Գերագույն համաժողով
Քաջալերանքի ժառանգությունը
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Քաջալերանքի ժառանգությունը

Ես քաջալերում եմ ձեզ մշտապես ձգտել որակավորվելու, որպեսզի վերադառնաք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մոտ:

Իմ սիրելի եղբայրնե՛ր ու քույրե՛ր, ես երախտապարտ եմ, որ ձեզ հետ մասնակցում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս գերագույն համաժողովին։ Մենք զգացել ենք ձեր հավատքը և ձեր սերը, որտեղ էլ որ լինեք: Մենք կատարելագործվել ենք ոգեշնչված ուսմունքով, հզոր վկայություններով և հոյակապ երաժշտությամբ:

Ես քաջալերում եմ ձեզ մշտապես ձգտել որակավորվելու, որպեսզի վերադառնաք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մոտ: Ուր էլ որ լինեք ուխտի ճանապարհին, դուք պայքարելու եք մահկանացու կյանքի ֆիզիկական փորձությունների կամ սատանայի ընդդիմության դեմ:

Մի օր, երբ ես բողոքում էի, որ ինչ-որ բան դժվար է ինձ համար, մայրս ասաց. «Օ, Հալ, իհարկե, դժվար է: Պիտի որ դժվար լինի։ Կյանքը ստուգարք է»։

Նա կարող էր հանգիստ ասել դա, նույնիսկ ժպտալով, քանի որ երկու բան գիտեր: Անկախ պայքարից՝ ամենակարևորը նրա համար կլինի տուն հասնելը՝ իր Երկնային Հոր հետ լինելու համար: Եվ նա գիտեր, որ կարող էր դա անել իր Փրկչի հանդեպ հավատքի միջոցով:

Նա զգում էր, որ Փրկիչը մոտ է իրեն: Այն օրերին, երբ նա գիտեր, որ մահանալու է, իր ննջարանում պառկած ինձ հետ խոսում էր Փրկչի մասին: Նրա մահճակալի մոտ մեկ այլ սենյակի դուռ կար։ Մայրս ժպտում էր և նայում էր դռանը, երբ հանգիստ խոսում էր Փրկիչին շուտով տեսնելու մասին: Ես դեռ հիշում եմ, թե ինչպես էի նայում այդ դռանը և պատկերացնում էի դրա հետևում գտնվող սենյակը:

Նա այժմ հոգիների աշխարհում է: Նա կարողացավ կենտրոնացած մնալ իր ցանկալի նպատակի վրա (վերադառնալ՝ ապրելու Երկնային Հոր հետ)՝ տարիների ֆիզիկական և անձնական փորձությունների ընթացքում:

Քաջալերանքի ժառանգությունը, որը նա թողեց մեզ համար, լավագույնս նկարագրված է Մորոնի 7-րդ գլխում, որտեղ Մորմոնը քաջալերում է իր որդի Մորոնիին և նրա ժողովրդին: Դա քաջալերանքի ժառանգություն է սերունդների համար այնպես, ինչպես որ մորս ժառանգությունն էր իր ընտանիքի համար: Քաջալերանքի այդ ժառանգությունը Մորմոնը փոխանցեց բոլոր նրանց, ովքեր վճռականություն ունեն իրենց մահկանացու բոլոր փորձությունների միջոցով անցնելով որակավորվել հավերժական կյանքի համար:

Մորմոնը սկսում է Մորոնի 7-րդ գլխի առաջին հատվածներից՝ Հիսուս Քրիստոսի, հրեշտակների և Քրիստոսի Հոգու մասին վկայությամբ, որը մեզ թույլ է տալիս տարբերել բարին չարից, որպեսզի կարողանանք ընտրել ճիշտը:

Նա առաջին տեղում է դնում Հիսուս Քրիստոսին, ինչպես բոլոր մարդիկ, ում հաջողվում է քաջալերել նրանց, ովքեր դժվարություններ են ունենում արդար ապրելիս՝ երկինք վերադառնալու իրենց ճանապարհին:

«Քանզի ոչ մի մարդ չի կարող փրկվել, համաձայն Քրիստոսի խոսքերի, եթե նրանք հավատք չունենան առ իր անունը. ուստի, եթե այս բաները դադարել են, ապա հավատքը նույնպես դադարել է. և սոսկալի է մարդկանց վիճակը, քանզի նրանք այնպես են, կարծես ոչ մի փրկագնում չի արվել:

Բայց, ահա, իմ սիրելի՛ եղբայրներ, ես դատում եմ ձեր մասին ավելի լավ բաներ, քանզի ես դատում եմ, որ դուք ունեք հավատք առ Քրիստոս, ձեր հեզության պատճառով. քանզի եթե դուք չունենաք հավատք առ նա, ապա դուք պիտանի չեք՝ համարվելու նրա եկեղեցու ժողովրդի թվում»:1

Մորմոնը հեզությունը դիտարկում էր որպես իրենց հավատքի ուժի ապացույց: Նա տեսավ, որ այդ մարդիկ իրենց կախվածության մեջ էին զգում Փրկչից: Նա քաջալերեց նրանց՝ նշելով այդ հավատքը։ Մորմոնը շարունակեց քաջալերել նրանց՝ օգնելով տեսնել, որ իրենց հավատքն ու հեզությունը կզարգացնեն իրենց համոզվածությունն և վստահությունը՝ հաջողության հասնելու պայքարում.

«Եվ բացի դրանից, իմ սիրելի եղբայրներ, ես կկամենայի խոսել ձեզ հետ հույսի վերաբերյալ: Ի՞նչպես կարող եք դուք ձեռք բերել հավատք, եթե դուք չունենաք հույս:

Եվ ի՞նչն է, որի համար դուք պիտի հույս ունենաք: Ահա, ես ասում եմ ձեզ, որ դուք կունենաք հույս, Քրիստոսի քավության և նրա հարության զորության միջոցով, բարձրացվելու դեպի հավերժական կյանք, և դա՝ ձեր հավատքի շնորհիվ առ նա՝ խոստումի համաձայն:

Ուստի, եթե մարդ ունի հավատք, նա անպայման պետք է ունենա հույս. քանզի առանց հավատքի չի կարող լինել որևէ հույս:

Եվ դարձյալ, ահա ես ասում եմ ձեզ, որ նա չի կարող ունենալ հավատք և հույս, եթե նա չլինի հեզ և սրտով խոնարհ»:2

Այնուհետև Մորմոնը խրախուսում է նրանց՝ վկայելով, որ նրանք գտնվում են Քրիստոսի մաքուր սիրով լցված իրենց սրտի պարգևը ստանալու ճանապարհին: Նա նրանց համար իրար է կապում Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի տարբեր տարրերի փոխազդեցությունը՝ հեզությունը, խոնարհությունը, Սուրբ Հոգին և հավերժական կյանք ստանալու ամուր հույսը: Նա այսպես է քաջալերում նրանց.

«Քանզի ոչ մեկն ընդունելի չէ Աստծո առաջ, բացի հեզից և սրտով խոնարհից. և եթե մարդ հեզ է ու սրտով խոնարհ, և խոստովանում է Սուրբ Հոգու զորությամբ, որ Հիսուսը Քրիստոսն է, նա անպայման պետք է ունենա գթություն. քանզի եթե նա չունի գթություն, նա ոչինչ է. ուստի, նա անպայման պետք է ունենա գթություն»:3

Հետ նայելով՝ ես հիմա տեսնում եմ, թե գթության այդ պարգևը՝ Քրիստոսի մաքուր սերը, ինչպես զորացրեց, առաջնորդեց, աջակցեց և փոխեց իմ մորը՝ տուն գնալու ճանապարհին ունեցած նրա մաքառումներում:

«Եվ գթությունը երկայնամիտ է և բարի, չի նախանձում, փքված չէ, իրենը չի փնտրում, չի գրգռվում հեշտորեն, չարը չի մտածում և չի հրճվում անօրինությամբ, այլ հրճվում է ճշմարտությամբ, տանում է ամեն բան, հավատում է ամեն բանի, ամեն բանի հույս ունի, ամեն բանի համբերում է:

Ուստի իմ սիրելի եղբայրներ, եթե դուք չունեք գթություն, դուք ոչինչ եք, քանզի գթությունը երբեք չի խափանվում: Ուստի, հարե՛ք գթությանը, որը բոլորից մեծ է, քանզի բոլոր բաները պիտի խափանվեն,

Բայց գթությունը Քրիստոսի մաքուր սերն է, և այն տևում է հավերժ. և ով որ օժտված լինի դրանով վերջին օրը, նրա համար լավ կլինի:

Ուստի, իմ սիրելի՛ եղբայրներ, աղոթեք Հորը, սրտի ողջ կորովով, որ դուք կարողանաք լցված լինել այդ սիրով, որը նա շնորհել է բոլոր նրանց, ովքեր նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն են. որ դուք կարողանաք դառնալ Աստծո որդիները. որպեսզի երբ նա հայտնվի, մենք լինենք նրա նման. քանզի մենք պիտի տեսնենք նրան, ինչպես որ ինքն է. որ մենք կարողանանք ունենալ այդ հույսը. որ մենք կարողանանք մաքրվել, ճիշտ ինչպես նա է մաքուր»:4

Ես երախտապարտ եմ Մորմոնի օրինակի և ուսուցման քաջալերանքի համար: Ես օրհնված եմ նաև մորս ժառանգությամբ: Ադամից մինչև մեր օրերի մարգարեները ուսուցանելով և օրինակով զորացրել են ինձ:

Հարգելով նրանց, ում անձամբ ճանաչում եմ և նրանց ընտանիքներին, ես որոշել եմ չփորձել ճշտել նրանց պայքարի մանրամասները կամ հրապարակավ չխոսել նրանց մեծ պարգևների մասին: Այնուամենայնիվ, այն, ինչ ես տեսել եմ, քաջալերել է ինձ և փոխել է ինձ դեպի լավը:

Համարձակվելով խախտել գաղտնիությունը՝ ես կավելացնեմ այն քաջալերանքի համառոտ զեկույցը, որը ստացել եմ իմ կնոջ օրինակով։ Ես դա անում եմ զգուշությամբ: Նա մասնավոր անհատ է, որը ոչ ձգտում է գովասանքի, ոչ էլ գնահատում է այն:

Մենք արդեն 60 տարի ամուսնացած ենք: Այդ փորձառության շնորհիվ է, որ ես այժմ հասկանում եմ սուրբգրային այս բառերի իմաստը. հավատք, հույս, հեզություն, համբերել, չփնտրել մերը, ուրախանալ ճշմարտությամբ, չմտածել չարությամբ, և ամենից առաջ՝ գթություն:5 Այդ փորձառության հիման վրա ես կարող եմ վկայել, որ մարդիկ կարող են այդ բոլոր հրաշալի իդեալները ներդնել իրենց առօրյա կյանքում, երբ հոգևորապես աճում են՝ կյանքում դժվարությունների հանդիպելիս:

Ձեզանից միլիոնավոր լսողներ ճանաչում են այդպիսի մարդկանց: Ձեզանից շատերն այդպիսի մարդիկ են։ Նման խրախուսական օրինակների և սիրառատ ընկերների կարիքն ունենք բոլորս։

Երբ դուք նստած եք ինչ-որ մեկի հետ՝ որպես նրա սպասավոր քույր կամ եղբայր, դուք ներկայացնում եք Տիրոջը: Մտածեք, թե Տերը ինչ կաներ կամ կասեր: Նա կհրավիրեր նրանց գալ Իր մոտ: Նա կխրախուսեր նրանց։ Նա կնկատեր և կգովաբաներ այն փոփոխությունների սկիզբը, որոնք նրանք պետք է կատարեն։ Եվ Նա կատարյալ օրինակ կլիներ նրանց համար, որին կարող էին ընդօրինակել:

Ոչ ոք դեռ ամբողջությամբ չի կարող դա անել, բայց լսելով այս համաժողովը, կարող եք իմանալ, որ ճանապարհին եք: Փրկիչը ամենայն մանրամասնությամբ տեղյակ է ձեր խնդիրներից։ Նա գիտի ձեր մեծ ներուժը՝ աճելու հավատքի, հույսի և գթության մեջ:

Պատվիրաններն ու ուխտերը, որոնք Նա առաջարկում է ձեզ, փորձություններ չեն՝ ձեզ կառավարելու համար: Դրանք պարգևներ են, որոնք կբարձրացնեն ձեզ՝ ստանալու Աստծո բոլոր պարգևները և տուն վերադառնալու ձեր Երկնային Հոր և Տիրոջ մոտ, որոնք սիրում են ձեզ:

Հիսուս Քրիստոսը վճարեց մեր մեղքերի գինը: Մենք կարող ենք պահանջել հավերժական կյանքի այդ օրհնությունը, եթե բավարար հավատք ունենանք Նրա հանդեպ, որպեսզի ապաշխարենք և դառնանք երեխայի նման՝ մաքուր և պատրաստ ստանալու Աստծո բոլոր պարգևներից մեծագույնը:

Ես աղոթում եմ, որ դուք ընդունեք Նրա հրավերը, և այն առաջարկեք մեր Երկնային Հոր մյուս զավակներին:

Ես աղոթում եմ մեր միսիոներների համար ողջ աշխարհում: Թող նրանք ոգեշնչվեն՝ քաջալերելով յուրաքանչյուր մարդու ցանկանալ և հավատալ, որ հրավերը Հիսուս Քրիստոսից է՝ Իր ծառաների միջոցով, որոնք վերցրել են Նրա անունն իրենց վրա:

Ես վկայում եմ, որ Նա ապրում և ղեկավարում է Իր Եկեղեցին: Ես Նրա վկան եմ: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո կենդանի մարգարեն է ողջ երկրագնդի համար: Ես գիտեմ, որ դա ճշմարիտ է։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն: