Գերագույն համաժողով
Հավատարիմ եղեք Աստծուն և Նրա գործին
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հավատարիմ եղեք Աստծուն և Նրա գործին

Մենք բոլորս պետք է ձգտենք ունենալ մեր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին, սանձենք մեր կրքերը, ապաշխարենք մեր մեղքերից և հավատարիմ լինենք Աստծուն ու Նրա գործին:

Անցյալ տարվա հոկտեմբերին ինձ հանձնարարվել էր նախագահ Մ. Ռասսել Բալլարդի և երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետ այցելել Միացյալ Թագավորություն, որտեղ երեքս էլ ծառայել էինք որպես երիտասարդ միսիոներներ: Մենք հնարավորություն ունեինք ուսուցանելու և վկայելու, ինչպես նաև վերապրելու վաղ եկեղեցու պատմությունը բրիտանական կղզիներում, որտեղ իմ նախապապ Հեբեր Ք. Քիմբալը և նրա համախոհները առաջին միսիոներներն են եղել:1

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, կատակելով մեզ հետ այս հանձնարարության առումով, նշեց, որ անսովոր էր երեք առաքյալների հանձնարարել, որ այցելեն այն տարածքը, որտեղ նրանք միսիոներ են եղել երիտասարդ տարիներին: Նա խոստովանեց, որ բոլորն են ցանկանում հանձնարարություն ստանալ՝ այցելելու իրենց առաջին միսիայի վայրը: Լայն ժպիտը դեմքին, նա հակիրճ բացատրեց նախապայմանը, որ եթե երեք առաքյալներից բաղկացած մեկ այլ խումբ լինի, որոնք ծառայել են նույն միսիայում ավելի քան 60 տարի առաջ, ապա նրանք նույնպես կարող են ստանալ նմանատիպ հանձնարարություն:

Նկար
Հեբեր<nb/>Ք. Քիմբալ

Նախապատրաստվելով այդ հանձնարարությանը, ես վերընթերցեցի Հեբեր Ք. Քիմբալի կյանքը, որը գրել էր նրա թոռը՝ Օրսոն Ֆ. Վիթնին, որը հետագայում կանչվել էր որպես առաքյալ: Այդ հատորն ինձ տվել էր իմ թանկագին մայրիկը, երբ ես գրեթե յոթ տարեկան էի։ Մենք պատրաստվում էինք ներկա գտնվել 1947թ. հուլիսի 24-ին նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթի կողմից «This Is the Place [Սա է վայրը]» հուշարձանի նվիրագործմանը։2 Նա ցանկանում էր, որ ես ավելին իմանայի իմ նախահայր Հեբեր Ք. Քիմբալի մասին:

Այդ գիրքը խորապես փոխանցում է նախագահ Քիմբալին վերագրվող բովանդակությունը, որը կարևոր նշանակություն ունի մեր օրերի համար: Նախքան այդ նյութով կիսվելը, թույլ տվեք մի փոքր նախապատմություն ներկայացնել:

Երբ մարգարե Ջոզեֆ Սմիթը բանտարկված էր Լիբերթիի բանտում, առաքյալներ Բրիգամ Յանգը և Հեբեր Ք. Քիմբալը սարսափելի անբարենպաստ հանգամանքներում վերահսկում էին սրբերի տարհանումը Միսսուրիից: Տարհանումը հիմնականում անհրաժեշտ էր դարձել նահանգապետ Լիլբերն Վ. Բոգսի արձակած բնաջնջման հրամանի պատճառով:3

Գրեթե 30 տարի անց Հեբեր Ք. Քիմբալը, որն այդ ժամանակ Առաջին Նախագահությունում էր, նոր սերնդին պատմելով այս պատմությունը, ուսուցանել է. «Թույլ տվեք ասել ձեզ, որ ձեզնից շատերը կտեսնեն այն ժամանակը, երբ կլինեն այն բոլոր դժվարությունները, փորձությունները և հալածանքները, որոնց դուք կարող եք դիմակայել, և բազմաթիվ հնարավորություններ կունենաք՝ ցույց տալու, որ դուք հավատարիմ եք Աստծուն և Նրա գործին»:4

Հեբերը հավելել է․ «Գալիք դժվարություններին դիմակայելու համար, ձեզ անհրաժեշտ կլինի այս գործի ճշմարտության վերաբերյալ գիտելիք ունենալ»: Դժվարություններն այնպիսի բնույթ կունենան, որ այդ անձնական գիտելիքը կամ վկայությունը չունեցող տղամարդը կամ կինը չի կարողանա հավատարիմ մնալ: Եթե ​​դուք չունեք վկայություն, ճիշտ ապրեք, կանչեք առ Տերը և մի դադարեք անել դա, [մինչև ձեռք բերեք] այն։ Եթե դուք ձեռք չբերեք վկայություն, ապա չեք դիմանա գալիք դժվարություններին։ … Կգա ժամանակը, երբ ոչ մի տղամարդ կամ կին չի կարողանա դիմանալ փոխառված լույսով: Յուրաքանչյուրը պետք է առաջնորդվի իր ներսի լույսով: … Եթե ​​չունեք այն՝ չեք դիմանա, հետևաբար, փնտրեք Հիսուսի վկայությունը և կառչեք դրան, որպեսզի երբ փորձության ժամանակը գա, չսայթաքեք և չընկնեք»։5

Մենք բոլորս Աստծո գործի 6 և Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերի մասին անձնական վկայության կարիքն ունենք։ Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժինը վերաբերում է փառքի երեք աստիճաններին և սելեստիալ փառքը համեմատում է արևի հետ: Այնուհետև այն համեմատում է թերեստրիալ արքայությունը լուսնի հետ:7

Հետաքրքիր է, որ արևն ունի իր սեփական լույսը, իսկ լուսնինը արտացոլվող կամ «փոխառված լույս» է: Խոսելով թերեստրիալ թագավորության մասին՝ 79-րդ հատվածում ասվում է․ «Այդ նրանք են, ովքեր անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ»։ Մենք չենք կարող ձեռք բերել սելեստիալ թագավորությունը և ապրել Հայր Աստծո հետ փոխառված լույսով։ Մեզ հարկավոր է ունենալ մեր սեփական վկայությունը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին։

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անօրինությունը շատանում է8 և սրտերը շրջվում են Աստծուց՝ մարդկանց ցուցումների պատճառով:9 Աստծո գործի և Հիսուս Քրիստոսի մասին վկայություն ունենալու Հեբեր Ք․ Քիմբալի մտահոգության վերաբերյալ ամենաազդեցիկ օրինակներից մեկը սուրբ գրություններում Ալմայի խորհուրդն է իր երեք որդիներին՝ Հելամանին, Սիբլոնին և Կորիանթոնին:10 Նրա որդիներից երկուսը հավատարիմ են եղել Աստծուն ու Նրա գործին։ Բայց որդիներից մեկը վատ որոշումներ է կայացրել։ Ինձ համար Ալմայի խորհրդի մեծագույն կարևորությունը կայանում է նրանում, որ նա տալիս էր այն որպես հայր՝ իր երեխաների օգտի համար։

Հեբեր Ք. Քիմբալի նման Ալմայի առաջնային մտահոգությունն այն էր, որ յուրաքանչյուրն ունենա վկայություն Հիսուս Քրիստոսի մասին և հավատարիմ լինի Աստծուն ու Նրա գործին։

Ալման, ուշագրավ խրատներ տալով իր որդուն՝ Հելամանին, մի նշանակալից խոստում է տալիս, որ նրանք, ովքեր «[կ]դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բարձրացվեն վերջին օրը»։11

Հետաքրքրական է, որ Ալման մի հայտնություն էր ստացել, որտեղ նա հրեշտակ էր տեսել, և դա հազվադեպ է լինում: Սուրբ Հոգու ներգործած տպավորություններն ավելի տարածված են։ Այս տպավորությունները կարող են նույնքան կարևոր լինել, որքան հրեշտակներ տեսնելը: Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է. «Հոգու վրա ներգործված տպավորությունները, որոնք գալիս են Սուրբ Հոգուց, շատ ավելի կարևոր են, քան տեսիլքը: Երբ Հոգին խոսում է հոգու հետ, հոգու վրա թողնված հետքը շատ ավելի դժվար է ջնջել»:12

Սա մեզ տանում է դեպի Ալմայի խորհուրդը իր երկրորդ որդուն՝ Սիբլոնին։ Սիբլոնն իր եղբոր՝ Հելամանի նման արդար մարդ էր: Խորհուրդը, որն ուզում եմ ընդգծել, Ալմա 38․12-ում է, որտեղ ասվում է. «Տե՛ս որ դու սանձես բոլոր քո կրքերը, որ դու լցվես սիրով»։

Սանձելը հետաքրքիր բառ է։ Ձի վարելիս մենք օգտագործում ենք սանձը՝ ձիուն ղեկավարելու համար։ Լավ հոմանիշներ կարող են լինել ուղղորդել, վերահսկել կամ զսպել բառերը: Հին Կտակարանը մեզ ասում է, որ մենք ուրախությամբ աղաղակել ենք, երբ իմացել ենք, որ ֆիզիկական մարմիններ ենք ստանալու։13 Մարմինը չար չէ, այն գեղեցիկ է և կենսական նշանակություն ունի, բայց որոշ կրքեր, եթե ճիշտ չօգտագործվեն ու պատշաճ կերպով չսանձվեն, կարող են մեզ բաժանել Աստծուց և Նրա գործից և բացասաբար ազդել մեր վկայության վրա:

Խոսենք հատկապես երկու կրքերի մասին․ առաջինը՝ զայրույթն է, երկրորդը՝ տենչանքը:14 Հետաքրքիր է, որ երբ այդ երկու կրքերը անսանձ ու անվերահսկելի լինեն, մեծ ցավի պատճառ կդառնան, կնվազեցնեն Հոգու ազդեցությունը և կհեռացնեն մեզ Աստծուց ու Նրա գործից: Հակառակորդն օգտագործում է բոլոր հնարավորությունները՝ մեր կյանքը լցնելով բռնության և անբարոյականության պատկերներով:

Քիչ չեն այն դեպքերը, երբ որոշ ընտանիքներում զայրացած ամուսինը կամ կինը հարվածում է կողակցին կամ երեխային: Հուլիսին ես մասնակցեցի Անգլիայի բոլոր կուսակցությունների խորհրդարանական ֆորումին Լոնդոնում:15 Այնտեղ շեշտեցին, որ կանանց և երիտասարդների հանդեպ բռնությունը համաշխարհային կարևոր խնդիր է: Բացի բռնությունից, տարածում ունի նաև բանավոր եղանակով ճնշումը։ Ընտանիքի մասին հռչակագրում ասվում է, որ «այն անհատները, ովքեր … բռնություն են գործադրում իրենց կանանց, ամուսինների կամ երեխաների հանդեպ, … մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև»։16

Նախագահ Նելսոնը խստորեն ընդգծել է դա երեկ առավոտյան։17 Խնդրում եմ, ընդունեք, որ անկախ այն բանից՝ ձեր ծնողները ձեզ բռնության ենթարկել են, թե՝ ոչ, դուք ֆիզիկական, բանավոր կամ հոգեբանական բռնության չեք ենթարկի ձեր կողակցին կամ երեխաներին:

Մեր օրերում ամենակարևոր մարտահրավերներից մեկը հասարակական խնդիրների հետ կապված վեճն ու բանավոր բռնությունն է: Շատ դեպքերում զայրույթը և վիրավորական խոսելաոճը փոխարինում են բանականությանը, քննարկմանը և քաղաքավարությանը: Շատերն անտեսում են Փրկչի ավագ առաքյալ Պետրոսի հորդորը՝ փնտրելու Քրիստոսանման հատկանիշներ, ինչպիսիք են՝ ժուժկալությունը, համբերությունը, աստվածապաշտությունը, եղբայրասիրությունը և գթությունը:18 Նրանք նաև անտեսում են Քրիստոսանման այնպիսի հատկանիշը, ինչպիսին հեզությունն է։

Բացի զայրույթը վերահսկելուց և մյուս կրքերը սանձելուց, մենք պետք է բարոյական մաքուր կյանք վարենք՝ վերահսկելով մեր մտքերը, լեզուն և արարքները: Մենք պետք է խուսափենք պոռնոգրաֆիայից, գնահատենք, թե որքանով է պատշաճ այն, ինչ մենք դիտում ենք մեր տներում, և խուսափենք ամեն տեսակի մեղսավոր վարքագծից:

Սա մեզ բերում է դեպի Ալմայի խորհուրդը իր որդի Կորիանթոնին։ Ի տարբերություն իր եղբայրների՝ Հելամանի և Սիբլոնի, Կորիանթոնը ներգրավված էր բարոյական օրինազանցության մեջ։

Քանի որ Կորիանթոնն անբարոյական վարքագիծ ուներ, անհրաժեշտ էր, որ Ալման ուսուցաներ նրան ապաշխարության մասին: Նա պետք է ուսուցաներ նրան մեղքի լրջության մասին, և ապա՝ թե ինչպես ապաշխարել:19

Այսպիսով, Ալմայի կանխարգելիչ խորհուրդն էր՝ սանձել կրքերը, իսկ նրա խորհուրդն այն մարդկանց, ովքեր օրինազանցել են՝ ապաշխարելն է: Նախագահ Նելսոնն ապաշխարության վերաբերյալ անդամներին նշանակալից խորհուրդ է տվել 2019 թվականի ապրիլի գերագույն համաժողովին: Նա հստակ ասել է, որ ամենօրյա ապաշխարությունը մեր կյանքի անբաժանելի մասն է: «Ապաշխարությունը մեկ իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն բանալին է երջանկության և խաղաղ մտքի։ Ամենօրյա ապաշխարությունը մաքրության ուղին է, իսկ մաքրությունը ուժ է բերում»։20 Եթե Կորիանթոնն աներ այնպես, ինչպես խորհուրդ է տվել նախագահ Նելսոնը, նա անմիջապես կապաշխարեր, հենց որ անմաքուր մտքեր ունենար: Խոշոր օրինազանցություններ չէին լինի։

Եզրափակիչ խորհուրդը, որը Ալման տվել է իր որդիներին, սուրբ գրությունների ամենակարևոր վարդապետություններից է: Դա վերաբերում է Հիսուս Քրիստոսի կատարած քավությանը:

Ալման վկայել է, որ Քրիստոսը վեր կառնի մեղքը:21 Առանց Փրկչի քավության, արդարության հավերժական սկզբունքը կպահանջի պատիժ:22 Փրկչի քավության շնորհիվ ողորմությունը կարող է գերակայել նրանց համար, ովքեր ապաշխարել են, և դա թույլ կտա նրանց վերադառնալ Աստծո ներկայություն: Լավ կլիներ, որ մենք խորհեինք այս հրաշալի վարդապետության շուրջ։

Ոչ ոք չի կարող վերադառնալ Աստծո մոտ միայն իր բարի գործերով։ Բոլորս կարիք ունենք օգտվելու Փրկչի զոհաբերությունից։ Բոլորն են մեղանչում, և միայն Հիսուս Քրիստոսի քավության միջոցով է, որ մենք կարող ենք ողորմություն ստանալ և ապրել Աստծո հետ:23

Ալման նաև հրաշալի խորհուրդ է տվել Կորիանթոնին, որը կիրառելի է բոլորիս համար, ովքեր անցել են կամ անցնելու են ապաշխարության գործընթացի միջով, անկախ նրանից՝ մեղքերը փոքր են, թե նույնքան ծանր, որքան Կորիանթոնի գործած մեղքերը: 42 գլխի 29 հատվածում ասվում է․ «Եվ այժմ, որդի՛ս, ես փափագում եմ, որ դու այլևս չթողնես, որ այս բաները խռովեն քեզ, և թող միայն քո մեղքերը խռովեն քեզ այնպիսի մի խռովքով, որը կբերի քեզ վար՝ դեպի ապաշխարություն»:

Կորիանթոնը ականջ դրեց Ալմայի խորհրդին՝ և՛ ապաշխարեց, և՛ պատվով ծառայեց: Փրկչի քավության շնորհիվ բժշկումը հասանելի է բոլորին:

Ալմայի օրերում, Հեբերի օրերում և, իհարկե, մեր օրերում մենք բոլորս պետք է ձգտենք ունենալ Հիսուս Քրիստոսի մասին մեր սեփական վկայությունը, սանձենք մեր կրքերը, ապաշխարենք մեր մեղքերից, գտնենք խաղաղություն Հիսուս Քրիստոսի քավության միջոցով և հավատարիմ լինենք Աստծուն ու Նրա գործին։

Վերջերս տված իր ելույթում և կրկին այս առավոտյան նախագահ Ռասսել Մ. Նելսոնն այսպես է ասել․ «Ես խնդրում եմ ձեզ ձգտել, որ վկայություն ունենաք Հիսուս Քրիստոսի մասին: Աշխատեք դրա համար: Պահպանեք այն։ Հոգ տարեք դրա մասին։ Զարգացրեք, որ այն աճի։ [Ապա] տեսեք, թե ինչ հրաշքներ կկատարվեն ձեր կյանքում»:24

Ես երախտապարտ եմ նրա համար, որ մենք այժմ կլսենք նախագահ Նելսոնին: Ես վկայում եմ, որ նախագահ Նելսոնը Տիրոջ մարգարեն է մեր օրերում: Ես սիրում և գնահատում եմ հրաշալի ոգեշնչումն ու առաջնորդությունը, որը մենք ստանում ենք նրա միջոցով:

Որպես Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ՝ ես վստահաբար վկայում եմ Փրկչի աստվածայնության և Նրա քավության իրական լինելու մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. See Ronald K. Esplin, “A Great Work Done in That Land,” Ensign, July 1987, 20․ «Հունիսի 13-ին երեց Քիմբալը, Օրսոն Հայդը, Ջոզեֆ Ֆիլդինգը և Հեբերի ընկեր Վիլարդ Ռիչարդսը Կիրթլենդից մեկնեցին Անգլիա: Հունիսի 22-ին Նյու Յորքում նրանց միացան կանադացիներ Այզեք Ռասելը, Ջոն Գուդսոնը և Ջոն Սնայդերը։ Այնուհետև յոթ միսիոներները Գարրիք նավով ուղևորվեցին Լիվերպուլ»։ (See Heber C. Kimball papers, 1837–1866; Willard Richards journals and papers, 1821–1854, Church History Library, Salt Lake City.)

  2. «This Is the Place [Սա է տեղը]» հուշարձանը, որը գտնվում է Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի արևելյան կողմում, Էմիգրեյշն կիրճի մատույցներում, տեղադրվել է 1847 թվականի հուլիսի 24-ին Սոլթ Լեյքի հովիտ սրբերի ժամանման 100-ամյակի առթիվ։ Հուշարձանը բաղկացած է Բրիգամ Յանգի, Հեբեր Քիմբալի և Վիլֆորդ Վուդրուֆի արձաններից։

  3. 8000-10000 վերջին օրերի սրբեր փախել են Միսսուրիից 1839 թվականի սկզբին՝ խուսափելու համար պահակախմբերի և ամբոխների բռնի գործողություններից: Բրիգամ Յանգի և Հեբեր Ք. Քիմբալի ղեկավարությամբ ստեղծվել էր կոմիտե՝ հավաքելու պարագաներ, գնահատելու կարիքները և երթուղիներ հաստատելու դեպի Իլինոյս 200 մղոն (320 կմ) ձմեռային գաղթի համար: Քուինսի քաղաքի կարեկցող բնակիչները ժամանակավոր ապաստան էին տրամադրել չարչարվող սրբերին՝ տալով նրանց ծածկ ու սնունդ։ (See Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 [2018], 375–77; William G. Hartley, “The Saints’ Forced Exodus from Missouri,” in Richard Neitzel Holzapfel and Kent P. Jackson, eds., Joseph Smith: The Prophet and Seer [2010], 347–89.)

  4. In Orson F. Whitney, Life of Heber C. Kimball: An Apostle, the Father and Founder of the British Mission (1945), 449; emphasis added.

  5. In Orson F. Whitney, Life of Heber C. Kimball, 450.

  6. Տես Մովսես 1․39, տես նաև «Փրկության և վեհացման աշխատանքը», բաժին 1.2՝ Ընդհանուր ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, ChurchofJesusChrist.org։ Մենք գալիս ենք դեպի Քրիստոսը և սատարում Աստծո գործին՝ ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանով, հոգալով կարիքավորների մասին, հրավիրելով բոլորին ընդունել ավետարանը և միավորելով ընտանիքները հավերժության համար: Տես նաև Վարդապետություն և Ուխտեր 110, որը ներկայացնում է այն բանալիները, որոնք տրվել են փրկության աշխատանքի համար:

  7. Տես նաև Ա Կորնթացիս 15․40-41։

  8. Տես Վարդապետություն և Ուխտեր 45․27:

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 45․29:

  10. Ալման Ալմա մարգարեի որդին էր: Նա ազգի գլխավոր դատավորն էր և քահանայապետն ու մարգարեն։ Երիտասարդ տարիքում նա հրաշալի կերպով դարձի եկավ։

  11. Ալմա 36․3։

  12. Joseph Fielding Smith, “The First Presidency and the Council of the Twelve,” Improvement Era, Nov. 1966, 979.

  13. Տես Հոբ 38.7:

  14. Տես Ալմա 39․9։ Ալման խրատում է Կորիանթոնին․ «Այլևս [մի գնա] քո աչքերի տենչանքների ետևից»:

  15. All-Party Parliamentary Group, Parliamentary sessions, Tuesday, July 5, 2022, “Preventing Violence and Promoting Freedom of Belief.”

  16. «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org, տես նաև Պատրիկ Քիրոն, «Նա հարություն առավ՝ բժշկությունը Իր թևերի վրա․ մենք առավել ևս հաղթում ենք», Լիահոնա, մայիս 2022, 37-39։

  17. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Ո՞րն է ճիշտ», Լիահոնա, նոյ․ 2022, 29:

  18. Տես Բ Պետրոս 1․5-10։

  19. Տես Ալմա 39․9։

  20. Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019, 67, 68։

  21. Տես Ալմա 39․15։

  22. Տես Ալմա 42․16։

  23. Տես 2 Նեփի 25․23։

  24. Russell M. Nelson, Facebook, Aug. 1, 2022, facebook.com/russell.m.nelson; Twitter, Aug. 1, 2022, twitter.com/nelsonrussellm; Instagram, Aug. 1, 2022, instagram.com/russellmnelson; see also “Choices for Eternity” (worldwide devotional for young adults, May 15, 2022), broadcasts.ChurchofJesusChrist.org.