Գերագույն համաժողով
Հետևեք Հիսուս Քրիստոսին հավատքի քայլերով
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հետևեք Հիսուս Քրիստոսին հավատքի քայլերով

Քրիստոսը կարող է մեզ այսօր տանել դժվարին ժամանակների միջով: Նա դա արեց վաղ ռահվիրաների համար, և հիմա Նա դա անում է մեզանից յուրաքանչյուրի համար:

Շնորհակալությո՛ւն երգչախմբին, «Faith in Every Footstep (Հավատք ամեն քայլափոխին)» հիմնի կատարման համար: Այս երգի երաժշտությունն ու խոսքերը գրվել են 1996 թվականին եղբայր Նյուել Դեյլիի կողմից՝1 1847 թվականին Սոլթ Լեյքի հովիտ առաջին ռահվիրաների ժամանման 150-ամյակի տոնակատարությանը նախապատրաստվելու առթիվ։

Չնայած այս երգը գրվել է այդ տոնակատարության նախապատրաստման համար, սակայն դրա ուղերձը վերաբերում է ողջ աշխարհին։

Ինձ միշտ դուր է եկել երգի կրկներգը.

Ամեն քայլափոխին մենք հավատքով հետևում ենք Քրիստոսին՝ Տիրոջը.

Եվ հույսով լցված նրա մաքուր սիրով, մենք երգում ենք միաձայն:2

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ես վկայում եմ, որ երբ մենք հետևում ենք Հիսուս Քրիստոսին հավատքի քայլերով, անշուշտ հույս կա: Հույս կա Տեր Հիսուս Քրիստոսում: Այս կյանքում բոլորի համար հույս կա: Հույս կա՝ հաղթահարելու մեր սխալները, մեր վշտերն ու մաքառումները, մեր փորձություններն ու դժվարությունները: Ապաշխարության, ներվելու և ուրիշներին ներելու հույս կա: Ես վկայում եմ, որ կա հույս և խաղաղություն Քրիստոսում: Նա կարող է մեզ այսօր տանել դժվարին ժամանակների միջով: Նա դա արեց վաղ ռահվիրաների համար և հիմա Նա դա կանի մեզանից յուրաքանչյուրի համար:

Այս տարի լրանում է Սոլթ Լեյքի հովիտ վաղ շրջանի ռահվիրաների ժամանման 175-ամյակը, որը ստիպեց ինձ խորհել իմ նախնիների մասին. նրանցից ոմանք քայլել են Նավուից դեպի Սոլթ Լեյքի հովիտ: Ես ունեմ նախապապեր, որոնք երիտասարդության տարիներին քայլել են հարթավայրերով: Հենրի Բալլարդը 20 տարեկան էր,3 Մարգարեթ ՄակՆիլը՝ 13,4 իսկ Ջոզեֆ Ֆ. Սմիթը, որը հետագայում դարձավ Եկեղեցու վեցերորդ նախագահը, ընդամենը 9 տարեկան էր, երբ ժամանեց Սոլթ Լեյքի հովիտ:5

Իրենց ճանապարհին նրանք հանդիպեցին ամեն տեսակի զրկանքների, ինչպիսիք էին՝ ցուրտ ձմեռները, հիվանդությունները և համապատասխան հագուստի ու սննդի բացակայությունը: Օրինակ, երբ Հենրի Բալլարդը մտավ Սոլթ Լեյքի հովիտ, նա ուրախացավ՝ տեսնելով «Խոստումի երկիրը», բայց վախեցավ, որ ինչ-որ մեկը կարող է տեսնել իրեն, քանի որ հագուստն այնքան մաշված էր, որ լիովին չէր ծածկում իր մարմինը։ Նա ամբողջ օրը թաքնվեց թփերի հետևում, մինչև մութն ընկնելը։ Այնուհետև նա գնաց մի տուն և հագուստ խնդրեց, որպեսզի կարողանա շարունակել ճանապարհը և գտնել իր ծնողներին: Նա շնորհակալ էր Աստծուն, որ ապահով կերպով հասավ իր ապագա տունը:6

Իմ նախապապերը հավատքի քայլերով հետևում էին Հիսուս Քրիստոսին իրենց յուրաքանչյուր փորձության ընթացքում: Ես շնորհակալ եմ նրանց, որ երբեք չհանձնվեցին: Նրանց հավատքի քայլերը օրհնել են ինձ և հաջորդ սերունդներին, ինչպես որ ձեր հավատքի քայլերն այսօր կօրհնեն ձեր սերունդներին:

Որպես խոսքի մաս, ռահվիրա բառը և՛ գոյական է, և՛ բայ: Որպես գոյական այն կարող է նշանակել մարդ, որն առաջիններից է, որ ուսումնասիրել կամ բնակեցրել է նոր տարածք: Որպես բայ, այն կարող է նշանակել՝ բացել կամ պատրաստել ճանապարհը, որին կհետևեն ուրիշները:7

Երբ մտածում եմ ռահվիրաների մասին, որոնք ճանապարհ են պատրաստել ուրիշների համար, ես նախ մտածում եմ մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին: Ջոզեֆը ռահվիրա էր, քանի որ նրա հավատքի քայլերը նրան տարան դեպի ծառերի պուրակ, որտեղ նա ծնկի եկավ աղոթքով և ճանապարհ բացեց մեզ համար, որ ունենանք Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը: 1820 թվականի այդ գարնանային առավոտը «Աստծուն խնդր[ելու]» Ջոզեֆի հավատքը8 ճանապարհ բացեց Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնման համար, որը ներառում էր մարգարեներ և առաքյալներ, որոնք կանչված էին ևս մեկ անգամ ծառայելու երկրի վրա:9 Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթը Աստծո մարգարեն է: Ես գիտեմ, որ նրա հավատքով լցված քայլերը ստիպեցին նրան ծնկի գալ Հայր Աստծո և Նրա սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի ներկայության մեջ:

Մարգարե Ջոզեֆի հավատքի քայլերը նրան հնարավորություն տվեցին լինել Տիրոջ գործիքը՝ ստեղծելու Մորմոնի Գիրքը, որը ևս մեկ վկայություն է Հիսուսի և Նրա քավիչ շնորհի մասին:

Ջոզեֆ Սմիթը, իր հավատքի և հաստատակամության շնորհիվ, անհավատալի դժվարությունների և ընդդիմության պայմաններում կարողացավ գործիք լինել Տիրոջ ձեռքում՝ երկրի վրա ևս մեկ անգամ հաստատելով Հիսուս Քրիստոսի Եկեղեցին:

Վերջին գերագույն համաժողովի ժամանակ ես խոսեցի այն մասին, թե իմ լիաժամկետ միսիոներական ծառայությունն ինչպես է օրհնել ինձ: Ես օրհնվեցի, երբ ուսուցանեցի մեր Երկնային Հոր փրկության փառահեղ ծրագրի, Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի և Մորմոնի Գրքի նրա թարգմանության մասին: Այս վերականգնված ուսմունքներն ու վարդապետությունը ուղղորդեցին իմ հավատքի քայլերը՝ ուսուցանելու նրանց, ովքեր պատրաստ էին լսելու ավետարանի Վերականգնման ուղերձը:

Այսօրվա մեր միսիոներները ժամանակակից ռահվիրաներ են, որովհետև նրանք կիսում են այդ փառահեղ ուղերձը ողջ աշխարհի մարդկանց հետ՝ այդպիսով ճանապարհ բացելով մեր Երկնային Հոր զավակների համար, որ ճանաչեն Նրան և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին: Հիսուս Քրիստոսի ավետարանի ընդունումը ճանապարհ է բացում բոլոր մարդկանց համար՝ նախապատրաստվելու և ստանալու արարողություններն ու Եկեղեցու և տաճարի օրհնությունները:

Վերջին գերագույն համաժողովին նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վերահաստատեց, «որ Տերը խնդրել է յուրաքանչյուր արժանավոր, ընդունակ երիտասարդի պատրաստվել և ծառայել միսիայում», և որ «միսիան նաև հզոր, բայց ընտրովի հնարավորություն է երիտասարդ և ունակ քույրերի համար»։10

Սիրելի երիտասարդ տղամարդի՛կ և երիտասարդ կանա՛յք, ձեր հավատքի քայլերը կօգնեն ձեզ հետևել միսիայում ծառայելու Տիրոջ հրավերին և լինել ժամանակակից ռահվիրաներ՝ ճանապարհ բացելով Աստծո զավակների համար, որպեսզի նրանք գտնեն և մնան ուխտի ուղու վրա, որը տանում է դեպի Նրա փառավոր ներկայությունը։

Նախագահ Նելսոնը եղել է Եկեղեցու ռահվիրա: Որպես առաքյալ՝ նա ճամփորդել է և շատ երկրներ է բացել ավետարանի քարոզչության համար: Եկեղեցու մարգարեն և նախագահ դառնալուց կարճ ժամանակ անց նա խնդրեց մեզ «մեծացնել հայտնություն ստանալու [մեր] հոգևոր կարողությունը»:11 Նա շարունակում է ուսուցանել մեզ, թե ինչպես ամրացնել մեր վկայությունները: Չափահաս երիտասարդների հոգևոր հավաքի ժամանակ նա ասաց.

«Ես խնդրում եմ ձեզ, որ պատասխանատվություն ստանձնեք ձեր վկայության համար։ Աշխատեք դրա համար: Պահպանեք այն։ Հոգ տարեք դրա մասին։ Զարգացրեք, որ այն աճի։

«[Ապա] հետևեք, որ հրաշքներ կատարվեն ձեր կյանքում»:12

Նա ուսուցանում է մեզ, թե ինչպես հոգևորապես ավելի ինքնապահով դառնալ: Նա ասել է, որ «գալիք օրերում, հնարավոր չի լինի հոգևորապես գոյատևել առանց Սուրբ Հոգու առաջնորդության, ուղղորդման և մշտապես մխիթարող ազդեցության»:13

Ես գիտեմ, որ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո մարգարեն է այժմ Երկրի վրա:

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը ճանապարհը նախապատրաստելու վերջնական ռահվիրան է: Հիրավի, Նա է «ճանապարհը»14 որով պետք է իրականացվի փրկության ծրագիրը, որպեսզի մենք կարողանանք ապաշխարել և Նրա հանդեպ հավատքի միջոցով վերադառնանք մեր Երկնային Հոր մոտ:

Հիսուսն ասել է․ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով»։15 Նա խոստացել է, որ մեզ «որբ չի թողնի», Նա մեզ մոտ կգա մեր փորձությունների ժամին:16 Նա հրավիրել է մեզ «[գալ Իր] մոտ սրտի ողջ նվիրվածությամբ և [Նա] կբժշկ[ի մեզ]»:17

Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է և մեր Քավիչը, մեր Բարեխոսը Հոր առաջ: Մեր Երկնային Հայրը մեզ համար բացել է Իր մոտ վերադառնալու ճանապարհը, այն է՝ հավատքով հետևել Իր սիրելի Որդի Հիսուս Քրիստոսին ամեն քայլափոխին:

Իմ նախապապերը և վաղ շրջանի մյուս ռահվիրաները բախվեցին բազմաթիվ խոչընդոտների, երբ նրանք սայլակներով, ձեռնասայլերով և ոտքով գալիս էին դեպի Սոլթ Լեյքի հովիտ: Մենք նույնպես կբախվենք մարտահրավերների մեր կյանքի անհատական ճամփորդությունների ժամանակ: Մենք ձեռնասայլեր չենք հրում կամ ծածկված սայլեր չենք քշում զառիթափ սարերի լանջերով և խոր ձնակույտերի միջով. նրանց նման մենք ևս փորձում ենք հոգևորապես հաղթահարել մեր օրերի գայթակղություններն ու մարտահրավերները: Մենք ունենք արահետներ՝ քայլելու, մենք ունենք բլուրներ, իսկ երբեմն լեռներ, որոնք պետք է բարձրանանք: Թեև այսօրվա փորձությունները տարբերվում են վաղ շրջանի ռահվիրաների փորձություններից, դրանք պակաս դժվարին չեն մեզ համար։

Կարևոր է հետևել մարգարեին և ամուր կառչած պահել մեր ոտքերը հավատարմության ուխտի ուղու վրա, ինչպես դա եղել է վաղ ռահվիրաների համար:

Եկեք հետևենք Հիսուս Քրիստոսին՝ հավատքով ամեն քայլափոխին: Մենք պետք է ծառայենք Տիրոջը և ծառայենք միմյանց: Մենք պետք է հոգևորապես զորացնենք մեզ՝ պահելով և պատվելով մեր ուխտերը: Մենք չպիտի կորցնենք պատվիրանները պահելու հրատապության զգացումը: Սատանան փորձում է բթացնել մեր պարտականության զգացումը և մեր սերը Աստծո ու Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ: Խնդրում եմ, հիշեք, որ եթե որևէ մեկը կորցնի իր ճանապարհը, մենք երբեք չենք կորսվի մեր Փրկչի համար: Ապաշխարության օրհնությամբ մենք կարող ենք դիմել Նրան: Նա կօգնի մեզ սովորել, աճել և փոխվել, մինչ մենք ձգտենք մնալ ուխտի ճանապարհին:

Թող որ մենք միշտ հետևենք Հիսուս Քրիստոսի ոտնահետքերին և, հավատքով կատարելով մեր յուրաքանչյուր քայլը, կենտրոնանանք Նրա վրա և ամուր կառչած պահենք մեր ոտքերը ուխտի ուղու վրա: