Սեմինարիա
Մաս 8. Օր 1, 2 Նեփի 26–27


Մաս 8. Օր 1

2 Նեփի 26–27

Նախաբան

Նեփին կանխատեսել էր Հիսուս Քրիստոսի այցը Ամերիկաներ և կործանումը, որ ավելի ուշ գալու էր իր ժողովրդի վրա: Նեփին նաև տեսել էր նրանց, ովքեր ապրելու են վերջին օրերում և նախազգուշացրել է նրանց զերծ մնալ հպարտությունից, գաղտնի խմբակցություններից և քահանայանենգությունից: Լուսաբանելու համար, թե ինչպես Տերը ուղի կպատրաստի մեզ համար, որպեսզի հաղթահարենք ամբարշտության և ուխտադրժության հետևանքները, Նեփին ներառել է Եսայիայի մարգարեությունները վերջին օրերում Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մասին:

2 Նեփի 26

Նեփին մարգարեանում է վերջին օրերի մասին և հրավիրում է բոլորին գալ դեպի Քրիստոսը

Դուք երբևէ տեսե՞լ եք երկրաշարժ, ուժեղ կայծակ կամ այլ ավերիչ իրադարձություն կամ դրանց նկարները կամ տեսագրությունները: Նեփին տեսել էր, որ վերջին օրերում երկրի բնակիչներին «կայցելեն որոտները և կայծակները, երկրաշարժերը և ամեն ձևի ավերումները» (2 Նեփի 26.6): Ի՞նչ մտքեր եք ունենում, երբ կարդում եք «Տիրոջ բարկության» (2 Նեփի 26.6) կամ «Աստծո դատաստանների» (2 Նեփի 25.3) մասին: Աստծո դատաստանների նպատակն է օրհնել Իր զավակներին` ամբարիշտներին բերել ապաշխարության և պաշտպանել արդարներին: 2 Նեփի 26.1–11-ում Նեփին մարգարեացել է ավերումների մասին, որոնք նախորդելու էին Հիսուս Քրիստոսի այցին Ամերիկաներում և իր ժողովրդի վերջնական կործանման մասին` նրանց ամբարշտության պատճառով: Կարդացեք 2 Նեփի 26.8–9 և փնտրեք օրհնություններ, որոնք Նեփին ասաց, որ կտրվեն իր արդար հետնորդներին: Ապա կարդացեք 2 Նեփի 26.12–13 և փնտրեք, թե ինչ է մեզ խոստացված, եթե մենք հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոսը:

  1. Հիսուս Քրիստոսը Իրեն հայտնի է դարձնում նրանց, ովքեր հավատք են գործադրում առ Նա և համբերում են արդարակեցությամբ: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք ձեր պատասխանները հետևյալ հարցերին.

    1. Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսը հայտնվում նրանց, ովքեր հավատում են Իրեն: (Տես 2 Նեփի 26.13:)

    2. Ինչպե՞ս եք դուք վկա եղել կամ փորձառություն ունեցել Հիսուս Քրիստոսի մասին այս հայտնություններից ոմանց հետ կապված:

2 Նեփի 26.14–19-ում Նեփին մարգարեացել է, որ վերջին օրերում, նրանից հետո, երբ իր ժողովուրդը և իր եղբայրների սերունդը անհավատության պատճառով ամբարիշտ կդառնան, առաջ կգա Մորմոնի Գիրքը: 2 Նեփի 26.20–22-ում նա նկարագրել է, թե որքան մարդիկ վերջին օրերում լցված կլինեն հպարտությամբ, կմերժեն Աստծո հրաշքները և կապավինեն իրենց իսկ իմաստությանը և սովորածին: Ի՞նչ օրինակներ եք դուք տեսել Նեփիի մարգարեության իրականացած լինելու վերաբերյալ:

Նեփին նախազգուշացրել է մեզ, որ դևը օգտագործում է հպարտությունը, ագահությունը և գաղտնի գործերը մեզ խորտակելու կամ կործանելու համար: Ձեր սուրբ գրություններում 2 Նեփի 26.22–ի կողքին նշեք, թե ինչպես է Սատանան փնտրում կապել մեզ: Վուշե պարանը բաղկացած է բարակ բամբակե թելերից, որոնք կարող են հեշտությամբ կտրվել: Այնուամենայնիվ, երբ միահյուսվում են բազմաթիվ թելեր, դրանք դառնում են ամուր պարան: Կարդացեք 2 Նեփի 26.32 և ուշադրություն դարձրեք «խավարի գործերի» օրինակների վրա, որոնցից Տերը մեզ պատվիրում է խուսափել: Խորհեք, թե ինչպես կարող է մեկ թելը դառնալ «ամուր պարան» 2 Նեփի 26.32-ում:

  1. Պատկերացրեք, որ դուք սովորեցնում եք ձեր ընկերներից մեկին, թե ինչպես խուսափել դևի (Սատանայի) ծուղակներից: Օգտվելով 2 Նեփի 26.20–22, 32` գրեք մի պարբերություն ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում, որը բացատրում է գործընթացը, որով դևը փնտրում է կապել մեզ: 2 Նեփի 26.22-ում հատուկ ուշադրություն դարձրեք, թե ինչպես է հակառակորդը օգտագործում վուշե պարաններ, մինչև նրա զոհը կապվում է ավելի ամուր պարաններով, և բերեք օրինակ:

Նեփին տեսավ հակառակորդի պատճառած կործանումը և նախազգուշացրեց վերջին օրերում Սատանայի ծուղակների և ազդեցությունների մասին: Ի հակադրություն Սատանայի խավարի գործերի` Նեփին ուսուցանեց, որ Աստծո սերը տարածվում է բոլորի վրա և որ Նրա նպատակն է փրկել բոլոր նրանց, ովքեր կգան Իր մոտ: Կարդացեք 2 Նեփի 26.23–24 և ընդգծեք բառեր և արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե ինչպես է Աստված աշխատում Իր զավակների հետ: Համաձայն 2 Նեփի 26.24, ո՞րն է Աստծո նպատակը բոլոր բաներում, որ Նա անում է: Դուք կարող եք ընդգծել արտահայտությունը, որն ուսուցանում է այս վարդապետությունը. Ամեն բան, որ Տերն անում է, աշխարհի օգտի համար է:

  1. Ձեր սուրբ գրությունների օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Հասկանալը, որ բոլոր բաները, որ Տերն անում է, անում է աշխարհի օգտի համար, ինչպե՞ս է օգնում ձեզ մեծացնել ձեր հավատքն առ մեր Երկնային Հայրը և տալիս ձեզ խաղաղություն և վստահություն այս կյանքում:

Արագ աչքի անցկացրեք 2 Նեփի 26.25–28, 33 և ամեն անգամ նշեք բոլոր, որևէ մեկին և ոչ ոքի բառերը, երբ հանդիպեք դրանց: Ապա ետ դարձեք և վերընթերցեք այս հատվածները, հատուկ ուշադրություն դարձնելով այս բառերի վրա և թե ինչպես Նեփին ուսուցանեց, որ Տերը սիրում է բոլոր մարդկանց և հրավիրում է բոլորին գալ Իր մոտ և ճաշակել Իր փրկությունից: Խորհեք, թե ինչպես է այս սկզբունքն ազդում այն բանի վրա, թե ինչպես եք դուք տեսնում պատվիրանները, չափանիշները և այլ մարդկանց:

  1. Կարդացեք 2 Նեփի 26.29–31: Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք երկու կամ երեք քահանայանենգության առանձնահատկություններ, որոնք նշված են հատված 29-ում և հետո պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ են քահանայանենգումները վնասում Եկեղեցուն:

    2. Համաձայն 2 Նեփի 26.30, քահանայանենգումներն ինչպես են արգելվում:

2 Նեփի 27.1–23

Նեփին մարգարեանում է Մորմոնի Գրքի առաջ գալու մասին

Նկար
Աստվածաշնչեր տարբեր լեզուներով
  1. Ձեր սուրբ գրությունների օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս դուք գիտեք (կամ ինչու եք դուք հավատում), որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է:

Տերը Եսայիա մարգարեին հայտնել էր մանրամասներ Մորմոնի Գրքի առաջ գալու վերաբերյալ, որոնք Նեփին արձանագրել է 2 Նեփի 27–ում: Այն բանից հետո, երբ Եսայիան մարգարեացել էր, որ վերջին օրերում շատ մարդիկ լցված կլինեն անօրինությամբ և կմերժեն մարգարեներին, նա ուսուցանեց, որ Աստված ի հայտ կբերի հին գրություններով մի գիրք (տես 2 Նեփի 27.1–7): Կարդացեք 2 Նեփի 27.12–14 և փնտրեք, թե ինչ է այն սովորեցնում, որ կանի Տերը, որպեսզի հաստատի գրքի ճշմարտությունը, որն առաջ կգա վերջին օրերում:

Ուղիներից մեկը, որով Տերը հաստատեց Մորմոնի Գրքի ճշմարտացիությունը, այլ անձանց թույլ տալն էր, որ տեսնեին ոսկե թիթեղները: Օլիվեր Քաուդերին, Դեյվիդ Ուիթմերը և Մարտին Հարրիսը ընտրվել էին որպես Երեք Վկաներ, որոնց մասին խոսվում է 2 Նեփի 27.12–ում: (Տես «Երեք վկաների վկայությունը» Մորմոնի Գրքի սկզբում:)

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բերել է իր սեփական վկայությունը Մորմոնի Գրքի վերաբերյալ.

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

«Ես վկայում եմ, որ ոչ ոք չի կարող լիակատար հավատք ունենալ այս վերջին օրերի աշխատանքի հանդեպ և լիակատար խաղաղություն և հանգստություն գտնել մեր ժամանակներում, եթե չի ընդունում Մորմոնի Գրքի աստվածային լինելը և Տեր Հիսուս Քրիստոսին, որի մասին այն վկայում է: …

Ես խնդրում եմ, որ իմ վկայությունը Մորմոնի Գրքի և այն ամենի մասին, ինչ այն պարունակում է, որը ես բերում եմ այստեղ իմ երդման և պաշտոնի ներքո, գրանցվի մարդկանց կողմից երկրի վրա և հրեշտակների կողմից երկնքում: … Ես ցանկանում եմ, որ երբ կանգնեմ Աստծո ատյանի առջև, լիովին պարզ լինի, որ ես վկայել եմ աշխարհին պարզ ու մաքուր լեզվով, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, որ այն ի հայտ է եկել այնպես, ինչպես Ջոզեֆն է ասել, և տրվել է, որպեսզի երջանկություն և հույս պարգևի հավատարիմներին այս վերջին նեղության օրերին» («Ապահովություն հոգու համար», Լիահոնա, նոյեմբեր 2009, 89–90):

Խորհեք այն մասին, թե ինչ կարող եք դուք անել Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին ձեր համոզվածությունը ամրացնելու համար:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչ եք դուք անելու այս տարի, որ ամրացնեք ձեր վկայությունը Մորմոնի Գրքի ճշմարտացիության վերաբերյալ:

Հետևյալ վարժությունը լրացնելու համար դուք պետք է անդրադառնաք Ջոզեֆ Սմիթ- Պատմություն գրքին, որը գտնվում է Թանկագին Մարգարիտում: Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.63–65 և ներկայացրեք ներգրավված անձանց: Այնուհետև կարդացեք ստորև տրված ցանկի 2 Նեփի 27–ից հանձնարարված հատվածները և համընկեցրեք անունները յուրաքանչյուր հատվածի հետ:

  1. Չարլզ Անտոն

  2. Ջոզեֆ Սմիթ

  3. Մարտին Հարրիս

Նկար
Մորմոնի Գիրքը և հնադարյան գրերը

Գրերը բառը Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.63–65-ում վերաբերվում է բարեփոխված եգիպտական գրերին, որոնք Ջոզեֆ Սմիթը արտագրել և թարգմանել էր ոսկյա թիթեղներից, որը Մարտին Հարրիսը ներկայացրել էր Պրոֆեսոր Չարլզ Անտոնին: Չարլզ Անտոնը Կոլումբիա քոլեջի ուսուցիչ էր և մարդ, ով ուներ հնագույն լեզուներ իմանալու համբավը: Գրավոր կերպով ձևակերպելուց և պաշտոնապես հայտարարելուց հետո, որ գրերի Ջոզեֆ Սմիթի թարգմանությունը ճիշտ է, Պրոֆեսոր Անտոնի հավանությունը թարգմանության վերաբերյալ ավելի մեծացավ, երբ նրան ասացին թիթեղները ձեռք բերելու հրաշալի ուղու մասին: Նա առաջարկեց, որ ինքը թարգմաներ հիշատակարանը: Երբ Մարտին Հարրիսը բացատրեց, որ թիթեղների որոշ մասը կնքված էր, Պրոֆեսոր Անտոնն ասաց, որ նա չէր կարող կարդալ կնքված գիրք: Համաձայն 2 Նեփի 27.16, ի՞նչ ենք մենք իմանում թիթեղները թարգմանել ցանկանալու Չարլզ Անտոնի դրդապատճառների մասին:

Կարդացեք 2 Նեփի 27.20–23 և նշեք արտահայտությունը, որը կրկնվում է 20 և 21 հատվածներում:

  1. Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե ինչպես է մինչ այժմ 2 Նեփի 27.1–23–ում ձեր ուսումնասիրածը հաստատում, որ Աստված կարող է կատարել Իր գործը: (Եթե ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկություն Մորմոնի Գրքի առաջ գալու վերաբերյալ, տես ՎևՈՒ 20.8–12:)

Դուք կարող եք գրել հետևյալ ճշմարտությունը ձեր սուրբ գրություններում. Մորմոնի Գրքի առաջ գալը ուղիներից մեկն է, որով Աստված կկատարի Իր գործը վերջին օրերում:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում պատասխանեք հետևյալ հարցին. Ինչպե՞ս է Մորմոնի Գրքի մասին հնադարյան մարգարեության իրականացումը ամրացնում գրքի վերաբերյալ ձեր վկայությունը և դրա դերը Տիրոջ Եկեղեցու Վերականգնման հարցում:

2 Նեփի 27.24–35

Նեփին մարգարեանում է Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի դրական ազդեցության մասին

Նկար
Ջոզեֆ Սմիթը Սրբազան Պուրակում

Աստված ընտրեց Ջոզեֆ Սմիթ անունով պատանուն, որ լիներ Վերականգնման մարգարեն և առաջ բերեր Իր հրաշալի գործը վերջին օրերում: «Հրաշալի գործը», որին անդրադառնում են սուրբ գրությունները, Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումն է, որը ներառում է Մորմոնի Գրքի առաջ գալը: Կարդացեք 2 Նեփի 27.25–26, ընդգծեք «զարմանալիք և զարմանք» արտահայտությունը և ներկայացրեք որոշ պայմաններ, որոնք գոյություն կունենան, երբ Տերը կսկսի այս զարմանալի գործը: Խորհեք, թե ինչպես են Մորմոնի Գիրքը և Վերականգնումն օգնել ձեզ խուսափել այդ պայմաններից:

Կարդացեք 2 Նեփի 27.29–30, 34–35 և նշեք օրհնությունները, որոնք գալիս են Մորմոնի Գրքի առաջ գալու և Վերականգնման շնորհիվ: Մորմոնի Գիրքը և վերականգնված ավետարանը ուրախություն և հասկացողություն կպարգևեն նրանց, ովքեր կուսումնասիրեն և կընդունեն դրանք:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալ հարցի ձեր պատասխանը. Ինչպե՞ս է ավետարանի Վերականգնումը, որը ներառում է Մորմոնի Գրքի առաջ գալը, «զարմանալի գործ» եղել ձեր կյանքում:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 26–27 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.