Գերագույն համաժողով
Ո՞րն է ճիշտ
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Ո՞րն է ճիշտ

Աստված բոլոր ճշմարտությունների աղբյուրն է: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ընդունում է ողջ ճշմարտությունը, որն Աստված հայտնում է Իր զավակներին։

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, բոլորին շնորհակալություն եմ հայտնում այս ոգեշնչող նիստի համար: Անցյալ ապրիլի մեր համաժողովից ի վեր մենք ականատես ենք եղել բազմաթիվ համաշխարհային իրադարձությունների՝ ցավալի իրադարձություններից մինչև վսեմ իրադարձություններ։

Մենք ուրախ ենք ողջ աշխարհում անցկացվող մեծ երիտասարդական համաժողովների մասին զեկույցներով:1 Այդ համաժողովների ժամանակ մեր ազնիվ երիտասարդները սովորում են, որ ինչ էլ որ պատահի իրենց կյանքում, իրենց ամենամեծ ուժը գալիս է Տիրոջից:2

Մենք ուրախ ենք, որ ավելի շատ տաճարներ են կառուցվում ամբողջ աշխարհում: Յուրաքանչյուր նոր տաճարի նվիրագործման արդյունքում լրացուցիչ աստվածային զորություն է մտնում աշխարհ՝ մեզ զորացնելու և հակառակորդի ուժգնացող ջանքերին հակազդելու համար:

Բռնությունը հակառակորդի ազդեցության դրսևորումն է։ Դա ծանր մեղք է։3 Ես՝ որպես Եկեղեցու նախագահ, հաստատում եմ Տեր Հիսուս Քրիստոսի ուսմունքներն այս հարցում: Թույլ տվեք շատ հստակ ասել. կանանց, երեխաների կամ որևէ մեկի նկատմամբ ցանկացած բռնություն գարշելի է Տիրոջ համար: Նա տխրում է, և ես տխրում եմ, երբ որևէ մեկին վնասում են: Նա սգում է, և մենք բոլորս սգում ենք բոլոր այն մարդկանց համար, որոնք դարձել են որևէ տեսակի բռնության զոհ: Նրանք, ովքեր կատարում են այդ սարսափելի արարքները, ոչ միայն հաշվետու են մարդկային օրենքների առաջ, այլև կզգան Ամենազոր Աստծո բարկությունը:

Տասնամյակներ շարունակ Եկեղեցին ձեռնարկել է բռնությունից պաշտպանելու լայնածավալ միջոցառումներ, մասնավորապես՝ երեխաներին: Եկեղեցու կայքում կան բազմաթիվ օժանդակ նյութեր: Ես ձեզ հրավիրում եմ ուսումնասիրել դրանք:4 Այս ուղեցույցները գործում են անմեղներին պաշտպանելու համար: Բոլորիս կոչ եմ անում զգոն լինել բոլոր նրանց հանդեպ, ովքեր կարող են բռնության վտանգի առաջ կանգնել և անհապաղ գործել՝ պաշտպանելով նրանց: Փրկիչը չի հանդուրժի բռնությունը, և մենք՝ որպես Նրա աշակերտներ, նույնպես չենք կարող հանդուրժել այն:

Հակառակորդն ուրիշ միջոցներով նույնպես կարող է խանգարել։ Դրանց թվում են նրա ջանքերը՝ լղոզելու սահմանը նրա միջև ինչը ճիշտ է, և ինչը ճիշտ չէ: Մեր բջջային սարքերում առկա տվյալների մեծ քանակը, որքան էլ տարօրինակ է, ավելի ու ավելի է դժվարացնում ճիշտը որոշելու ընտրությունը։

Այս մարտահրավերը հիշեցնում է իմ և քույր Նելսոնի մի փորձառության մասին, երբ այցելել էինք մի բարձրաստիճան պաշտոնյայի մի երկրում, որտեղ համեմատաբար քիչ մարդիկ էին լսել Հիսուս Քրիստոսի մասին: Այս սիրելի տարեց ընկերը վերջերս շատ հիվանդ էր: Նա մեզ պատմեց, որ անկողնում գամված երկար օրերի ընթացքում հաճախ էր նայում առաստաղին և հարցնում, թե «ո՞րն է ճիշտ»:

Շատերը երկրի վրա «ճշմարտությունից հեռու են մնացել, միայն որովհետև չգիտեն որտեղ գտնեն այն»։5 Ոմանք կցանկանային հավատացնել, որ ճշմարտությունը հարաբերական է, որ յուրաքանչյուր մարդ ինքը պետք է որոշի, թե որն է ճիշտը: Սակայն, նման համոզմունքը այն մարդկանց ցանկությունն է, որոնք սխալմամբ կարծում են, որ իրենք նույնպես հաշվետու չեն լինի Աստծուն:

Սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, Աստված է ողջ ճշմարտության աղբյուրը: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ընդունում է ողջ ճշմարտությունը, որն Աստված հայտնում է Իր զավակներին, անկախ նրանից՝ այդ ճշմարտությունը սովորել են գիտական լաբորատորիայում, թե Աստծուց ստացել են անմիջական հայտնությամբ:

Այսօր և վաղը այս ամբիոնից դուք կշարունակեք լսել ճշմարտությունը: Խնդրում եմ նշել այն մտքերը, որոնք գրավում են ձեր ուշադրությունը և այն մտքերը, որոնք ծագում են ձեր գլխում և մնում ձեր սրտում: Աղոթքով խնդրեք, որ Տերը հաստատի ձեր լսած խոսքերի ճշմարտացիությունը։

Ես սիրում եմ ձեզ, թանկագին եղբայրնե՛ր և քույրե՛ր։ Ես աղոթում եմ, որ այս համաժողովին դուք մասնակցեք այն հոգևոր խնջույքին, որը փնտրում եք։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: