Գերագույն համաժողով
Հիսուս Քրիստոսը մեր կյանքի կենտրոնում
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Հիսուս Քրիստոսը մեր կյանքի կենտրոնում

Հոգու խոր հարցերը, որոնք ի հայտ են գալիս մեր ամենից խավար ժամերին ու դժվարին փորձություններում, լուծվում են Հիսուս Քրիստոսի անսասան սիրո միջոցով:

Մահկանացու կյանքի մեր ճամփորդության ընթացքում մենք երբեմն ենթարկվում ենք փորձությունների՝ սիրելիների կորստի ծանր ցավը, հիվանդության դեմ դժվարին պայքարը, անարդարության խայթոցը, ոտնձգությունների կամ բռնությունների սարսափելի փորձառությունները, գործազրկության սպառնալիքը, ընտանեկան նեղությունները, մենակության լուռ ճիչը կամ զինված հակամարտությունների դառը հետևանքները։1 Նման պահերին մեր հոգիները ապավեն են փափագում։2 Մենք ջանասիրաբար ձգտում ենք իմանալ. Որտե՞ղ կարող ենք գտնել խաղաղության բալասանը:3 Ո՞ւմ կարող ենք վստահել, որ օգնի մեզ վստահությամբ և ուժով հաղթահարելու այս մարտահրավերները:4 Ո՞վ ունի այդ համբերությունը, ընդգրկող սերն ու ամենակարող ձեռքը՝ մեզ բարձրացնելու և աջակցելու համար:

Հոգու խոր հարցերը, որոնք ի հայտ են գալիս մեր ամենից խավար ժամերին ու դժվարին փորձություններում, լուծվում են Հիսուս Քրիստոսի անսասան սիրո միջոցով:5 Նրա մեջ և Նրա վերականգնված ավետարանի խոստացված օրհնությունների միջոցով6 մենք գտնում ենք պատասխանները, որոնք փնտրում ենք: Նրա անսահման Քավության միջոցով է, որ մեզ տրվում է անչափելի պարգև՝ հույս, բժշկություն և Նրա մշտական, հարատև ներկայության հավաստիացում՝ մեր կյանքում:7 Այս պարգևը հասանելի է բոլոր նրանց, ովքեր ձեռք են մեկնում հավատքով՝ ամբողջ սրտով ընդունելով խաղաղությունն ու փրկագնումը, որը Նա այնքան առատորեն առաջարկում է:

Տերը խաղաղություն ու փրկագնում է առաջարկում մեզանից յուրաքանչյուրին, վարմունք, որը Նրա աստվածային սիրո և բարության բուն էությունն է: Մեզ ուղղված Նրա հրավերը գերազանցում է պարզ կոչը. դա աստվածային աջակցման խոստում է, որը ամրապնդվում է Նրա շնորհի մնայուն զորությամբ: Սուրբ գրություններում Նա սիրով վստահեցնում է մեզ.

«Ինձ մոտ եկեք, բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։

Իմ լուծը ձեզ վրա վերցրեք ու ինձանից սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք:

Որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»:8

Նրա՝ «Ինձ մոտ եկեք» և «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք» հրավերի հստակությունը հաստատում է Նրա խոստման խոր էությունը. այնքան ընդարձակ և ամբողջական խոստում, որը մարմնավորում է Նրա սերը՝ տալով մեզ հանդիսավոր երաշխիք. «Ձեր հոգիներին հանգստություն կգտնեք»:

Երբ ջանասիրաբար փնտրում ենք հոգևոր առաջնորդություն,9 մենք սկսում ենք խորապես փոխակերպող մի ոդիսական, որն ամրացնում է մեր վկայությունները: Երբ հասկանում ենք մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կատարյալ սիրո մեծությունը,10 մեր սրտերը լցվում են երախտագիտությամբ, խոնարհությամբ11 և աշակերտության արահետին հետամուտ լինելու նոր ցանկությամբ:12

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ մեր կյանքը կենտրոնացած է Աստծո փրկության ծրագրի վրա … և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից՝ մեր կյանքում ինչ-որ բան պատահում է, թե՝ ոչ: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ»:13

Ալման, խոսելով իր որդի Հելամանի հետ, հայտարարեց. «Եվ այժմ, ով իմ որդի Հելաման, ահա, դու քո երիտասարդությունում ես և հետևաբար, ես աղաչում եմ քեզ, որ դու լսես իմ խոսքերը և սովորես ինձանից. քանզի ես իսկապես գիտեմ, որ ովքեր որ դնեն իրենց վստահությունն Աստծո վրա, պիտի սատարվեն իրենց փորձանքների, և իրենց տագնապների, և իրենց չարչարանքների մեջ, և պիտի բարձրացվեն վերջին օրը»:14

Հելամանը, խոսելով իր որդիների հետ, ուսուցանեց Փրկչին մեր կյանքի կենտրոնում դնելու այս հավերժական սկզբունքի մասին. «Հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը»:15

Մատթեոս 14 գլխում մենք իմանում ենք, որ Հովհաննես Մկրտչի մահվան մասին լսելուց հետո Հիսուսը ցանկանում էր մենակ մնալ: Սակայն մի մեծ բազմություն հետևեց Նրան: Կարեկցանքից ու սիրուց մղված և թույլ չտալով, որ Իր վիշտը շեղի Իրեն Իր առաքելությունից, Հիսուսը ողջունեց նրանց՝ բժշկելով նրանց մեջ գտնվող հիվանդներին: Երբ երեկոն մոտենում էր, աշակերտները բախվեցին մի սարսափելի մարտահրավերի. բազմաթիվ մարդիկ սակավ սնունդ ունեին։ Նրանք առաջարկեցին Հիսուսին ուղարկել ամբոխին՝ ուտելիք հայթայթելու, բայց Հիսուսը մեծ սիրով և մեծ ակնկալիքներով խնդրեց աշակերտներին փոխարենը կերակրել նրանց։

Մինչ աշակերտները զբաղված էին անմիջական մարտահրավերով, Հիսուսը ցույց տվեց Իր վստահությունն ու սերը Իր Հոր հանդեպ՝ զուգորդված մարդկանց հանդեպ անսասան սիրով: Նա պատվիրեց ամբոխին նստել խոտի վրա, և վերցնելով ընդամենը հինգ հաց և երկու ձուկ, Նա ընտրեց գոհություն հայտնել Իր Հորը՝ ընդունելով Աստծո կարողությունը Իր իշխանությունն ու զորությունը ապահովելու գործում:

Գոհություն հայտնելուց հետո Հիսուսը կտրեց հացը, և աշակերտները այն բաժանեցին ժողովրդին։ Հրաշքով, սնունդը ոչ միայն բավարարեց, այլև առատ էր՝ 12 զամբյուղ մնացորդներով։ Սնված մարդկանց խմբում ընդգրկված էին 5000 մարդ՝ կանանց և երեխաների հետ միասին:16

Այս հրաշքը հիմնարար դաս է տալիս. երբ բախվում ենք մարտահրավերների, մենք ավելի հեշտությամբ անհարկի կենտրոնանում ենք մեր դժվարությունների վրա: Սակայն Հիսուս Քրիստոսը ցույց տվեց Իր Հոր վրա կենտրոնանալու, երախտագիտություն հայտնելու օրինակը, նաև ընդունելու օրինակը առ այն, որ մեր փորձությունների լուծումները միշտ չէ, որ մեր մեջ են, այլ՝ Աստծո զորության:17

Երբ մենք բախվում ենք դժվարությունների, բնականաբար, հակված ենք կենտրոնանալ մեր առջև ծառացած խոչընդոտների վրա: Մեր մարտահրավերներն իրական են և գրավում են մեր ուշադրությունը, սակայն դրանց հաղթահարման սկզբունքը մեր ուշադրության կենտրոնում է: Քրիստոսին դնելով մեր մտքերի և գործերի հիմքում՝ մենք գործում ու վարվում ենք այնպես, որ համահունչ է Հիսուս Քրիստոսի հեռանկարին և օգտագործում է Նրա ուժը:18 Այս ճշգրտումը չի նվազեցնում մեր մաքառումները. փոխարենը՝ այն օգնում է մեզ խուսանավել դրանց միջով՝ աստվածային առաջնորդության օգնությամբ:19 Արդյունքում մենք հայտնաբերում ենք լուծումներ և աջակցություն, որոնք բխում են ավելի բարձր իմաստությունից: Քրիստոսակենտրոն այս հեռանկարը որդեգրելը մեզ զորացնում է մեր փորձությունները հաղթանակների վերածելու տոկունությամբ և խորաթափանցությամբ,20 հիշեցնելով մեզ, որ Փրկչի հետ հիմնավոր թվացող խնդիրը կարող է դառնալ ավելի մեծ հոգևոր առաջընթացի ուղի:

Մորմոնի Գրքում Ալմա Կրտսերի պատմությունը ներկայացնում է փրկագնման համոզիչ պատմությունը և մարդու կյանքը Քրիստոսի շուրջը կենտրոնացնելու խոր ազդեցությունը: Սկզբում՝ Ալման Տիրոջ Եկեղեցու հակառակորդն էր և շատերին մոլորեցնում էր արդարության շավիղներից: Այնուամենայնիվ, աստվածային միջամտությունը, որը նշանավորվեց հրեշտակի այցելությամբ, արթնացրեց նրան իր սխալ արարքներից:

Իր ամենից դժվար ու տխուր պահին, մեղքի զգացումից տանջված և իր հոգևոր տառապանքից ելք գտնելուց վհատված, Ալման հիշեց իր հոր ուսմունքները Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության զորության մասին: Քավություն տենչացող սրտով նա լրջորեն ապաշխարեց և ջերմեռանդորեն աղերսեց Տիրոջ ողորմածությունը: Օգնության կարիք ունենալու անկեղծ գիտակցման այս վճռորոշ պահը, երբ Ալման ջանասիրաբար փնտրում էր Քրիստոսի ողորմությունը և միայն մտածում էր Նրա մասին, ուշագրավ փոխակերպման պատճառ դարձավ: Մեղքի և հուսահատության ծանր շղթաներն անհետացան և փոխարինվեցին ուրախության ու խաղաղության անհաղթահարելի զգացումով:21

Հիսուս Քրիստոսը մեր հույսն է և կյանքի մեծագույն ցավերի պատասխանը: Իր զոհաբերության միջոցով Նա վճարեց մեր մեղքերի համար և Իր վրա վերցրեց մեր բոլոր տառապանքները՝ ցավը, անարդարությունը, վիշտը և վախը: Նա նաև ներում և բժշկում է մեզ, երբ մենք վստահում ենք Իրեն և ձգտում ենք դեպի լավը փոխել մեր կյանքը: Նա մեր բժշկողն է,22 որը մխիթարում և նորոգում է մեր սրտերը Իր սիրո և զորության միջոցով, ճիշտ ինչպես Նա բժշկեց շատերին, երբ երկրի վրա էր:23 Նա կենդանի ջուրն է, որն Իր մշտական սիրով ու բարությամբ իրականացնում է մեր հոգու ամենախոր պահանջմունքները: Սա նման է այն խոստմանը, որ Նա տվեց սամարացի կնոջը ջրհորի մոտ՝ առաջարկելով «այն ջուրը, որը հավիտենական կյանքի համար կբխի»:24

Ես հանդիսավոր վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, որ Նա նախագահում է Իր այս սուրբ Եկեղեցում՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:25 Ես վկայում եմ, որ Նա աշխարհի Փրկիչն է, Խաղաղության Իշխանը,26 թագավորների Թագավորը, տերերի Տերը,27 աշխարհի Քավիչը: Ես համոզված հաստատում եմ, որ մենք միշտ ներկա ենք Նրա մտքում և սրտում: Որպես դրա վկայություն, Նա վերականգնեց Իր Եկեղեցին այս վերջին օրերում և կանչեց նախագահ Ռասսել Մ. Նելսոնին որպես Իր մարգարե և Եկեղեցու Նախագահ այս ժամանակներում:28 Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսը տվեց Իր կյանքը, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք:

Երբ մենք ձգտում ենք Նրան դնել մեր կյանքի կենտրոնում, հայտնությունները բացվում են մեզ, Նրա խոր խաղաղությունը պարուրում է մեզ, և Նրա անսահման Քավությունը բերում է մեր ներումն ու բժշկումը:29 Նրա մեջ է, որ մենք հայտնաբերում ենք հաղթահարելու ուժը, համբերելու քաջությունը և խաղաղությունը, որը գերազանցում է ամեն հասկացողություն: Թող որ մենք ամեն օր ձգտենք ավելի մոտենալ Նրան՝ ամեն բարիքի աղբյուրին,30 և հույսի փարոսին՝ դեպի մեր Երկնային Հոր ներկայությունը վերադառնալու մեր ճամփորդության մեջ: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։