Սեմինարիա
Մաս 26. Օր 4, 3 Նեփի 20–22


Մաս 26. Օր 4

3 Նեփի 20–22

Նախաբան

Նեփիացիների մեջ Իր ծառայության երկրորդ օրվա ընթացքում Հիսուս Քրիստոսը կրկին ժողովրդին սպասավորեց հաղորդությունը: Նա վկայեց, որ վերջին օրերում Հայրն իրականացնելու է Իսրայելի հավաքման ու երկրի բոլոր ազգերին օրհնելու Իր ուխտը: Նա նաև բացատրեց, որ վերջին օրերում Մորմոնի Գրքի առաջ գալը լինելու է նշան այն մասին, որ Հայրը սկսել է իրականացնել այդ ուխտը:

3 Նեփի 20.1–9

Փրկիչը կրկին ժողովրդին սպասավորում է հաղորդությունը

Եթե դուք երիտասարդ տղամարդ եք և ունեք Ահարոնյան Քահանայություն, խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Ձեզ համար ի՞նչ է նշանակում կարողանալ օգնել հաղորդությունը սպասավորել: Ինչպե՞ս եք Տիրոջը ցույց տալիս, որ դուք հասկանում եք այս արարողության սրբազան բնույթը:

Եթե դուք երիտասարդ կին կամ երիտասարդ տղամարդ եք, ով դեռ չունի քահանայություն, խորհեք հետևյալ հարցերի շուրջ. Ի՞նչ եք զգում, երբ տեսնում եք արժանի երիտասարդ տղամարդկանց հաղորդությունը սպասավորելիս: Ի՞նչ եք անում հաղորդության սպասավորման ընթացքում, որը ցույց է տալիս, որ դուք հասկանում եք դրա սրբազան բնույթը:

Ինչպես հիշատակված է 3 Նեփի 20.3–5-ում` Նեփիացիների մոտ Իր ծառայության երկրորդ օրվա սկզբին Փրկիչը հրաշքով հայթհայթեց հաց ու գինի, որպեսզի կրկին սպասավորի հաղորդությունը: Կարդացեք 3 Նեփի 20.1 և պարզեք, թե Նա ինչ խնդրեց ժողովրդին անել նախքան կպատրաստեր ու կբաժաներ հաղորդությունը: Ձեր կարծիքով, ձեր սրտում աղոթելն ինչպե՞ս կարող է ազդել հաղորդությունից ճաշակելու ձեր ամենշաբաթյա փորձառության վրա:

Կարդացեք 3 Նեփի 20.8: Ուշադրություն դարձրեք, որ Նեփիացիներն այդ ժամանակ գինի օգտագործեցին, բայց Եկեղեցու ներկայիս սահմանված կարգն է ջուր օգտագործելը (տես ՎևՈւ 27.2): Նաև ուշադրություն դարձրեք, թե ինչ են խորհրդանշում հացն ու ջուրը: Երբ մենք պարբերաբար ճաշակում ենք հաղորդությունից, մենք ցույց ենք տալիս մեր կամքը` դարձնելու Փրկչի Քավությունը մեր կյանքի մասը:

Ըստ 3 Նեփի 20.8-ի` Հիսուս Քրիստոսն ի՞նչ խոստացավ նրանց, ովքեր ճաշակում են հաղորդությունից: Մտածեք հաղորդության հացի ու ջրի չափաբաժնի մասին: Եթե դուք ֆիզիկապես սոված ու ծարավ լինեիք, հաղորդության հացն ու ջուրը կբավարարեի՞ն ձեր քաղցն ու ծարավը: Ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես մենք կարող ենք լցվել՝ հաղորդությունից ճաշակելով, կարդացեք 3 Նեփի 20.9 և ավարտեք այս սկզբունքը. Եթե մենք արաժանիորեն ճաշակենք հաղորդությունից, մենք կլցվենք .

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օքսի հետևյալ խոսքերը և ընդգծեք այն ձևերը, որոնցով, ըստ նրա, դուք կարող եք օրհնվել, եթե լցվեք Սուրբ Հոգով.

