Գերագույն համաժողով
Հարատև աշակերտություն
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հարատև աշակերտություն

Մենք կարող ենք գտնել հոգևոր վստահություն և խաղաղություն, երբ դաստիարակում ենք սուրբ սովորություններ և ապրում արդար առօրյայով, որոնք կարող են պահպանել և բոցավառել մեր հավատքի կրակը:

Այս անցած ամառվա ընթացքում Եկեղեցու ավելի քան 200.000 երիտասարդները ամբողջ աշխարհում աճեցին հավատքով` մասնակցելով Երիտասարդներին զորացնելու համար կամ ԵԶՀ-ի համաժողովների հարյուրավոր շաբաթական նիստերից մեկին: Քանի որ համավարակի պատճառով մեկուսացման սահմանափակումները վերջերս էին վերացվել, շատերի համար մասնակցությունն անգամ Տիրոջ հանդեպ հավատքի քայլ էր: Երիտասարդ մասնակիցներից շատերը, կարծես, հետևում են աստիճանաբար զարգացող և խորացող դարձ ապահովող միտումներին: Շաբաթվա վերջում ես սիրում էի հարցնել նրանց. «Ինչպե՞ս անցավ համաժողովը»:

Նրանք երբեմն այսպիսի մի բան էին ասում. «Դե, երկուշաբթի ես շատ զայրացած էի, քանի որ մայրիկս ստիպեց ինձ գալ և մասնակցել համաժողովին: Ես ոչ ոքի չէի ճանաչում: Եվ կարծում էի, որ բավականություն չեմ ստանա համաժողովից: Նաև, որ ընկերներ չեմ ունենա: … Բայց այժմ ուրբաթ է, և ես ուղղակի ուզում եմ մնալ այստեղ: Ես ուզում եմ զգալ Հոգին իմ կյանքում: Ես ցանկանում եմ ապրել այսպես»:

Նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական պատմությունը՝ հստակության պահերի և հոգևոր պարգևների մասին. պահեր որոնք նպաստել են նրանց հոգևոր աճին և ավելի խոր դարձին: Ես նույնպես փոխվեցի այս ամռան բազմաթիվ ԵԶՀ-ից, քանի որ տեսա, որ Աստծո Հոգին անխնա արձագանքում է այդ բազում երիտասարդների սրտերի արդար ցանկություններին, որոնցից յուրաքանչյուրը քաջություն գտավ վստահելու Նրան մեկ շաբաթ` գտնվելով Նրա հոգածության ներքո:

Ինչպես փայլուն պողպատով երեսպատված նավերը ծովում, մենք ապրում ենք հոգևորապես վնասակար միջավայրում, որտեղ ամենափայլուն համոզմունքները պետք է լրջորեն պահպանվեն, այլապես դրանք կարող են քերծվել, աստիճանաբար քայքայվել, այնուհետև անցք առաջացնել:

Ի՞նչ կարող ենք անել՝ մեր համոզմունքների կրակը պահպանելու համար

Փորձառությունները, ինչպիսիք են՝ ԵԶՀ համաժողովները, ճամբարները, հաղորդության ժողովները և միսիաները, կարող են օգնել ամրապնդել մեր վկայությունները, և ավելի խոր դարձի ու հոգևոր բացահայտումների միջով մեզ տանել դեպի հարաբերական խաղաղության վայրեր: Բայց մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի մնանք այնտեղ և շարունակենք «առաջ մղվել Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ» (2 Նեփի 31.20), այլ ոչ թե հետ գնանք և թուլացնենք մեր վկայությունները: Մենք պետք է շարունակենք կատարել այն քայլերը, որոնք մեզ սկզբում բերել են այդտեղ՝ հաճախ աղոթել, ընկղմվել սուրբ գրությունների ընթերցանության մեջ և անկեղծորեն ծառայել:

Մեզանից ոմանց համար, գուցե, Տիրոջը վստահելու վարժանք պահանջվի՝ անգամ հաղորդության ժողովին մասնակցելու համար: Բայց, երբ այնտեղ ենք, Տիրոջ հաղորդության բժշկող ազդեցությունը, ավետարանի սկզբունքների ներարկումներն ու եկեղեցական համայնքի դաստիարակությունը կարող է մեզ տուն ուղարկել հոգևորապես ոգեշնչված և ամրապնդված:

Որտեղի՞ց է գալիս անհատապես միասին հավաքվելու զորությունը

ԵԶՀ-ի ժամանակ Եկեղեցու ավելի քան 200000 երիտասարդները սկսեցին ավելի լավ ճանաչել Փրկչին` օգտագործելով միասին հավաքվելու մի պարզ բանաձև` որտեղ նրանցից երկուսը կամ ավելին հավաքվել էին Նրա անունով (տես Մատթեոս 18.20)՝ ուսումնասիրելով և կիրառելով սուրբ գրությունները, միասին երգելով ու աղոթելով և խաղաղություն գտնելով Քրիստոսում: Սա հոգևոր արթնացման հզոր դեղատոմս է:

Եղբայրների և քույրերի այդ մեծաքանակ խումբն այժմ տուն է գնացել` որոշելու, թե ինչ է նշանակում դեռևս «վստահել Տիրոջը» (Առակաց 3.5, 2022 թ. երիտասարդների թեման), երբ շրջապատված են մոլեգնած աշխարհի ժխորով: Մի բան է «լսել նրան» (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.17) խորհրդածության խաղաղ մի վայրում`սուրբ գրությունները լայն բացած: Բայց լիովին այլ բան է` աշակերտ լինել այս մահկանացու կյանքի շեղումների տարափի մեջ, երբ մենք պետք է ձգտենք «լսելՆրան», նույնիսկ, ինքնամեղադրանքի և երերուն ինքնավստահության մշուշի միջով: Թող կասկած չլինի, դա հենց հերոսների հատկանիշն է, որը դրսևորվում է մեր երիտասարդների կողմից, երբ նրանք ամուր վճռականությամբ դիմակայում են են մեր ժամանակի փոփոխվող բարոյական հիմքերին:

Ի՞նչ կարող են անել ընտանիքները, որպեսզի հավատք կառուցեն Եկեղեցու միջոցառումներում ստեղծված հոգևոր լիցքի վրա

Մի առիթով ես ցցի երտասարդ կանանց նախագահի ամուսնու դերում էի: Մի երեկո ինձ հանձնարարվեց դասավորել թխվածքները ճեմասրահում, մինչ կինս հավաքատանը հոգևոր հավաք էր անցկացնում ծնողների և նրանց դուստրերի համար, որոնք պատրաստվում էին հաջորդ շաբաթ մասնակցել Երիտասարդ կանանց ճամբարին: Նա բացատրեց, թե որտեղ լինել և ինչ բերել, ապա ասաց. «Այսպիսով, երեքշաբթի առավոտյան, երբ ձեր սիրելի աղջիկներին բերեք ավտոբուսի մոտ, նրանց մի լավ ամուր գրկեք: Եվ համբուրեք նրանց՝ ցտեսություն մաղթելով, որովհետև նրանք չեն վերադառնալու»:

Ես լսեցի ինչ-որ մեկի հոգոցը, հետո հասկացա, որ դա ես էի: «Չեն վերադառնալո՞ւ»:

Բայց հետո նա շարունակեց. «Երբ երեքշաբթի առավոտյան բերեք աղջիկներին, նրանք իրենց հետևում կթողնեն պակաս կարևոր բաների շեղումները և միասին կանցկացնեն մեկ շաբաթ` սովորելով, աճելով ու վստահելով Տիրոջը: Մենք միասին կաղոթենք, կերգենք ու ճաշ կպատրաստենք, միասին կծառայենք ու կկիսվենք վկայություններով և կանենք այն գործերը, որոնք թույլ կտան մեզ զգալ Երկնային Հոր Հոգին՝ ողջ շաբաթվա ընթացքում, մինչև որ այն ամբողջովին կներծծվի մեր ոսկորների մեջ: Եվ շաբաթ օրը, աղջիկները, ում դուք կտեսնեք այդ ավտոբուսից իջնելիս, չեն լինի այն աղջիկները, որոնց դուք բերեցիք երեքշաբթի օրը: Նրանք կլինեն նոր արարածներ: Եվ եթե դուք օգնեք նրանց շարունակել այդ ավելի բարձր հարթությունից, նրանք կապշեցնեն ձեզ: Նրանք կշարունակեն փոխվել և աճել: Եվ ձեր ընտանիքը նույնպես կփոխվի։

Այդ շաբաթ օրը հենց այդպիսին էր, ինչպես նա կանխագուշակեց: Երբ բեռնում էի վրանները, ես լսեցի կնոջս ձայնը փոքրիկ անտառային ամֆիթատրոնում, որտեղ հավաքվել էին աղջիկները՝ նախքան տուն մեկնելը: Նա ասաց. «Օ՜, ահա և դուք: Մենք ամբողջ շաբաթ հետևում ենք ձեզ: Մեր շաբաթօրյա աղջիկներ»:

Սիոնի հաստատակամ երիտասարդները ճամփորդում են ապշեցուցիչ ժամանակներով: Նրանց հատուկ խնդիրն է՝ ուրախություն գտնել այս աշխարհում, որի կործանումը կանխագուշակված է, առանց մաս դառնալու սրբության հանդեպ կույր վերաբերմունք ունեցող այդ աշխարհին: Մոտ հարյուր տարի առաջ Ջ. Կ. Չեսթերտոնը խոսել է գրեթե այնպես, կարծես տեսել է տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ուսուցման այս փնտրտուքը, երբ ասել է. «Մենք պետք է զգանք տիեզերքը միաժամանակ որպես մարդակերի ամրոց, որը պիտի գրոհի ենթարկվի, և այնուամենայնիվ, որպես մեր սեփական խրճիթ, որտեղ մենք կարող ենք վերադառնալ երեկոյան» (Orthodoxy [1909], 130)։

Բարեբախտաբար, նրանք ստիպված չեն միայնակ ճակատամարտելու: Նրանք ունեն միմյանց: Եվ նրանք ունեն ձեզ: Եվ նրանք հետևում են ապրող մարգարեին` նախագահ Ռասսել Մ. Նելսոնին, որն առաջնորդում է տեսանողի գիտակից լավատեսությամբ՝ հայտարարելով, որ այս ժամանակների մեծ նախաձեռնությունը՝ Իսրայելի հավաքումը, կլինի վեհապանծ ու փառահեղ (տես «Իսրայելի հույսը» [համաշխարհային երիտասարդական հավաք, հունիսի 3, 2018], HopeofIsrael.ChurchofJesusChrist.org):

Այս ամառ ես և կինս՝ Կալինը, փոխում էինք ինքնաթիռները Ամստերդամում, որտեղ շատ տարիներ առաջ ես նորաթուխ միսիոներ էի: Ամիսներ շարունակ հոլանդերեն սովորելու իմ պայքարից հետո, երբ մեր KLM թռիչքը վայրէջք էր կատարում, կապիտանը ուղիղ կապի համակարգով մի կցկտուր հայտարարություն արեց: Մի պահ լռելուց հետո զուգընկերս մրթմրթաց. «Կարծում եմ՝ հոլանդերեն էր»: Մենք վեր նայեցինք` կարդալով միմյանց մտքերը. «Այդպես էլ հոլանդերեն չսովորեցինք»:

Սակայն ամեն ինչ կորած չէր: Երբ ես մտորում էի հավատքի այն ցատկերի շուրջ, որ մենք ունեցել էինք այն ժամանակ, երբ քայլում էինք այդ օդանավակայանով՝ դեպի հրաշքները տանող մեր ուղիով, որոնք անձրևի պես թափվելու էին մեզ վրա՝ որպես միսիոներներ, ես անսպասելիորեն վերադարձվեցի ներկա ժամանակը՝ մի կենդանի, շնչող միսիոների կողմից, որը դեպի տուն տանող ինքնաթիռ էր նստում: Նա ներկայացավ և հարցրեց, «Նախագահ Լանդ, հիմա ինչ անեմ: Ի՞նչ պետք է անեմ՝ ուժեղ մնալու համար»։

Այս նույն հարցն է մեր երիտասարդների մտքում, երբ նրանք թողնում են ԵԶՀ համաժողովները, երիտասարդական ճամբարները, տաճարային ուղևորությունները և ամեն անգամ, երբ նրանք զգում են երկնքի զորությունները․ «Աստծո հանդեպ սերը ինչպե՞ս կարող է վերածվել մնայուն աշակերտության»։

Ես սիրո վերելք զգացի այդ պարզ աչքերով միսիոների հանդեպ, որը ծառայում էր իր միսիայի վերջին ժամերը, և Հոգու այդ վայրկենական լռության մեջ ես լսեցի իմ բեկվող ձայնը. «Դու ստիպված չես անվանապիտակ կրել` Նրա անունը կրելու համար»:

Ես կամենում էի ձեռքերս դնել նրա ուսերին և ասել. «Ահա թե ինչ արա: Գնա տուն և ուղղակի եղիր այսպիսին: Դու այնքան լավն ես, որ գրեթե փայլում ես խավարի մեջ։ Քո միսիոներական կարգապահությունը և զոհաբերությունները դարձրել են քեզ Աստծո հոյակապ որդի: Շարունակիր տանը անել այն, ինչ այնքան հզոր ձևով ստացվել է այստեղ՝ քո կողմից: Դու սովորել ես աղոթել, սովորել ես, թե ում պիտի աղոթես, ու նաև աղոթքի լեզուն: Դու սովորել ես Նրա խոսքերը և սկսել ես սիրել Փրկչին` փորձելով Նրան նմանվել: Դու սիրել ես Երկնային Հորը՝ ինչպես Նա սիրեց Իր Հորը, ծառայել ես ուրիշներին, ինչպես Նա ծառայեց ուրիշներին, և ապրել ես պատվիրաններով, ինչպես Նա ապրեց դրանցով, իսկ երբ չես արել, ապաշխարել ես: Քո աշակերտությունը ուղղակի լոզունգ չէ շապիկի վրա, այն դարձել է քո կյանքի մասը, որը նպատակաուղղված ապրել ես ուրիշների համար: Այսպիսով, գնա տուն և արա այդ: Եղիր այդպիսին: Այդ հոգևոր թափը տարածիր քո կյանքի մնացած մասի վրա»։

Ես գիտեմ, որ Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա ուխտի արահետին վստահելու միջոցով մենք կարող ենք գտնել հոգևոր վստահություն և խաղաղություն, երբ դաստիարակում ենք սուրբ սովորություններ և ապրում արդար առօրյայով, որոնք կարող են պահպանել և բոցավառել մեր հավատքի կրակը: Թող որ մենք՝ յուրաքանչյուրս միշտ շարժվենք դեպի այդ ջերմացնող կրակները, և ինչ էլ որ պատահի, կայուն մնանք: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։