Գերագույն համաժողով
Լույսի սյուներ և շողեր
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Լույսի սյուներ և շողեր

Մենք նույնպես կարող ենք ունենալ մեր անձնական լույսի սյունը՝ ամեն անգամ մեկ շող ստանալով։

Իմ ուղերձը նրանց համար է, ովքեր անհանգստանում են իրենց վկայության համար, քանի որ նրանք մեծ հոգևոր փորձառություններ չեն ունեցել: Աղոթում եմ, որ կկարողանամ խաղաղություն և վստահություն փոխանցել իմ ելույթով:

Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնումը սկսվեց լույսի և ճշմարտության հեղեղումով: Մի դեռահաս տղա Նյու Յորքի հյուսիսից՝ Ջոզեֆ Սմիթ շատ սովորական անունով, մտնում է ծառերի պուրակ՝ աղոթելու: Նա անհանգստացած էր իր հոգու և Աստծո առաջ իր արժանավորության համար: Նա ներում էր փնտրում իր մեղքերի համար: Եվ նա չգիտեր, թե որ եկեղեցուն միանար: Նա հստակության և խաղաղության կարիք ուներ. նա լույսի և գիտելիքի կարիք ուներ:1

Մինչ Ջոզեֆը ծնկի է իջնում աղոթելու և «[սրտի] ցանկությունները հայտնելու Աստծուն», թանձր խավարը պարուրում է նրան: Ինչ-որ չար, ճնշող և շատ իրական բան փորձում է կանգնեցնել նրան՝ կապել նրա լեզուն, որպեսզի նա չկարողանա խոսել: Մթության ուժերն այնքան ուժեղ են դառնում, որ Ջոզեֆը կարծում է, որ կմեռնի: Բայց նա «լարելով [իր] ողջ ուժերը՝ կանչեց առ Աստված, որ ազատեր [իրեն] այն թշնամու զորությունից, որը հափշտակել էր [իրեն]»։ Իսկ հետո, «և հենց այն պահին, երբ [նա] պատրաստ էր հուսահատության մեջ ընկղմվել և [իրեն] կործանման հանձնել», երբ նա չգիտեր՝ արդյոք կարող է դիմանալ, մի փառահեղ պայծառություն լցնում է պուրակը, ցրելով խավարն ու նրա հոգու թշնամուն։2

Նրա վրա աստիճանաբար իջնում է արևից ավելի պայծառ «լույսի մի սյուն»։ Հայտնվում է մի անձնավորություն, իսկ հետո՝ մեկ ուրիշը։3 Նրանց «պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր»։ Առաջինը՝ մեր Երկնային Հայրը, տալով նրա անունը՝ «մատնացույց անելով մյուսին՝ [Ջոզեֆ], Սա է իմ Սիրելի Որդին: Լսիր Նրան»։4

Լույսի և ճշմարտության այդ հուժկու հեղեղումով Վերականգնումը սկսվեց: Դրան հետևեց աստվածային հայտնության և օրհնությունների իսկական հեղեղ՝ նոր սուրբ գրություն, վերականգնված քահանայության բանալիներ, առաքյալներ և մարգարեներ, արարողություններ և ուխտեր և Տիրոջ ճշմարիտ և կենդանի Եկեղեցու վերահաստատում, որը մի օր պետք է լցներ երկիրը Հիսուս Քրիստոսի և Նրա վերականգնված ավետարանի լույսով և վկայությամբ:

Այդ ամենը և շատ ավելին սկսվեց մի տղայի հուսահատ աղոթքով և լույսի մի սյունով:

Մենք նույնպես հուսահատ կարիքներ ունենք: Մեզ նույնպես պետք է ազատություն՝ հոգևոր շփոթությունից և աշխարհիկ խավարից: Մեզ նույնպես պետք է հայտնի դառնա։5 Դա է պատճառը, որ Նախագահ Ռասել Մ. Նելսոնը հրավիրել է «[մեզ] խորասուզվել Վերականգնման փառավոր լույսի մեջ»:6

Վերականգնման մեծ ճշմարտություններից մեկն այն է, որ երկինքները բաց են, որ մենք նույնպես կարող ենք լույս և գիտելիք ստանալ վերևից: Ես վկայում եմ, որ դա ճշմարիտ է:

Բայց մենք պետք է զգուշանանք հոգևոր թակարդից: Երբեմն Եկեղեցու հավատարիմ անդամները հուսահատվում և նույնիսկ հեռանում են, քանի որ չեն ունենում ուժեղ հոգևոր փորձառություններ, քանի որ չեն զգում իրենց սեփական լույսի սյունը: Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալը նախազգուշացրել է. «Միշտ ակնկալելով վառ հայտնություններ, շատերը բաց կթողնեն հայտնությամբ տրված հաղորդակցության մշտական հոսքը»:7

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը նույնպես հիշում է հետևյալը․ «Տերը հրաշքները հետ պահեց ինձանից [երբ դեռ փոքր էի] և ինձ ցույց տվեց ճշմարտությունը, տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ»։8

Դա Տիրոջ սովորական օրինաչափությունն է, եղբայրներ և քույրեր: Մեզ լույսի սյուն ուղարկելու փոխարեն Տերը մեզ լույսի շող է ուղարկում, այնուհետև մեկ ուրիշը, իսկ հետո մեկ ուրիշը:

Լույսի այդ շողերը անընդհատ թափվում են մեզ վրա: Սուրբ գրություններն ուսուցանում են, որ Հիսուս Քրիստոսը «աշխարհի լույսն ու … կյանքն է»,9 որ Նրա «Հոգին լույս է տալիս ամեն տղամարդու [և կնոջ], որն աշխարհ է գալիս»10, և որ Նրա լույսը «լցնում [է] տարածության անսահմանությունը»՝ տալով «կյանք բոլոր բաներին»։11 Քրիստոսի Լույսը բառացիորեն մեր շուրջն է:

Եթե մենք ստացել ենք Սուրբ Հոգու պարգևը և ձգտում ենք հավատք գործադրել, ապաշխարել և հարգել մեր ուխտերը, ապա մենք արժանի ենք մշտապես ստանալու այս աստվածային շողերը: Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հիշարժան արտահայտության մեջ ասվում է, որ «մենք «ապրում ենք հայտնության մեջ»։12

Սակայն, մեզանից յուրաքանչյուրը տարբեր է: Ոչ մի երկու մարդ ճիշտ նույն կերպ չի ընկալում Աստծո լույսն ու ճշմարտությունը: Որոշ ժամանակ հատկացրեք և մտածեք, թե ինչպես եք զգում Տիրոջ լույսն ու Հոգին:

Դուք հավանաբար զգացել եք լույսի և վկայության այս հեղեղումները, որը «խաղաղություն [խոսեց] քո մտքին [այն] հարցի վերաբերյալ», որը ձեզ անհանգստացրել է։13

Կամ տպավորության տեսքով խոսում է մեղմ, հանդարտ ձայնով «ձեր մտքում և սրտում»14 և հորդորում է ձեզ ինչ-որ լավ բան անել, օրինակ՝ ինչ-որ մեկին օգնել:

Հավանաբար, դուք եղել եք եկեղեցու դասարանում կամ երիտասարդների ճամբարում և զգացել եք Հիսուս Քրիստոսին հետևելու և հավատարիմ մնալու մեծ ցանկություն:15 Միգուցե դուք նույնիսկ կանգնել եք և կիսվել մի վկայությամբ, որը հույս ունեիք, որ ճշմարիտ է, իսկ հետո զգացել եք, որ դա այդպես է:

Կամ գուցե դուք աղոթել եք և զգացել եք ուրախ հավաստիացում, որ Աստված սիրում է ձեզ:16

Դուք գուցե լսել եք, որ ինչ-որ մեկը վկայություն է բերում Հիսուս Քրիստոսի մասին, և դա դիպչել է ձեր սրտին և լցրել հույսով:17

Միգուցե Մորմոնի Գիրքը կարդալիս մի հատված խոսել է ձեր հոգու հետ, կարծես Աստված այն դրել էր հենց ձեզ համար, իսկ հետո հասկացել եք, որ դա ճշմարիտ է:18

Գուցե դուք զգացել եք Աստծո սերը ուրիշների հանդեպ, երբ ծառայում էիք նրանց:19

Կամ գուցե դժվարացել եք զգալ Հոգին դեպրեսիայի կամ անհանգստության պատճառով, բայց ունցել եք հետ նայելու և անցյալի «Տիրոջ գորովագութ ողորմությունները» ճանաչելու պարգևը։20