Նկար
Երեց Դալլին Հ. Օքս

«Եկեք ինքներս արժանի լինենք մեր Փրկչի խոստումին, որ ճաշակելով հաղորդությունից մենք «կհագենանք» (3 Նեփի 20.8; տես նաև 3 Նեփի 18.9), որը նշանակում է, որ մենք «կլցվենք Հոգով» (3 Նեփի 20.9): Այդ Հոգին` Սուրբ Հոգին, մեր մխիթարիչն է, մեր ուղղությունը գտնողը, մեզ հետ հաղորդակցողը, մեր թարգմանիչը, մեր վկան և մեզ մաքրագործողը. դեպի հավերժական կյանք տանող մեր մահկանացու կյանքի ճանապարհին մեր անսխալ առաջնորդն ու սրբագործողը:

…Գիտակցաբար ու հարգալից կերպով մեր մկրտության ուխտերը թարմացնելու փոքր թվացող արարքից գալիս է ջրով ու Հոգով մկրտության օրհնությունների թարմացումը, որպեսզի մենք միշտ կարողանանք նրա Հոգին մեզ հետ ունենալ: Այս եղանակով մենք բոլորս կառաջնորդվենք, և այս եղանակով մենք բոլորս կարող ենք մաքրվել» (“Always Have His Spirit,” Ensign, Nov. 1996, 61):

  1. Հիշեք մի ժամանակի մասին, երբ դուք զգացել եք Սուրբ Հոգին հաղորդությունը ճաշակելիս: Մորոնի 4.3 և 5.2-ում կարդացեք հաղորդության աղոթքները: Ինչպե՞ս է ամեն շաբաթ հաղորդությունից ճաշակելն օգնում ձեզ լցվել Սուրբ Հոգով: Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այդ եղանակներից մի քանիսը:

3 Նեփի 20.10–46

Փրկիչն ուսուցանում է Նեփիացիներին ուխտերի մասին, որոնք իրականանալու են վերջին օրերում

Մտածեք ձեր մի քանի ամենակարևոր հատկանիշների մասին: Ինչպիսի՞ հատկանիշների վրա եք կենտրոնանում: Դրանք ֆիզիկական առանձնահատկություններ էին, անհատական հատկանիշներ, թե՞ հոգևոր որակներ:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը և ընդգծեք այն մասը, որտեղ նա սահմանում է մեր ով լինելը. «Ձեզ կարող է դուր գալ երաժշտությունը, մարմնամարզությունը կամ դուք կարող է հակված լինեք մեխանիկայի նկատմամբ, և մի օր դուք կարող եք աշխատել առևտրի բնագավառում, արհեստի, կամ արվեստի: Որքան էլ որ այս գործողությունները կամ աշխատանքները կարևոր լինեն, դրանք չեն սահմանում մեր ով լինելը: Առաջինն ու ամենակարևորը՝ մենք հոգևոր էակներ ենք: Մենք Աստծո որդիներն [ու դուստրերն] ենք և Աբրահամի սերունդը» (“Becoming a Missionary,” Ensign կամ Liahona, Nov. 2005, 47):

Աբրահամի սերնդից լինել նշանակում է, որ մենք կամ բառացիորեն Աբրահամի սերունդներն ենք կամ դարձել ենք նրա որդիներն ու դուստրերը` Հիսուս Քրիստոսի ավետարանի օրենքների ու արարողությունների նկատմամբ հնազանդության միջոցով: Բոլորը ստանում են միևնույն խոստումներն ու ուխտերը, որ Աստված կապել է Աբրահամի հետ:

Ինչպես հիշատակված է 3 Նեփի 20.11–13-ում` Փրկիչն ուսուցանեց Նեփիացիներին այն ուխտերի և խոստումների մասին, որոնք կապվել էին Աբրահամի ու նրա սերունդների հետ, ովքեր Իսրայելի տունն են: Նա ուսուցանեց, որ Հայրը վերջին օրերին իրականացնելու է Իսրայելի տունը հավաքելու Իր ուխտը: Կարդացեք 3 Նեփի 20.13 և ուշադրություն դարձրեք, թե Իսրայելի տունը ինչ գիտելիք է ստանալու որպես հավաքման անհրաժեշտ մաս: Ձեր կարծիքով, ինչո՞ւ է այս գիտելիքն անհրաժեշտ:

Կարդացեք 3 Նեփի 20.25–26 և պարզեք, թե Փրկիչն ինչ ուսուցանեց այն մասին, թե Լեքիի սերունդներն ինչպես էին օրհնվել այն ուխտի շնորհիվ, որ Հայրը կապել էր Աբրահամի հետ: Փրկիչն ընդգծեց, որ Հայրն ուղարկել է Իրեն այցելելու Նեփիացիներին և նրանց մեղքից փրկելու, «որովհետև [նրանք] ուխտի զավակներն [էին]» (3 Նեփի 20.26):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում գրեք այն մասին, թե ինչպես եք դուք օրհնվել մկրտության ժամանակ Երկնային Հոր հետ կապած ձեր ուխտի միջոցով: Քանի որ դուք մկրտվել եք որպես Եկեղեցու անդամ, դուք համարվում եք Աբրահամի սերունդը և դուք պատասխանատվություն եք կրում օգնելու իրականացնել այն ուխտը, որ Աստված կապել է Աբրահամի հետ:

Կարդացեք 3 Նեփի 20.27 և ընդգծեք այն արտահայտությունները, որոնք ուսուցանում են հետևյալ սկզբունքը. Որպես Աբրահամի սերունդ մենք ունենք ուխտյալ պատասխանատվություն օրհնելու աշխարհի բոլոր մարդկանց:

Նկար
Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ խոսքերը կարդալիս ուշադրություն դարձրեք, թե մենք` որպես Աբրահամի սերունդ, ինչպես պետք է օրհնենք աշխարհի մարդկանց: «Դուք և ես, այսօր և միշտ պետք է օրհնենք աշխարհի ազգերի բոլոր մարդկանց: Դուք և ես, այսօր և միշտ պետք է վկայենք Հիսուս Քրիստոսի մասին և հայտարարենք Վերականգնման ուղերձը: Դուք և ես, այսօր և միշտ պետք է հրավիրենք բոլորին ստանալ փրկության արարողությունները: Ավետարանը հայտարարելը քահանայության մասնակի պարտականություն չէ: Դա պարզապես մի գործունեություն չէ, որի մեջ մենք ներգրավվում ենք սահմանափակ ժամանակով, կամ մի հանձնարարություն, որը պետք է ավարտենք որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ: Ավելի շուտ միսիոներական աշխատանքը մեր հոգևոր ինքնության և ժառանգության դրսևորումն է: Նախասահմանվելով նախաերկրային կյանքում և ծնվելով մահկանացու կյանքում, մենք պետք է իրականացնենք այն ուխտն ու խոստումը, որ Աստված կապել է Աբրահամի հետ: Մենք այստեղ ենք` երկրի վրա, այս ժամանակահատվածում, որպեսզի մեծարենք քահանայությունը և քարոզենք ավետարանը: Ահա, թե ով ենք մենք, և այդ պատճառով է, որ մենք այստեղ ենք այսօր և միշտ» (“Becoming a Missionary,” 47):

  1. Սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում պատասխանեք հետևյալ հարցերին.

    1. Ի՞նչ կարող եք անել հիմա որպես երիտասարդ՝ աշխարհում ուրիշներին օրհնելու համար:

    2. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր ձեզ համար հասկանալը, որ դուք Աբրահամի սերնդից եք:

3 Նեփի 21–22

Հիսուս Քրիստոսը ցույց է տալիս Իսրայելի տան հավաքման նշանները վերջին օրերում

Ինչպես հիշատակված է 3 Նեփի 21–22-ում` Փրկիչը Նեփիացիներին շատ բաներ ուսուցանեց վերջին օրերի` մի ժամանակահատվածի մասին, երբ ավետարանը վերականգնվելու էր աշխարհում և սրբերը պատրաստվելու էին Նրա Երկրորդ Գալստյանը:

  1. Որպեսզի պարզեք, թե Փրկիչն ինչ ուսուցանեց վերջին օրերում Իսրայելի հավաքման մասին, ինչպես հիշատակված է 3 Նեփի 21–22-ում, կարդացեք հետևյալ աղյուսակի ձախ սյունակի սուրբ գրությունների բոլոր հատվածները: Այնուհետև ընտրեք աջ սյունակի հարցերից երկուսը, որպեսզի դրանց պատասխանեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:

Հատվածներ

Հարցեր

Կարդացեք 3 Նեփի 21.1–2, 7: Երբ Մորմոնի Գիրքն առաջ գա վերջին օրերում, դա նշան կլինի, որ Հայրը սկսել է Իսրայելի տան հավաքումը:

  1. Ե՞րբ եք տեսել, որ Մորմոնի Գիրքն առաջնորդի (կամ հավաքի) ինչ-որ մեկին, ներառյալ ձեզ, դեպի Հիսուս Քրիստոսը և ավետարանի ուխտերը:

Կարդացեք 3 Նեփի 21.9: «Մեծ և զարմանալի գործ» արտահայտությունը վերաբերում է Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնմանը:

  1. Ձեր կարծիքով, ի՞նչն է մեծ ու զարմանալի Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման մեջ:

Կարդացեք 3 Նեփի 21.10–11 և մտածեք, թե ինչպես է այս նկարագրությունը համապատասխանում Մարգարե Ջոզեֆ Սմիթին:

  1. Ինչո՞ւ է անհրաժեշտ հավատալ Տիրոջ խոսքերին, որոնք առաջ են բերվել Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից:

Կարդացեք 3 Նեփի 21.22: Եթե մարդիկ ապաշխարեն և չկարծրացնեն իրենց սրտերը, նրանք կհամարվեն Իսրայելի տան թվում:

  1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ապաշխարությունն անհրաժեշտ մարդու համար, որպեսզի համարվի Աստծո ուխտյալ ժողովրդի մեջ:

Կարդացեք 3 Նեփի 22.7–10 և ուշադրություն դարձրեք այն խոստումներին, որ Փրկիչը տվեց Իր ուխտյալ ժողովրդին, ովքեր վերադառնում են Նրա մոտ` Նրա հետ կապած ուխտերը մոռանալուց հետո:

  1. Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ Տերը ցուցաբերում է հավերժական բարություն և ողորմություն նրանց նկատմամբ, ովքեր հեռացել են Իրենից:

Խորհեք ինչ-որ մեկի մասին, ում հետ դուք կարող եք կիսվել Հիսուս Քրիստոսի, Մորմոնի Գրքի, ավետարանի Վերականգնման և Մարգարե Ջոզեֆ Սմիթի առաքելության մասին ձեր վկայությամբ, որպեսզի օգնեք այդ անձնավորությանը ստանալ վերականգնված ավետարանի օրհնությունները: Նաև մտածեք, թե ինչպես կարող եք խրախուսել ուրիշներին գալ դեպի Տերը, ներառյալ նրանց, ովքեր նախկինում հավատարիմ են եղել ավետարանին, բայց այժմ հավատարիմ չեն: Կոնկրետ անձնավորության մասին մտածելիս նպատակ սահմանեք, որպեսզի գործեք ձեր ստացած մղումներով:

  1. Գրեք հետևյալը՝ սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում՝ այսօրվա հանձնարարության տակ.

    Ես ուսումնասիրեցի 3 Նեփի 20–22 և ավարտեցի այս դասը (ամսաթիվ):

    Լրացուցիչ հարցեր, մտքեր և ներշնչումներ, որոնցով ես կցանկանայի կիսվել իմ ուսուցչի հետ.