Սեմինարիա
Մաս 9. Օր 1, 2 Նեփի 32


Մաս 9. Օր 1

2 Նեփի 32

Նախաբան

«Նեղ և անձուկ արահետի [մասին ուսուցանելուց հետո], որը տանում է դեպի հավերժական կյանք» (2 Նեփի 31.18), Նեփին տեսավ, որ իր ժողովուրդը խորհում էր, թե ինչ պետք է անի այդ արահետը սկսելուց հետո: Նա պատասխանեց նրանց հարցերին, խրախուսելով նրանց «սնվել Քրիստոսի խոսքերով» և «միշտ աղոթել» (2 Նեփի 32.3, 9): Նա վստահեցրեց նրանց, որ եթե նրանք անեն այս բաները, Սուրբ Հոգին կօգներ նրանց իմանալ, թե ինչ անել:

2 Նեփի 32.1–7

Նեփին մեզ խորհուրդ է տալիս փնտրել աստվածային առաջնորդություն Հիսուս Քրիստոսի խոսքերի միջոցով

Խորհեք մի ժամանակի մասին, երբ մեկը ձեզ ցուցումներ է տվել մի վայրից մեկ այլ վայր տեղափոխվելու համար: Հե՞շտ է եղել հասկանալ այդ ցուցումները, թե դժվար: Ինչո՞ւ է կարևոր, որ մեկը տա պարզ ցուցումներ:

Նախորդ դասի ժամանակ դուք ուսումնասիրեցիք որոշ ցուցումներ, որոնք Նեփին տվեց իր ժողովրդին: Այս ցուցումներով կիսվելուց հետո նա ասաց. «Սա է ճանապարհը» (2 Նեփի 31.21): Արագ աչքի անցկացրեք 2 Նեփի 31.17–18 և քննեք, թե ինչպես է մարդը սկսում հավերժական կյանքի արահետը: Ապա կարդացեք 2 Նեփի 32.1 և փնտրեք հարցը, որը կար մարդկանց սրտում այն բանի վերաբերյալ, ինչը Նեփին սովորեցրեց նրանց: Նկարագրեք մարդկանց հարցը ձեր սեփական բառերով.

Կարդացեք 2 Նեփի 32.2–3 և փնտրեք, թե ինչ ասաց Նեփին, որ մենք պետք է անենք այդ արահետը մտնելուց հետո: Կարող է օգտակար լինել իմանալը, որ հրեշտակների լեզվով խոսելը, համաձայն Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ՝ Բոյդ Ք. Փաքերի , «պարզապես նշանակում է, որ դուք կարող եք խոսել Սուրբ Հոգու զորությամբ» (“The Gift of the Holy Ghost: What Every Member Should Know,” Ensign, Aug. 2006, 50):

Դուք կարող եք 2 Նեփի 32.3–ում (այս հատվածը սերտման սուրբ գրության հատված է) նշել «սնվեք Քրիստոսի խոսքերով» արտահայտությունը: Նեփին օգտագործել է «Քրիստոսի խոսքերը» արտահայտությունը, որպեսզի նկարագրի ուսմունքները, որոնք ոգեշնչված են Սուրբ Հոգով: Գրեք որոշ եղանակներ կամ վայրեր, որ դուք կարող եք կարդալ, լսել կամ ստանալ Սուրբ Հոգով ոգեշնչված ուսմունքներ:

Քրիստոսի խոսքերը ներառում են սուրբ գրությունները և մեր օրերի մարգարեների խոսքերը: Որպեսզի կարողանաք ավելի լավ խորհել, թե ինչ կարող է նշանակել «սնվեք Քրիստոսի խոսքերով», կարդացեք հետևյալ մեջբերումները.

Նկար
Երեց Ռասսել Մ. Նելսոն

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Սնվել նշանակում է ավելին, քան համտեսել: Սնվել նշանակում է վայելել: Մենք վայելում ենք սուրբ գրությունները` ուսումնասիրելով դրանք հիանալի բացահայտումների հոգով և հավատարիմ հնազանդությամբ: Երբ մենք սնվում ենք Քրիստոսի խոսքերով, դրանք դառնում են մեր էության անբաժանելի մասը» (“Living by Scriptural Guidance,” Ensign, Nov. 2000, 17):

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսն ասել է. «Եթե դուք և ես պետք է սնվենք Քրիստոսի խոսքերով, մենք պետք է ուսումնասիրենք սուրբ գրությունները և յուրացնենք Նրա խոսքերը` դրանց վերաբերյալ խորհելու և դրանք յուրաքանչյուր մտքի և գործողության մասը դարձնելու միջոցով» (“Healing Soul and Body,” Ensign, Nov. 1998, 15):

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում ձեր սեփական բառերով գրեք, թե, ձեր կարծիքով, ինչ է նշանակում սնվել Քրիստոսի խոսքերով:

Խորհեք սնվել, հապճեպ ուտել և քաղցի մատնվել բառերի միջև եղած տարբերության մասին: Մի պահ մտածեք այն մասին, թե ինչպես կարող են Քրիստոսի խոսքերն ուսումնասիրելու ոչ արդյունավետ եղանակները համեմատվել հապճեպ ուտելու կամ նույնիսկ քաղցի մատնվելու հետ:

Լրացրեք հետևյալ սկզբունքը համաձայն 2 Նեփի 32.3–ի. Երբ մենք սնվենք Քրիստոսի խոսքերով, Քրիստոսի խոսքերը :

  1. Ձեր սուրբ գրությունների օրագրում կամ գրեք մի ժամանակի մասին, երբ Քրիստոսի խոսքերով սնվելն օգնել է ձեզ իմանալ, թե ինչ անել ձեր կյանքում, կամ նկարագրեք մի իրավիճակ, որին դուք հանդիպել եք այժմ, երբ Քրիստոսի խոսքերով սնվելը կարող է օգնել ձեզ:

Լրացրեք ներքևի տողերը, որպեսզի գնահատեք, թե որքան լավ եք սնվում Քրիստոսի խոսքերով և ինչպես կարող եք էլ ավելի լավ սնվել: Ստորև գտնվող յուրաքանչյուր օրինակում գրեք սնվել, հապճեպ ուտել կամ քաղցի մատնվել— բառը, որը լավագույնս կնկարագրի, թե որքանով եք դուք փնտրում իմանալ Քրիստոսի խոսքերը այդ բնագավառում: Օրինակ, դուք կարող եք սնվել սուրբ գրություններով ձեր անձնական ուսումնասիրության ժամանակ, սակայն միայն հապճեպ ուտել Քրիստոսի խոսքերը գերագույն համաժողովի ժամանակ:

Սուրբ գրությունների անձնական ուսումնասիրություն.

Հաղորդության ժողով.

Գերագույն համաժողով.

Սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրություն.

Սեմինարիա.

Ընտանեկան երեկո.

Ահարոնյան Քահանայության քվորումի ժողով կամ Երիտասարդ Կանանց դասարան.

Կիրակնօրյա Դպրոց.

Անձնական աղոթք.

  1. Մի պահ տրամադրեք միջոցառումներից մեկն ընտրելու համար, որի համար դուք գրել եք, որ ներկայումս «հապճեպ ուտում եք» կամ «քաղցի եք մատնված»: Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք, թե ինչպես դուք կարող եք ավելի լավ սնվել Քրիստոսի խոսքերով այդ բնագավառում: Ապա հետևողական եղեք և արեք դա:

Կարդացեք 2 Նեփի 32.4–7, և խորհեք հետևյալ հարցերի պատասխանների շուրջ (դուք գրելու եք առաջադրանք 4-ի հարցերից մեկի ձեր պատասխանը).

  • Հատված 4-ում, ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «խնդրել» կամ «թակել»: Ինչպե՞ս կարող է աղոթքը լինել խնդրելու կամ թակելու լավ օրինակ:

  • Նույնպես հատված 4-ում, ըստ Նեփիի, որո՞նք են հետևանքները նրանց համար, ովքեր չեն խնդրի կամ թակի:

  • Հատված 5-ում, ի՞նչ օրհնություններ Նեփին խոստացավ, որ մենք կարող ենք ունենալ, երբ ստանում ենք Սուրբ Հոգին:

  • Հատված 7-ում ի՞նչ վերաբերմունք ուներ Նեփիի ժողովուրդը, որի պատճառով Նեփին սգում էր նրանց համար: Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այս հատկանիշները ետ պահում մարդկանց «մեծ գիտություն» ուսումնասիրելուց և հասկանալուց:

  1. Ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք մի ճշմարտություն, որը դուք սովորել եք 2 Նեփի 32.4–7-ից, և բացատրեք, թե ինչու է այս ճշմարտությունը կարևոր ձեր կյանքում:

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում— 2 Նեփի 32.3

  1. Ձեր կարծիքով, որքա՞ն ժամանակ կպահանջվի ձեզանից 2 Նեփի 32.3–ը անգիր սովորելու համար, եթե դուք արտասանեք այն ամեն անգամ ճաշելու ժամանակ: Հատվածը գրեք քարտի կամ թերթիկի վրա և այն ձեզ մոտ պահեք: Հաջորդ մի քանի օրերի ընթացքում սնվեք Քրիստոսի խոսքերով, փորձելով անգիր սովորել 2 Նեփի 32.3 հատվածը ամեն ուտելուց առաջ ու հետո: Ձեր սուրբ գրությունների օրագրում զեկուցեք այն մասին, թե քանի անգամ ուտելուց հետո դուք անգիր սովորեցիք սուրբ գրությունը:

2 Նեփի 32.8–9

Նեփին մեզ խորհուրդ է տալիս միշտ աղոթել

Շատ մարդիկ ասում են, որ մեղք գործելուց հետո նրանք չեն ուզում աղոթել: Մի պահ մտածեք այն մասին, թե ինչու է դա այդպես: Ո՞վ չի ուզում, որ դուք աղոթեք ցանկացած ժամանակ, հատկապես մեղք գործելուց հետո: Ինչո՞ւ: 2 Նեփի 32.8-ում փնտրեք, թե ինչ է Սուրբ Հոգին սովորեցնում մեզ անել աղոթքի հետ կապված: Խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերն ուզում, որ դուք աղոթեք: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Սատանան չի ուզում, որ դուք աղոթեք:

Կարդացեք 2 Նեփի 32.9 և փնտրեք, թե որքան հաճախ մենք պետք է աղոթենք և ինչ օրհնություններ է Տերը մեզ խոստանում, եթե մենք աղոթենք: Երբ դուք կարդաք այս հատվածը, կարող է օգտակար լինել իմանալը, որ նվիրագործել նշանակում է սրբագործել Աստծո ծառայության համար կամ դարձնել սուրբ:

2 Նեփի 32.9-ից մենք սովորում ենք այս սկզբունքը. Եթե մենք միշտ աղոթենք, մենք կկարողանանք անել այն ամենը, ինչ Տերը կկամենա, որ մենք անենք մեր հոգու բարօրության համար: (Նշեք, որ 2 Նեփի 32.8–9–ը սերտման սուրբ գրության հատված է: Դուք կարող եք նշել այն առանձնակի ձևով, որպեսզի կարողանաք գտնել այն հետագայում:)

Նկար
աղոթող երիտասարդ աղջիկը

Խորհեք, թե ինչ է նշանակում միշտ աղոթել: Երբ դուք կարդաք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը, ընդգծեք մեկ կամ ավելի միջոցներ, որոնցով մենք կարող ենք կատարել «միշտ աղոթեք» պատվիրանը.

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

«Մեր բնավորության, մեր պահվածքի կամ հոգևոր աճի մեջ կան պահեր, որոնց մասին մենք պետք է խորհրդակցենք Երկնային Հոր հետ առավոտյան աղոթքում: Օրհնությունների համար պատշաճ շնորհակալություն հայտնելուց հետո, մենք աղերսում ենք, որ ստանանք հասկացողություն, առաջնորդություն և օգնություն այն բաներն անելիս, որոնք չենք կարող անել միայն մեր ուժով: …

Օրվա ընթացքում մենք աղոթքը պահում ենք մեր սրտում շարունակ աջակցություն և ուղղություն ստանալու համար: …

Այդ օրը մենք նկատում ենք, որ այն առիթների ժամանակ, երբ մենք սովորաբար միտում ունենք կոպիտ խոսելու, մենք չենք խոսում, կամ, եթե կարող էինք բռնկվել զայրույթով, չենք բռնկվում: Մենք տեսնում ենք երկնային օգնությունը և ուժը, և խոնարհաբար հասկանում մեր աղոթքի պատասխանները: Անգամ հասկանալու այդ պահին, մենք երախտագիտության լուռ աղոթք ենք ասում:

Մեր օրվա վերջում, մենք կրկին ծնկի ենք իջնում և հաշվետվություն տալիս մեր Հորը: Մենք վերանայում ենք օրվա իրադարձությունները և սրտանց շնորհակալություն հայտնում մեր ստացած օրհնությունների և օգնության համար: Մենք ապաշխարում ենք, և Տիրոջ Հոգու օժանդակությամբ, գտնում այն ճանապարհները, որոնցով մենք կարող ենք գործել և վաղը ավելի լավը դառնալ: Այսպիսով, մեր երեկոյան աղոթքը կառուցվում է մեր առավոտյան աղոթքի վրա և դրա շարունակությունն է: Եվ մեր երեկոյան աղոթքը նաև նախապատրաստություն է իմաստալից առավոտյան աղոթքի համար:

Առավոտյան և երեկոյան աղոթքները և դրանց միջև ընկած բոլոր աղոթքները, առանձին, իրար հետ կապ չունեցող իրադարձություններ չեն, ընդհակառակը, դրանք կապված են իրար հետ ամեն օր, և օրերի, շաբաթների, ամիսների և, անգամ, տարիների ընթացքում: Սա մասամբ վերաբերվում է «միշտ աղոթելու» (Ղուկաս ԻԱ.36, 3 Նեփի 18.15, 18, ՎևՈՒ 31.12) սուրբ գրությունների խրատը կատարելուն: Այսպիսի իմաստալից աղոթքները գործիք են հանդիսանում այն բարձրագույն օրհնությունները ստանալու համար, որոնք Աստված պահել է Իր հավատարիմ զավակների համար» («Միշտ աղոթեք», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2008, 41–42):

  1. Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե, ձեր կարծիքով, Երեց Բեդնարի հրահանգներին հետևելը, թե ինչպես «միշտ աղոթել», ինչպես կարող է օգնել ձեզ ձեր կյանքում:

Այս դասի ավարտին կարդացեք Երեց Սպենսեր Ջ. Քոնդիի հետևյալ վկայությունը, ով այդ ժամանակ ծառայում էր որպես Յոթանասունի անդամ, Քրիստոսի խոսքերով սնվելու վերաբերյալ. «Դուք միգուցե կանգնած եք միսիայի, ձեր ապագա աշխատանքի և, ի վերջո, ամուսնության վերաբերյալ որոշումներ կայացնելու առաջ: Եթե դուք կարդաք սուրբ գրությունները և աղոթեք առաջնորդության համար, դուք կարող է իրականում չտեսնեք պատասխանը տպված բառերի տեսքով էջի վրա, սակայն մինչ դուք կարդում եք, դուք կստանաք հստակ տպավորություններ և հուշումներ, և ինչպես խոստացված է, Սուրբ Հոգին «ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք» [2 Նեփի 32.5]» (“Becoming a Great Benefit to Our Fellow Beings,” Ensign, May 2002, 45):

Նկար
scripture mastery icon
Սուրբ գրությունների սերտում— 2 Նեփի 32.8–9

  1. Հաջորդ 24 ժամերի ընթացքում փորձեք ներառել ձեր կյանքում այն, ինչ սովորել եք այն մասին, թե ինչպես «միշտ աղոթել»: Հաջորդ դասի սկզբում ձեզ կհրավիրեն զեկուցել ձեր մտքերը և զգացմունքները այս փորձառության մասին: Գրեք ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագում, թե ինչպես կարող է «միշտ աղոթելու» ձգտումը փոփոխություն մտցնել ձեր աղոթքներում:

  2. Գրեք հետևյալը սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 2 Նեփի 32 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.