղքին, դիմակայում է գայթակղություններին և զորացվում է՝ դիմանալու մեր կյանքի տխուր, դժվարին ժամանակներին: Եվ ավելին, մենք կստանանք մեր Հոր և մեր Փրկչի սիրո միջոցով խոստացված բոլոր օրհնությունները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։