Գերագույն համաժողով
Եվ նա ուզում էր տեսնել, թե ով է Հիսուսը
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Եվ նրանք ուզում էին տեսնել, թե ով է Հիսուսը

Ես վկայում եմ, որ Հիսուսն ապրում է, որ Նա ճանաչում է մեզ, և որ Նա զորություն ունի բժշկելու, փոխակերպելու և ներելու:

Եղբայրնե՛ր, քույրե՛ր և ընկերնե՛ր, 2013 թվականին ես և իմ կինը՝ Լորելը, կանչվեցինք ծառայելու որպես Չեխիա Սլովակիա միսիայի ղեկավարներ: Մեր չորս երեխաները ծառայում էին մեզ հետ։1 Մեր ընտանիքն օրհնվեց փայլուն միսիոներներով և հրաշալի չեխ ու սլովակ սրբերով: Մենք սիրում ենք նրանց:

Երբ մեր ընտանիքը հասավ միսիայի տարածք, հիշեցինք, թե մեզ ինչ էր ուսուցանել երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը: «Մեծ պատվիրանը» վերնագրով իր ելույթում երեց Վիրթլինը հարցնում է. «Սիրո՞ւմ ես Տիրոջը»: Նրա խորհուրդը մեզանից նրանց, ովքեր հարցին կպատասխանեն «այո», պարզ և խորն էր. «Ժամանակ անցկացրեք Նրա հետ: Խորհեք Նրա խոսքերի շուրջ: Նրա լուծը վերցրեք ձեզ վրա: Ձգտեք հասկանալ և հնազանդվել»:2 Երեց Վիրթլինն այնուհետև փոխակերպող օրհնություններ խոստացավ նրանց, ովքեր ցանկանում են ժամանակ և տեղ հատկացնել Հիսուս Քրիստոսին։3

Մենք ի սրտե ընդունեցինք երեց Վիրթլինի խորհուրդն ու խոստումը: Մեր միսիոներների հետ երկար ժամանակ անցկացրինք Հիսուսի հետ՝ ուսումնասիրելով Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի գրքերը Նոր Կտակարանից, ինչպես նաև 3 Նեփի գիրքը՝ Մորմոնի Գրքից: Յուրաքանչյուր միսիոներական ժողովի վերջում մենք կրկին անդրադառնում էինք այսպես կոչված «Հինգ Ավետարաններ»-ին՝4 կարդալով, դիտարկելով, քննարկելով և սովորելով Հիսուսի մասին:

Ինձ համար, Լորելի և մեր միսիոներների համար սուրբ գրություններում Հիսուսի հետ ժամանակ անցկացնելը փոխեց ամեն ինչ: Մենք խորապես գնահատեցինք, թե ով է Նա, և ինչն է կարևոր Նրա համար: Մենք դիտարկեցինք, թե Նա ինչպես էր ուսուցանում, ինչ էր ուսուցանում, ուղիները, որոնցով Նա սեր էր դրսևորում, ինչ էր անում օրհնելու և ծառայելու համար, Նրա հրաշքները, ինչպես արձագանքեց դավաճանությանը, ինչ արեց մարդկային ծանր հույզերի հետ, Իր կոչումներն ու անունները, ինչպես Նա լսեց, ինչպես Նա լուծեց հակամարտությունը, աշխարհը, որտեղ նա ապրում էր, Նրա առակները, ինչպես Նա խրախուսեց միասնությունն ու բարությունը, ներելու և բժշկելու Նրա կարողությունը, Նրա քարոզները, Նրա աղոթքները, Նրա քավիչ զոհաբերությունը, Նրա Հարությունը, Նրա ավետարանը:

Մենք հաճախ մեզ զգում էինք՝ ինչպես «կարճահասակ» Զաքեոսը, որը վազում էր՝ մագլցելու թզի ծառը, երբ Հիսուսն անցնում էր Երիքովով, քանի որ, ինչպես նկարագրել է Ղուկասը, մենք «ուզում [էինք] տեսնել, թե ով է Հիսուսը»։5 Դա ոչ թե Հիսուսն էր, ինչպիսին մենք էինք ուզում կամ ցանկանում, որ Նա լիներ, այլ Հիսուսն այնպիսին, ինչպիսին Նա իրականում կար և կա:6 Ճիշտ այնպես, ինչպես երեց Վիրթլինը խոստացել էր, մենք շատ իրական ձևով իմացանք, որ «Հիսուս Քրիստոսի ավետարանը վերափոխման ավետարան է: Որպես աշխարհիկ տղամարդկանց և կանանց, այն զտում է մեզ՝ դարձնելով տղամարդիկ և կանայք հավերժության համար»:7

Դրանք հատուկ օրեր էին։ Մենք հասկացանք, որ «Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա»։8 Մեր բոլորի կյանքում շարունակում են արձագանքել Պրահայի, Բրատիսլավայի և Բռնոյի սուրբ կեսօրվա ուսուցումները, երբ զգում էինք Հիսուսի զորությունն ու իրողությունը:

Մենք հաճախ էինք ուսումնասիրում Մարկոս 2․1-12-ը։ Այնտեղ գրանցված պատմությունը համոզիչ է: Ես ուզում եմ դրա մի մասը կարդալ անմիջապես Մարկոսից, և այնուհետև կիսվել դրանով, քանի որ հասկացել եմ այն մեր միսիոներների և այլոց հետ համակողմանի ուսումնասիրությունից և քննարկումից հետո։9

«Օրեր անց Հիսուսը դարձյալ Կափառնայում մտավ։ Լուր տարածվեց, որ մեկի տանն է։

Անմիջապես այնքան շատ մարդիկ հավաքվեցին, որ դռան մոտ նույնիսկ տեղ չկար։ Եվ նա Աստծո խոսքն էր քարոզում նրանց։

Եվ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որին բռնել էին չորս հոգով։

Երբ ամբոխի պատճառով Հիսուսին մոտենալ չկարողացան, քանդեցին այն տան տանիքը, որտեղ նա էր, և անցք բաց անելով՝ իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույծը։

Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, անդամալույծին ասաց. «Որդյա՛կ, քո մեղքերը քեզ ներված են»:

Ամբոխի միջից ոմանց հետ խոսք փոխանակվելուց հետո10 Հիսուսը նայում է անդամալույծ մարդուն և ֆիզիկապես բուժում նրան՝ ասելով.

«Վե՛ր կաց, մահիճդ վերցրո՛ւ և քո տո՛ւն գնա»։

Եվ սա իսկույն վեր կացավ, մահիճը վերցրեց ու բոլորի առաջ դուրս գնաց, մինչ բոլորը զարմանում էին ու Աստծուն փառաբանում՝ ասելով. «Այսպիսի բան երբեք չենք տեսել»։11

Իր ծառայության սկզբում Հիսուսը վերադարձավ Կափառնայում՝ մի փոքրիկ ձկնորսական գյուղ, որը գտնվում էր Գալիլեայի ծովի հյուսիսային ափին։12 Նա վերջերս մի շարք հրաշքներ էր գործել՝ բժշկելով հիվանդներին և դուրս հանելով չար ոգիներին:13 Մեծ ոգևորությամբ ցանկանալով լսել Հիսուսի խոսքը և զգալ Նրա ներկայությունը՝ գյուղացիները հավաքվեցին այն տանը, որտեղ, ըստ լուրերի, Նա մնալու էր։14 Երբ նրանք հավաքվեցին, Հիսուսը սկսեց ուսուցանել:15

Այդ ժամանակ Կափառնայումի տները հարթ տանիքներով, մեկ հարկանի կացարաններ էին, որոնք խմբավորված էին միասին:16 Տանիքն ու պատերը քարի, փայտանյութի, կավի ու ծղոտի խառնուրդ էին, որոնց կարելի էր հասնել տան կողքի մի շարք պարզ աստիճանների միջոցով։17 Բազմությունը արագ աճեց տան մոտ, լցրեց սենյակը, որտեղ Հիսուսը ուսուցանում էր, և տարածվեց փողոցում:18

Պատմությունը կենտրոնանում է «անդամալույծ» տղամարդու և նրա չորս ընկերների վրա:19 Անդամալուծությունը կաթվածի տեսակ է, որը հաճախ ուղեկցվում է թուլությամբ և ցնցումներով:20 Պատկերացնում եմ, որ չորսից մեկն ասում է մյուսներին. «Հիսուսը մեր գյուղում է: Մենք բոլորս գիտենք այն հրաշքների մասին, որոնք Նա կատարել է և նրանց, ում Նա բժշկել է: Եթե մենք պարզապես կարողանանք մեր ընկերոջը բերել Հիսուսի մոտ, գուցե նա նույնպես կարողանա առողջանալ»։

Այսպիսով, չորսից յուրաքանչյուրը վերցնում են խսիրի կամ մահճակալի մի անկյունը, որի վրա պառկած է իրենց ընկերը, և սկսում են տանել նրան Կափառնայումի ծուռ, հաճախ նեղ, չսալապատված փողոցներով։21 Չորս ընկերների ձեռքերն ու ոտքերը ցավում են, և նրանք հոգնած են, սակայն թեքվելով փողոցի վերջին անկյունը, պարզում են, որ ինչպես սուրբ գրությունն է ասում՝ «ամբոխը», որը հավաքվել է լսելու, այնքան մեծ է, որ անհնար է հասնել Հիսուսի մոտ։22 Սիրով ու հավատքով տոգորված՝ չորս ընկերները չեն հանձնվում։ Ավելի շուտ նրանք մագլցում են հարթ տանիքի աստիճաններով, զգուշությամբ բարձրացնում են իրենց ընկերոջն ու նրա անկողինը, քանդում են այն տան տանիքը կամ առաստաղը, որտեղ Հիսուսը ուսուցանում է, և իջեցնում են իրենց ընկերոջ մահիճը:23

Պատկերացրեք, որ ուսուցման մի լուրջ պահի Հիսուսը քանդվող առաստաղի աղմուկ է լսում, նայում է վերև և տեսնում է առաստաղի վրա մեծացող անցքը, մինչ փոշին ու ծղոտը լցվում են սենյակ: Այնուհետև, մահճի վրա գտնվող անդամալույծ տղամարդուն իջեցնում են հատակին: Հատկանշական է, որ Հիսուսը հասկանում է, որ դա ընդհատում չէ, այլ կարևոր մի բան։ Նա նայում է անկողնու վրա գտնվող տղամարդուն, հրապարակավ ներում է նրա մեղքերը և ֆիզիկապես բժշկում նրան։24

Մտքում ունենալով Մարկոս 2-րդ գլխի մասին այս պատմությունը՝ մի քանի կարևոր ճշմարտություններ պարզ են դառնում Հիսուսի մասին՝ որպես Քրիստոս: Նախ, երբ մենք փորձում ենք օգնել մեր սիրելի մարդուն գալ դեպի Քրիստոսը, մենք կարող ենք դա անել վստահությամբ, որ Նա կարող է բարձրացնել մեղքի բեռը և ներել: Երկրորդ, երբ մենք ֆիզիկական, հուզական կամ այլ հիվանդություններ ենք բերում Քրիստոսի մոտ, մենք կարող ենք անել դա՝ իմանալով, որ Նա բժշկելու և մխիթարելու զորություն ունի: Երրորդ, երբ մենք չորս ընկերների նման ջանք ենք գործադրում ուրիշներին Քրիստոսի մոտ բերելու համար, մենք կարող ենք դա անել վստահությամբ, որ Նա տեսնում է մեր իրական մտադրությունները և պատշաճ կերպով կպատվի դրանք:

Հիշեք, որ Հիսուսի ուսուցումը խանգարվեց տանիքում անցքի հայտնվելով։ Փոխանակ պատժելու կամ հեռացնելու այն չորսին, որոնք անցք էին բացել ընդհատելու համար, սուրբ գրությունն ասում է մեզ, որ «Հիսուսը նրանց հավատը տես[ավ]»:25 Այդ հրաշքի ազդեցությունից ներկաները «զարմացա[ն և] փառավորում էին Աստծուն, որ մարդկանց այդպիսի իշխանություն է տվել»։26

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, թույլ տվեք ավարտեմ երկու լրացուցիչ դիտարկումներով: Անկախ նրանից՝ միսիոներներ ենք, սպասավորներ, Սփոփող միության նախագահներ, եպիսկոպոսներ, ուսուցիչներ, ծնողներ, քույրեր ու եղբայրներ կամ ընկերներ, մենք բոլորս՝ որպես Վերջին Օրերի Սուրբ աշակերտներ, ներգրավված ենք ուրիշներին Քրիստոսի մոտ բերելու աշխատանքում: Այսպիսով, չորս ընկերների դրսևորած հատկությունները արժե հաշվի առնել և ընդօրինակել:27 Նրանք համարձակ են, հարմարվող, դիմացկուն, ստեղծագործ, ճկուն մտքով, հուսադրող, վճռական, հավատարիմ, լավատես, խոնարհ և տոկուն:

Բացի այդ, չորս ընկերները շեշտում են համայնքի և ընկերակցության հոգևոր կարևորությունը:28 Իրենց ընկերոջը Քրիստոսի մոտ բերելու համար չորսից յուրաքանչյուրը պետք էր բռներ մահճակալի մի անկյունից: Եթե մեկը բաց թողնի, ամեն ինչ ավելի դժվար է դառնում: Եթե երկուսը հրաժարվեն ջանքերից, առաջադրանքն իրականում անհնար է դառնում: Մեզանից յուրաքանչյուրն իր դերն ունի Աստծո արքայությունում։29 Երբ մենք կատարում ենք այդ դերը և անում ենք մեր բաժինը, մենք տանում ենք մահիճի մեր անկյունը: Անկախ նրանից՝ Արգենտինայում ենք, թե՝ Վիետնամում, Աքրայում ենք, թե՝ Բրիսբենում, ճյուղում ենք, թե՝ ծխում, ընտանիքում, թե՝ միսիոներական ընկերակցությունում, մենք յուրաքանչյուրս մի անկյուն ունենք տանելու: Երբ այդպես ենք վարվում, և եթե այդպես վարվենք, Տերը կօգնի մեզ բոլորիս: Քանի որ Նա տեսավ նրանց հավատքը, Նա կտեսնի նաև մեր հավատքը և կօրհնի մեզ՝ որպես ժողովուրդ:

Տարբեր ժամանակներում ես փորձել եմ պահել մահճի իմ անկյունը, իսկ երբեմն էլ եղել եմ այն մեկը, ում տարել են: Հիսուսի այս ուշագրավ պատմության զորության մի մասն այն է, որ հիշեցնում է մեզ, թե որպես եղբայրներ և քույրեր մենք որքան շատ ունենք միմյանց կարիքը՝ Քրիստոսի մոտ գալու և փոխակերպվելու համար:

Սրանք մի քանի բաներ են, որոնք ես սովորել եմ Հիսուսի հետ ժամանակ անցկացնելուց Մարկոս 2-րդ գլխում:

«Թող Աստված տա, որ մենք կարողանանք [տանել մեր անկյունը], որ մենք չխուսափենք, չվախենանք, այլ որ մենք ուժեղ լինենք մեր հավատքով և վճռական լինենք մեր աշխատանքում՝ իրականացնելու Տիրոջ նպատակները»:30

Ես վկայում եմ, որ Հիսուսն ապրում է, որ Նա ճանաչում է մեզ, և որ Նա զորություն ունի բժշկելու, փոխակերպելու և ներելու: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Evie, Wilson, Hyrum, and George.

  2. Joseph B. Wirthlin, “The Great Commandment,” Liahona, Nov. 2007, 30.

  3. Երեց Վիրթլինի կողմից մատնանշված օրհնությունները ներառում են սիրո մեծ կարողություն, Աստծո պատվիրաններին հնազանդվելու և արձագանքելու պատրաստակամություն, ուրիշներին ծառայելու ցանկություն և շարունակաբար բարիք գործելու տրամադրվածություն:

  4. «Ավետարանները … չորս տարբեր ավետարանիչների կամ ավետարանագիրների անուններով քառապատիկ շարադրանք է Հիսուսի կյանքի և ուսմունքի, նրա տառապանքների, մահվան և հարության մասին» (Anders Bergquist, “The Bible: The New Testament,” in Encyclopedia of Christianity, James Bowden, ed. [2005], 141): Աստվածաշնչի բառարանն ավելացնում է, «որ ավետարան բառացի նշանակում է «բարի լուր»: Բարի լուրն այն է, որ Հիսուս Քրիստոսը կատարել է կատարյալ Քավություն մարդկության համար, որը կփրկագնի ողջ մարդկությանը։… Նրա մահկանացու կյանքի արձանագրությունները և Նրա ծառայության հետ կապված իրադարձությունները կոչվում են Ավետարաններ» (Աստվածաշնչի բառարան, «Ավետարաններ»): 3 Նեփին, գրված Նեփիի՝ Հելամանի թոռան կողմից, պարունակում է հիշատակություն հարություն առած Հիսուս Քրիստոսի հայտնվելու և ուսմունքի մասին Ամերիկա մայրցամաքներում՝ Նրա խաչելությունից անմիջապես հետո և, հետևաբար, կարող է նաև հիշատակվել որպես «Ավետարան»: Ավետարանները հատկապես ազդեցիկ են, քանի որ արձանագրում են իրադարձություններ և հանգամանքներ, որոնցում Հիսուսն Ինքը եռանդուն կերպով ուսուցանում և մասնակցում է: Դրանք վճռորոշ մեկնարկային կետ են՝ Հիսուսին որպես Քրիստոս հասկանալու համար, Նրա հետ մեր հարաբերությունները և Նրա ավետարանը ըմբռնելու համար:

  5. Տես Ղուկաս 19.1–4, տես նաև Հակոբ 4.13 (բացատրելով, որ Հոգին «խոսում է բաների մասին, ինչպես դրանք իրականում կան, բաների մասին, ինչպես դրանք իրականում լինելու են») և Վարդապետություն և Ուխտեր 93.24 (սահմանելով ճշմարտությունը որպես «գիտություն է բաների մասին, ինչպես որ կան, և ինչպես որ կային, և ինչպես որ կլինեն»):

  6. Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկը նմանապես խրախուսեց «Փրկչի կյանքի՝ որպես իրական անձի» ուսումնասիրությունը: Նա հրավիրեց ուրիշներին լինել Հիսուս Քրիստոսի կյանքի սուրբգրային պատմություններում, փորձել և «գնալ Փրկչի հետ, ապրել նրա հետ, թույլ տալ նրան լինելու իրական մարդ, կիսաստվածային, այնուամենայնիվ, շարժվող, ինչպես մարդն է շարժվել այդ վայրերում»։ Նա նաև խոստացավ, որ նման ջանքերը «ձեզ կտան այնպիսի պատկերացում նրա մասին, այնպիսի մտերմություն նրա հետ, ինչպիսին, կարծում եմ, այլ կերպ չեք կարող ստանալ: … Իմացեք, թե ինչ է նա արել, ինչ է նա մտածել, ինչ է սովորեցրել: Արե՛ք այնպես, ինչպես նա արեց: Ապրե՛ք այնպես, ինչպես նա ապրեց, որքանով կարող եք: Նա կատարյալ մարդ էր» (Behold the Lamb of God [1962], 8, 11): Պատմության համատեքստում Հիսուսին ուսումնասիրելու արժեքի և պատճառների վերաբերյալ պատկերացում կազմելու համար տե՛ս N. T. Wright and Michael F. Bird., The New Testament in Its World (2019), 172–87:

  7. Joseph B. Wirthlin, “The Great Commandment,” 30.

  8. Ղուկաս 1.37:

  9. Ի լրումն Չեխիայի/Սլովակիայի միսիոներների հետ Մարկոս 2.1–12 հատվածների կանոնավոր և ընդլայնված քննարկմանը, ես նաև երախտապարտ եմ այն դասերի համար, որ սովորեցինք, երբ քննարկում էինք այս տեքստը Սոլթ Լեյք Հայլենդ ցցի միսիոներական պատրաստության երիտասարդ տղամարդկանց և կանանց հետ, նաև Salt Lake Pioneer YSA ցցի ղեկավարների ու անդամների հետ:

  10. Տես Մարկոս 2․6-10։

  11. Մարկոս 2.11-12:

  12. Տես Bruce M. Metzger and Michael D. Coogan, The Oxford Companion to the Bible (1993), 104; James Martin, Jesus: A Pilgrimage (2014), 183–84:

  13. Տես Մարկոս 1.21-45:

  14. Տես Մարկոս 2․1-2։

  15. Տես Մարկոս 2․2։

  16. Տես Metzger and Coogan, The Oxford Companion to the Bible, 104; William Barclay, The Gospel of Mark (2001), 53:

  17. Տես William Barclay, The Gospel of Mark (2001), 53; see also Martin, Jesus: A Pilgrimage, 184:

  18. Տես Մարկոս 2.2, 4, տես նաև Բարքլեյ, Մարկոսի ավետարանը, 52–53: Բարքլեյը բացատրում է, որ «Պաղեստինում կյանքը շատ հրապարակային էր: Առավոտյան տան դուռը բացվում էր, և ցանկացողը կարող էր դուրս գալ ու ներս մտնել։ Դուռը երբեք չէր փակվում, եթե ինչ-որ մեկը միտումնավոր չէր ցանկանում գաղտնիություն պահպանել. բաց դուռը նշանակում էր ներս մտնելու բաց հրավեր բոլորի համար: Ավելի խոնարհ [տներում], ինչպիսին [նշված է Մարկոս 2-ում] պետք է որ լիներ, մուտքի սրահ չկար. դուռը բացվում էր ուղիղ … դեպի փողոց: Այսպիսով, շատ չանցած, ամբոխը լցվեց տուն և խցանեց մայթը դռան շուրջը, և նրանք բոլորն անհամբեր լսում էին Հիսուսի խոսքերը»։

  19. Մարկոս 23:

  20. Տես Medical Dictionary of Health Terms, “palsy,” health.harvard.edu:

  21. Տես James Martin, Jesus: A Pilgrimage, 184–84:

  22. Մարկոս 24:

  23. Տես Մարկոս 2.4, see also Julie M. Smith, “The Gospel according to Mark,” BYU Studies (2018), 155–71:

  24. Տես Մարկոս 2․5-12։

  25. Մարկոս 2.5, շեշտադրումն ավելացված է:

  26. Մատթեոս 9.8, տես նաև Մարկոս 2.12, Ղուկաս 5.26:

  27. Վարդապետություն և Ուխտեր 62.3 բացատրում է, որ դուք՝ Տիրոջ ծառաներ, «օրհնված եք … քանզի վկայությունը, որ դուք բերել եք, արձանագրվել է երկնքում և ձեր մեղքերը ներված են ձեզ»:

  28. Տես Մ. Ռասսել Բալլարդ, «Հույս Քրիստոսում», Լիահոնա, մայիս 2021, 55–56: Նախագահ Բալլարդը նշում է, որ «պատկանելու զգացումը» կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առողջության համար, և նա նշում է, որ «մեր քվորումների, կազմակերպությունների, ծխերի և ցցերի յուրաքանչյուր անդամ ունի Աստծո կողմից տրված պարգևներ և տաղանդներ, որոնք կարող են օգնել կառուցել Նրա արքայությունը հիմա»։ Տես նաև David F. Holland, Moroni: A Brief Theological Introduction (2020), 61–65: Հոլլանդը քննարկում է Մորոնի 6-ը և այն ուղիները, որոնցով մասնակցությունն ու ընկերակցությունը հավատքի համայնքում օգնում են հեշտացնել անձնական հոգևոր փորձառությունը, որն ավելի սերտորեն է կապում մեզ Երկնքի հետ:

  29. Տես Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Բարձրացրեք այնտեղ, որտեղ դուք կանգնած եք», Լիահոնա, նոյեմբեր 2008, 56: Երեց Ուխդորֆը բացատրում է, որ «մեզանից ոչ ոք չի կարող կամ չպետք է միայնակ առաջ տանի Տիրոջ աշխատանքը: Բայց եթե մենք բոլորս միասին կանգնած լինենք այն վայրում, որտեղ Տերը նշանակել է և բարձրացնում է այնտեղից, որտեղ մենք կանգնած ենք, ոչինչ չի կարող խանգարել այս աստվածային գործին դեպի վեր՝ առաջ շարժվելուց»: Տես նաև Չի Հոնգ (Սեմ) Վոնգ, «Փրկենք միասին», Լիահոնա, նոյեմբեր 2014, 15: Երեց Վոնգը վկայակոչում է Մարկոս 2.1–5 հատվածները և ուսուցանում, որ «Փրկչին օգնելու համար մենք պետք է միասին աշխատենք միասնության և ներդաշնակության մեջ: Յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր պաշտոն և յուրաքանչյուր կոչում կարևոր են»:

  30. Bruce R. McConkie, in Conference Report, Apr. 1952, 57.