Գերագույն համաժողով
Պատասխանն է՝ Հիսուս
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Պատասխանն է՝ Հիսուս

Որքան էլ դժվար կամ շփոթեցնող լինեն մարտահրավերները, դուք միշտ կարող եք հիշել, որ պատասխանը պարզ է. դա միշտ Հիսուսն է։

Ինչպիսի պատիվ է ձեզ հետ խոսել համաժողովի այս նիստում։ Այսօր ես դիմում եմ ձեզ՝ որպես բարեկամներ։ Հովհաննեսի ավետարանում Փրկիչն ուսուցանել է, որ մենք Նրա բարեկամներն ենք, եթե անում ենք այն, ինչ Նա է խնդրում մեզ անել։1

Փրկչի հանդեպ մեր անհատական և հավաքական սերն է, և Նրա հետ ունեցած մեր ուխտերը, որ կապում են մեզ միմյանց։ Ինչպես ուսուցանել է նախագահ Հենրի Բ․ Այրինգը. «Ես ուզում եմ ձեզ ասել, թե որքան է Տերը սիրում և վստահում ձեզ։ Եվ ավելին, ես ուզում եմ ձեզ ասել, թե որքան հույսեր է Նա կապում ձեզ հետ»։2

Երբ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը կանչեց ինձ որպես գերագույն իշխանավոր, զգացմունքները պարուրել էին իմ հոգին։ Անհաղթահարելի զգացում էր։ Ես և կինս՝ Ջուլին, անհամբեր սպասում էինք գերագույն համաժողովի շաբաթօրյա ցերեկային նիստին։ Հաստատվելը խոնարհեցնող փորձառություն էր։ Ես մեծ ուշադրությամբ քայլերս ուղղեցի դեպի ինձ նշանակված տեղը, որպեսզի չձախողեի իմ առաջին հանձնարարությունը։

Այդ նիստի ավարտին մի բան տեղի ունեցավ, որը մեծ ազդեցություն թողեց ինձ վրա։ Քվորումի անդամները շարք կազմեցին ու հերթով ողջունեցին նոր կանչված գերագույն իշխանավորին։ Յուրաքանչյուրը կիսվեց իր սիրով և աջակցությամբ։ Սրտագին abrazo-յով՝ (ողջագուրանքով) նրանք ասացին․ «Մի անհանգստացեք, դուք պատկանում եք»։

Ինչ վերաբերում է Փրկչի հետ մեր հարաբերություններին, Նա նայում է սրտին և «անաչառ է անձանց հանդեպ»։3 Դիտարկենք, թե ինչպես է Նա ընտրել Իր առաքյալներին։ Նա ուշադրություն չի դարձնում դիրքին կամ բարեկեցությանը։ Նա հրավիրում է մեզ հետևել Իրեն և վստահեցնում, որ մենք պատկանում ենք Իր հետ միասին։

Այս ուղերձը հատկապես վերաբերում է Եկեղեցու երիտասարդներին։ Ձեր մեջ ես տեսնում եմ այն, ինչը նախագահ Նելսոնն է տեսնում ձեր մեջ։ Նա ասել է, որ «այս սերնդի երիտասարդների մեջ անժխտելիորեն առանձնահատուկ մի բան կա։ Ձեր Երկնային Հայրը պետք է մեծ վստահություն ունենար ձեր հանդեպ, որպեսզի ձեզ երկիր ուղարկեր այս ժամանակներում։ Դուք ծնվել եք մեծ գործերի համար»։4

Ես երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ սովորում եմ երիտասարդներից։ Ես երախտապարտ եմ այն ​​ամենի համար, ինչ իմ երեխաներն են սովորեցնում ինձ, երախտապարտ եմ մեր միսիոներների սովորեցրածի և իմ զարմուհիների ու զարմիկների սովորեցրածի համար։

Վերջերս ես աշխատում էի մեր ֆերմայում իմ եղբորորդու՝ Նեշի հետ։ Նա վեց տարեկան է և մաքուր սիրտ ունի։ Նա է Նեշ անունով իմ սիրելի եղբորորդին, և ես կարծում եմ, որ ես եմ նրա սիրելի հորեղբայրը, որն այսօր խոսում է համաժողովում։

Երբ նա օգնեց ինձ լուծում գտնել մեր նախագծի համար, ես ասացի. «Նեշ, դա հիանալի գաղափար է։ Ո՞վ է քեզ օգնել այդքան խելացի դառնալ»։ Նա նայեց ինձ աչքերի մի արտահայտությամբ, որն ասում էր. «Հորեղբայր Ռայըն, ինչպե՞ս չգիտես այս հարցի պատասխանը»։

Նա պարզապես թոթվեց ուսերը, ժպտաց և վստահ ասաց. «Հիսուսը»։

Նեշն ինձ հիշեցրեց այդ պարզ և, սակայն, խորիմաստ ուսմունքի մասին։ Ամենապարզ հարցերի և ամենաբարդ խնդիրների պատասխանը միշտ նույնն է։ Պատասխանն է՝ Հիսուս Քրիստոս։ Ամեն լուծում գտնվում է Նրանում։

Հովհաննեսի ավետարանում Փրկիչն ասաց Իր աշակերտներին, որ նրանց համար տեղ կպատրաստի։ Թովմասը շփոթված էր և ասաց Փրկչին․

«Տե՛ր, մենք չգիտենք, թե ո՛ւր ես գնում, արդ ճանապարհն ինչպե՞ս կարող ենք իմանալ։

Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով»։5

Փրկիչն ուսուցանեց Իր աշակերտներին, որ Ինքն է «ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը»։ Նա է պատասխանն այն հարցի, թե ինչպես գալ Երկնային Հոր մոտ։ Մեր կյանքում Նրա աստվածային դերի մասին վկայություն ստանալը մի բան էր, որը ես սովորեցի երիտասարդ տարիքում։

Երբ ես որպես միսիոներ ծառայում էի Արգենտինայում, նախագահ Հանթերը մեզ հրավիրեց անել մի բան, որը մեծ ազդեցություն ունեցավ իմ կյանքի վրա։ Նա ասաց․ «Մենք պետք է ավելի լավ ճանաչենք Քրիստոսին, քան ճանաչում ենք, և հիշենք Նրան ավելի հաճախ, քան հիշում ենք, մենք ավելի քաջաբար պետք է ծառայենք Նրան, քան ծառայում ենք»։6

Այդ ժամանակ ես մտահոգված էի, թե ինչպես դառնալ ավելի լավ միսիոներ։ Սա էր պատասխանը՝ ճանաչել Քրիստոսին, հիշել Նրան և ծառայել Նրան։ Միսիոներներն ամբողջ աշխարհում միավորված են այս նպատակի շուրջ՝ «հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը՝ օգնելով նրանց ստանալ վերականգնված ավետարանը [Նրա] և Նրա Քավության հանդեպ հավատքի» և «ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևը ստանալու և մինչև վերջ տոկալու միջոցով»։7 Միսիոներներին լսող մեր ընկերներին ես հղում եմ Քրիստոսի մոտ գալու իմ հրավերը։ Միասին մենք կփորձենք ճանաչել Նրան, հիշել Նրան և ծառայել Նրան։

Միսիայում ծառայելը եղել է իմ կյանքի սրբազան ժամանակը։ Նախագահ Բլեր Փինքոքի հետ որպես լիաժամկետ միսիոներ իմ վերջին հարցազրույցի ժամանակ նա խոսեց միսիայի ղեկավարների առաջիկայում սպասվող փոփոխության մասին, քանի որ նրա և նրա կնոջ ծառայությունը նույնպես մոտենում էր ավարտին։ Երկուսս էլ տխուր էինք, որ հրաժեշտ էինք տալու մի բանի, ինչը շատ էինք սիրում։ Նա տեսնում էր, որ ինձ անհանգստացնում էր լիաժամկետ միսիոներ չլինելու միտքը։ Նա մեծ հավատի տեր մարդ էր և սիրով սովորեցրեց ինձ, ինչպես նախորդ երկու տարիներին։ Նա ցույց տվեց Հիսուս Քրիստոսի նկարը իր գրասեղանի վերևում և ասաց. «Երեց Օլսեն, ամեն ինչ լավ է լինելու, քանի որ դա Նրա գործն է»։ Ես վստահություն զգացի, իմանալով, որ Փրկիչը կօգնի մեզ ոչ միայն մեր ծառայության ընթացքում, այլ միշտ, եթե մենք թույլ տանք Նրան։

Քույր Փինքոքը մեզ ուսուցանում էր իր սրտի խորքից, իսպաներեն ամենապարզ արտահայտություններով։ Երբ նա ասում էր. «Jesucristo vive» (Հիսուս Քրիստոսն ապրում է), ես գիտեի, որ դա ճիշտ է, և որ Նա ապրում է։ Երբ նա ասում էր. «Elderes y hermanas, les amo» (Եղբայրներ և քույրեր, ես սիրում եմ ձեզ), ես գիտեի, որ նա սիրում էր մեզ և ցանկանում է, որ մենք միշտ հետևենք Փրկչին։

Ես և կինս վերջերս օրհնվեցինք, երբ կանչվեցինք ծառայելու որպես միսիայի ղեկավարներ՝ աշխատելու Ուրուգվայի ակնառու միսիոներների հետ։ Ես կասեի, որ նրանք աշխարհի լավագույն միսիոներներն էին, և ես վստահ եմ, որ յուրաքանչյուր միսիայի ղեկավար այդպես է զգում։ Այդ աշակերտներն ամեն օր ուսուցանում էին մեզ Փրկչին հետևելու մասին։

Հերթական հարցազրույցներից մեկի ժամանակ մեր հրաշալի միսիոներ քույրերից մեկը եկավ գրասենյակ։ Նա հաջողակ միսիոներ էր, սկսնակ միսիոներների հիանալի մարզիչ և նվիրված ղեկավար։ Զուգընկերները հետևում էին նրա օրինակին, և մարդիկ սիրում էին նրան։ Նա հնազանդ էր, խոնարհ և ինքնավստահ։ Մեր նախորդ հանդիպումների ժամանակ մենք կենտրոնանում էինք նրա շրջանի և այն մարդկանց վրա, որոնց նա ուսուցանում էր։ Այս հանդիպումն ուրիշ էր։ Երբ ես հարցրի, թե ինչպես էր նա, տեսա, որ նա անհանգիստ էր։ Նա ասաց. «Նախագահ Օլսեն, ես չգիտեմ, թե արդյոք կարող եմ դա անել։ Չգիտեմ՝ երբևէ բավական լավ միսիոներ կլինեմ, թե ոչ։ Ես չգիտեմ՝ կարող եմ արդյոք լինել այն միսիոները, որ Տերն ցանկանում»։

Նա հրաշալի միսիոներ էր։ Գերազանց բոլոր առումներով։ Միսիայի նախագահի երազանք։ Ես երբեք չեմ անհանգստացել նրա միսիոներական կարողությունների համար։

Երբ ես լսում էի նրան, փորձում էի հասկանալ, թե ինչ պետք է ասեմ։ Ես լուռ աղոթեցի. «Երկնային Հայր, նա հրաշալի միսիոներ է։ Նա Քոնն է։ Նա ամեն ինչ ճիշտ է անում։ Ես չեմ ուզում սխալ բան ասել։ Խնդրում եմ, օգնիր ինձ իմանալ, թե ինչ ասել»։

Եվ Նա օգնեց։ Ես ասացի․ «Hermana (քույր), ես շատ եմ ցավում, որ դուք այդպես եք զգում։ Թույլ տվեք ձեզ մի հարց տալ։ Եթե ձեր ընկերը, որին ուսուցանում եք, նույն կերպ զգար, դուք ի՞նչ կասեիք»։

Նա նայեց ինձ և ժպտաց։ Անսխալ միսիոներական ոգով և համոզմունքով նա ասաց. «Նախագահ, դա հեշտ է։ Ես կասեի նրան, որ Փրկիչը հիանալի գիտի նրան։ Ես կասեի, որ Նա ապրում է։ Նա սիրում է քեզ։ Դու բավականաչափ պատրաստված ես և դու կարող ես դա անել»։

Մի փոքր ժպտալով նա ասաց. «Կարծում եմ, եթե դա վերաբերում է մեր ընկերներին, ապա դա վերաբերում է նաև ինձ»։

Երբ հարցեր կամ կասկածներ ունենք, կարող ենք զգալ, որ լուծումները չափազանց բարդ են կամ պատասխաններ գտնելը չափազանց շփոթեցնող է։ Թող որ մենք հիշենք, որ հակառակորդը, նույնիսկ բոլոր ստերի հայրը, շփոթության ճարտարապետն է։8

Փրկիչը պարզության Տերն է։

Նախագահ Նելսոնն ասել է․

«Հակառակորդը խելացի է։ Հազարամյակներ շարունակ նա բարուն չարի տեսք է տվել, իսկ չարին՝ բարու։ Նրա ուղերձները կարող են լինել բարձր, հանդուգն և պարծենկոտ։

Սակայն, մեր Երկնային Հոր ուղերձները զարմանալիորեն տարբերվում են։ Նա հաղորդակցվում է պարզ, հանգիստ և այնպես հստակ, որ մենք չենք կարող չհասկանալ Նրան»։9

Որքա՜ն երախտապարտ ենք մենք, որ Աստված այնքան սիրեց մեզ, որ ուղարկեց Իր Որդուն։ Նա է պատասխանը։

Նախագահ Նելսոնը վերջերս ասել է․

«Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Հիսուս Քրիստոսի ավետարանը երբևէ ավելի անհրաժեշտ չի եղել, քան այսօր։ ․․․

… Սա ընդգծում է հրատապ անհրաժեշտությունը, որ մենք պետք է հետևենք Իր աշակերտներին տված Տիրոջ հրահանգին․ «Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի»։10

Նրանց, ովքեր կընտրեն ծառայել, ես կարող եմ վկայել այն օրհնությունների մասին, որոնք կգան, երբ դուք ականջ դնեք մարգարեի կոչին։ Ծառայելը քո մասին չէ. դա Փրկչի մասին է։ Դուք կկանչվեք ծառայելու որևէ վայրում, բայց ավելի կարևոր է այն, որ ձեզ կկանչեն մարդկանց մոտ։ Դուք կունենաք մեծ պատասխանատվություն և օրհնություն՝ օգնելու նոր ընկերներին հասկանալ, որ պատասխանը Հիսուսն է։

Սա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է, և մենք պատկանում ենք դրան։ Այն ամենը, ինչ նախագահ Նելսոնը սիրով կոչ է անում մեզ անել, մեզ ավելի կմոտեցնի Փրկչին։

Մեր հոյակապ երիտասարդներ, ներառյալ իմ զարմիկ Նեշ, ձեր ողջ կյանքի ընթացքում, որքան էլ դժվար կամ շփոթեցնող լինեն մարտահրավերները, դուք միշտ կարող եք հիշել, որ պատասխանը պարզ է. դա միշտ Հիսուսն է։

Ինչպես ես լսել եմ շատ առիթներով, նրանք, ում մենք հաստատում ենք որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ, ասում են, և ես նույնպես ասում եմ, որ մենք սիրում ենք ձեզ, շնորհակալություն ենք հայտնում և մենք ձեր կարիքն ունենք։ Ահա, թե ինչին եք դուք պատկանում։

Ես սիրում եմ Փրկչին։ Ես վկայում եմ Նրա՝ հենց Հիսուս Քրիստոսի անունով։ Ես վկայում եմ, որ Նա է «մեր հավատի զորագլուխը ու այն կատարողը»,11 և Նա պարզության Տերն է։ Պատասխանն է՝ Հիսուս։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։