Գերագույն համաժողով
Տիրոջ հետ գործընկերության մեջ
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Տիրոջ հետ գործընկերության մեջ

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը հռչակում է կնոջ և տղամարդու լիարժեք գործընկերության սկզբունքը՝ ինչպես մահկանացու կյանքում, այնպես էլ հավերժություններում:

Մեր ամուսնության առաջին մի քանի ամիսների ընթացքում սիրելի կինս ցանկություն հայտնեց նվագել սովորել։ Նպատակ ունենալով գոհացնել նրան՝ ես որոշեցի մի մեծ, սրտառուչ անակնկալ կազմակերպել իմ սիրելիի համար: Ես գնացի երաժշտական գործիքների խանութ և նրա համար մի դաշնամուր գնեցի՝ որպես նվեր։ Գնման անդորրագիրը ոգևորված դրեցի գեղեցիկ աղեղով տուփի մեջ և տվեցի նրան՝ ակնկալելով, որ նա շատ շնորհակալ կլինի իր չափազանց սիրող և ուշադիր ամուսնուց:

Երբ նա բացեց այդ փոքրիկ տուփը և տեսավ դրա պարունակությունը, սիրով նայեց ինձ և ասաց. «Օ՜, սիրելիս, դու հրաշալի ես: Բայց մի հարց տամ՝ սա նվե՞ր է, թե՞ պարտք»։ Անակնկալի մասին միասին խորհրդակցելուց հետո մենք որոշեցինք չեղարկել գնումը: Մենք ապրում էինք ուսանողական բյուջեով, ինչպես շատ երիտասարդ նորապսակների դեպքում է։ Այդ փորձառությունն ինձ օգնեց հասկանալ ամուսնական հարաբերություններում լիարժեք գործընկերության սկզբունքի կարևորությունը, և թե դրա կիրառումն ինչպես կարող է օգնել ինձ ու կնոջս լինել մեկ՝ սրտով և մեկ մտքով:1

Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը հռչակում է կնոջ և տղամարդու լիարժեք գործընկերության սկզբունքը՝ ինչպես մահկանացու կյանքում, այնպես էլ հավերժություններում: Թեև յուրաքանչյուրն ունի հատուկ հատկանիշներ և աստվածայնորեն նշանակված պարտականություններ, կինը և տղամարդը հավասարապես համապատասխան և էական դերեր են կատարում Իր զավակների համար Աստծո երջանկության ծրագրում:2 Սա ակնհայտ էր հենց սկզբից, երբ Տերը հայտարարեց այդ մասին. «լավ չէ, որ մարդը մենակ լինի. ուստի, ես մի լավ օգնական կարարեմ նրա համար»:3

Տիրոջ ծրագրում «օգնականը» ընկերակիցն էր, որն ուս ուսի կքայլեր Ադամի հետ՝ լիակատար գործընկերությամբ:4 Փաստորեն, Եվան երկնային օրհնություն էր Ադամի կյանքում։ Իր աստվածային էության և հոգևոր հատկանիշների միջոցով նա ոգեշնչեց Ադամին աշխատել իր հետ՝ հասնելու Աստծո երջանկության ծրագրին ողջ մարդկության համար։5

Եկեք քննարկենք երկու հիմնարար սկզբունք, որոնք ամրապնդում են գործընկերությունը տղամարդու և կնոջ միջև: Առաջին սկզբունքն է՝ ենք բոլորս նման ենք Աստծուն:6 Ըստ ավետարանի վարդապետության՝ կնոջ և տղամարդու միջև տարբերությունը չի վերացնում հավերժական խոստումները, որոնք Աստված ունի Իր որդիների և դուստրերի համար: Մեկը սելեստիալ փառքի համար ավելի մեծ հնարավորություններ չունի, քան մյուսը՝ հավերժության մեջ:7 Փրկիչն ինքը հրավիրում է մեզ բոլորիս՝ Աստծո զավակներին, «գալ Իր մոտ, ճաշակել Իր բարությունից, և Նա չի մերժում ոչ մեկին, ով գալիս է Իր մոտ»:8 Ուստի այս համատեքստում մենք բոլորս Նրա առաջ համարվում ենք հավասար:

Երբ ամուսինները հասկանում և միավորվում են այս սկզբունքով, նրանք իրենց չեն համարում որպես իրենց ընտանիքի նախագահ կամ փոխնախագահ: Ամուսնական հարաբերություններում չկա գերազանցություն կամ թերարժեքություն, և ոչ մեկը մյուսի առջևից կամ հետևից չի քայլում: Նրանք քայլում են կողք կողքի, ինչպես հավասարը հավասարի հետ, ինչպես Աստծո աստվածային սերունդը: Նրանք մեկ են դառնում են մտքով, ցանկությամբ և նպատակով՝ մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ,9 միասին առաջնորդելով և ուղղորդելով ընտանիքի միությունը:

Հավասար գործընկերության դեպքում «սերը սեփականություն չէ, այլ մասնակցություն՝ … այդ համաստեղծման մի մասը, որը մեր մարդկային կոչումն է»:10 «Իսկական մասնակցությամբ ամուսինն ու կինը միաձուլվում են «հավիտենական տիրապետության» համատեղ գործող միասնության մեջ, որը «առանց պարտադիր միջոցների» հոգևոր կյանքի հետ կհոսի դեպի նրանց և նրանց սերունդներին՝ «հավիտյանս հավիտենից»:11

Երկրորդ համապատասխան սկզբունքը Ոսկե կանոնն է, որը Փրկիչն ուսուցանում է Լեռան քարոզում. «Ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դո՛ւք արեք նրանց»:12 Այս սկզբունքը ցույց է տալիս փոխադարձության, միասնության և փոխկախվածության դիրքորոշումը և հիմնված է երկրորդ մեծ պատվիրանի վրա. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»:13 Այն միաձուլվում է քրիստոնեական այլ հատկանիշների հետ, ինչպիսիք են՝ երկայնամտությունը, մեղմությունը, հեզությունը և բարությունը:

Այս սկզբունքի կիրառումը ավելի լավ հասկանալու համար մենք կարող ենք դիտել Աստծո կողմից հաստատված սուրբ և հավերժական կապը մեր առաջին ծնողների՝ Ադամի և Եվայի միջև: Նրանք դարձան մեկ մարմին՝14 ստեղծելով միասնության մի հարթություն, որը թույլ տվեց նրանց միասին քայլել հարգանքով, երախտագիտությամբ և սիրով, մոռանալով իրենց մասին և ձգտելով միմյանց բարօրությանը՝ դեպի հավերժություն իրենց ճամփորդության ընթացքում:

Այդ նույն հատկանիշներն այն են, ինչին մենք այսօր ձգտում ենք միասնական ամուսնության մեջ: Տաճարային կնքման միջոցով կինն ու տղամարդը մտնում են ամուսնության սուրբ կարգի մեջ՝ նոր և հավիտենական ուխտով: Քահանայության այս կարգի միջոցով նրանց տրվում են հավերժական օրհնություններ և աստվածային զորություն՝ ղեկավարելու իրենց ընտանեկան գործերը, երբ նրանք ապրում են իրենց կապած ուխտերի համաձայն: Այդ պահից սկսած՝ փոխկապակցված և Տիրոջ հետ լիակատար գործընկերությամբ, նրանք առաջ են շարժվում, հատկապես՝ կապված իրենց ընտանիքում դաստիարակելու և նախագահելու իրենց աստվածայնորեն նշանակված յուրաքանչյուր պարտականության հետ։15 Դաստիարակելն ու նախագահելը փոխկապակցված և համընկնող պարտականություններ են, ինչը նշանակում է, որ մայրերն ու հայրերը «պարտավոր են օգնել միմյանց, որպես հավասար գործընկերներ»,16 և կիսում են իրենց տան հավասարակշռված ղեկավարությունը:

«Դաստիարակել նշանակում է՝ սնուցել, ուսուցանել և աջակցել» ընտանիքի անդամներին, որն արվում է՝ օգնելով նրանց «սովորել ավետարանի ճշմարտությունները և զարգացնել հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ» սիրո միջավայրում: Նախագահել նշանակում է՝ «օգնել առաջնորդել ընտանիքի անդամներին՝ ապրելու Աստծո ներկայության մեջ: Դա արվում է ծառայելով և ուսուցանելով՝ մեղմությամբ, հեզությամբ և մաքուր սիրով»։ Դա նաև ներառում է՝ «առաջնորդել ընտանիքի անդամներին կանոնավոր աղոթքների, ավետարանի ուսումնասիրության և երկրպագության այլ դրսևորումների ժամանակ։ Ծնողները աշխատում են միասնաբար», հետևելով Հիսուս Քրիստոսի օրինակին՝ «այս [երկու մեծ] պարտականությունները կատարելու համար»։17

Կարևոր է նկատել, որ ընտանիքում կառավարումը հետևում է հայրապետական օրինաչափությանը` որոշ առումներով տարբերվելով եկեղեցում քահանայության ղեկավարությունից:18 Հայրապետական օրինաչափությունը ենթադրում է, որ կանայք և ամուսինները ուղղակիորեն հաշվետու են Աստծուն՝ ընտանիքում իրենց սուրբ պարտականությունների կատարման համար: Այն պահանջում է լիարժեք գործընկերություն, պատրաստակամորեն հետևել արդարության և հաշվետվողականության յուրաքանչյուր սկզբունքին և հնարավորություններ է ընձեռում զարգացման համար՝ սիրո և փոխադարձ օգնության միջավայրում:19 Այս հատուկ պարտականությունները չեն ենթադրում ստորակարգություն և բացարձակապես բացառում են ցանկացած տեսակի բռնություն կամ իշխանության ոչ պատշաճ օգտագործում:

Ադամի և Եվայի փորձառությունը, երբ նրանք լքեցին Եդեմի պարտեզը, գեղեցիկ կերպով ցույց է տալիս մոր և հոր փոխկախվածության գաղափարը իրենց ընտանիքը դաստիարակելու և ղեկավարելու հարցում: Ինչպես ուսուցանվում է Մովսեսի գրքում, նրանք միասին աշխատեցին՝ իրենց ճակատի քրտինքով երկիրը մշակելով, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքի ֆիզիկական բարեկեցությունը.20 նրանք երեխաներ աշխարհ բերեցին,21 նրանք միասին կանչեցին Տիրոջ անունը և լսեցին Նրա ձայնը «Եդեմի պարտեզի կողմից»,22 նրանք ընդունեցին այն պատվիրանները, որոնք Տերը տվել էր իրենց, և միասին ջանում էին հնազանդվել դրանց:23 Հետո նրանք «բոլոր բաները հայտնի դարձրեցին իրենց որդիներին ու դուստրերին»24 և միասին «չդադարեցին կանչել առ Աստված»՝ ըստ իրենց կարիքների:25

Իմ սիրելի եղբայրնե՛ր և քույրե՛ր, դաստիարակելն ու նախագահելը հնարավորություններ են, ոչ թե բացառիկ սահմանափակումներ: Մարդը կարող է պատասխանատվություն կրել ինչ-որ բանի համար, բայց չի կարող լինել միակ մարդը, որը դա անում է: Երբ սիրող ծնողները լավ հասկանան այս երկու հիմնական պարտականությունները, նրանք միասին կձգտեն պաշտպանել և հոգ տանել իրենց երեխաների ֆիզիկական ու զգացմունքային բարեկեցության մասին: Նրանք նաև օգնում են նրանց դիմակայել մեր օրերի հոգևոր վտանգներին՝ դաստիարակելով նրանց Տիրոջ բարի խոսքով, ինչպես հայտնի է դարձվել Նրա մարգարեներին:

Թեև ամուսինն ու կինը աջակցում են միմյանց Աստծո կողմից նշանակված իրենց պարտականություններում, «անաշխատունակությունը, մահը կամ այլ իրավիճակները կարող են անհրաժեշտություն առաջացնել, որպեսզի փոփոխվեն ընտանիքի համար հոգ տանողների դերերը»։26 Երբեմն ամուսիններից մեկը կամ մյուսը պատասխանատու կլինեն միաժամանակ հանդես գալու երկու դերերում՝ լինի ժամանակավոր, թե՝ մշտական:

Վերջերս հանդիպեցի մի քրոջ և եղբոր, որոնք ապրում են այս վիճակում: Որպես միայնակ ծնողներ, նրանցից յուրաքանչյուրը, իր ընտանեկան ոլորտում և Տիրոջ հետ համագործակցությամբ, որոշել է իր կյանքը նվիրել իր երեխաների հոգևոր և նյութական խնամքին: Նրանք չեն կորցրել Տիրոջ հետ իրենց տաճարային ուխտերը և Նրա հավերժական խոստումները, չնայած իրենց ամուսնալուծություններին: Երկուսն էլ փնտրել են Տիրոջ օգնությունը բոլոր բաներում, մինչ շարունակաբար ձգտում են դիմանալ իրենց դժվարություններին և քայլել ուխտի ճանապարհով: Նրանք վստահում են, որ Տերը կհոգա իրենց կարիքները ոչ միայն այս կյանքում, այլև հավերժության ընթացքում: Երկուսն էլ դաստիարակել են իրենց երեխաներին՝ ուսուցանելով նրանց մեղմությամբ, հեզությամբ և մաքուր սիրով, նույնիսկ կյանքի դժվարին հանգամանքներում: Որքանով ես տեղյակ եմ, այս երկու միայնակ ծնողները Աստծուն չեն մեղադրում իրենց դժբախտությունների համար։ Փոխարենը՝ նրանք հույսի և վստահության կատարյալ պայծառությամբ սպասում են այն օրհնություններին, որոնք Տերը պատրաստել է Իրենց համար:27

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Փրկիչը՝ մեր Երկնային Հոր հետ, նպատակի և վարդապետության միասնության ու ներդաշնակության կատարյալ օրինակ է թողել: Նա աղոթեց Իր աշակերտների համար՝ ասելով. «Որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն»:28

Ես վկայում եմ ձեզ, որ երբ մենք՝ կանայք և տղամարդիկ, միասին աշխատենք ճշմարիտ և հավասար գործընկերությամբ, կվայելենք Փրկչի կողմից ուսուցանված միասնությունը, երբ կատարենք աստվածային պարտականությունները մեր ամուսնական հարաբերություններում: Ես խոստանում եմ ձեզ Քրիստոսի անունով, որ «միավորելով սրտերը միությամբ ու սիրով մեկը մյուսի հանդեպ»,29 մենք ավելի շատ ուրախություն կգտնենք դեպի հավերժական կյանք մեր ճամփորդության մեջ, և մեկս մյուսին ու միմյանց հետ ծառայելու մեր կարողությունը զգալիորեն կբազմապատկվի:30 Ես վկայում եմ այդ ճշմարտությունների մասին Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: