Գերագույն համաժողով
Հիսուսի վկայությունը
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Հիսուսի վկայությունը

Ես հրավիրում եմ գործել հիմա՝ ապահովելու ձեր տեղը՝ որպես Հիսուսի վկայության մեջ անվեհեր անձ։

1832 թվականին Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը ուշագրավ տեսիլք ստացան Աստծո զավակների հավերժական ճակատագրի վերաբերյալ։ Այս հայտնությունում խոսվում է երեք երկնային թագավորությունների մասին։ Նախագահ Դալլին Հ. Օուքսը անցյալ հոկտեմբերին խոսեց այս «փառքի արքայությունների» մասին,1 նշելով, որ «Գառի հաղթանակի և փառքի միջոցով»2 բոլորը, բացառությամբ քչերի, ի վերջո փրկագնվում են այս արքայություններից մեկում՝ «ըստ այն ցանկության, որը նրանք դրսևորել են իրենց ընտրությունների միջոցով»։3 Աստծո փրկագնման ծրագիրը սահմանում է համընդհանուր հնարավորություն Նրա բոլոր զավակների համար՝ որտեղ ու երբ էլ ապրած լինեն երկրի վրա։

Մինչդեռ երեք արքայություններից նույնիսկ ամենափոքրի՝ թելեստիալի փառքը «ամեն հասկացողությունից վեր է»,4 մեր Հայրը հույս ունի, որ մենք կընտրենք, և Նրա Որդու շնորհով կարժանանանք այս արքայություններից ամենաբարձրին ու փառավորին՝ սելեստիալին, որտեղ մենք կարող ենք վայելել հավերժական կյանքը որպես «Քրիստոսի ժառանգակիցներ»։5 Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հորդորել է մեզ «ունենալ սելեստիալ մտածելակերպ», սելեստիալ արքայությունը դարձնել մեր հավերժական նպատակը, այնուհետև «ուշադիր խորհել, թե երկրի վրա գտնվելու ժամանակ [մեր] յուրաքանչյուր որոշումը որտեղ կտեղավորի [մեզ] հաջորդ աշխարհում»։6

Սելեստիալ արքայությունում «նրանք են, ովքեր ընդունեցին Հիսուսի մասին վկայությունը, … ովքեր արդար մարդիկ են, Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի միջոցով կատարյալ դարձված»։7 Երկրորդ կամ թերեստրիալ արքայության բնակիչները նկարագրվում են որպես էապես լավ, այդ թվում՝ «երկրի վրա պատվավոր մարդիկ, ովքեր կուրացել են մարդկանց խորամանկության պատճառով»։ Նրանց հիմնական սահմանափակող հատկանիշն այն է, որ նրանք «անվեհեր չեն Հիսուսի վկայության մեջ»։8 Ի հակադրություն դրա, ավելի ցածր՝ թելեստիալ արքայության մեջ գտնվողները նրանք են, ովքեր «չընդունեցին ոչ ավետարանը, ոչ Հիսուսի վկայությունը»։9

Նկատենք, որ յուրաքանչյուր արքայության բնակիչների համար առանձնահատուկ հատկանիշն այն է, թե ինչպես են նրանք արձագանքում «Հիսուսի վկայությանը»՝ (1) ամբողջ սրտով նվիրված լինելուց մինչև (2) անվեհեր չլինելը և (3) բացահայտ մերժումը։ Յուրաքանչյուր մարդու արձագանքից է կախված նրա հավերժական ապագան։

I.

Ի՞նչ է Հիսուսի վկայությունը։

Դա Սուրբ Հոգու վկայությունն է, որ Նա Աստծո աստվածային Որդին է, Մեսիան և Քավիչը։ Դա Հովհաննեսի վկայությունն է, որ Հիսուսը սկզբում Աստծո մոտ էր, երկնքի և երկրի Ստեղծողն էր, և «նրանում էր ավետարանը, և ավետարանը կյանք էր, և կյանքը մարդկանց լույսն էր»։10 Դա «Առաքյալների և Մարգարեների վկայություններն են, … որ Նա մահացել է, թաղվել է և կրկին, երրորդ օրը, հարություն է առել և համբարձվել է երկինք»։11 Դա գիտելիքն է, որ «չկա տրված մեկ այլ անուն, որով փրկություն է գալիս»։12 Դա է «վկայությունը, ամենավերջինը», տրված Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից, «որ նա ապրում է։ … Որ նա Հոր Միածինն է,– Որ նրանով, նրա միջոցով, և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են, և դրանց բնակիչները ծնված որդիներն ու դուստրերն են Աստծո»։13

II.

Այս վկայության վերաբերյալ մի հարց է առաջ գալիս․ ի՞նչ պետք է անենք դրա հետ։

Սելեստիալ արքայության ժառանգորդները «ընդունում» են Հիսուսի վկայությունը լիարժեքորեն՝ մկրտվելով, Սուրբ Հոգին ստանալով և հավատքով հաղթելով։14 Նրանց առաջնահերթությունները և ընտրությունները ղեկավարվում են Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներով ու ճշմարտություններով։ Հիսուսի վկայությունը դրսևորվում է նրանում, թե ինչպիսին են նրանք և ինչպիսին են դառնում։ Նրանց շարժառիթը գթությունն է՝ «Քրիստոսի մաքուր սերը»։15 Նրանք ամեն բան անում են՝ «Քրիստոսին չափանիշ ունենալով»։16

Թերեստրիալ արքայությունում գտնվողներից ոմանք նույնպես ընդունում են Հիսուսի վկայությունը, բայց նրանք առանձնանում են նրանով, թե ինչ չեն անում դրա համար։ Փրկչի վկայության մեջ անվեհեր չլինելը ցույց է տալիս անտարբերության կամ անփութության աստիճանը՝ «գաղջ» լինելը17․ ի տարբերություն, օրինակ՝ Մորմոնի Գրքից Ամմոնի ժողովրդի, որոնք «տարբերվում էին իրենց ջերմեռանդությամբ առ Աստված»։18

Թելեստիալ արքայության բնակիչները նրանք են, ովքեր մերժում են Հիսուսի վկայությունը, ինչպես նաև Նրա ավետարանը, Նրա ուխտերը և Նրա մարգարեներին։ Աբինադիի կողմից նրանք նկարագրվում են հետևյալ կերպ․ «գնացած լինելով ըստ իրենց սեփական մարմնական կամքի և ցանկությունների. երբեք կանչած չլինելով առ Տերը, քանի դեռ ողորմության բազուկները մեկնված էին դեպի իրենց. քանզի ողորմության բազուկները մեկնված էին դեպի իրենց, իսկ նրանք չկամեցան»։19

III.

Ի՞նչ է նշանակում անվեհեր լինել Հիսուսի վկայության մեջ

Կան մի քանի հնարավորություններ, որոնք կարելի է դիտարկել այս հարցին պատասխանելիս։ Ես միայն մի քանիսը կնշեմ։ Հիսուս Քրիստոսի վկայության մեջ անվեհեր լինելը, անշուշտ, ներառում է այդ վկայությունը սնուցելն ու զորացնելը։ Ճշմարիտ աշակերտները չեն անտեսում թվացյալ փոքր բաները, որոնք հաստատում և ամրացնում են Հիսուսի մասին իրենց վկայությունը, ինչպիսիք են՝ աղոթքը, սուրբ գրությունների ուսումնասիրությունը, Հանգստության օրը սուրբ պահելը և հաղորդությունը ճաշակելը, ապաշխարելը, սպասավորելը և Տիրոջ տանը երկրպագելը։ Նախագահ Նելսոնը հիշեցնում է մեզ, որ «վկայությունը, որն ամեն օր չի սնվում «Աստծո բարի խոսքով», [Մորոնի 6․4] սահմռկեցուցիչ արագությամբ կարող է փլուզվել։ Այսպիսով, … մեզ անհրաժեշտ են ամենօրյա փորձառություններ՝ Տիրոջը երկրպագելու և Նրա ավետարանն ուսումնասիրելու համար»։ Ապա նա ավելացրել է․ «Ես խնդրում եմ, որ թույլ տաք Աստծուն տնօրինել ձեր կյանքը։ Ձեր ժամանակի արդար բաժինը հատկացրեք Նրան։ Երբ անեք դա, կնկատեք, թե ինչ է տեղի ունենում ձեր դրական հոգևոր լիցքի հետ»։20

Անվեհեր լինելը նաև ենթադրում է բաց և հրապարակայնորեն խոսել սեփական վկայության մասին։ Մկրտվելիս մենք հաստատում ենք, որ հոժար ենք «կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ [մենք] կարող է լինենք, նույնիսկ մինչև մահ»։21 Զատիկի այս տոներին մենք յուրահատուկ ուրախությամբ, հրապարակայնորեն և անվերապահորեն հայտարարում ենք մեր վկայությունը հարություն առած, կենդանի Քրիստոսի մասին։

Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինելու համար կարող ենք ականջ դնել Նրա սուրհանդակներին։ Աստված մեզ չի ստիպում գնալ ավելի լավ ուղիով՝ ուխտի ուղիով, բայց Նա հրահանգում է Իր մարգարեներին մեզ լիովին տեղեկացնել մեր ընտրությունների հետևանքների մասին։ Եվ դա չի վերաբերում միայն Նրա Եկեղեցու անդամներին։ Իր մարգարեների և առաքյալների միջոցով Նա սիրով խնդրում է ողջ աշխարհին ականջ դնել ճշմարտությանը, որը կազատի նրանց,22 զերծ կպահի անհարկի տառապանքից և կբերի նրանց հարատև ուրախություն։

Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինել նշանակում է՝ քաջալերել ուրիշներին խոսքով և օրինակով, որպեսզի նրանք նույնպես անվեհեր լինեն, հատկապես մեր ընտանիքի անդամներին։ Երեց Նիլ Ա. Մաքսվելը մի անգամ դիմեց «[Եկեղեցու] «պատվավոր» անդամներին, ովքեր իրենց աշակերտությունը խորացնելու փոխարեն մակերեսորեն են նայում ամեն ինչին, և ովքեր անփութորեն են ներգրավված, այլ ոչ թե «ջերմեռանդ ներգրավված» (Վարդապետություն և Ուխտեր 76․75, 58․27)»։23 Նշելով, որ բոլորն ազատ են ընտրության հարցում, երեց Մաքսվելը ողբում է. «Ցավոք սրտի, սակայն, երբ ոմանք ընտրում են թուլությունը, նրանք ընտրում են ոչ միայն իրենց, այլև հաջորդ սերնդի և սերունդների համար։ Ծնողների փոքր շեղումները կարող են մեծ շեղումներ առաջացնել իրենց երեխաների մոտ։ Ընտանիքի նախորդ սերունդները կարող էին արտացոլել նվիրվածություն, մինչդեռ ներկայիս սերունդներից ոմանց մոտ դրսևորվում են շեղումներ։ Ցավոք սրտի, հաջորդիվ ոմանք կարող են ընտրել տարաձայնությունը, քանի որ էրոզիան իր վնասն է բերում»։24

Տարիներ առաջ երեց Ջոն Հ. Գրոբերգը պատմել է մի երիտասարդ ընտանիքի պատմությունը, որն ապրում էր Հավայան կղզիների մի փոքրիկ ճյուղում 1900-ականների սկզբին։ Նրանք Եկեղեցու անդամ էին մոտ երկու տարի, երբ նրանց դուստրերից մեկը հիվանդացավ չախտորոշված հիվանդությամբ և հոսպիտալացվեց։ Հաջորդ կիրակի եկեղեցում հայրը և նրա որդին պատրաստեցին հաղորդությունը, ինչը անում էին գրեթե ամեն շաբաթ, բայց երբ երիտասարդ հայրը ծնկի եկավ՝ օրհնելու հացը, ճյուղի նախագահը, հանկարծ հասկանալով, թե ով է հաղորդության սեղանի շուրջ, վեր թռավ և բղավեց. «Դադարեցրեք։ Դուք չեք կարող դիպչել հաղորդությանը։ Ձեր աղջիկն անհայտ հիվանդություն ունի։ Անմիջապես հեռացեք, մինչ մեկ ուրիշը կպատրաստի հաղորդության նոր հացը։ Ձեր ներկայությունն այստեղ չի խրախուսվում։ Գնացեք»։ Ապշած հայրը քննող հայացքով նայեց ճյուղի նախագահին, ապա հավաքվածներն և զգալով բոլորի անհանգստությունը՝ ամոթի զգացումով նշան արեց իր ընտանիքին, և նրանք կամացուկ դուրս եկան աղոթատնից։

Ոչ մի բառ չհնչեց, մինչ ընտանիքը վհատված քայլեց արահետով դեպի իրենց փոքրիկ տունը։ Այնտեղ նրանք նստեցին շուրջանակի, և հայրը ասաց. «Խնդրում եմ, լռեք, մինչև ես պատրաստ լինեմ խոսելու»։ Երիտասարդ որդին մտածում էր, թե ինչ են անելու, որպեսզի վրեժ լուծեն իրենց կրած ամոթի համար. սպանեն մասնաճյուղի նախագահի խոզերին, վառեն նրա տունը, թե՞ միանան մեկ այլ եկեղեցու։ Հինգ, տասը, տասնհինգ, քսանհինգ րոպե անցավ լռության մեջ։

Հոր սեղմած բռունցքները սկսեցին թուլանալ, և արցունքներ երևացին։ Մայրը սկսեց լաց լինել, և շուտով երեխաներից յուրաքանչյուրը կամացուկ լալիս էր։ Հայրը շրջվեց դեպի կինը և ասաց. «Ես սիրում եմ քեզ» և այնուհետև այդ խոսքերը կրկնեց իրենց երեխաներից յուրաքանչյուրին։ Ես սիրում եմ բոլորիդ և ցանկանում եմ, որ մենք միասին լինենք ընդմիշտ՝ որպես ընտանիք։ Դրան հասնելու միակ ճանապարհն այն է, որ մենք բոլորս լինենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու լավ անդամներ և կնքվենք տաճարում՝ սուրբ քահանայությամբ։ Սա ճյուղի նախագահի եկեղեցին չէ։ Սա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին է։ Մենք թույլ չենք տա, որ որևէ տղամարդ կամ որևէ վիրավորանք, ամոթ կամ հպարտություն մեզ հետ պահի հավերժ միասին լինելուց։ Հաջորդ կիրակի մենք կվերադառնանք եկեղեցի։ Մենք կմեկուսանանք այնքան ժամանակ, մինչև մեր աղջկա հիվանդությունը կպարզվի, բայց մենք կվերադառնանք»։

Նրանք վերադարձան, նրանց դուստրը ապաքինվեց և ընտանիքը կնքվեց Լայի Հավայան կղզիների Տաճարում, երբ վերջինիս պատրաստ էր։ Այսօր ավելի քան 100 հոգի իրենց հորը, պապին և նախապապին երանելի են անվանում, որովհետև նա իր հայացքը հառել էր հավերժության վրա։25

Հիսուսի վկայության մեջ անվեհեր լինելու համար կնշեմ ևս մեկ կարևոր հանգամանք՝ անձնական սրբության մեր անհատական ձգտումը։ Հիսուսը մեր Քավիչն է26 և Նա խնդրում է․ «Ապաշխարեք, դուք, աշխարհի բոլոր ծայրեր, և եկեք ինձ մոտ ու մկրտվեք իմ անունով, որպեսզի դուք կարողանաք սրբագործվել՝ ընդունելով Սուրբ Հոգին, որպեսզի դուք կարողանաք կանգնել անբիծ իմ առջև վերջին օրը»։27

Մարգարե Մորմոնը նկարագրում է Սրբերի մի խմբի, որոնք հաստատակամորեն մնացին այս ուղու վրա՝ չնայած անցան «շատ չարչարանքների միջով»28։

«Այնուամենայնիվ, նրանք հաճախ ծոմ էին պահում ու աղոթում և դառնում էին ավելի ու ավելի ուժեղ իրենց խոնարհության մեջ, և ավելի ու ավելի կայուն՝ Քրիստոսի հավատքում, որը նրանց հոգիները լցնում էր ուրախությամբ ու սփոփանքով, այո, նույնիսկ մինչև իսկ մաքրում ու սրբագործում էր նրանց սրտերը, սրբագործում, որը գալիս էր իրենց սրտերն Աստծուն ենթարկելուց»։29 Մենք փնտրում ենք սրտի հենց այս հզոր փոփոխությունը՝ մեր սրտերը Աստծուն ենթարկելը և Փրկչի շնորհով հոգեպես վերածնված լինելը։30

Ես հրավիրում եմ գործել հիմա՝ ապահովելու ձեր տեղը՝ որպես Հիսուսի վկայության մեջ անվեհեր անձ։ Ապաշխարությունը խիստ անհրաժեշտ է, ուստի՝ «չհետաձգեք ձեր ապաշխարության օրը»,31 չլինի թե «մի ժամի, երբ դուք չեք կարծում՝ ամառը կանցնի և հունձքը կավարտվի, իսկ ձեր հոգիները չեն փրկվի»։32 Նախանձախնդիր եղեք Աստծո հետ ունեցած ձեր ուխտերը պահելու հարցում։ Պետք չէ «վիրավորվել խոսքի խստության պատճառով»։33 «Հիշեք պահել [Քրիստոսի] անունը միշտ գրված ձեր սրտերում, … որ դուք լսեք և իմանաք ձայնը, որով դուք պիտի կանչվեք, և նաև անունը, որով նա պիտի կանչի ձեզ»։34 Ի վերջո, «հաստատեք սա ձեր սրտերում, որ դուք պետք է անեք այն բաները, ինչ [Հիսուսը] կուսուցան[ի] և կպատվիր[ի] ձեզ»:35

Մեր Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր զավակները, որոնք կկամենան, վայելեն հավերժական կյանքը Իր հետ Իր սելեստիալ արքայությունում։ Հիսուսը չարչարվեց, մահացավ և հարություն առավ դա հնարավոր դարձնելու համար։ Նա «համբարձվել է երկինք և նստել Աստծո աջ կողմում՝ հայցելու Հորից ողորմության իր իրավունքները, որոնք նա ունի մարդկանց զավակների հանդեպ»։36 Ես աղոթում եմ, որ մենք բոլորս օրհնվենք Տեր Հիսուս Քրիստոսի մասին վառ վկայությամբ, ուրախանանք և քաջ լինենք այդ վկայությամբ և շարունակաբար վայելենք Նրա շնորհի պտուղները մեր կյանքում։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։