2020
Զատիկի փառահեղ առավոտ
Ապրիլ 2020


Զատիկի փառահեղ առավոտ

Մենք բոլորս գիտենք, որ Զատիկի առավոտը փառահեղ իրադարձություն է։ Ինչևէ, եթե դա մեր կյանքի առաջին Զատիկի առավոտը չէ, և մենք այլևս փոքր երեխաներ չենք, այդ առավոտը կարող է անցնել՝ առանց այդ մասին որևէ մտորումի։ Մենք կարող ենք ընկղմվել առօրյա գործերի մեջ, գնալ եկեղեցի, այցելել մեր բարեկամներին, ճաշել մեր ընտանիքներով, խաղեր խաղալ Զատիկի հավկիթներով և ուտել դրանք և երկար զրուցել ընթրիքի սեղանի շուրջ։

Սրանից խուսափելու համար, Զատիկի առավոտ արթնանալուն պես ես ժամանակ եմ տրամադրում խորհելու համար, թե ինչու է այդ առավոտն այդքան յուրահատուկ։ Առաջինը, ի՞նչ տեղի ունեցավ նախքան Զատիկի առավոտը և ի՞նչ տեղի ունեցավ այդ առավոտ։ Ես կարծում եմ, որ այդ իրադարձությունները երկնային պարգևներ էին, և ես փորձում եմ մտածել դրանց մասին, որքան հնարավոր է շատ, որպեսզի հիշեմ մանրամասները կամ նոր բան հասկանամ։

Գուցե դուք դժվարանում եք ամեն բան հասկանալ, ինչպես և ես, սակայն Զատիկի առավոտյան գալիս է հասկացողությունը, որ դա մեծ ծրագրի առանցքային մասն է, մաս, որը կարևոր է մեր ներկա կյանքի համար։ Հիսուս Քրիստոսի գործած բոլոր հրաշքները, Նրա ուսմունքները, Նրա տառապանքը և խաչի վրա բարձրանալը, Նրա համբարձումը, այդ ամենը արվել է լոկ մեզ համար։ Նրանց համար, որ ապրել են, և նրանց համար, որ ապրում են ներկայումս՝ յուրաքանչյուրի համար։ Ես նաև կասեմ, որ Աստված ցույց տվեց մեզ Իրեն Քրիստոսի միջոցով, որը պարզապես մաքուր սերն էր և է։ Ահա, թե ինչու եմ կարծում, որ այդ բոլոր իրադարձությունները պարգև են։ Այն, ինչ տրվում է սիրով, պարգև է, իսկ սերը մեծագույն պարգևն է։

Ուստի, արթնանալուց և Հիսուս Քրիստոսի մասին մտածելուց հետո, առաջինը, ես սկսում եմ զգալ Երկնային Հոր սերն իմ հանդեպ անհատապես, ապա ես սկսում եմ զգալ այդ նույն սերը ուրիշների հանդեպ։ Ապա ես գնում եմ եկեղեցի և եկեղեցու երգչախմբի հետ երգում փառահեղ օրհներգեր Նրա համար, այցելում եմ ընտանիքիս, նստում նրանց հետ ընթրիքի սեղանի շուրջ և ուրախանում իմ ունեցածով։ Բայց այժմ ամեն բան լի է իմաստով և Զատիկի առավոտի հիշողությունն ապրում է իմ գիտակցության մեջ, որը լի է փոխված վերաբերմունքով և Հոգով։

Ինչպիսի՜ հաղթանակ, քանի որ Քրիստոսը հարություն առավ մեռելներից։ Նա բարձրացվեց խաչի վրա, որպեսզի հասանելի դառնա բոլորին։ Ես զգում եմ, որ Զատիկի առավոտի մասին մտածելով մոտենում եմ Աստծուն։ Այս առավոտը կարող է լավ հնարավորություն լինել մեզանից յուրաքանչյուրի համար՝ ամրացնելու մեր հավատը և հասկանալու դրա փառահեղ հաղթանակը։