Ցանկանում եմ ասել, որ վկայության երկնային շողեր ստանալու բազմաթիվ եղանակներ կան: Սրանք, իհարկե, ընդամենը մի քանիսն են: Դրանք գուցե նշանակալի չեն, բայց բոլորն էլ մեր վկայությունների մի մասն են կազմում:

Եղբայրներ և քույրեր, ես լույսի սյուն չեմ տեսել, բայց ձեզ նման ես նույնպես շատ աստվածային շողեր եմ տեսել: Տարիների ընթացքում ես փորձել եմ գնահատել նման փորձառությունները: Հասկացել եմ, որ երբ փորձում եմ գնահատել դրանք, ճանաչում և հիշում եմ դրանցից ավելին: Ահա մի քանի օրինակ իմ կյանքից: Գուցե ոմանց համար դրանք այնքան էլ տպավորիչ չլինեն, բայց ինձ համար թանկ են։

Ես հիշում եմ, որ մկրտության ժամանակ աշխույժ ու աղմկոտ պատանի էի: Երբ ժողովը պետք է սկսվեր, ես զգացի, որ Հոգին հորդորում է ինձ նստել և ակնածալից լինել: Ես նստեցի և լուռ մնացի ժողովի ընթացքում:

Իմ միսիայից առաջ ես մտածում էի, որ իմ վկայությունը բավականաչափ ուժեղ չէ: Իմ ընտանիքում ոչ ոք երբևէ միսիայում չէր ծառայել, և ես վստահ չէի, որ կարող եմ դա անել: Ես հիշում եմ, թե ինչպես էի ուսումնասիրում և հուսահատ աղոթում՝ Հիսուս Քրիստոսի մասին ավելի որոշակի վկայություն ստանալու համար: Հետո մի օր, երբ ես աղոթում էի Երկնային Հորը, ես զգացի լույսի և ջերմության հզոր զգացում: Եվ ես ստացա այդ վկայությունը։ Ես պարզապես գիտեի։

Ես հիշում եմ, որ տարիներ անց մի գիշեր ինձ արթնացրեց «մաքուր բանականության» զգացումը՝ ասելով, որ ես կկանչվեմ ծառայելու երեցների քվորումում:21 Երկու շաբաթ անց ինձ կանչեցին։

Ես հիշում եմ գերագույն համաժողովներից մեկի ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի մի թանկագին անդամ վկայեց նույն բառերով, որոնք ես ասել էի մի ընկերոջ, ում հույս ունեի լսելու:

Հիշում եմ, թե ինչպես էի հարյուրավոր եղբայրների հետ ծնկի իջել, որ աղոթենք մի սիրելի ընկերոջ համար, որն անգիտակից պառկած էր մի փոքրիկ, հեռավոր հիվանդանոցում՝ արհեստական շնչառության սարքին միացված, երբ նրա սիրտը կանգ էր առել: Երբ մենք միավորեցինք մեր սրտերը՝ խնդրելով խնայել նրա կյանքը, նա արթնացավ և իր կոկորդից հանեց այդ սարքը: Նա այսօր ծառայում է որպես ցցի նախագահ:

Եվ ես հիշում եմ, թե ինչպես ուժեղ հոգևոր զգացումներով արթնացա մի սիրելի ընկերոջ և ուսուցչի մասին վառ երազ տեսնելուց հետո, որը շատ վաղ էր հեռացել կյանքից՝ թողնելով մի մեծ բաց իմ կյանքում: Նա ժպտում էր և ուրախ էր։ Ես գիտեի, որ նա լավ է:

Սրանք իմ լույսի շողերն են: Դուք ունեցել եք ձեր սեփական փորձառությունները՝ վկայության ձեր լույսով լի հեղեղումները: Երբ մենք ճանաչում, հիշում և հավաքում ենք այս շողերը «միասին»,22 ինչ-որ հրաշալի բան է սկսում տեղի ունենալ: «Lույսը հարում է լույսին», «Ճշմարտությունը փարվում է ճշմարտությանը»։23 Վկայության շողերից մեկի իրականությունն ու զորությունը ամրապնդվում և զուգակցվում է մյուսի հետ, այնուհետև մեկ ուրիշի և այդպես շարունակ։ Տող առ տող, ցուցում առ ցուցում, մի շող այստեղ, մի շող այնտեղ՝ ամեն անգամ մի փոքրիկ և հոգևոր անգին մի պահ, մեր մեջ աճում է լույսով և հոգևոր փորձառություններով լի միջուկը: Թերևս շողերից ոչ մեկն այնքան ուժեղ կամ պայծառ չէ, որ լիարժեք վկայություն կազմի, բայց նրանք միասին կարող են դառնալ մի լույս, որին կասկածի խավարը չի կարող հաղթել:

