Գերագույն համաժողով
Դուք դեռ հոժա՞ր եք
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Դուք դեռ հոժա՞ր եք

Հիսուս Քրիստոսին հետևելու մեր հոժարակամությունն ուղիղ համեմատական է այն ժամանակին, որը մենք պարտավորվում ենք անցկացնել սուրբ վայրերում։

Մի կիրակի, ցցի համաժողովի մի քանի շաբաթ տևած հանձնարարություններից հետո, երբ ես պատրաստվում էի ճաշակել հաղորդությունը, մի հետաքրքիր և զորեղ միտք ծագեց իմ մտքում:

Երբ քահանան սկսեց օրհնել հացը, այն խոսքերը, որոնք ես նախկինում բազմաթիվ անգամ լսել էի, ուժեղ ներգործություն ունեցան իմ մտքի և սրտի վրա: «Եվ վկայեն քեզ, ո՜վ Աստված, Հա՛յր Հավերժական, որ նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց. որպեսզի նրանք նրա Հոգին միշտ իրենց հետ ունենան»։1 Քանի՞ անգամ ենք վկայել Աստծուն, որ հոժար ենք:

Երբ ես խորհում էի այդ սուրբ խոսքերի նշանակության մասին, հոժար բառը տպավորություն գործեց ինձ վրա այնպես, ինչպես նախկինում երբեք չէր գործել: Հաճելի և սրբազան փորձառությունների հիշողությունների հեղեղը իմ միտքն ու սիրտը լցրեց սիրով ու երախտագիտությամբ՝ Փրկչի քավիչ զոհաբերության և իմ ու իմ ընտանիքի համար Հոր ծրագրում Փրկչի առանցքային դերի հանդեպ։ Այնուհետև ես լսեցի և զգացի ջրի վրա ասվող աղոթքի թափանցող խոսքերը. «Եվ վկայեն քեզ… և միշտ հիշե[ն] նրան»:2 Այդ պահին ես հստակ հասկացա, որ իմ ուխտերը պահելը պետք է լինի ավելին, քան բարի մտադրությունները:

Հաղորդությունը ճաշակելը պասիվ կրոնական ծես չէ, որը ենթադրում է մեր ուղղակի համաձայնությունը: Դա Փրկչի անսահման Քավության իրական և առանցքային լինելու, Նրան միշտ հիշելու և Նրա պատվիրանները պահելու անհրաժեշտության հզոր հիշեցում է: Փրկչի վրա կենտրոնանալու պատրաստակամությունն այնքան կարևոր է, որ դա Եկեղեցու երկու ամենից շատ մեջբերված հատվածների՝ հաղորդության աղոթքների կենտրոնական ուղերձն է: Հասկանալով այն ճշմարտությունը, թե Երկնային Հայրն Իր Միածին Որդու միջոցով ինչ է հոժար առաջարկելու մեզանից յուրաքանչյուրին, մենք պետք է առավելագույն ջանքերը գործադրենք, որպեսզի միշտ հոժար լինենք փոխհատուցել նրան։

Արդյո՞ք մեր հոգևոր հիմքը ամուր է կառուցված Հիսուս Քրիստոսի վրա:

Եթե մեր հոգևոր հիմքը մակերեսային է կամ ոչ ամուր, մենք կարող ենք մեր հոժար լինելու ցանկությունը պատճառաբանել սոցիալական օգտակարության կամ անձնական անհարմարության չափանիշներով: Իսկ եթե ընդունենք այն մարդկանց տեսակետը, որ Եկեղեցին հիմնականում բաղկացած է հնացած կամ ոչ ճիշտ սոցիալական քաղաքականությունից, մարդկային անիրատեսական սահմանափակումներից և ժամանակային պարտավորություններից, ապա հոժար լինելու մասին մեր եզրակացությունները թերի կլինեն: Մենք չպետք է ակնկալենք, որ հոժար լինելու ցանկությունը կաճի սոցիալական լրատվամիջոցների, ազդեցիկ մարդկանց կամ TikTok-ի խանդավառ մարդկանց շնորհիվ: Մարդկանց կանոնները հազվադեպ են համընկնում աստվածային ճշմարտության հետ:

Եկեղեցին հավաքատեղի է անկատար մարդկանց համար, որոնք սիրում են Աստծուն և հոժար են հետևել Տեր Հիսուս Քրիստոսին: Այդ հոժարակամությունը արմատավորված է այն իրականության մեջ, որ Հիսուսը Քրիստոսն է՝ կենդանի Աստծո Որդին: Այս աստվածային ճշմարտությունը կարող է հասկացվել միայն Սուրբ Հոգու զորությամբ: Հետևաբար, մեր հոժար լինելը ուղիղ համեմատական է այն ժամանակին, որը մենք պարտավորվում ենք անցկացնել սուրբ վայրերում, որտեղ առկա է Սուրբ Հոգու ազդեցությունը:

Մենք կառաջադիմենք, եթե ավելի շատ ժամանակ տրամադրենք բովանդակալից զրույցին՝ քննարկելով մեր մտահոգությունները սիրառատ Երկնային Հոր հետ և ավելի քիչ ժամանակ ծախսենք՝ փնտրելով այլ ձայների կարծիքը: Մենք կարող ենք նաև մեր ամենօրյա նորությունները փոխարինել սուրբ գրություններում Քրիստոսի խոսքերով և Նրա կենդանի մարգարեների մարգարեական խոսքերով:

Կարևորությունը, որը մենք տալիս ենք մեր հանգստության օրը պահելուն, ազնիվ տասանորդ վճարելուն, տաճարային գործող երաշխավորագիր ունենալուն, տաճար հաճախելուն և մեր տաճարային սուրբ ուխտերը հարգելուն, բոլորը մեր հոժար լինելու և մեր նվիրվածության ապացույցն են: Արդյո՞ք մենք հոժար ենք անել ավելին, քան Քրիստոսի հանդեպ մեր հավատքն ամրապնդելու համար մակերեսային ջանքեր գործադրելն է:

Երկնային Հայրը մեզ կատարելապես սիրում է, բայց այդ սիրուց բխում են մեծ ակնկալիքներ: Նա ակնկալում է, որ մենք Փրկչին հոժարակամ դարձնենք մեր կյանքի առաջնահերթությունը: Փրկիչը բոլոր բաներում Հորը հոժարակամ հնազանդվելու մեր կատարյալ օրինակն է: Նա է «ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը»:3 Նա հոժարակամ քավեց մեր մեղքերը: Նա հոժարակամ թեթևացնում է մեր բեռները, ցրում է մեր վախերը, տալիս է մեզ ուժ, իսկ նեղության ու վշտի ժամին խաղաղություն և հասկացողություն պարգևում մեր սրտերին:

Այնուամենայնիվ, հավատքն առ Հիսուս Քրիստոսը ընտրություն է: «Եթե [մենք] չենք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ»4 Նրա խոսքերին, ապա մենք կունենանք ելակետ՝ սկսելու կամ վերսկսելու մեր հավատքի ճամփորդությունը: Նրա խոսքերը, եթե սերմի պես սերմանվեն մեր սրտերում և մեծ խնամքով սնուցվեն, արմատ կգցեն, իսկ մեր հավատքը կաճի՝ վերածվելով համոզվածության և կդառնա գործողության և զորության սկզբունք: Մորմոնի Գիրքը աճող և վերականգնվող հավատքի մեր ամենահզոր աղբյուրն է: Հոժարությունը հավատքի խթանիչն է:

Մահկանացու կյանքը, ըստ աստվածային ծրագրի, հեշտ չէ և երբեմն կարող է շատ դժվար լինել: Այնուամենայնիվ, «[մենք] կանք, որպեսզի [մենք] ունենանք ուրախություն»։5 Փրկչի և մեր ուխտերի վրա կենտրոնացումը հարատև ուրախություն է բերում: Մահկանացու կյանքի նպատակը մեր հոժարակամությունն ապացուցելն է: «Կյանքի մեծագույն խնդիրը և աշակերտության գինն է՝ սովորել Տիրոջ կամքը և ապա կատարել այն»:6 Ճշմարիտ աշակերտությունը հանգեցնում է լիակատար ուրախության: Արդյո՞ք մենք հոժար ենք վճարել մեր աշակերտության գինը:

Ուխտի ուղին պարզ ստուգաթերթ չէ. այն հոգևոր աճի և Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ նվիրվածության խորացման գործընթաց է: Յուրաքանչյուր պատվիրանի, սկզբունքի, ուխտի և արարողության հիմնական նպատակը Քրիստոսի հանդեպ հավատք և վստահություն կառուցելն է: Ուստի, մեր կյանքը Քրիստոսի վրա կենտրոնացնելու մեր վճռականությունը պետք է լինի հետևողական՝ ոչ պայմանական, իրավիճակային կամ մակերեսային: Մենք չենք կարող մեզ թույլ տալ «արձակուրդի օրեր» կամ ազատ օր վերցնել՝ «որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում կանգնելու» մեր պատրաստակամությունից:7 Աշակերտությունը էժանագին չէ, քանի որ Սուրբ Հոգու ընկերակցությունը անգին է:

Անշուշտ, Տերը մտածում էր մեր օրերի մասին, երբ ուսուցանում էր տասը կույսերի առակը: Հինգ իմաստուն կույսերի մասին Նա ասաց. նրանք «ընդունել են ճշմարտությունը, և վերցրել են Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից, և չեն խաբվել»,8 իսկ հիմարների ճրագները «հանգչում են» յուղի պակասից:9 Հավանաբար Նեփիի խոսքերը լավագույնս նկարագրում են Եկեղեցու այս երբեմնի հավատարիմ անդամներին. «Իսկ մյուսներին կխաղաղեցնի և կհանդարտեցնի՝ տանելով դեպի մարմնական ապահովություն, այնպես որ նրանք կասեն․ ամեն ինչ լավ է Սիոնում»։10

Մարմնական ապահովությունը աշխարհիկ բաների որոնումն ու Քրիստոսի փոխարեն դրանց հանդեպ վստահությունն է, այլ կերպ ասած՝ հոգևոր ոսպնյակի փոխարեն նայում եք աշխարհիկ ոսպնյակով: Սուրբ Հոգին մեզ հնարավորություն է տալիս տեսնելու «իրերն, ինչպես դրանք իրականում կան, … ինչպես դրանք իրականում պիտի լինեն»:11 Միայն «Սուրբ Հոգու զորությամբ [մենք] կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ»12 և չխաբվել։ Մենք Քրիստոսին դարձնում ենք մեր կյանքի առաջնահերթությունը և խոստանում հնազանդվել Նրա պատվիրաններին, ոչ թե այն պատճառով, որ կույր ենք, այլ որովհետև կարող ենք տեսնել:13

Ի՞նչ կասեք հիմար կույսերի մասին։ Ինչո՞ւ նրանք չցանկացան հոգևոր յուղով լապտեր տանել։ Արդյո՞ք նրանք պարզապես հետաձգեցին։ Արդյո՞ք նրանք շատ անփույթ էին, քանի որ դա անհարմար էր կամ թվում էր ավելորդ: Ինչ էլ որ լինի պատճառը, նրանք խաբվեցին Քրիստոսի կարևոր դերի վերաբերյալ: Դա սատանայի հիմնարար խաբեությունն է, և ահա թե ինչու նրանց վկայության լապտերները ի վերջո մարեցին հոգևոր յուղի բացակայության պատճառով: Այս առակը փոխաբերություն է մեր օրերի համար: Շատերը հեռանում են Փրկչից և իրենց ուխտերից՝ Նրա Եկեղեցուց հեռանալուց դեռ շատ առաջ:

Մենք ապրում ենք աննախադեպ ժամանակներում, որոնք վաղուց կանխագուշակվել են հին մարգարեների կողմից, այն օրերում, երբ սատանան կատաղում է․ «Քանզի, ահա, այն օրը սատանան կմոլեգնի մարդկանց զավակների սրտերում և կդրդի նրանց բարկության ընդդեմ նրա, ինչը բարի է»։14 Մեզանից շատերն ապրում են առցանց վիրտուալ աշխարհում, որը լի է խաղերով և հաղորդագրություններով, որոնք խորթ են աստվածային ինքնությանը և Քրիստոսի հանդեպ հավատքին:

Երեխայի կյանքում ամենահզոր հոգևոր ազդեցությունը սիրող ծնողների և տատիկ-պապիկների արդար օրինակն է, ովքեր հավատարմորեն պահում են իրենց սուրբ ուխտերը: Գիտակից ծնողներն իրենց երեխաներին սովորեցնում են Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք, որպեսզի նրանք նույնպես «կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»։15 Ուխտերի անփույթ և անհետևողական պահումը հանգեցնում է հոգևոր պատահարի: Հոգևոր վնասը հաճախ ամենամեծն է զգացվում մեր զավակների և թոռների վրա։ Ծնողնե՛ր և տատիկ-պապիկնե՛ր, դուք դեռ հոժա՞ր եք:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը զգուշացրել է, որ «Գալիք օրերում հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես սփոփող ազդեցության»:16 Սա հստակ և անսխալ նախազգուշացում է՝ պատրաստելու մեր լապտերը և ավելացնելու մեր հոգևոր յուղի պաշարները: Արդյո՞ք մենք դեռ հոժար ենք հետևելու ապրող մարգարեներին։ Որքա՞ն է հոգևոր յուղի մակարդակը ձեր լամպի մեջ: Ձեր անձնական կյանքում ո՞ր փոփոխությունները թույլ կտան ձեզ ավելի շատ զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը:

Այսօր, ինչպես Հիսուսի ժամանակներում, կլինեն նրանք, ովքեր հետ կդառնան՝ չցանկանալով ընդունել աշակերտության գինը: Քանի որ կոշտ ու ատելությամբ լի քննադատություններ են հնչում Փրկչի Եկեղեցու և Նրան հետևողների հանդեպ, մեր աշակերտությունը կպահանջի ավելի մեծ հոժարակամություն՝ ուղղելու և ամրացնելու մեր հոգևոր «ողնաշարը» և ուշք չդարձնելու նրանց:17

Եթե մեր հոգևոր հիմքն ամուր կառուցվի Հիսուս Քրիստոսի վրա, մենք չենք ընկնի և չենք վախենա:

«Ահա, Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը. և պատրաստակամն ու հնազանդը կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին»:18

Թող որ մենք միշտ հոժար լինենք։ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: