Գերագույն համաժողով
Շրջանակ՝ անձնական հայտնության համար
2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով


Շրջանակ՝ անձնական հայտնության համար

Մենք պետք է հասկանանք շրջանակը, որի սահմաններում գործում է Սուրբ Հոգին: Երբ մենք գործում ենք այդ շրջանակի սահմաններում, Սուրբ Հոգին կարող է զարմանալի գաղափարներ ուղարկել:

Ձեզանից շատերի նման ես էլ տարիների ընթացքում կրել եմ երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆի մեծ ազդեցությունը: Դա առնվազն մասնակիորեն բացատրում է այն, ինչ պատրաստվում եմ ասել:1 Այսպիսով, ներողություն խնդրելով նրանից …

Ավիաընկերության լավ վարժված օդաչուները թռչում են իրենց ինքնաթիռների հզորության սահմաններում և հետևում վազքուղիների օգտագործման ու թռիչքուղիների վերաբերյալ օդային երթևեկության հսկիչների ցուցումներին Պարզ ասած օդաչուները գործում են շրջանակի սահմաններում: Անկախ նրանից, թե որքան փայլուն կամ տաղանդավոր են նրանք, միայն այս շրջանակում թռչելով, օդաչուները կարող են ապահով կերպով ազատ արձակել ինքնաթիռի հսկայական ներուժը՝ դրա հրաշագործ նպատակներն իրականացնելու համար:

Նույն կերպ մենք անձնական հայտնություն ենք ստանում շրջանակի սահմաններում: Մկրտությունից հետո մեզ տրվում է մի փառահեղ բայց գործնական պարգև` Սուրբ Հոգու պարգևը:2 Մինչ մենք ձգտում ենք մնալ ուխտի արահետում,3 «Սուրբ Հոգին է … [որ] ցույց կտա [մեզ] բոլոր բաները [որոնք մենք] պետք է անենք»:4 Երբ մենք անվստահ ենք կամ անհանգիստ, մենք կարող ենք օգնություն խնդրել Ատծուց:5 Փրկչի խոստումը չէր կարող ավելի հստակ լինել. «Խնդրեցեք և կտրուի ձեզ, … որովհետեւ, ամեն խնդրող առնում է»:6 Սուրբ Հոգու օգնությամբ մենք կարող ենք փոխակերպել մեր աստվածային էությունը` դարձնելով այն մեր հավերժական ճակատագիրը:7

Անձնական հայտնության խոստումը Սուրբ Հոգու միջոցով ակնածանք է ներշնչում, ինչպես թռչող ինքնաթիռը: Եվ ինքնաթիռի օդաչուների նման մենք պետք է հասկանանք այն շրջանակը, որի սահմաններում Սուրբ Հոգին գործում է` ապահովելով անձնական հայտնություն: Երբ մենք գործում ենք այդ շրջանակի սահմաններում, Սուրբ Հոգին կարող է ուղարկել զարմանալի գաղափարներ, ուղղորդում և հանգստություն: Այդ շրջանակից դուրս՝ անկախ մեր մտքի պայծառությունից կամ տաղանդից, մենք կարող ենք խաբվել և վթարի ենթարկվել ու այրվել:

Սուրբ գրությունները կազմում են անձնական հայտնության այս շրջանակի առաջին տարրը:8 Քրիստոսի խոսքերով սնվելը, ինչպես տրված է սուրբ գրություններում, խթանում են անձնական հայտնություն: Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ասել է. «Երբ մենք ցանկանում ենք խոսել Աստծո հետ, մենք աղոթում ենք։ Եվ երբ մենք ցանկանում ենք, որ Նա խոսի մեզ հետ, մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները»։9

Սուրբ գրությունները նաև ուսուցանում են մեզ, թե ինչպես ստանալ անձնական հայտնություն:10 Եվ մենք խնդրում ենք այն, ինչ ճիշտ է ու բարի11 և ոչ թե այն, ինչ հակասում է Աստծո կամքին:12 Մենք «անտեղի չենք խնդրում» ոչ պատշաճ դրդապատճառներով՝ առաջ մղելու մեր սեփական օրակարգը կամ կատարելու սեփական հաճույքը:13 Նախ և առաջ մենք պետք է խնդրենք Երկնային Հորը Հիսուս Քրիստոսի անունով,14 հավատալով, որ կստանանք:15

Շրջանակի երկրորդ տարրն այն է, որ մենք անձնական հայտնություն ենք ստանում միայն մեր իրավասության ոլորտում, և ոչ թե ուրիշների արտոնության սահմաններում: Այլ կերպ ասած, մենք թռչում ենք և վայրէջք կատարում մեզ համար նշանակված վազքուղում։ Ճիշտ սահմանված վազքուղիների կարևորությունը ուսուցանվել է Վերականգնման պատմության վաղ օրերում: Հայրամ Փեյջը՝ Մորմոնի Գրքի ութ վկաներից մեկը, պնդում էր, որ հայտնություններ էր ստանում ողջ Եկեղեցու համար։ Մի քանի անդամներ խաբվեցին և սխալ ազդեցության տակ ընկան:

Ի պատասխան՝ Տերը հայտնեց, որ «այս Եկեղեցում ոչ ոք չի նշանակվի՝ ստանալու պատվիրաններ ու հայտնություններ, բացի իմ ծառա Ջոզեֆ Սմիթից, մինչև որ… մեկ ուրիշի նշանակեմ … նրա տեղը»:16 Վարդապետությունը, պատվիրանները և հայտնությունը Եկեղեցու համար ապրող մարգարեի իրավասությունն է, որը ստանում է դրանք Տեր Հիուս Քրիստոսի կողմից:17 Դա մարգարեի վազքուղին է։

Տարիներ առաջ ես ստացա մի հեռախոսազանգ մի մարդուց, ով ձերբակալվել էր օրինազանցության համար: Նա ինձ ասաց, որ իրեն հայտնել էին, որ լրացուցիչ սուրբ գրություններ են թաղված մի շենքի ներքնահարկում, ուր նա փորձել էր մտնել: Նա պնդում էր, որ հենց որ ձեռք բերի լրացուցիչ սուրբ գրությունը, կստանա թարգմանության պարգևը, ի հայտ կբերի նոր սուրբ գրություն և կձևավորի վարդապետությունը և Եկեղեցու ուղղությունը: Ես ասացի, որ նա սխալվում էր, իսկ նա աղերսեց ինձ, որ աղոթեմ դրա մասին: Ես ասացի, որ չեմ աղոթի: Նա սկսեց վիրավորել ինձ և ավարտեց հեռախոսազանգը:18

Ես կարիք չունեի աղոթելու այս խնդրանքով` մեկ պարզ, բայց հիմնարար պատճառով. միայն մարգարեն է հայտնություն ստանում Եկեղեցու համար: Դա «հակառակ կլիներ Աստծո տնտեսությանը»,19 որ ուրիշները ստանային այդպիսի հայտնություն, որը պատկանում է մարգարեի վազքուղուն:

Անձնական հայտնությունը իրավամբ պատկանում է անհատներին: Դուք կարող եք ստանալ հայտնություն` օրինակ՝ թե որտեղ ապրել, թե ինչ մասնագիտություն ընտրել կամ ում հետ ամուսնանալ:20 Եկեղեցու ղեկավարները կարող են ուսուցանել վարդապետություն և կիսվել ոգեշնչված խորհրդով, բայց այդ որոշումների համար պատասխանատվությունը ձեզ վրա է դրված: Այդ հայտնությունը դուք եք ստանալու, դա ձեր վազքուղին է:

Շրջանակի երրորդ տարրն այն է, որ անձնական հայտնությունը ներդաշնակ կլինի Աստծո պատվիրաններին և ուխտերին, որոնք մենք կապել ենք Նրա հետ: Մտածեք մի աղոթք, որը որոշ չափով այսպես է հնչում. «Երկնային Հայր, Եկեղեցու ծառայությունները ձանձրալի են: Կարե՞լի է երկրպագեմ Քեզ կիրակի օրը լեռներում կամ ծովափին: Կարո՞ղ եմ արդյոք ազատվել Եկեղեցի գնալուց և հաղորդությունը ճաշակելուց, բայց դեռևս ունենալ Հանգստության օրը սուրբ պահելու համար խոստացված օրհնությունները»:21 Ի պատասխան այսպիսի աղոթքի՝ մենք կարող ենք ակնկալել Աստծո պատասխանը. «Զավակս, ես արդեն հայտնել եմ իմ կամքը հանգստության օրվա վերաբերյալ»:

Երբ մենք հայտնություն ենք խնդրում մի բանի մասին, որի համար Աստված արդեն հստակ ուղղություն է տվել, մենք պայմաններ ենք ստեղծում, որ մեր զգացմունքները սխալ մեկնաբանվեն, և մենք լսենք այն, ինչ ուզում ենք լսել: Մի մարդ մի անգամ պատմեց ինձ ընտանիքի ֆինանսական վիճակը հաստատուն դարձնելու իր մաքառումների մասին: Նա ուներ դրամական միջոցները յուրացնելու գաղափարը՝ որպես լուծում, աղոթեց դրա մասին և զգաց, որ հաստատական հայտնություն է ստացել դա անելու համար: Ես գիտեի, որ նա խաբվել էր, որովհետև ձգտել էր Աստծո պատվիրանին հակառակ հայտնության: Մարգարե Ջոզեֆ Սմիթը նախազգուշացրել է. «Ոչ մի բան ավելի մեծ վնաս չի հասցնում մարդկանց զավակներին, քան կեղծ ոգու ազդեցության տակ լինելը, մինչ նրանք մտածում են, որ ունեն Աստծո Հոգին»:22

Ոմանք գուցե մատնանշեն, որ Նեփին խախտեց պատվիրանը, երբ սպանեց Լաբանին: Այնուամենայնիվ, այդ բացառությունը չի ժխտում կանոնը, այն կանոնը, որ անհատական հայտնությունը ներդաշնակ կլինի Աստծո պատվիրաններին: Այս դրվագի ոչ մի հասարակ բացատրություն լիովին բավարար չէ, բայց ես կընդգծեմ մի քանի տեսակետներ: Դրվագը չսկսվեց Նեփիի հարցումով, թե արդյոք կարող էր սպանել Լաբանին: Դա այն չէր, ինչ նա կամենում էր անել: Լաբանին սպանելը Նեփիի անձնական օգտի համար չէր, այլ սուրբ գրություններ տալու ապագա ազգին և ուխտի ժողովրդին: Եվ Նեփին համոզված էր, որ դա հայտնություն էր` փաստորեն այդ դեպքում այն պատվիրան էր Աստծո կողմից:23

Շրջանակի չորրորդ տարրն է՝ ճանաչել այն, ինչ Աստված արդեն հայտնել է ձեզ անհատապես՝ միաժամանակ բաց լինելով Նրանից հետագա հայտնության համար: Եթե Աստված պատասխանել է որևէ հարցի և հանգամանքները չեն փոխվել, մենք ինչու պիտի սպասենք, որ պատասխանը տարբեր կլինի: Ջոզեֆ Սմիթը բախվեց այս խնդրահարույց սցենարին 1828 թվականին: Մորմոնի Գրքի առաջին մասը թարգմանվել էր, երբ Մարտին Հարրիսը՝ բարերար և վաղ շրջանի գրագիր, Ջոզեֆից թույլտվություն խնդրեց վերցնելու թարգմանված էջերը և ցույց տալու դրանք իր կնոջը: Չիմանալով ինչպես վարվել՝ Ջոզեֆն աղոթեց առաջնորդության համար։ Տերն ասաց նրան, որ թույլ չտար Մարտինին վերցնել էջերը:

Մարտինը խնդրեց, որ Ջոզեֆը նորից խնդրի Աստծուն: Ջոզեֆն այդպես արեց և զարմանալի չէ, որ պատասխանը նույնն էր։ Բայց Մարտինը աղաչեց Ջոզեֆին հարցնել երրորդ անգամ և Ջոզեֆն այդպես արեց: Այդ անգամ Աստված չասաց «Ոչ»: Փոխարենը, Աստված կարծես ասաց. «Ջոզեֆ, դու գիտես, թե ինչպես եմ վերաբերվում այդ հարցին, բայց դու ունես ընտրելու քո ազատ կամքը»: Ազատվելով կաշկանդվածությունից՝ Ջոզեֆը որոշեց թույլ տալ Մարտինին վերցնել 116 ձեռագիր էջերը և ցույց տալ դրանք ընտանիքի մի քանի անդամների: Թարգմանված էջերը կորան և այլևս չվերականգնվեցին: Տերը խիստ հանդիմանեց Ջոզեֆին:24

Ջոզեֆը սովորեց, ինչպես Մորմոնի Գրքի մարգարե Հակոբն էր ուսուցանել. «Մի փնտրեք խորհուրդ տալ Տիրոջը, այլ խորհուրդ վերցնել նրա ձեռքից: Քանզի … նա խրատում է իմաստությամբ»:25 Հակոբը նախազգուշացրեց, որ անհաջող բաներ են պատահում, երբ մենք խնդրում ենք այն, ինչ չպետք է խնդրենք: Նա կանխագուշակեց, որ Երուսաղեմի ժողովուրդը կփնտրի «բաներ, որոնք չէին [կարող] հասկանալ», կնայեն «նշանակետից այն կողմ», և լիովին կանտեսեն աշխարհի Փրկչին:26 Նրանք սայթաքեցին, որովհետև նրանք խնդրեցին բաներ, որոնք չէին կարող հասկանալ:

Եթե մենք անձնական հայտնություն ենք ստացել մեր վիճակի համար և հանգամանքները չեն փոխվել, Աստված արդեն պատասխանել է մեր հարցին:27 Օրինակ՝ մենք երբեմն կրկին ու կրկին հաստատում ենք խնդրում, որ մենք ներվել ենք: Եթե մենք ապաշխարել ենք, լցվել ենք ուրախությամբ և խղճի խաղաղությամբ և ստացել ենք մեր մեղքերի թողությունը, մենք չպետք է նորից խնդրենք, այլ կարող ենք վստահել Աստծո արդեն տված պատասխանին:28

Նույնիսկ, երբ մենք վստահում ենք Աստծո պատասխաններին, մենք պետք է բաց լինենք ապագա անձնական հայտնության համար: Ի վերջո, կյանքի քիչ նշանակման վայրեր են հասնում ուղիղ չվերթով: Մենք պետք է ընդունենք, որ անձնական հայտնությունը կարող է ստացվել «տող առ տող, ցուցում առ ցուցում»,29 այդ բացահայտված ուղղորդումը կարող է լինել և հաճախ աստիճանաբար ավելանալ:30

Անձնական հայտնության համար շրջանակի տարրերը համընկնում և ամրապնդում են միմյանց: Բայց այդ շրջանակում Սուրբ Հոգին կարող է և կբացահայտի այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ սավառնելու և ուխտի ճանապարհին թափը պահպանելու համար: Ուստի մենք կարող ենք օրհնվել Հիսուս Քրիստոսի զորությամբ, որպեսզի դառնանք այն, ինչ Երկնային Հայրն է կամենում, որ մենք լինենք: Ես հրավիրում եմ ձեզ վստահություն ունենալ՝ հայցելու անձնական հայտնություն ձեզ համար, հասկանալով թե Աստված ինչ է բացահայտել, համաձայն սուրբ գրությունների և պատվիրանների, որոնք Նա տվել է Իր նշանակած մարգարեների միջոցով և ձեր սեփական իրավասության ու ազատ կամքի սահմաններում: Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին կարող է և ցույց կտա ձեզ բոլոր բաները, որոնք դուք պետք է անեք,31: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը հետևողականորեն և արդյունավետորեն օգտագործել է ավիացիայի հետ կապված համանմանություններ` ուսուցանելու կարևոր ավետարանական ճշմարտություններ: Օրինակ՝ նա վերջերս օդաչուների նախաթռիչքային ստուգաթերթերը կապեց ուսուցանել Փրկչի ձևով «Ուսուցչի ստուգաթերթի» հետ ([հեռարձակում ուսուցիչների համար, հունիս 12, 2022], broadcasts.ChurchofJesusChrist.org):

  2. Սուրբ Հոգին Աստվածագլխի երրորդ անդամն է, որին հաճախ անվանում են Հոգի, Աստծո Հոգի, և կատարում է կարևոր դերեր փրկության ծրագրում: Նա վկայություն է տալիս Հոր և Որդու մասին, հայտնում բոլոր բաների ճշմարտությունը և սրբագործում նրանց, ովքեր ապաշխարում են և մկրտվում, և Խոստումի Սուրբ Հոգին է (տես Սուրբ Գրքերի ուղեցույց, «Սուրբ Հոգի», scriptures.ChurchofJesusChrist.org):

  3. Տես 2 Նեփի 31.19–21, Մոսիա 4.8: Չկա ոչ մի ուրիշ ճանապարհ, որով մենք «կարող ենք փրկվել Աստծո արքայությունում»: Այլ կերպ ցանկանալը այլընտրանքային ճանապարհ չի ստեղծի:

  4. 2 Նեփի 32.5, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 84․43-44։

  5. Տես 2 Նեփի 32.4, Ռասսել Մ. Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 93–96:

  6. Մատթեոս 7.7–8:

  7. Տես «Ընտանիք`հայտարարություն աշխարհին», «Երիտասարդ կանանց թեման», Ընդհանուր ձեռնարկ. Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 27.0; 27.2, ChurchofJesusChrist.org.

  8. Տես 2 Նեփի 32.3:

  9. Ռոբերտ Դ. Հեյլս, «Սուրբ գրություններ. Աստծո զորությունը մեր փրկության համար», Լիահոնա, նոյեմբեր 2006, 26–27։

  10. Սուրբ գրությունները սովորեցնում են, որ Սուրբ Հոգու ձայնը մեղմ է և հանդարտ, շշուկի նման, ոչ բարձր կամ աղմկոտ. այն պարզ է, հանգիստ և հստակ, դա կարող է լինել ծակող և այրող, այն ազդում է ինչպես մտքի, այնպես էլ սրտի վրա; այն բերում է խաղաղություն, ուրախություն և հույս, ոչ թե վախ, նեղվածություն և անհանգստություն. այն մեզ հրավիրում է բարին գործելու, ոչ թե չար. և դա լուսավորող է և հաճելի, ոչ առեղծվածային: Տես Գ Թագավորաց 19.11–12, Օմնի 1.25, Ալմա 32.28, Հելաման 5.30–33, 3 Նեփի 11.3, Մորոնի 7.16–17, Վարդապետություն և Ուխտեր 6.22–24, 8.2–3, 9.8–9, 11.12–14, 85.6, Բոյդ Ք. Փաքեր, «The Candle of the Lord», Ensign, հունվար 1983, 51–56, Ռասսել Մ. Նելսոն, «Լսիր Նրան», Լիահոնա, մայիս 2020, 88, Ռասսել Մ. Նելսոն, «Ընդունեք ապագան հավատքով», Լիահոնա, նոյեմբեր 2020, 73, Ռասսել Մ. Նելսոն, «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», 93-96։

  11. Sես 3 Նեփի 18.20, Մորոնի 7.26, Վարդապետություն և Ուխտեր 88․64-65:

  12. Տես Հելաման 10․5, Վարդապետություն և Ուխտեր 46․30։

  13. Հակոբոս 4.3, տես Հակոբոս 4.3 Նոր միջազգային տարբերակ, 2 Նեփի 4.35, Վարդապետություն և Ուխտեր 8.10, 46.7, 88.64–65:

  14. Տես Վարդապետություն և Ուխտեր 88․64-65, Սուրբ գրքերի ուղեցույց, «Աղոթք», scriptures.ChurchofJesusChrist.org։

  15. Տես 3 Նեփի 18.20, Մորոնի 7.26:

  16. Վարդապետություն և Ուխտեր 28․2, 7:

  17. Տես Վարդապետություն և Ուխտեր 21․4-5:

  18. Բարեբախտաբար, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նրա համար` ստանալու օգնություն և բուժում, որոնց կարիքը նա իսկապես ուներ:

  19. Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Ջոզեֆ Սմիթ (2007), 197:

  20. Տես Թոմաս Ս. Մոնսոն, «Ո՞ւմ հետ ես պետք է ամուսնանամ», New Era, Oct. 2004, 4:

  21. Տես Վարդապետություն և Ուխտեր 59․9-16:

  22. Joseph Smith, in Times and Seasons, Apr. 1, 1842, 744, josephsmithpapers.org.

  23. Տերը հաճախ փոխում, ուղղում կամ բացառություններ է անում Իր հայտնած պատվիրաններից, բայց դրանք արվում են մարգարեական հայտնության և ոչ թե անձնական հայտնության միջոցով: Մարգարեական հայտնությունը գալիս է Աստծո սահմանված կարգով նշանակված մարգարեին, համաձայն Աստծո իմաստության և հասկացողության: Այդ բացառությունները ներառում են Տիրոջ հայտնությունը Մովսեսին և Հեսուին, որ սպանեն Քանանի երկրի բնակիչներին չնայած Իր «Մի սպանիր» պատվիրանին (Ելից 20.13): Տերը Իր մարգարեի միջոցով կարող է և կուղղի Իր պատվիրանները Իր նպատակների համար: Սակայն մենք ազատ չենք անձնական հայտնության միջոցով փոխելու կամ անտեսելու Աստծո կողմից հաստատված պատվիրանները, որոնք Աստված հայտնել է Իր Եկեղեցուն մարգարեի միջոցով:

    Տես 1 Նեփի 4.12–18, for a fuller discussion, see Joseph Spencer, 1st Nephi: A Brief Theological Introduction (2020) 66–80:

  24. 116 ձեռագիր էջերի լրիվ պատմությունը տես Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 (2018), 44–53, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 3.5–15, 10.1–5:

  25. Հակոբ 4.10:

  26. Տես Հակոբ 4.14–16:

  27. Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է. «Մենք երբեք Աստծո ձեռքից հատուկ հայտնություն չենք խնդրում` բացի միայն այն դեպքից, երբ նախկինում այդ գործին համապատասխանող հայտնություն չի եղել» (in History, 1838–1856 [Manuscript History of the Church], volume A-1, 286–87, josephsmithpapers.org):

  28. Տես Մոսիա 4․3: Երբ մենք շարունակում ենք մեղքի զգացում և զղջում զգալ անկեղծ և կանխամտածված ապաշխարությունից հետո, դա սովորաբար Հիսուս Քրիստոսի և մեզ ներելու և բժշկելու Նրա ունակության հանդեպ հավատքի պակասի պատճառով է: Երբեմն մենք հավատում ենք, որ ներումը ուրիշների համար է, բայց դա ամբողջովին չի վերաբերում մեզ: Դա պարզապես հավատքի պակաս է նրա հանդեպ, թե Փրկիչը ինչ կարող է իրականացնել Իր անսահման Քավության շնորհիվ:

  29. Տես Եսայիա 28.10, 2 Նեփի 28.30,Դեյվիդ Ա. Բեդնար, «Տող առ տող, ցուցում առ ցուցում», New Era, Sept. 2010, 3-7։

  30. Բայց եթե Աստված չի տվել ձեզ հայտնություն, շարունակեք խնդրել: Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է. «Շարունակեք վստահությամբ: … Երբ արդար եք ապրում և գործում վստահորեն, Աստված թույլ չի տա, որ դուք շատ հեռուն գնաք առանց նախազգուշացնելու ձեզ, եթե դուք սխալ որոշում եք ընդունել» («Օգտագործելով աղոթքի երկնային պարգևը», Լիահոնա, մայիս 2007, 10)։

  31. Տես 2 Նեփի 32․5։