Սեմինարիա
Մաս 10. Օր 1, Հակոբ 5–6


Մաս 10. Օր 1

Հակոբ 5–6

Նախաբան

Հակոբ 5-ը պարունակում է ընտանի և վայրի ձիթենիների այլաբանությունը, որն ի սկզբանե տրվել էր Զենոս անունով մարգարեի: Հակոբն օգտագործեց այս այլաբանությունը, որ ուսուցաներ, որ Տերը միշտ աշխատում է փրկություն բերել Իր ուխտյալ ժողովրդին, նույնիսկ երբ նրանք հեռանում են Նրանից: Այլաբանությունը ցույց է տալիս, որ Տերը ցրել է Իսրայելի տան` Իր ուխտյալ ժողովրդի որոշ մասին ողջ աշխարհով և որ Նա կհավաքի Իր ժողովրդին վերջին օրերին: Այլաբանությունն ունի առանձնահատուկ և մասնավոր նշանակություն մեզ համար այսօր որպես Իսրայելի տան անդամների և Տիրոջ ծառաների: Հակոբ 6-ում Հակոբը շեշտում է Տիրոջ ողորմությունը և արդարադատությունը` մինչ քաջալերում է իր ժողովրդին և մեզ ապաշխարել:

Հակոբ 5.1–12

Հակոբը մեջբերում է Զենոսին, ով Իսրայելի տունը նմանեցրել է ընտանի ծառին

Ձեր ընկերներից կամ հարազատներից մեկը երբևէ հարցականի տակ է դրե՞լ Աստծո սերն իր հանդեպ, հատկապես դժվարության պահին, երբ անձնավորությունը հեռացել է Նրանից: Խորհեք հետևյալ օրինակների շուրջ.

  • Երիտասարդ քահանայություն կրողի մոտ ձևավորվում է մեղսալի սովորություն: Նա հավատում է, որ ուրիշները կարող են ներվել, սակայն չի կարողանում հավատալ, որ Տերը կընդունի իր ապաշխարությունը:

  • Երիտասարդ կինը խախտում է պատվիրանը: Նա մեղավորություն է զգում, իրեն շատ վատ է զգում իր արածի համար և կասկածում է, թե արդյոք Տերը դեռ սիրում է իրեն:

Հակոբը մարգարեացավ, որ հրեաները կմերժեին Հիսուս Քրիստոսին (տես Հակոբ 4.15): Նա նաև մարգարեացավ, որ Հիսուս Քրիստոսը կշարունակի աշխատել Իր ժողովրդի փրկության համար նույնիսկ այն բանից հետո, երբ նրանք կմերժեն Նրան: Այս ճշմարտությունը լուսաբանելու համար Հակոբը մեջբերեց այլաբանությունը, որը տրված էր Զենոս անունով մարգարեի կողմից (տես Հակոբ 5.1): Այլաբանությունը, ինչպես և առակը, մի պատմություն է, որտեղ օգտագործվում են խորհրդանշական հերոսներ, առարկաներ և գործողություններ` ճշմարտություններ սովորեցնելու համար: Երբ դուք ուսումնասիրեք Հակոբ 5-ը, խորհեք, թե ինչպես է Տերը միշտ օգնության հասնում ձեզ, նույնիսկ երբ դուք մեղք եք գործել:

Կարդացեք Հակոբ 5.2 և նշեք ձեր սուրբ գրություններում, թե ում էր Զենոսն ուղղում այս ուսուցումը:

Քանի որ դուք ուխտեր եք կապել Տիրոջ հետ մկրտության միջոցով, դուք Իսրայելի տան անդամ եք: Դուք Հակոբ 5-ի պատմության մի մասն եք: Կարդացեք Հակոբ 5.3 և նշեք, թե ինչ է Զենոսն օգտագործել իր այլաբանությունում, որպեսզի ներկայացնի Իսրայելի տունը: Նաև նշեք, թե ինչ սկսեց պատահել ընտանի ձիթենու հետ:

Նկար
ձիթենիներ

Նշեք, որ տողատակի ծանոթագրություն դ Հակոբ 5.3-ում մատնանշում է, որ ծառի փտելը ներկայացնում է ուրացությունը: Ուրացությունն ի հայտ է գալիս, երբ անհատները կամ մարդկանց խմբերը հեռանում են Տիրոջից և Նրա ավետարանից:

Հետևյալ ցանկում թվարկվում են խորհրդանիշներ, որոնք օգնում են մեզ հասկանալ Զենոսի այլաբանության իմաստը: Նաև թվարկված են այն հատվածները, որտեղ այս խորհրդանիշներն առաջին անգամ են հայտնվում: Նշեք այս խորհրդանիշները ձեր սուրբ գրություններում: Դուք նաև կարող եք գրել որոշ խորհրդանիշների նշանակությունը ձեր սուրբ գրությունների լուսանցքներում:

Հակոբ 5. Ընտանի և վայրի ձիթենիների այլաբանությունը

Խորհրդանիշ

Նշանակությունը

Ընտանի ձիթենի (հատված 3)

Իսրայելի տուն, Աստծո ուխտյալ ժողովուրդ

Այգի (հատված 3)

Աշխարհ

Փտել (հատված 3)

Մեղք և ուրացություն

Այգու տերը (հատված 4)

Հիսուս Քրիստոս

Էտել, փորել և սնուցել (հատված 4)

Տիրոջ ջանքերը, որ ուղղված են օգնելու մեզ լինել արդար և առաջ բերել բարի գործեր

Ճյուղեր (հատված 6)

Մարդկանց խմբեր

Վայրի ձիթենի (հատված 7)

Հեթանոսներ. նրանք, ովքեր ուխտ չեն կապել Տիրոջ հետ: Հետագայում այլաբանության մեջ ձիթենու բնական ճյուղերը, որ ներկայացնում են Իսրայելի տան մի մասը ուրացության մեջ, նույնպես նկարագրվում են որպես «վայրի»:

Ճյուղերը պոկելը և պատվաստելը (հատվածներ 7–8)

Տիրոջ ուխտյալ ժողովրդին ցրելը և հավաքելը: Բացի դրանից, վայրի ձիթենու ճյուղերը ընտանի ձիթենուն պատվաստելը ներկայացնում է hեթանոսների դարձի գալը, ովքեր դառնում են Տիրոջ ուխտյալ ժողովրդի մի մասը մկրտության միջոցով:

Ճյուղերն այրելը (հատված 7)

Աստծո դատաստանը ամբարիշտների վրա

Պտուղ (հատված 8)

Մարդկանց կյանքերը կամ գործերը

Ընտանի ձիթենու արմատները (հատված 11)

Ուխտերը, որոնք Տերը կապում է նրանց հետ, ովքեր հետևում են Իրեն: Արմատները նաև կարող են ներկայացնել անհատների, ում հետ Տերը ուխտեր է կապել հին ժամանակներում, ինչպես օրինակ` Աբրահամին, Իսահակին և Հակոբին (տես Հակոբ 6.4):

Կարդացեք Հակոբ 5.4–6 և նշեք, թե առաջինը ինչ արեց այգու Տերը, որ փրկեր ընտանի ձիթենին: Նայեք վերևի ցանկին և նշեք, թե ով է այգու Տերը և ինչ են ներկայացնում նրա էտելու, փորելու և սնուցելու գործողությունները:

Նկար
Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը բացատրել է, թե ինչի մասին է այլաբանությունը: Երբ դուք կարդաք նրա բացատրությունը, ընդգծեք այն, ինչը նա ուսուցանում է որպես այս այլաբանության ամենախորը նշանակությունը:

«Այս այլաբանությունը, ինչպես շարադրել է Հակոբը, ի սկզբանե նախատեսված էր լինելու Քրիստոսի [այգու Տիրոջ] մասին: …

Չնայած այգու Տերը և նրա աշխատողները ջանում են սատարել, էտել, մաքրագործել և այլ կերպով դրա ծառերը դարձնել պտղաբեր, որի միջոցով մի գլխում տրվում է Իսրայելի ցրման և հավաքման պատմական համառոտ ակնարկը, Քավության ավելի խոր իմաստ կա նրանց ջանքերում» (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 165):

Մինչդեռ թվում է, թե Հակոբ 5-ը ձիթենիների մասին է, այս այլաբանությունը մարդկանց մասին է, ովքեր հեռացել են Տիրոջից մեղք գործելու արդյունքում, և Տիրոջ ջանքերի մասին, որ ուղղված են օգնելու նրանց վերադառնալ Նրա մոտ: Այս գլուխն ուսուցանում է, որ Տերը սիրում է մեզ և ջանասիրաբար աշխատում է մեր փրկության համար: Երբ դուք շարունակեք ուսումնասիրել այլաբանությունը, փնտրեք այս ճշմարտության հիմքը` ավելի մոտիկից ուշադրություն դարձնելով Իսրայելի` ընտանի ձիթենու հանդեպ Տիրոջ զգացմունքներին և այն փրկելու Նրա անխոնջ ջանքերին: Օրինակ, կարդացեք Հակոբ 5.7 և խորհեք «Ինձ վշտացնում է, որ ես պետք է կորցնեմ այս ծառը» արտահայտության մասին: Ձեր կարծիքով, ի՞նչ զգացմունքներ է Տերն արտահայտում այստեղ և ինչո՞ւ:

Կրկին կարդացեք արտահայտությունը և այս անգամ «այս ծառը» արտահայտության փոխարեն դրեք ձեր անունը. «Ինձ վշտացնում է, որ ես պետք է կորցնեմ [ձեր անունը]»: Ձեր անունը դնելով Հակոբ 5-ի իմաստալից և համապատասխան տեղերում, դուք կկարողանաք այլաբանությունը կապել ձեզ հետ և ավելի շատ բան իմանալ ձեր հանդեպ Տիրոջ հոգատարության մասին:

Կարդացեք Հակոբ 5.7–11 և փնտրեք, թե ինչ էր անում այգու Տերը ընտանի ձիթենին փրկելուն զուգահեռ:

Նկար
պատվաստված ճյուղ
  1. Օգտագործելով ցանկի խորհրդանիշների իմաստը` ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում գրեք բացատրություն, թե ինչ արեցին այգու Տերը և նրա ծառան Հակոբ 5.7–11-ում, որ փորձեին և փրկեին Երկնային Հոր զավակներին:

Տերը վերցնում է մարդկանց, ովքեր Իսրայելի տնից չեն, և պատվաստում է նրանց Իսրայելին` դարձնելով նրանց Իր ուխտյալ ժողովրդի մի մասը: Իսրայելի տունը փրկելու համար Նա պոկում է ամենաամբարիշտ ճյուղերը (մարդկանց) և կործանում է նրանց:

Կարդացեք Հակոբ 5.13–14 և փնտրեք, թե ինչ է արել Տերը ձիթենու մատղաշ և նուրբ ճյուղերի հետ, որոնց մասին նշվում է հատված 6-ում: Դուք կարող եք գրել ձեր լուսանցքում, որ ամենաստորին նշանակում է ամենացածր կամ ամենաքիչ տեսանելի:

  1. Օգտագործելով ցանկի խորհրդանիշների իմաստը` ձեր սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում բացատրեք, թե ինչպես կարող է Լեքիի ընտանիքը համեմատվել մատղաշ և նուրբ ճյուղի հետ, որը թաքցվել էր այգու ամենաստորին մասում:

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է, որ Տիրոջ ծառաները «վերցրեցին ճյուղերից մի քանիսը և պատվաստեցին դրանք բոլոր վայրի ձիթենիներին: Ովքե՞ր էին վայրի ձիթենիները: Հեթանոսները: Եվ այսպիսով, Տերն ուղարկեց իր ծառաներին դեպի իր այգու` որը աշխարհն է, բոլոր մասերը, և տնկեց ծառի այս ճյուղերը:…

Նկար
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Այդ առակում ձիթենին Իսրայելի Տունն է:… Իր հայրենի հողում այն սկսել էր չորանալ: Ուստի Տերը տարավ ճյուղերը, ինչպես Նեփիացիներին, ինչպես կորած ցեղերին և ինչպես ուրիշներին, որոնց Նա հանել էր այդ երկրից, որոնց մասին մենք ոչ մի բան չգիտենք, երկրի այլ մասեր: Նա տնկեց դրանք իր այգու` Երկրի բոլոր մասերում: Անկասկած, նա ուղարկեց այս ճյուղերից ոմանք Ճապոնիա, Կորեա, Չինաստան: Այդ մասին կասկած լինել չի կարող, քանի որ նա ուղարկել է նրանց ողջ աշխարհով մեկ» (Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 4:204–5):

Նախագահ Սմիթը նաև ուսուցանել է, որ «այս առակի բացատրությունը ողջ աշխարհով մեկ Իսրայելի տան ցրման և Իսրայելի արյունը վայրի ձիթենիների կամ հեթանոսների հետ խառնելու պատմությունն է: Ուստի, մենք գտնում ենք Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում և մնացած բոլոր երկրներում, որոնք բնակեցված են հեթանոսներով, որ Իսրայելի արյունը ցրվել կամ «պատվաստվել էր» նրանց մեջ» (Answers to Gospel Questions, 4:40–41):

Հակոբ 5.15–77

Այգու Տերը և Նրա ծառաները աշխատում են այգում, որպեսզի այն առաջ բերի լավ բերք

Հակոբ 5-ում շատ հատվածներ նկարագրում են տարբեր ժամանակաշրջաններ և իրադարձություններ` ողջ աշխարհով մեկ Իսրայելի տան զանազան մասերի ցրվելու և նրանց հավաքելու համար Փրկչի կատարած աշխատանքի մասին: Այս գլուխն ավարտվում է Հազարամյակով և Երկրի վերջնական մաքրումով:

Իր այգու ծառերի համար Տիրոջ մտահոգությունը և նրանց փրկելու Նրա անընդմեջ ջանքերն ընդգծելու համար Զենոսը իր այլաբանության մեջ կրկնել է մի քանի կարևոր արտահայտություններ: Կարդացեք Հակոբ 5.20, 23–25, 28, 31 և ամեն անգամ նշեք, երբ Տերը հիշատակում է Իր այգու ծառերը սնուցելու Իր ջանքերի մասին:

Չնայած Տերը և նրա ծառան մեծ ջանքեր գործադրեցին, որ այգին առաջ բերեր բարի պտուղ, ի վերջո, այգու բոլոր պտուղները դարձան ոչ պիտանի (տես Հակոբ 5.39): Կարդացեք Հակոբ 5.41–42, 46–47 և նշեք արտահայտություններ ձեր սուրբ գրություններում, որոնք ցուց են տալիս Տիրոջ սերը, մտահոգությունը կամ վիշտը Իր այգու համար:

Քանի որ ծառերը առաջ էին բերում վատ պտուղ, չնայած այն ամենին, ինչ Նա արել էր, այգու Տերը խորհում էր բոլոր ծառերը կտրելու մասին (տես Հակոբ 5.49): Կարդացեք Հակոբ 5.50–51: Հակոբ 5-ի մնացած մասում ներկայացվում է Տիրոջ և Նրա ծառաների ջանքերը` փրկելու նրանց, ովքեր ապրում են վերջին օրերում: Նա հավաքում է իր մարդկանց և սնուցում է նրանց վերջին անգամ (տես Հակոբ 5.52–77):

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ուսուցանել է, որ Հակոբ 5–ում նկարագրված Իսրայելի հավաքումը տեղի է ունենում այժմ. «Հավաքման այս օրը Տերն իրականացնում է իր նպատակները և Աբրահամի զավակներին ետ է կանչում` միանալու Իսկական Հովվի հոտին» (Answers to Gospel Questions, 4:41):

  1. Ձեր սուրբ գրությունների օրագրում գրեք, թե Հակոբ 5-ից ինչ եք սովորել ձեր հանդեպ ունեցած Տիրոջ սիրո մասին: Գրեք մի օրինակ, թե ինչպես եք տեսել Նրա սիրո արտահայտությունը ձեր կյանքում կամ մեկի կյանքում, ում ճանաչում եք:

Հակոբ 6

Հակոբն ուսուցանում է Աստծո ողորմության և արդարադատության մասին և հրավիրում է մեզ ապաշխարել

Հակոբ 6-ը պարունակում է Հակոբի համառոտ շարադրանքը ձիթենիների այլաբանության կարևոր ճշմարտությունների մասին: Կարդացեք Հակոբ 6.4–6 և փնտրեք, թե ինչ է Հակոբն ընդգծել Աստծո էության վերաբերյալ: Ի՞նչ բառ դուք կոգտագործեք, որ ամփոփեք այն, ինչ Հակոբը ցանկանում էր, որ մենք սովորենք Աստծո մասին:

  1. Վերանայեք Հակոբ 6.5: Ուշադրություն դարձրեք, որ Հակոբը խրախուսել է մեզ «հարել Աստծուն, ինչպես նա է հարում ձեզ»: Հարել նշանակում է կառչել կամ ամուր բռնել: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ եք դուք սովորել ձիթենիների այլաբանությունից, որը լուսաբանում է, թե ինչպես է Աստված հարում կամ ամուր բռնում ձեզ:

    2. Ի՞նչ կարող եք դուք անել, որ ավելի ամուր հարեք Նրան, մինչ Նա հարում է ձեզ:

  2. Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի Հակոբ 5–6 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.