Գերագույն համաժողով
Հավերժ երջանիկ
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Հավերժ երջանիկ

Մեր սիրելիների հետ ճշմարիտ, հարատև ուրախությունն ու հավերժությունը Աստծո երջանկության ծրագրի բուն էությունն է։

Ընկերներ, թանկագին եղբայրներ և քույրեր, հիշո՞ւմ եք, որ մի ժամանակ հավատում էիք կամ ցանկանում էիք հավատալ հավերժ երջանիկ լինելու գաղափարին։

Ապա սկսվեց իրական կյանքը։ Մենք «մեծանում ենք»։ Հարաբերությունները բարդանում են։ Այս աշխարհը աղմկոտ է, մարդաշատ, ճնշող, կեղծիքով լի։ Այդուհանդերձ, մեր «սրտի խորքում»1 մենք հավատում ենք, կամ ուզում ենք հավատալ, որ ինչ-որ տեղ, ինչ-որ կերպ հավերժ երջանիկ ապրելը իրական է և հնարավոր։

«Հավերժ երջանիկ» կյանքը միայն հեքիաթների երևակայական պատկերներում չէ։ Մեր սիրելիների հետ ճշմարիտ, հարատև ուրախությունն ու հավերժությունը Աստծո երջանկության ծրագրի բուն էությունն է։ Նրա սիրով նախապատրաստած ճանապարհը կարող է մեր հավերժության ճանապարհը դարձնել հավերժ երջանիկ։

Կան շատ բաներ, որ մենք կարող ենք փառաբանել և ինչի համար պետք է երախտապարտ լինենք։ Սակայն, մեզանից ոչ մեկը կատարյալ չէ, ոչ էլ որևէ ընտանիք։ Մեր հարաբերությունները ներառում են սեր, ընկերություն և անհատականություն, բայց հաճախ նաև տարաձայնություն, վիրավորանք, երբեմն խորը ցավ։

«Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, այնպես էլ Քրիստոսով բոլորը կկենդանանան»։2 Հիսուս Քրիստոսով կենդանի լինելը ներառում է անմահությունը՝ մեր ֆիզիկական հարության Նրա պարգևը։ Երբ մենք ապրում ենք հավատքով և հնազանդությամբ, Քրիստոսով կենդանի լինելը կարող է նաև ներառել ուրախությամբ լի հավերժական կյանք Աստծո և մեր սիրելիների հետ։

Հատկանշական կերպով Տիրոջ մարգարեն մեզ ավելի է մոտեցնում մեր Փրկչին, ներառյալ տաճարային սուրբ արարողությունների և ուխտերի միջոցով, որոնք շատ վայրերում հասանելի են դառնում մեզ համար։ Մենք մեծ հնարավորություն և պարգև ունենք բացահայտելու նոր հոգևոր հասկացողություն, սեր, ապաշխարություն և ներում՝ միմյանց և մեր ընտանիքների հետ՝ ժամանակի և հավերժության մեջ։

Ընկերներիս թույլտվությամբ ես կիսվում եմ երկու սուրբ, անսովոր հոգևոր փորձառություններով, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը միավորում ընտանիքները՝ լուծելով նույնիսկ սերունդների միջև առկա խնդիրները։3 Լինելով «Անսահման և հավերժական»,4 «ավելի ամուր, քան մահվան կապանքները»՝5 Հիսուս Քրիստոսի Քավությունը կարող է օգնել մեզ խաղաղություն բերել մեր անցյալին և հույս՝ մեր ապագային։

Միանալով Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն՝ իմ ընկերուհին և նրա ամուսինը ուրախությամբ իմացան, որ մահը ի զորու չէ ընդհատելու ընտանեկան հարաբերությունները։ Տիրոջ տանը ընտանիքները կարող են միանալ հավերժորեն (կնքվել)։

Սակայն իմ ընկերուհին չէր ուզում կնքվել իր հոր հետ։ «Նա լավ ամուսին չէր մորս համար։ Նա լավ հայր չէր իր երեխաների համար»,- ասում էր նա։ «Հայրս ստիպված է սպասել։ Ես բնավ ցանկություն չունեմ կատարելու նրա տաճարային աշխատանքը և կնքվելու նրա հետ հավերժության համար»։

Նա ծոմ էր պահում, աղոթում, իր հոր մասին բազմիցս խոսում Տիրոջ հետ մեկ տարի շարունակ։ Ի վերջո, նա պատրաստ էր։ Նրա հոր տաճարային աշխատանքը կատարված էր։ Ավելի ուշ նա ասել է. «Հայրս երևաց ինձ երազում՝ ամբողջությամբ սպիտակ հագած։ Նա փոխվել էր։ Նա ասաց. «Նայիր ինձ։ Ես ամբողջությամբ մաքուր եմ։ Շնորհակալ եմ տաճարում ինձ համար աշխատանք կատարելու համար»։ Հայրն ավելացրել էր. «Վե՛ր կաց և վերադարձի՛ր տաճար. քո եղբայրը սպասում է մկրտությանը»։

Ընկերուհիս ասում է. «Իմ նախնիները և նրանք, ովքեր մահացել են, անհամբեր սպասում են, որ իրենց աշխատանքը կատարվի»։

«Ինձ համար,- ասում է նա,- տաճարը բժշկվելու, սովորելու և Հիսուս Քրիստոսի Քավությունն ընդունելու վայր է»։

Երկրորդ փորձառությունը։ Մեկ այլ ընկեր ջանասիրաբար ուսումնասիրել էր իր ընտանիքի պատմությունը։ Նա ցանկանում էր բացահայտել իր նախապապին։

Ընկերս պատմում է, որ մի օր վաղ առավոտյան իր սենյակում զգում է մի մարդու հոգևոր ներկայությունը։ Մարդը ցանկանում էր, որ իրեն գտնեն և ճանաչեն իր ընտանիքում։ Տղամարդը խղճի խայթ էր զգում այն սխալի պատճառով, որի համար այժմ ապաշխարել էր։ Տղամարդն օգնեց ընկերոջս հասկանալ, որ նա ԴՆԹ-ի կապ չունի այն մարդու հետ, ում ընդունում էր որպես նախապապ։ «Այսինքն,- ասաց ընկերս,- ես հայտնաբերեցի իմ նախապապին և իմացա, որ նա այն անձնավորությունը չէր, որը մեր ընտանիքի գրառումներում ասվում էր, որ մեր նախապապն է»։

Նրա ընտանեկան հարաբերությունները պարզաբանվեցին, ընկերս ասում է. «Ես ինձ ազատ եմ զգում ու խաղաղ։ Շատ կարևոր է իմանալ, թե ովքեր են իմ ընտանիքի անդամները»։ Ընկերս ունի հետևյալ կարծիքը. «Երբ ճյուղերից մեկը կռանում է, դա դեռ չի նշանակում, որ ամբողջ ծառը վատն է։ Այն, թե ինչպես ենք մենք գալիս այս աշխարհ, ավելի քիչ կարևոր է, քան այն, թե ով ենք մենք, երբ հեռանում ենք այստեղից»։

Սուրբ գրությունները և անձնական բժշկության և խաղաղության սուրբ փորձառությունները, ներառյալ հոգևոր աշխարհում ապրողները, ընդգծում են վարդապետական հինգ սկզբունքներ։

Առաջինը. Աստծո փրկագնման և երջանկության ծրագրում առանցքային նշանակություն ունենալով՝ Հիսուս Քրիստոսը Իր Քավության միջոցով խոստանում է միավորել մեր հոգին և մարմինը այնպես, որ «այլևս երբեք չբաժանվեին, որ կարողանային ստանալ ուրախության լիությունը»։6

Երկրորդը․ Քավությունը՝ մարդուն Աստծո հետ հաշտեցնելը, տեղի է ունենում, երբ մենք հավատք ենք գործադրում և ապաշխարության արժանի պտուղներ առաջ բերում։7 Սա վերաբերում է ինչպես մահկանացու կյանքին, այնպես էլ հավերժությանը։ Տաճարային արարողություններն ինքնին չեն փոխում մեզ կամ հոգևոր աշխարհում գտնվողներին։ Բայց այս աստվածային արարողությունները հնարավորություն են տալիս սրբացնող ուխտեր կապել Տիրոջ հետ, որոնք կարող են ներդաշնակություն բերել Նրա և միմյանց հետ։

Մեր ուրախությունը կատարյալ է դառնում, երբ զգում ենք Հիսուս Քրիստոսի շնորհը և ներողամտությունը մեր հանդեպ։ Եվ երբ միմյանց առաջարկում ենք Նրա շնորհի և ներման հրաշքը, մեր ստացած ողորմությունը և առաջարկած ողորմությունը կարող են օգնել արդարացնել կյանքի անարդարությունները։8

Երրորդը․ Աստված ճանաչում և սիրում է մեզ կատարելապես։ «Աստված չի ծաղրվի»,9 ոչ էլ Նրան կարելի է խաբել։ Կատարյալ ողորմությամբ և արդարությամբ Նա Իր ապահով գիրկն է առնում խոնարհներին և ապաշխարողներին։

Կիրթլենդի տաճարում մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսիլքում տեսավ իր եղբայր Ալվինին՝ սելեստիալ արքայությունում փրկված։ Մարգարե Ջոզեֆը զարմացավ, քանի որ Ալվինը մահացել էր նախքան մկրտության փրկարար արարողությունը ստանալը։10 Տերը բացատրել է, թե ինչու. Տերը «կդատ[ի մեզ] համաձայն [մեր] գործերի, համաձայն [մեր] սրտերի ցանկությունների»։11 Մեր հոգիները վկայում են մեր գործերի և ցանկությունների մասին։

Ի երախտագիտություն՝ մենք գիտենք, որ ապրողները և «մահացածները, որոնք ապաշխարում են, պիտի փրկագնվեն Աստծո տան արարողություններին հնազանդվելու միջոցով»12 և Քրիստոսի Քավության միջոցով։ Հոգիների աշխարհում նույնիսկ նրանք, ովքեր մեղքի մեջ են կամ օրինազանցության մեջ, հնարավորություն ունեն ապաշխարելու։13

Ի հակադրություն, նրանք, ովքեր մտածված ընտրում են ամբարշտությունը, ովքեր միտումնավոր հետաձգում են ապաշխարությունը, կամ ովքեր որևէ կերպ դիտավորյալ կամ գիտակցաբար խախտում են պատվիրանները՝ ծրագրելով հեշտ ապաշխարություն, կդատվեն Աստծո կողմից՝ «ունենալով մի վառ վերհուշ [իրենց] բոլոր հանցանքի»։14 Մենք չենք կարող գիտակցաբար մեղանչել շաբաթ օրը, ապա ակնկալել ավտոմատ ներում՝ կիրակի օրը ճաշակելով հաղորդությունը։ Միսիոներներ կամ այլք, որ ասում եք, թե հետևել Հոգուն, չի նշանակում ստիպված լինել հնազանդվելու միսիայի չափանիշներին կամ պատվիրաններին, խնդրում ենք հիշել, որ միսիայի չափանիշներին և պատվիրաններին հնազանդվելը հրավիրում է Հոգուն։ Ոչ ոք չպետք է հետաձգի իր ապաշխարությունը։ Ապաշխարության օրհնությունները սկսվում են այն պահից, երբ մենք սկսում ենք ապաշխարել։

Չորրորդը. Տերը մեզ աստվածային հնարավորություն է տալիս ավելի շատ նմանվել Իրեն, երբ մենք առաջարկում ենք կատարել տաճարային փոխարինող փրկարար արարողություններ, որոնց կարիքն ունեն ուրիշները, բայց չեն կարող անել իրենց համար։ Մենք դառնում ենք ավելի ամբողջական և կատարյալ,15 երբ դառնում ենք «ազատարարներ … Սիոն լեռան վրա»։16 Երբ մենք ծառայում ենք ուրիշներին, Խոստումի Սուրբ Հոգին կարող է վավերացնել արարողությունները և սրբացնել ինչպես տվողին, այնպես էլ ստացողին։ Ե՛վ տվողը, և՛ ստացողը կարող են կապել և խորացնել փոխակերպող ուխտերը՝ ժամանակի ընթացքում ստանալով Աբրահամին, Իսահակին և Հակոբին խոստացված օրհնությունները։

Վերջապես, հինգերորդը. Ինչպես ուսուցանում է Ոսկե կանոնը,17 ապաշխարության և ներման սրբագործող համաչափությունը մեզանից յուրաքանչյուրին հրավիրում է առաջարկել ուրիշներին այն, ինչի կարիքն ու ցանկությունը մենք ինքներս ունենք։

Երբեմն ուրիշին ներելու մեր պատրաստակամությունը և՛ նրանց, և՛ մեզ հնարավորություն է տալիս հավատալ, որ կարող ենք ապաշխարել և ներվել։ Երբեմն ապաշխարելու պատրաստակամությունը և ներելու կարողությունը գալիս են տարբեր ժամանակներում։ Մեր Փրկիչը մեր Միջնորդն է Աստծո մոտ, բայց երբ մենք գալիս ենք Նրա մոտ, Նա նաև օգնում է մեզ գիտակցել մեր հավերժական ինքնությունը և օգնում է ամրապնդել մեր հարաբերությունները այլ մարդկանց հետ։ Հատկապես, երբ վիրավորանքն ու ցավը խորն են, մեր հարաբերությունները վերականգնելն ու մեր սրտերը բուժելը դժվար է, գուցե անհնար՝ ինքնուրույն դրան հասնելը։ Բայց երկինքը կարող է մեզ ուժ և իմաստություն տալ, որը գերազանցում է մեր ուժին, որպեսզի իմանանք, թե երբ պահենք և ինչպես բաց թողնենք։

Մենք ավելի քիչ ենք մեզ միայնակ զգում, երբ գիտակցում ենք, որ մենակ չենք։ Մեր Փրկիչը միշտ հասկանում է մեզ։18 Մեր Փրկչի օգնությամբ մենք կարող ենք Աստծուն հանձնել մեր հպարտությունը, մեր ցավերը, մեր մեղքերը։ Ինչ էլ որ մենք զգանք սկզբում, մենք ավելի ամբողջական ենք դառնում, երբ վստահում ենք, որ Նա մեր հարաբերությունները կդարձնի լիարժեք։

Տերը, որ տեսնում և հասկանում է կատարելապես, կների նրան, ում կների. մենք (անկատար լինելով) պետք է ներենք բոլորին։ Երբ մենք գալիս ենք մեր Փրկչի մոտ, մենք ավելի քիչ ենք կենտրոնանում մեզ վրա։ Ավելի քիչ ենք դատում և ավելի շատ ներում։ Նրա արժանիքներին, ողորմությանը և շնորհին վստահելը19 կարող է ազատել մեզ վեճից, զայրույթից, չարաշահումից, լքվածությունից, անարդարությունից, ֆիզիկական և մտավոր մարտահրավերներից, որոնք երբեմն մահկանացու աշխարհ են գալիս ֆիզիկական մարմնի հետ։ Հավերժական երջանկությունը չի նշանակում, որ բոլոր հարաբերությունները կլինեն հավերժ երջանիկ։ Սակայն հազարամյակի ընթացքում, երբ սատանան կապված կլինի,20 մենք կունենանք անհրաժեշտ ժամանակը և զարմանալի ուղիներ՝ սիրելու, հասկանալու և լուծելու խնդիրները, մինչ մենք կպատրաստվենք հավերժությանը։

Մենք միմյանց հետ հաստատում ենք երկնային հարաբերություններ։21 Աստծո գործը և փառքը ներառում են հավերժական երջանկության իրողության կայացումը։22 Հավերժական կյանքը և վեհացումը Աստծուն և Հիսուս Քրիստոսին ճանաչելն է, ուստի, աստվածային զորությամբ մենք կլինենք այնտեղ, որտեղ Նրանք են։23

Թանկագին եղբայրնե՛ր և քույրե՛ր, Աստված՝ մեր Երկնային Հայրը և Նրա Սիրելի Որդին ապրում են։ Նրանք խաղաղություն, ուրախություն և բժշկություն են առաջարկում յուրաքանչյուր ազգի և լեզվի, մեզանից յուրաքանչյուրին։ Տիրոջ մարգարեն առաջնորդում է ճանապարհը։ Վերջին օրերի հայտնությունները շարունակվում են։ Թող որ մենք ավելի մոտենանք մեր Փրկչին Տիրոջ սուրբ տանը, և թող Նա մեզ մոտեցնի Աստծուն և միմյանց, մինչ մենք մեր սրտերը միացնում ենք Քրիստոսի տված կարեկցանքով, ճշմարտությամբ և ողորմությամբ մեր բոլոր սերունդներում՝ ժամանակի և հավերժության մեջ, հավերժ երջանիկ։ Հիսուս Քրիստոսի շնորհիվ դա հնարավոր է, Հիսուս Քրիստոսի շնորհիվ դա ճշմարիտ է։ Ես վկայում եմ դա Նրա՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։