Գերագույն համաժողով
Տնտեսներ լինելու մեր երկրային կոչումը
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Տնտեսներ լինելու մեր երկրային կոչումը

Մեծ հոգևոր օրհնություններ են խոստացված նրանց, ովքեր սիրում և հոգ են տանում երկրագնդի և իրենց մերձավորների ու կանանց մասին:

Այցելելով մեր հայրենի երկիրը՝ Ֆրանսիան, վերջերս ես և կինս հնարավորություն ունեցանք մեզ հետ վերցնել մեր թոռնուհիներից մի քանիսին, որպեսզի հետազոտենք Գիվերնի փոքրիկ քաղաքում գտնվող հիասքանչ մի այգի։ Մեզ դուր էր գալիս զբոսնել այգու արահետներով՝ հիանալով գեղեցիկ ծաղկանոցներով, նրբագեղ ջրաշուշաններով և լճակների վրա վազվզող լույսերով:

Նկար
Գիվերնի այգի

Այս զարմանահրաշ վայրը ստեղծագործական կրքի արդյունքն է մեկ մարդու՝ մեծ նկարիչ Կլոդ Մոնեի, որը 40 տարի քնքշորեն ձևավորել և մշակել է իր այգին՝ այն դարձնելով իր նկարչական արհեստանոցը: Մոնեն ընկղմվում էր բնության շքեղության մեջ, իսկ այնուհետև իր վրձնով գույնի ու լույսի հարվածներով փոխանցում էր իր զգացած տպավորությունները։ Տարիների ընթացքում նա ստեղծել է հարյուրավոր նկարների արտասովոր հավաքածու՝ անմիջապես ոգեշնչված իր այգուց:

Նկար
Մոնեյի այգու նկարը

Ջրաշուշանները և ճապոնական կամուրջը, 1899, Քլոդ Մոնե

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեր շփումները մեզ շրջապատող բնության գեղեցկությունների հետ կարող են առաջացնել կյանքի ամենաոգեշնչող և հաճելի փորձառությունները: Զգացմունքները, որոնք մենք ունենում ենք, երախտագիտության խորը զգացում են առաջացնում մեր Երկնային Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ, որը ստեղծել է այս հոյակապ երկիրը՝ իր լեռներով և առվակներով, բույսերով և կենդանիներով, նաև մեր առաջին ծնողներին՝ Ադամին և Եվային:1

Արարման գործն ինքնանպատակ չէ: Դա Իր զավակների համար Աստծո ծրագրի անբաժանելի մասն է: Դրա նպատակն է ապահովել այն միջավայրը, որտեղ տղամարդիկ և կանայք կարող են փորձության ենթարկվել, գործադրել իրենց ազատ կամքը, գտնել ուրախություն, սովորել և զարգանալ, որպեսզի նրանք մի օր վերադառնան իրենց Արարչի մոտ և ժառանգեն հավերժական կյանքը:

Այս հրաշալի բնությունն ամբողջությամբ ստեղծվել է մեր օգտի համար և կենդանի ապացույց է այն սիրո, որ Արարիչը տածում է Իր զավակների հանդեպ: Տերն ասել է․ «Այո՛, բոլոր բաները, որ բխում են երկրից, ․․․ մարդու օգտի և գործածության համար՝ թե՛ աչքը շոյելու և թե՛ սիրտն ուրախացնելու համար»։2

Սակայն, Արարման աստվածային պարգևը չի տրվում առանց պարտականությունների և պատասխանատվության: Այս պարտականությունները լավագույնս նկարագրված են տնտեսներ լինելու կոչման գաղափարով: Ավետարանի մեջ տնտես լինելու կոչում եզրույթը նշանակում է, որ մենք հոգևոր կամ նյութական սուրբ պատասխանատվություն ունենք՝ հոգ տանելու Աստծուն պատկանող ցանկացած բանի մասին, որի համար մենք հաշվետու ենք:3

Ինչպես ուսուցանվում է սուրբ գրություններում, տնտես լինելու մեր երկրային կոչումը ներառում է հետևյալ սկզբունքները.

Առաջին սկզբունք. Ամբողջ երկիրը, ներառյալ ամբողջ կենդանական աշխարհը, պատկանում է Աստծուն:

Արարիչը երկրագնդի ռեսուրսները և կյանքի բոլոր ձևերը վստահել է մեր խնամքին, բայց Նա ունի լիակատար իրավունք դրանց նկատմամբ: Նա ասել է․ «Ես՝ Տերս եմ տարածել երկինքները և հաստատել երկիրը՝ իմ իսկ ձեռքերի գործերը. և բոլոր բաները նրանցում իմն են»:4 Այն ամենը, ինչ կա երկրի վրա, պատկանում է Աստծուն, ներառյալ մեր ընտանիքները, մեր ֆիզիկական մարմինները և նույնիսկ՝ մեր կյանքը:5

Երկրորդ սկզբունք. Որպես Աստծո արարչագործությունների տնտեսներ, մենք պարտավոր ենք հարգել և հոգ տանել դրանց մասին:

Որպես Աստծո զավակներ՝ մեզ հանձնարարվել է լինելու Նրա աստվածային արարչագործությունների տնտեսները, խնամակալները և պահապանները: Տերն ասել է. «Ես ամեն մարդու՝ իբրև տնտեսի, պատասխանատու [եմ] դարձ[րել] երկրային օրհնությունների վրա, որոնք ես արարել եմ և պատրաստել իմ արարածների համար»։6

Մեր Երկնային Հայրը թույլ է տալիս մեզ օգտագործել երկրային ռեսուրսները մեր սեփական կամքի համաձայն: Սակայն մեր ազատ կամքը չպետք է ընդունվի որպես թույլտվություն՝ օգտագործելու այս աշխարհի բարիքներն առանց իմաստության կամ զսպվածության։ Տերը հետևյալ հորդորն է հղել․ «Եվ հաճելի է Աստծուն, որ նա տվել է մարդուն այս բոլոր բաները. քանզի այդ նպատակով են դրանք ստեղծվել, որ օգտագործվեն դատողությամբ, ոչ շռայլորեն, ոչ էլ բռնի կորզելով»։7

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն մի առիթով ասել է․ «Որպես աստվածային Արարման շահառուներ՝ ի՞նչ պետք է անենք մենք: Մենք պետք է հոգ տանենք երկրագնդի մասին, իմաստուն տնտես լինենք նրա նկատմամբ և պահպանենք այն գալիք սերունդների համար»։8

Գիտական կամ քաղաքական անհրաժեշտությունից զատ, երկրի և մեր բնության նկատմամբ հոգատարությունը Աստծո կողմից մեզ վստահված սուրբ պարտականություն է, որը մեզ պետք է լցնի պարտքի և խոնարհության խոր զգացումով: Դա նաև աշակերտության մեր անբաժանելի բաղադրիչն է: Ինչպե՞ս կարող ենք հարգել և սիրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին՝ առանց նրանց ստեղծածը հարգելու և սիրելու:

Շատ բաներ կան, որոնք մենք կարող ենք միասին և անհատապես անել՝ լավ տնտեսներ լինելու համար: Հաշվի առնելով մեր անհատական հանգամանքները՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է երկրի առատ ռեսուրսները օգտագործել ավելի ակնածանքով և խոհեմությամբ: Մենք կարող ենք աջակցել երկրի մասին հոգ տանելու համայնքի ջանքերին: Մենք կարող ենք մեր անձնական ապրելակերպով և վարքագծով հարգել Աստծո արարչագործությունները և մեր սեփական բնակության վայրերը դարձնել ավելի կոկիկ, ավելի գեղեցիկ և ավելի ոգեշնչող:9

Աստծո արարչագործությունների նկատմամբ մեր տնտեսվարության հիմնական մասն է այն սուրբ պարտականությունը, որ պետք է սիրել, հարգել և հոգալ բոլոր մարդկանց մասին, ում հետ մենք կիսում ենք երկիրը: Նրանք Աստծո որդիներն ու դուստրերն են, մեր քույրերն ու եղբայրները, և նրանց հավերժական երջանկությունը Արարման աշխատանքի բուն նպատակն է:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերին պատմել է հետևյալը. Մի օր գնացքով ճամփորդելիս նա նստել էր փախստականների մի խմբի հետ։ Խորապես հուզված այն հուսահատությունից, որը նա տեսավ փոքր երեխայի դեմքին, նա բացականչեց. «Երբ պատվաստման արդյունքում այգում նոր վարդ է բուսնում, բոլոր այգեպանները ուրախանում են։ Նրանք մեկուսացնում են վարդը, խնամում, փայփայում։ Բայց չկա այգեպան մարդկանց համար»։10

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք պետք է այգեպան դառնանք մեր ընկերների և կանանց համար: Արդյո՞ք մենք մեր եղբոր պահապանը չենք։ Հիսուսը մեզ պատվիրել է սիրել մեր ընկերոջն այնպես, ինչպես ինքներս մեզ։11 Երբ Նա ասում է ընկեր, դա չի նշանակում միայն աշխարհագրական մոտիկություն. դա ենթադրում է սրտի մոտիկություն: Դրա մեջ մտնում են մոլորակի բոլոր բնակիչները՝ անկախ նրանից նրանք ապրում են մեզ մոտ, թե հեռավոր երկրում, անկախ նրանց ծագումից, անցյալից կամ հանգամանքներից:

Լինելով Քրիստոսի աշակերտները՝ մենք պարտավոր ենք անխոնջ աշխատել աշխարհի բոլոր ազգերի միջև խաղաղության և ներդաշնակություն սերմանելու համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պաշտպանենք, մխիթարենք և սփոփենք թույլերին, կարիքավորներին և բոլոր նրանց, ովքեր տառապում են կամ ճնշված են: Եվ ամենակարևորը՝ սիրո ամենամեծ պարգևը, որը մենք կարող ենք առաջարկել մեր մերձավորներին, նրանց հետ ավետարանի ուրախությամբ կիսվելն ու հրավիրելն է, որ սուրբ ուխտերի և արարողությունների միջոցով գան իրենց Փրկչի մոտ:

Երրորդ սկզբունք. Մեզ հրավիրում են մասնակցելու արարչագործության աշխատանքին։

Արարման աստվածային գործընթացը դեռ ավարտված չէ: Ամեն օր Աստծո արարչագործությունները շարունակում են աճել, ընդլայնվել և բազմանալ: Ամենասքանչելի բանն այն է, որ մեր Երկնային Հայրը մեզ հրավիրում է մասնակցելու Իր արարչագործության աշխատանքին:

Մենք մասնակցում ենք Արարման աշխատանքին, երբ մշակում ենք երկիրը կամ ավելացնում մեր ձեռակերտ շինությունները՝ հարգանք ցուցաբերելով Աստծո արարչագործությունների հանդեպ: Մեր ներդրումը կարող է արտահայտվել՝ արվեստի, ճարտարապետության, երաժշտության, գրականության և մշակույթի գործերի ստեղծման միջոցով, որոնք զարդարում են մեր մոլորակը, զարգացնում մեր զգայարանները և լուսավորում մեր կյանքը: Մենք նաև նպաստում ենք գիտական և բժշկական հայտնագործություններին, որոնք պահպանում են երկիրը և կյանքը դրա վրա: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ամփոփել է այս սկզբունքը հետևյալ գեղեցիկ խոսքերով. «Աստված աշխարհը կիսատ թողեց, որպեսզի մարդը զարգացնի իր հմտությունները … որպեսզի մարդը կարողանա իմանալ արարման ուրախությունն ու փառքը»:12

Տաղանդների մասին Հիսուսի առակում, երբ տերը վերադարձավ իր ճամփորդությունից, նա գովաբանեց և պարգևատրեց երկու ծառաներին, որոնք զարգացրին և շատացրին իրենց տաղանդները: Եվ հակառակը՝ այն ծառային, որը թաքցնում էր իր եզակի տաղանդը հողի մեջ, Նա անվանեց «անպիտան», և վերցրեց նույնիսկ այն, ինչ ծառան ստացել էր:13

Լինելով երկրային արարչագործությունների տնտեսներ, մեր դերը նույնպես միայն դրանք պահպանելը չէ։ Տերն ակնկալում է, որ մենք ջանասիրաբար աշխատենք և շարժվենք Իր Սուրբ Հոգով՝ աճեցնելով, ընդլայնելով և բարելավելով այն ռեսուրսները, որոնք Նա վստահել է մեզ, ոչ միայն մեր շահի համար, այլ նաև ուրիշներին օրհնելու համար:

Մարդկանց բոլոր ձեռքբերումներից և ոչ մեկը չի կարող հավասարվել Աստծո հետ համատեղ արարիչ դառնալու փորձառությանը՝ կյանք տալով կամ օգնելով երեխային սովորել, աճել և բարգավաճել՝ լինի դա ծնող, ուսուցիչ, ղեկավար կամ որևէ այլ մեկը: Չկա ավելի սուրբ, ավելի գոհացնող և միևնուն ժամանակ տնտես լինելու ավելի դժվար կոչում, քան մեր Արարչի հետ համագործակցելն ու Նրա հոգևոր զավակներին ֆիզիկական մարմիններ ապահովելն է, իսկ հետո օգնելն է, որ նրանք հասնեն իրենց աստվածային ներուժին:

Համատեղ արարման պատասխանատվությունը մշտական հիշեցում է, որ կյանքը և յուրաքանչյուր մարդու մարմինը սուրբ են, որ նրանք պատկանում են միայն Աստծուն, և որ Նա մեզ խնամակալներ է դարձրել՝ հարգելու, պաշտպանելու և հոգալու մեր մարմինների մասին։ Աստծո պատվիրանները, որոնք ղեկավարում են ծնունդ տալու և հավերժական ընտանիքներ ստեղծելու զորությունները, առաջնորդում են մեզ տնտեսներ լինելու այս սուրբ կոչման մեջ, որն այնքան կարևոր է Նրա ծրագրի համար:

Իմ եղբայրնե՛ր և քույրե՛ր, մենք պետք է գիտակցենք, որ ամեն ինչ հոգևոր է Տիրոջ համար, ներառյալ մեր կյանքի ամենանյութական կողմերը: Ես վկայում եմ, որ մեծ հոգևոր օրհնություններ են խոստացված նրանց, ովքեր սիրում և հոգ են տանում երկրագնդի և իրենց մերձավորների ու կանանց մասին: Երբ դուք հավատարիմ մնաք տնտես լինելու այս սուրբ կոչմանը և հարգեք ձեր հավերժական ուխտերը, դուք կաճեք Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքի մեջ, և ավելի առատորեն կզգաք Նրանց սերն ու ազդեցությունը ձեր կյանքում: Այս ամենը կնախապատրաստի ձեզ ապրելու Նրանց հետ և ստանալու լրացուցիչ արարման զորություն14 գալիք կյանքում:

Այս մահկանացու գոյության ավարտին Վարդապետը մեզ կխնդրի հաշիվ տալ տնտես լինելու մեր սուրբ կոչման համար, ներառյալ այն, թե ինչպես ենք մենք հոգացել Նրա արարչագործությունների համար: Ես աղոթում եմ, որ այն ժամանակ մենք լսենք Նրա սիրառատ խոսքերը, որոնք կշշնջան մեր սրտին. «Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ»։15 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։