«Օ, ուրեմն, մի՞թե սա իրական չէ»: Հարցնում է Ալման։ «Ես ասում եմ ձեզ՝ Այո, որովհետև դա լույս է»։24

Տերն ուսուցանում է․ «Այն, ինչ Աստծուց է՝ լույս է. և նա, ով ստանում է լույսը և շարունակում է Աստծո հետ, ստանում է ավելի շատ լույս. և այդ լույսն ավելի ու ավելի է պայծառանում, մինչև որ կատարյալ օր է դառնում»25:

Եղբայրներ և քույրեր, դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում և «մեծ ջանասիրության»26 շնորհիվ, մենք նույնպես կարող ենք ունենալ մեր անձնական լույսի սյունը՝ ամեն անգամ մեկ շող ստանալով։ Եվ այդ սյան մեջ մենք նույնպես կգտնենք սիրառատ Երկնային Հորը, որը կանչում է մեզ անունով, մատնացույց է անում մեզ դեպի մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը և հրավիրում մեզ հետևել «Լսիր Նրան» կոչին:

Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին, որ Նա է լույսն ու կյանքն ամբողջ աշխարհի և ձեր ու իմ անձնական աշխարհի լույսն ու կյանքն է:

Ես վկայում եմ, որ Նա ճշմարիտ և կենդանի Աստծո ճշմարիտ և կենդանի Որդին է, և որ Նա կանգնած է այս ճշմարիտ և կենդանի Եկեղեցու գլխին, որն առաջնորդվում և ղեկավարվում է Իր ճշմարիտ և կենդանի մարգարեների և առաքյալների կողմից:

Թող որ մենք ճանաչենք և ստանանք Նրա փառահեղ լույսը, ապա ընտրենք Նրան աշխարհի խավարի փոխարեն՝ ընդմիշտ և հավետ։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.10-13:

  2. Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.14-16:

  3. See Joseph Smith, Journal, Nov. 9–11, 1835, 24, josephsmithpapers.org.

  4. Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․17։

  5. Sես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․20: Երբ Ջոզեֆ Սմիթը տուն վերադարձավ Առաջին Տեսիլքից հետո, նրա մայրը հարցրեց՝ արդյոք նա լավ է: Նա պատասխանեց. «Ես լավ եմ: … Ինձ հայտնի է դարձել, որ երիցականությունը ճշմարիտ չէ (շեշտադրումն ավելացված է):

  6. Ռասսել Մ․ Նելսոն, «Ամփոփիչ ելույթ», Լիահոնա, նոյեմբեր 2019, 122։

  7. Spencer W. Kimball, in Conference Report, Munich Germany Area Conference, 1973, 77; quoted in Graham W. Doxey, “The Voice Is Still Small,” Ensign, Nov. 1991, 25.

  8. Եկեղեցու նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Ֆ․ Սմիթ (1998), 201․ «Իմ պատանեկության օրերին, երբ նոր էի սկսել ծառայել, ես հաճախ էի խնդրում Տիրոջն ինձ մի հրաշալի բան ցույց տալ, որպեսզի ես կարողանայի վկայություն ստանալ: Սակայն Տերը հրաշքները հետ պահեց ինձանից և ինձ ցույց տվեց ճշմարտությունը, տող առ տող, ցուցում առ ցուցում, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ, մինչև նա ինձ ստիպեց իմանալ ճշմարտությունն իմ ողջ էությամբ, և մինչև կասկածն ու վախը ամբողջովին հեռացան ինձանից: Նա ստիպված չեղավ երկնքից հրեշտակ ուղարկել դա անելու համար, կամ էլ խոսել հրեշտակապետի փողով: Կենդանի Աստծո Հոգու մեղմ, հանդարտ ձայնով շշնջոցների միջոցով Նա ինձ տվեց վկայություն: Եվ այս սկզբունքով և զորությամբ Նա կտա մարդկանց բոլոր զավակներին ճշմարտության իմացություն, որը կմնա նրանց հետ, և դա նրանց կստիպի իմանալ ճշմարտությունը, ինչպես Աստված գիտի դա, և կատարել Հոր կամքը, ինչպես Քրիստոսն է դա անում»:

  9. Մոսիա 16․9:

  10. Վարդապետություն և Ուխտեր 84.46, տես նաև Հովհաննես 1.9:

  11. Վարդապետություն և Ուխտեր 88․12-13։

  12. Դեյվիդ Ա. Բեդնար, Հայտնության Հոգին, (2021), 7։

  13. Վարդապետություն և Ուխտեր 6.23:

  14. Վարդապետություն և Ուխտեր 8․2, տես նաև Հելաման 5.30:

  15. Տես Մոսիա 5․2, Վարդապետություն և Ուխտեր 11.12։

  16. Տես 2 Նեփի 4.21, Հելաման 5.44:

  17. Տերը բացահայտել է ուրիշների վկայությանը հավատալու կարողությունը՝ որպես հոգևոր պարգև (տես Վարդապետություն և Ուխտեր 46․13–14

  18. Ժամանակակից հայտնությունն ուսուցանում է, որ սուրբ գրության խոսքերը «իմ Հոգով են տրված ձեզ, … և եթե չլիներ իմ զորությամբ, դուք չէիք ունենա դրանք. Ուստի, դուք կարող եք վկայել, որ լսել եք իմ ձայնը և գիտեք իմ խոսքերը» (Վարդապետություն և Ուխտեր 18.35–36):

  19. Տես Մոսիա 2.17, Մորոնի 7․45-48։

  20. 1 Նեփի 1.20 Երեց Ջերիթ Վ. Գոնգը խոսել է «աչքերով նայելու մասին՝ տեսնելու և ուրախանալու մեր կյանքում Տիրոջ բազում ողորմություններով» («Սպասավորում», Լիահոնա, մայիս 2023, 18) և այն մասին, թե ինչպես կարելի է «Տիրոջ ձեռքը մեր կյանքում հաճախ ավելի հեշտ նկատել, երբ մենք հետ նայենք մեր կյանքի իրողություններին» («Միշտ հիշիր Նրան», Լիահոնա, մայիս 2016, 108): Տիրոջ ձեռքը մեր կյանքում երախտագիտությամբ ճանաչելու և ընդունելու պարգևը զորեղ է, նույնիսկ, եթե մենք չենք ճանաչել այն կամ չենք զգում այդ նույն պահին: Սուրբ գրությունները հաճախ խոսում են հիշելու հոգևոր զորության մասին (տես Հելաման 5․9–12, Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79), որը կարող է հայտնության նախապատմություն լինել (տես Մորոնի 10․3–4

  21. Ջոզեֆ Սմիթն ուսուցանել է․ «Մարդը կարող է օգուտ քաղել՝ նկատելով հայտնության հոգու առաջին հուշումը։ Օրինակ, երբ դուք զգում եք, որ ձեր մեջ հոսում է մաքուր բանականություն, այն կարող է ձեզ մոտ գաղափարների հանկարծակի հոսք առաջ բերել, որպեսզի նկատելով այն, դուք կարողանաք գտնել այն կատարված նույն օրը կամ շուտով. (այսինքն) այն բաները, որոնք ներկայացվեցին ձեր մտքերին Աստծո Հոգու կողմից, կկատարվեն. և այսպիսով, ճանաչելով Աստծո Հոգին և հասկանալով այն, դուք կարող եք աճել դեպի հայտնության սկզբունքը, մինչև որ կատարյալ դառնաք Քրիստոս Հիսուսում» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Ջոզեֆ Սմիթ [2007], 132)։

  22. Եփեսացիս 1․10:

  23. Վարդապետություն և Ուխտեր 88․40․ «Քանզի բանականությունը հարում է բանականությանը. իմաստությունը ստանում է իմաստություն. ճշմարտությունը փարվում է ճշմարտությանը. առաքինությունը սիրում է առաքինությանը. լույսը հարում է լույսին»։

  24. Ալմա 32․35: Ալման ընդգծեց, որ լույսով լցված այս փորձառությունները, թեև հաճախ փոքր են, բայց իրական են բոլոր իմաստներով: Նրանց իրականությունն էլ ավելի հզոր է դառնում, երբ դրանք միավորվում են միասին՝ կազմելով հզոր ամբողջություն:

  25. Վարդապետություն և Ուխտեր 50․24:

  26. Ալմա 32․41: