Սեմինարիա
Մաս 20. Օր 1, Ալմա 39


Մաս 20. Օր 1

Ալմա 39

Նախաբան

Ալման հանդիմանում է իր կամակոր որդի Կորիանթոնին, ով թողեց իր ծառայությունը և լուրջ սեռական մեղք գործեց: Ալման Կորիանթոնին ուսուցանեց իր արարքի լրջությունը և արտահայտեց իր հիասթափությունն առ այն, որ Կորիանթոնը գործեց այդպիսի լուրջ մեղք: Ալման Կորիանթոնին պատվիրեց չգնալ «աչքերի տենչանքների հետևից» և ապաշխարել (Ալմա 39.9): Ալմայի ուղերձը Կորիանթոնին կարող եք կարդալ Ալմա 39–42:

Ալմա 39.1–6

Ալման իր որդի Կորիանթոնին բացատրում է սեռական մեզքի լրջությունը

Մտածեք հետևյալ նախադասության շուրջ. Որոշ մեղքեր ավելի լուրջ են, քան մյուսները:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին. Դուք համաձա՞յն եք, որ որոշ մեղքեր ավելի լուրջ են, քան մյուսները: Ինչո՞ւ այո, կամ ինչու ոչ:

Ինչպես գրված է Ալմա 39 գլխում, Ալման իր որդի Կորիանթոնին այնպիսի խորհուրդ է տալիս, որը կարող է օգնել ձեզ հասկանալ որոշ մեղքերի լուրջ բնույթը: Կորիանթոնը Ալմային ու Սիբլոնին ուղեկցում էր զորամացիներին քարոզելու միսիայի ժամանակ: Այդ ընթացքում Կորիանթոնը լուրջ սեռական մեղք է գործում:

Կարդացեք Ալմա 39.1–4 և ուշադրություն դարձրեք, թե ինչ սխալ բան էր արել Կորիանթոնը: Այս հատվածներն ավելի լավ հասկանալու համար օգտակար կլինի իմանալ, որ պոռնիկը անբարոյական կինն է կամ մարմնավաճառը: Կարևոր է հասկանալ, որ «Տերը, չի կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել» (ՎևՈՒ 1.31): Սեռական մեղքերը շատ լուրջ են: Նաև ուշադրություն դարձրեք, որ Կորիանթոնը հատուկ թողել էր իր միսիան, որպեսզի գնար պոռնիկ Իզաբելի հետևից, որն էլ ավելի էր ծանրացնում նրա մեղքը:

Կարդացեք Ալմա 39.5 և տեսեք, թե ինչպես է Ալման բացատրում սեռական մեղքի տարբերությունը այլ մեղքերի հետ համեմատած: Պղծությունը այն ամենն է, ինչը մեղսակից է, ամբարիշտ կամ զզվելի: Այս հատվածներից մենք իմանում ենք, որ սեռական մեղքը պղծություն է Տիրոջ աչքում: Խորհեք, թե, ձեր կածիքով, ինչու է սեռական մեղքը դասվում մարդասպանության կողքին իր լրջությամբ:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը տվել է բացատրությունն այն բանի, թե ինչու է սեռական մեղքը համարվում պղծություն Տիրոջ աչքում. «Այդպիսի կարևորություն տալով համընդհանուր շնորհված մարմնական ախորժակին, ի՞նչ է Աստված փորձում ասել մեզ դրա դերի մասին` տղամարդկանց և կանանց Նրա ծրագրում: Ես ներկայացնում եմ ձեզ, որ Նա դա հատուկ անում է—մեկնաբանելով կյանքի ծրագիրը: Ակնհայտ է, որ մահկանացու կյանքի Նրա ամենամեծ մտահոգություններից մեկն այն է, թե ինչպես է մարդը գալիս այս աշխարհ և ինչպես է մարդը գնում այս աշխարհից: Նա շատ խիստ սահմանափակումներ է դրել այդ հարցի շուրջ» (“Personal Purity,” Ensign, Nov. 1998, 76):

Կարդացեք հետևյալ պարբերությունը և նշեք հետևյալ հարցերի պատասխանները. Որո՞նք են սեռական անարատությունը պահելու մի քանի օրհնությունները:

«Ֆիզիկական մտերմությունը ամուսինների միջև սքանչելի և սուրբ է: Այն կարգված է Աստծո կողմից` երեխաներ ստեղծելու և միմյանց հանդեպ սեր արտահայտելու համար: Աստված պատվիրել է սեռական մտերմությունը պահպանել ամուսնության համար:

Երբ դուք սեռական անարատություն ունեք, դուք պատրաստում եք ձեզ կապելու և պահելու տաճարի սուրբ ուխտերը: Դուք պատրաստվում եք կառուցելու ամուր ամուսնություն և երեխաներ բերել աշխարհ՝ որպես հավերժական և սիրող ընտանիքի մաս: Դուք պաշտպանում եք ձեզ հոգևոր և էմոցիոնալ վնասներից, որոնք սպառնում են ամուսնությունից դուրս սեռական կապ ունենալուց: Դուք նաև պաշտպանում եք ձեզ վնասակար հիվանդություններից: Սեռական անարատություն պահելը օգնում է ձեզ վստահ և իսկապես երջանիկ լինել, և մեծացնում է այժմ և ապագայում լավ որոշումներ ընդունելու ձեր ունակությունը»: (Երիտասարդներին զորացնելու համար [ձեռնարկ, 2011], 35):

Այժմ կարդացեք հետևյալ պարբերությունները, փնտրելով հետևյալ հարցի պատասխանը. Որո՞նք են սեռական անարատության Տիրոջ չափանիշները:

«Սեռական անարատության վերաբերյալ Տիրոջ չափանիշը հստակ է և անփոփոխ: Մի ունեցեք սեռական որևէ հարաբերություն ամուսնությունից առաջ, և ամբողջովին հավատարիմ եղեք ձեր ամուսնուն ամուսնությունից հետո: Մի թույլ տվեք, որ լրատվամիջոցները, ձեր հասակակիցները կամ ուրիշները համոզեն ձեզ, որ սեռական մտերմությունը ամուսնությունից առաջ ընդունելի է: Դա այդպես չէ՛: Աստծո աչքում, սեռական մեղքերը ծայրահեղ լուրջ են: Դրանք պղծում են կյանք ստեղծելու Աստծո կողմից մեզ տված զորությունը: Ալմա մարգարեն ուսուցանել է, որ սեռական մեղքերը ավելի լուրջ են, քան որևէ այլ մեղք, բացի մարդասպանությունից կամ Սուրբ Հոգին մերժելուց (տես Ալմա 39.5):

Երբեք մի արեք այնպիսի բաներ, որոնք կարող են տանել սեռական մեղսագործության: Վերաբերվեք մյուսներին հարգանքով, ոչ թե որպես հեշտասեր և եսասեր ցանկությունների առարկա: Ամուսնությունից առաջ մի մասնակցեք կրքոտ համբյուրների, մի պառկեք մեկ այլ անձի վրա, մի դիպչեք մեկ այլ անձի մարմնի սուրբ և անձնական մասերի՝ հագուստով լինի, թե առանց հագուստի: Մի արեք որևէ այլ բան, որը սեռական զգացումներ է առաջացնում ուրիշի մոտ: Մի արթնացրեք նման զգացումներ ձեր մարմնում: Ուշադիր եղեք Հոգու հուշումներին, որպեսզի կարողանաք լինել մաքուր և առաքինի: Տիրոջ Հոգին կհեռանա նրանից, ով սեռական մեղքի մեջ է գտնվում:

Խուսափեք այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են մեծ գայթակղություն առաջացնել, օրինակ՝ ուշ երեկոյան կամ գիշերային ժամանցները տնից դուրս կամ այնպիսի միջոցառումներ, որտեղ մեծահասակների հսկողություն չկա: Մի մասնակցեք այնպիսի քննարկումների, ոչ էլ օգտվեք այնպիսի տեսալսողական միջոցներից, որոնք սեռական զգացումներ են արթնացնում: Մի մասնակցեք որևէ տեսակի մերկագրության: Հոգին կարող է օգնել ձեզ իմանալ, թե երբ եք դուք վտանգի առաջ կանգնած, և ուժ կտա ձեզ այդ իրավիճակից դուրս գալու համար: Հավատք ունեցեք և հնազանդ եղեք ձեր ծնողների և ղեկավարների արդար խորհուրդներին:

Համասեռամոլությունը լուրջ մեղք է թե՛ տղաների, թե՛ աղջիկների դեպքում: Եթե դուք պայքարում եք նույն սեռի հանդեպ հակվածությամբ կամ եթե ձեզ համոզել են ոչ պատշաճ գործողության մասնակցել, խորհուրդ փնտրեք ձեր ծնողներից և եպիսկոպոսից: Նրանք կօգնեն ձեզ:

Սեռական բռնության զոհերը մեղավոր չեն մեղքի համար և ապաշխարելու կարիք չունեն: Եթե դուք բռնության զոհ եք դարձել, իմացեք, որ դուք անմեղ եք և Աստված սիրում է ձեզ: Խոսեք ձեր ծնողների կամ վստահելի մեկ այլ չափահասի հետ, և անհապաղ հայցեք ձեր եպիսկոպոսի խորհուրդը: Նրանք կարող են սատարել ձեզ հոգեպես և օգնել ստանալ պաշտպանություն և անհրաժեշտ օգնությունը: Բուժման ընթացքը ժամանակ կարող է պահանջել: Վստահեք Փրկչին: Նա կբժշկի ձեզ և խաղաղություն կպարգևի:

Եթե դուք գայթակղվել եք սեռական որևէ տեսակի մեղսագործություն կատարելու, օգնություն հայցեք ձեր ծնողներից և եպիսկոպոսից: Աղոթեք ձեր Երկնային Հորը, որը կօգնի ձեզ դիմակայել գայթակղությանը և հաղթահարել ոչ պատշաճ մտքերը և զգացումները: Եթե դուք սեռական մեղսագործություն եք կատարել, խոսեք ձեր եպիսկոպոսի հետ և սկսեք ապաշխարության գործընթացը, որպեսզի կարողանաք խաղաղություն գտնել, և որ Հոգու լիարժեք ընկերակցությունը վերադառնա ձեզ:

Սեռական անարատություն ունենալու անձնական պարտավորություն վերցրեք ձեզ վրա: Ձեր խոսքերով և արարքներով խրախուսեք մյուսներին նույն կերպ վարվել» (Երիտասարդներին զորացնելու համար 35–37):

Խորհեք, թե, ելնելով ձեր կարդացածից, Տերն ինչպիսի ուղերձի վրա է ուզում, որ դուք կենտրոնանաք:

Ալմա 39.7–19

Ալման Կորիանթոնին հորդորում է ապաշխարել

Պատկերացրեք սեռական անարատության կարևորության մասին զրույց եք ունենում ձեր ծնողների, Երիտասարդ տղաների կամ Երիտասարդ կանանց ղեկավարների, կամ ձեր Եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ: Մտածեք, թե ինչպես կարձագանքեիք ձեր ծնողներին կամ Եկեղեցու ղեկավարներին, եթե նրանք խորհուրդ տաին ձեզ սեռական անարատության կարևորության մասին: Կարդացեք Ալմա 39.7–8, տեսնելու համար, թե որն էր Ալմայի` իր որդուն նրա գործած մեղքի կարևորության մասին ուսուցանելու նպատակը: Մտածեք, թե ձեր ծնողներին կամ Եկեղեցու ղեկավարներին ուղված ձեր պատասխանն ինչպես կփոխվեր, եթե իմանայիք, որ դա սիրալիր հրավերք է մնալու անարատ կամ ապաշխարել, որպեսզի խուսափեք Աստծո դատաստանից:

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիտսոֆերսոնը նկարագրել է, թե ինչու են ծնողները Ալմայի նման հորդորում իրենց երեխաներին ապաշխարել. «Ապաշխարելու հորդորը սիրո արտահայտումն է: … Եթե մենք ուրիշներին չենք հրավիրում փոխվելու կամ, եթե մենք ինքներս չենք ապաշխարում, մենք ձախողում ենք այն հիմնական պարտականությունը, որը մենք ունենք միմյանց և ինքներս մեր նկատմամբ: Թույլատրող ծնողը, ներողամիտ ընկերը, վախեցող Եկեղեցու ղեկավարը իրականում ավելի շատ մտահոգված են իրենցով, քան նրանց բարեկեցությամբ ու երջանկությամբ, ում կարող էին օգնել: Այո, ապաշխարության կոչը երբեմն կարող է անհանդուրժողական կամ վիրավորական լինել, նույնիսկ կարող է զայրացնող լինել, սակայն Հոգով առաջնորդվելով իրականում այն մեծագույն հոգատարության արարք է» («Ապաշխարելու աստվածային պարգևը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 39):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք հետևյալը. Ապաշխարությունը պահանջում է … Այնուհետև, Ալմա 39.9–14 հատվածները ուսումնասիրելուց հետո ցուցակ կազմեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում, թե ինչ ուսուցանեց Ալման Կորիանթոնին ապաշխարության վերաբերյալ, որը կօգնի ձեզ լրացնել այդ նախադասությունը:

Ալմայի խորհուրդը հասկանալու և կիրառելու համար օգտվեք հետևյալ հարցերից և մեկնաբանություններից: Ձգտեք գտնել և գրել առնվազն մեկ ճշմարտություն ամեն մի ներքոնշյալ հատվածներից, որը կօգնի սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում լրացնել նախադասությունը: Կարիք չկա հարցերին պատասխանել սուրբ գրությունների ուսումնասիրության ձր օրագրում:

Կարդացեք Ալմա 39.9: (Ալմա 39.9 հատվածը սուրբ գրությունների սերտման վարժություն է։ Կարող եք այն նկատելի ձևով նշել, որպեսզի հետագայում հեշտ գտնեք:) Ի՞նչ կապ ունեն «այլևս չգնայիր քո աչքերի տենչանքների հետևից» և «խաչ քաշիր բոլոր այդ բաների վրա» արտահայտությունները մեղքը թողնելու հետ:

Մեր օրերում «քո աչքերի տենչանքներ» արտահայտությունը մեծապես առնչվում է անբարոյականության հետ և պոռնոգրաֆիկ նկարների ու ժամանցի հետ: «Խաչ քաշիր» արտահայտությունը, ինչպես կիրառված է Ալմա 39.9, նշանակում է ինքդ քեզ զրկել ինչ-որ բանից: Այս արտահայտությունն այնքան էլ տարածված չէ այսօր: Այնուամենայնիվ, Ջոզեֆ Սմիթի օրերում խաչել բայի որոշ իմաստներն էին` «ջնջել, անտեսել: …Հակազդել … , դադարեցնել» (Noah Webster’s First Edition of an American Dictionary of the English Language, facsimile ed. [1967]): Եթե մենք այդ սահմանումները կիրառենք նրան, թե ինչ էր Ալման ուսուցանում իր որդուն, մենք կհասկանանք անբարոյականության բոլոր ասպեկտները (այդ թվում անբարոյականության գայթակղության աղբյուրները, որոնք մեր վերահսկողության տակ են) մեր կյանքից հեռացնելու կարևորությունը, որպեսզի մենք կարողանանք «ժառանգել Աստծո արքայությունը»: Որո՞նք են այն մի քանի եղանակները, որոնցով երիտասարդ Վերջին Օրերի Սրբերը կարող են իրենց համար սեռական անարատության սահման գծել և խուսափել գնալու իրենց աչքերի տենչանքների հետևից:

Կարդացեք Ալմա 39.10: Ինչպե՞ս կարող է հոգևոր սնուցման ձգտումը—ծնողների, Եկեղեցու ղեկավարների կամ մոտ ընկերների կողմից— օգնել ինչ-որ մեկին ապաշխարել:

Կարդացեք Ալմա 39.11–12 և խորհեք հետևյալ հարցի շուրջ.

  • Ապաշխարության ժամանակ ի՞նչ պետք է փոխվի մարդու սրտում, որպեսզի նա մեղք գործելու նպատակով դևի կողմից կրկին չմոլորվի:

  • Ինչպե՞ս կարող է իզուր և անմիտ բաներից խուսափելը օգնել մարդուն ապաշխարել:

Կարդացեք Ալմա 39.13: Հիշեք, որ Ալման Կորիանթոնին ասաց, որ եթե զորամացիները տեսնեին Կորիանթոնի արարքը, ապա նրանք չէին հավատա Ալմայի խոսքերին (տես Ալմա 39.11): Օգտակար կլինի իմանալ, որ սուրբ գրություններում «դառնալ դեպի Տերը» նշանակում է ապաշխարություն: Ապաշխարությունը դա «սիրտն ու կամքը դեպի Աստված դարձնելն է» (Bible Dictionary, “Repentance”):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապաշխարել ողջ ձեր «մտքով, կարողությամբ և ուժով»:

  • Եթե մեր մեղքերի պատճառով ուրիշները տուժում են, ի՞նչ մենք պետք է անենք որպես ապաշխարության մեր մաս:

  • Եթե լուրջ մեղք է գործվել, ինչո՞ւ է կարևոր դիմել եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի օգնությանը:

Ալմա 39.9–13 հատվածներից մենք սովորում ենք. Ապաշխարությունն իր մեջ ներառում է` մեր մեղքերի գիտակցումն ու թողնելը և դեպի Տերը դառնալը մեր ողջ մտքով, կարողությամբ և ուժով:

Մտածեք, թե, ձեր կածիքով, ինչ կցանկանար Տերը, որ դուք անեիք` ավելի լիարժեք ձեր սիրտն ու կամքը դեպի Նա դարձնելու համար: Ի՞նչ կարող եք անել այժմ այդ հուշումներով գործելու համար:

Առանց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության ձեզ համար հնարավոր չէր լինի ներվելու ձեր մեղքերից: Կարդացեք Ալմա 39.15–16, 19 և ուշադրություն դարձրեք, թե ինչպես Ալման նկարագրեց այն միտքը, որ Հիսուս Քրիստոսը կգա և վեր կառնի աշխարհի մեղքերը:

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք, թե ինչու է Հիսուս Քրիստոսի գալուստը լավ լուր Կորիանթոնի և ձեզ համար:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտման հատված—Ալմա 39.9

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռիչարդ Գ. Սքոթը հետևյալն է ասել սուրբ գրությունները հիշելու վերաբերյալ.

«Սուրբ գրություններ կարդալը, խորհելը, ուսումնասիրելը և հիշելը կարծես նման է մի պահարանի, որը լցնում ես ընկերներով, արժեքներով և ճշմարտություններով, որոնց կարող ես կանչել ցանկացած ժամանակ, աշխարհի ցանկացած վայրում:

Սուրբ գրությունները հիշելիս կարող եք ստանալ մեծ ուժ: Սուրբ գրությունները հիշելով հաստատում եք նոր բարեկամություն: Այն կարծես նոր մարդու հետ ծանոթանալուն է նման, ով կարող է օգնել անհրաժեշտության պահին, տալ ոգեշնչում և մխիթարանք և լինել անհրաժեշտ փոփոխության շարժառիթի աղբյուր» («Սուրբ գրությունների զորությունը», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2011, 6):

  1. Փորձեք անգիր հիշել Ալմա 39.9 հատվածը: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք մեկ կամ երկու նախադասություն այն մասին, թե ինչպես կարող է այս հատվածի անգիր անելը պաշտպանել ձեզ գայթակղության պահին:

  2. Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Ալմա 39 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.