2020
Ինչպիսի՜ գեղեցիկ Զատիկի առավոտ
Ապրիլ 2020


Ինչպիսի՜ գեղեցիկ Զատիկի առավոտ

Հիսուս Քրիստոսն իմ Փրկիչն ու Քավիչն է։ Ես դժվարանում եմ հիշել, թե երբ եմ վկայություն ստացել, որ Նա հարություն է առել և հաղթել հոգևոր և ֆիզիկական մահին։ Դա միանգամից տեղի չի ունեցել։ Այս իրադարձությունների իսկության մեջ ես համոզվել եմ սուրբ գրություններն ուսումնասիրելու և դրանց շուրջ խորհելու ընթացքում, նաև աղոթքի միջոցով։ Ինձ համար դա հրաշք է և ուրախություն։ Եվ ես գիտեմ, որ Տերն Ինքն էլ ուրախացել է Իր հաղթանակով և Քավության պարգևով, որը Նա առաջարկել է որպես պարգև Իր սիրելի հոգևոր եղբայրներին և քույրերին։ Մինչ վերջերս խորհում էի հաղորդության ժողովի ընթացքում, ես հասկացա իմ արժեքը Աստծո աչքում։ Ես հասկացա, որ եթե Քրիստոսը Քավություն էր կատարել բոլորի համար, դա նաև ներառում էր ինձ։ Ոչ ոք ինձ չէր բաժանում Աստծո սիրուց․ «այս վերականգնումը պիտի գա բոլորին» (Ալմա 11․44)։ Ես նույնպես հարություն կառնեմ, ինչպես նաև իմ բոլոր նախնիները և իմ ընտանիքի բոլոր անդամներն ու ընկերները։ Մենք կրկին կտեսնենք իրար։ Բոլոր հիվանդությունները և թուլությունները կանհետանան։

Քավությունն ապահովում է Աստծո զորությունը՝ հավատը ամրացնելու, ապաշխարելու, կյանքի որակը բարելավելու, մեր սխալները տեսնելու և ուղղելու համար։ «Այդ նա է, որ գալիս է վեր առնելու աշխարհի մեղքերը, այո, յուրաքանչյուր մարդու մեղքերը, որը հաստատակամորեն հավատում է նրա անվանը» (Ալմա 5․48)։ «Ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն» (Վարդապետություն և Ուխտեր 19․16)։ Ես հասկացա, որ Երկնային Հայրն ուրախանում է, մինչ օրհնում է ինձ իմ հնազանդության համար։

Ես հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Իր արյունը հեղեց ինձ համար։ Իմ Երկնային Ծնողներն իսկապես ինձ համարում են իրենց դուստրը, սիրում և սպասում են, թե երբ եմ վերադառնալու երկրային առաքելությունս ավարտելուց հետո, որպեսզի սիրով իրենց գիրկն առնեն ինձ։