Սեմինարիա
Մաս 7. Օր 1, 2 Նեփի 11-16


Մաս 7. Օր 1

2 Նեփի 11–16

Նախաբան

Եսայիա մարգարեն ապրել է Նեփիի ժամանակներից մոտավորապես 100 տարի առաջ: (Եսայիան սկսել է մարգարեանալ մոտավորապես 740թ. Ք.ա. և շարունակել է մարգարեանալ 40 տարուց ավելի` մինչև 701թ. Ք.ա.. տես Աստվածաշնչի Բառարան, «Եսայիա»:) Շատ առումներով Նեփին կարող էր նույն հիացմունքն ու սերը տածել Եսայիայի նկատմամբ, որը մենք այսօր ունենք Մարգարե Ջոզեֆ Սմիթի հանդեպ: Նեփիի գրածներից մենք գիտենք, որ նա «հրճվում» էր Եսայիայի խոսքերով (տես 2 Նեփի 11.2): Ինչպես գրված է 2 Նեփի 12–16, Նեփին մեջբերել է Եսայիայի գրառումներից, որոնք գտնվում էին արույրե թիթեղներում: Այս գրառումներում նկարագրվում էր հին Իսրայելի հպարտությունը և ամբարշտությունը և դատաստանները, որ սպասվում էին նրանց: Եսայիան նաև պատմում է Տիրոջ մասին իր տեսիլքը, որում նա մաքրվել էր իր մեղքերից:

2 Նեփի 11.1–8

Նեփին հրճվում է Հիսուս Քրիստոսի վերաբերյալ Եսայիայի վկայությամբ

Մտածեք, թե երբ եք դուք տպավորվել Փրկչի վերաբերյալ որևէ մեկի վկայությամբ: Կարդացեք 2 Նեփի 11.2–3, և ներկայացրեք թե Նեփին, Հակոբը և Եսայիան ինչ փորձառություններ են ունեցել Հիսուս Քրիստոսի հետ կապված:

Տերը կանչել է մարգարեներին, որպեսզի վկայեն Իր մասին: Ուսումնասիրելով Հիսուս Քրիստոսի վկաների վկայությունները` մենք կարող ենք ամրացնել մեր հավատքն առ Հիսուս Քրիստոսը և ուրախանանք Նրանով:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք ձեր մտքերն այն մասին, թե ձեր կարծիքով, ինչու է կարևոր ունենալ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ բազմաթիվ մարգարեների վկայությունը:

2 Նեփի 11.4–6-ում գտեք Նեփիի կողմից չորս անգամ գործածված «հոգիս հրճվում է» արտահայտությունը: Դուք կարող եք դրանք նշել ձեր սուրբ գրություններում:

Ինչ-որ բանով «հրճվելը» ենթադրում է, որ մարդը մեծ վայելք է ապրում դրանով և որ այն մեծ ուրախություն է բերում:

  1. Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք երեք կամ ավելի «հոգիս հրճվում է» արտահայտությամբ նախադասություններ, որոնք ներկայացնում են ավետարանի բաղադրիչներ, որոնցով դուք հրճվում եք: Բացատրեք, թե դրանցից յուրաքանչյուրն ինչու է ձեզ ուրախացնում:

Կարդացեք 2 Նեփի 11.8 և գրեք, թե ըստ Նեփիի, Եսայիայի գրածները ուսումնասիրելուց ինչ արդյունքներ դուք կստանայիք:

2 Նեփի 12.1–5

Եսայիան մարգարեանում է, որ տաճար կվերականգնվի վերջին օրերում

Պատկերացրեք մի մեծ սար: Կարո՞ղ եք մտածել որևէ համեմատություն, որ կարող է տարվել սարի և տաճարի միջև:

Կարդացեք 2 Նեփի 12.2–3, 5, փնտրելով, թե ինչ Աստված խոստացավ վերականգնել վերջին օրերում: «Տիրոջ տան սարը» տերմինը նշանակում է Տիրոջ տաճար: Համաձայն այս հատվածների, ի՞նչ օրհնություններ կգան Տիրոջ տնից վերջին օրերում:

Նկար
Սոլթ Լեյքի Տաճարի գմբեթների սրաձողերը

Ձեր սուրբ գրություններում դուք կարող եք գրել նման մի բան. Աստված հաստատել է տաճարներ, որ սովորեցնի մեզ Իր ուղիների մասին և օգնի մեզ քայլել Իր շավիղներում (տես 2 Նեփի 12.3):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս են տաճարներն օգնում մեզ քայլել Տիրոջ շավիղներում:

    2. Ինչպե՞ս դուք կարող եք նախապատրաստվել տաճար մտնելու համար:

2 Նեփի 12–15

Այս դասը չի նախատեսում մանրամասն օգնություն` 2 Նեփի 12–15 հասկանալու համար: Այնուամենայնիվ, երբ դուք կարդաք և խորհեք այս գլուխները Մորմոնի Գրքի ձեր անձնական ընթերցանության ժամանակ, փնտրեք հպարտության և մեղքի հետևանքները: Հետևյալ մեկնաբանությունը կամ բացատրությունը նույնպես կօգնեն ձեզ ձեր ընթերցանության ժամանակ.

2 Նեփի 12.9–11: «Ռամիկ մարդը» (հատված 9) արտահայտությունը վերաբերվում է հասարակ կամ սովորական մարդուն: Թե «ռամիկ մարդը», թե «անվանի մարդը», եթե նրանք հպարտ են, կխոնարհեցվեն Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալստյան ժամանակ (տես հատված 11):

2 Նեփի 12.12–13: «Տիրոջ օրը» արտահայտությունը վերաբերվում է դատաստանի օրվան: Քրիստոսի Երկրորդ Գալուստը կլինի «Տիրոջ օրը», երբ ամբարիշտները կկործանվեն:

2 Նեփի 13–14: 2 Նեփի 13-ը Եսայիայի քննարկման շարունակությունն է, թե ինչ կպատահի, եթե իսրայելացիները շարունակեն իրենց ամբարշտությունը: Եսայիան իսրայելացի կանանց անվանում է «Սիոնի դուստրեր» (հատված 16), ընդունելով, որ նրանք ուխտի զավակներ են: Եսայիան նմանեցնում է նրանց հպարտ կնոջ, ով անիծված է Տիրոջ կողմից, և նրա բոլոր զարդերը և մյուս ֆիզիկական զարդարանքները վերցված են (տես 2 Նեփի 13.16–26): Ի հակադրություն, 2 Նեփի 14 ներառում է Եսայիայի նկարագրությունը, թե ինչ կպատահի, եթե Սիոնի դուստրերը խոնարհեցնեն իրենց, ապաշխարեն և դառնան դեպի Տերը: Եթե դուք ունեք ՎՕՍ հրատարակության Աստվածաշունչ, օգտագործեք Եսայիա 3–ի տողատակի ծանոթագրությունները, որոնք կօգնեն ձեզ հասկանալ 2 Նեփի 13.16–26:

Նկար
Եսայիա

2 Նեփի 15.8–22: Վայ բառը վերաբերվում է խորը վշտի մի վիճակի: Եսայիան այս հատվածներում օգտագործել է այն վեց անգամ, երբ նա ներկայացրել է իսրայելացիների մեղքերը: Եսայիան գիտեր, որ եթե իսրայելացիները չապաշխարեին, նրանց մեղքերի հետևանքները խորը վիշտ կբերեին, հատկապես դատաստանի ժամանակ: Եթե Եսայիան մարգարե լիներ երկրի վրա այսօր, նա կգտնե՞ր նույնատիպ մեղքեր, որ տեսել էր իսրայելացիների մեջ:

  1. Կարդացեք 2 Նեփի 15.20: Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք որոշ օրինակներ, երբ մարդիկ այսօր բարի բաները չար են կոչում, կամ չար բաները` բարի:

2 Նեփի 16.1–8

Եսայիան կանչվել է ծառայելու որպես մարգարե

Եսայիայի գրածները հարուստ են խորհրդանիշներով: Խորհրդանիշները ուղիներից մեկն են, որոնցով Տերը սովորեցնում է մեզ ավետարանի սկզբունքների մասին: Ինչպես գրված է 2 Նեփի 16–ում, Եսայիան նկարագրել է Տիրոջը տեսնելու իր փորձառությունը: Երբ դուք կարդաք 2 Նեփի 16, մտքում պահեք հետևյալ խորհրդանիշները և դրանց հնարավոր նշանակությունները.

Սերովբե. Հրեշտակներ, որոնք բնակվում են Աստծո ներկայության մեջ: Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, որ «Աստծո հրեշտակը երբեք թևեր չի ունենում» (History of the Church, 3:392): Հրեշտակի թևերը խորհրդանշում են նրանց շարժվելու և գործելու զորությունը:

Ծուխ. Կարող է մատնանշել Տիրոջ ներկայությունը (տես Հայտնություն ԺԵ.8):

Անմաքուր շրթունքներ. Անարժանություն:

Բոցավառվող ածուխ (կրակ). Մաքրագործող գործակալ, նման Սուրբ Հոգու մաքրագործող զորությանը:

Զոհասեղան. Բառացիորեն, զոհասեղանն այն վայրն էր, որտեղ կատարվում էին զոհաբերությունները: Այստեղ դա կարող է վերաբերվել զոհաբերությանը, որը կատարել էր Հիսուս Քրիստոսը մեր համար` Քավությունը:

  1. Կարդացեք 2 Նեփի 16.1–7 և ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք հետևյալ հարցերի պատասխանները.

    1. Ի՞նչ էր ասում սերովբեներից մեկը Զորաց Տիրոջ մասին:

    2. Ձեր կարծիքով, ի՞նչ ի նկատի ուներ Եսայիան, երբ նա ասում էր. «Վա~յ ինձ, քանզի ես կործանված եմ. որովհետև ես անմաքուր շրթունքներով մի մարդ եմ»: Ի՞նչը ստիպեց նրան հանկարծակի զգալ այդպես: (3 Նեփի 27.19 կարող է օգնել ձեզ:)

    3. Ի՞նչ պատահեց, որ փոխվեց Եսայիայի անարժան զգալը:

    4. Ինչպե՞ս նախապատրաստեց այս փորձառությունը Եսայիային, որ դուրս գար մարդկանց մեջ և ուսուցաներ ապաշխարություն:

Եսայիայի կանչվելու ժամանակ սովորեցրած ամենամեծ ճշմարտություններից մեկն այն է, որ մենք կարող ենք մաքրվել մեր անարժանությունից Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: Խորհեք ժամանակների մասին, երբ ձեր կյանքում զգացել եք Քավության մաքրագործող զորությունը:

  1. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 11–16 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.