Գերագույն համաժողով
Ուխտով կապված վստահություն Հիսուս Քրիստոսի միջոցով
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Ուխտով կապված վստահություն Հիսուս Քրիստոսի միջոցով

Տիրոջ տուն մտնելիս մենք սկսում ենք մի ճամփորդություն՝ սովորելով դառնալ Քրիստոսի ավելի բարձր և ավելի սուրբ աշակերտներ:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես աղոթում եմ, որ մենք հոգևորապես նորոգվենք մեր ղեկավարների ոգեշնչված ուղերձներով այս շաբաթ և կիրակի օրերին և ուրախանանք նրանով, որը ես անվանում եմ «ուխտով կապված վստահություն Հիսուս Քրիստոսի միջոցով»: Այս վստահությունը լուռ, բայց որոշակի երաշխիքն է այն օրհնությունների, որոնք Աստված խոստանում է նրանց, ովքեր պահում են իրենց ուխտերը և որոնք այդքան անհրաժեշտ են մեր օրերի դժվարին հանգամանքներում:

Տիրոջ նոր տների կառուցումն ամբողջ աշխարհում՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ոգեշնչված ղեկավարության ներքո, մեծ ուրախություն են առաջացրել Եկեղեցու անդամների մոտ և ծառայում են որպես Տիրոջ արքայության ընդլայնման կարևոր խորհրդանիշ:

Հիշելով անցած տարվա հոկտեմբերին Կալիֆորնիայի Ֆեյթեր Ռիվեր տաճարի նվիրագործման ժամանակ իմ ունեցած ակնածալից փորձառությունը, ես մտածում եմ, որ մենք երբեմն մոլորվում ենք մեր քաղաքներում և համայնքներում և անտեսում տաճարում կնքված սուրբ ուխտերի ավելի սուրբ նպատակը:

Յուրաքանչյուր տաճարի ճակատին փորագրված է հանդիսավոր մի հայտարարություն. «Սրբություն Տիրոջը»:1 Այս ոգեշնչված խոսքերը հստակ հրավեր են առ այն են, որ Տիրոջ տուն մտնելիս մենք սկսում ենք մի ճամփորդություն՝ սովորելով դառնալ Քրիստոսի ավելի բարձր և ավելի սուրբ աշակերտներ: Երբ մենք սրբությամբ ուխտեր ենք կապում Աստծո առջև և պարտավորվում հետևել Փրկչին, մենք զորություն ենք ստանում փոխելու մեր սրտերը, նորոգելու մեր հոգիները և ամրապնդելու մեր հարաբերությունները Նրա հետ: Նման ջանքերը սրբացնում են մեր հոգիները և սրբազան կապեր են ստեղծում Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ, ովքեր խոստանում են, որ մենք կարող ենք ժառանգել հավերժական կյանքի պարգևը:2 Այս սուրբ ճամփորդության արդյունքն այն է, որ մեր առօրյա կյանքում ձեռք ենք բերում ավելի սուրբ և բարձր վստահություն՝ Հիսուս Քրիստոսի միջոցով կնքված մեր ուխտերի շրջանակներում:

Նման վստահությունը Աստծո հետ մեր աստվածային կապի գագաթնակետն է և կարող է օգնել մեզ մեծացնել մեր նվիրվածությունն ու երախտագիտությունը Հիսուս Քրիստոսի և Նրա քավող զոհաբերության հանդեպ: Այն զորացնում է ուրիշներին սիրելու և ծառայելու մեր կարողությունը և ամրացնում մեր հոգիները՝ ապրելու մի անսուրբ աշխարհում, որն ավելի ու ավելի մութ ու հուսահատեցնող է դառնում։ Այն մեզ ուժ է տալիս հաղթահարելու կասկածի և հուսահատության, վախի և հիասթափության և կսկիծի սերմերը, որոնք թշնամին փորձում է սերմանել մեր սրտերում, հատկապես, երբ կյանքը դժվար է, փորձությունները երկար են կամ հանգամանքները դժվար են: Աստվածաշնչի մի հատված իմաստուն խորհուրդ է տալիս մեզանից յուրաքանչյուրին, երբ մենք տատանվում ենք այսօրվա աշխարհիկ մարտահրավերների դաժան քամուց. «Ուրեմն մի կորցրեք ձեր վստահությունը»:3

Սիրելի եղբայրներ և քույրեր, նրանք, ովքեր անկեղծ վստահություն են ձեռք բերում Տիրոջ տանը Հիսուս Քրիստոսի միջոցով կնքված ուխտերի նկատմամբ, տիրապետում են ամենահզոր ուժերից մեկին, որը մենք կարող ենք ստանալ այս կյանքում:

Երբ այս տարի ուսումնասիրեցինք Մորմոնի Գիրքը «Եկ, հետևիր ինձ» ձեռնարկում, մենք ականատես եղանք, թե Նեփին ինչպես հավատարմության միջոցով գեղեցիկ կերպով ընդօրինակեց այդ տեսակի ուխտով կապված վստահության զորությունը, երբ նա բախվեց ձախողումների և մարտահրավերների՝ թիթեղները ստանալիս, ինչպես պատվիրվել էր Տիրոջ կողմից: Չնայած Նեփին շատ էր տխրել Լամանի ու Լեմուելի վախի և հավատքի պակասի պատճառով, սակայն նա մնաց վստահ, որ Տերը թիթեղները կտա իրենց։ Նա ասացի իր եղբայրներին. «Ինչպես կենդանի է Տերը, և ինչպես կենդանի ենք մենք, մենք ետ չենք գնա անապատ՝ մեր հոր մոտ, մինչև չիրագործենք այն, ինչ Տերը պատվիրել է մեզ»:4 Տիրոջ խոստումների հանդեպ իր վստահության շնորհիվ Նեփին կարողացավ իրականացնել այն, ինչ իրեն պատվիրվել էր անել:5 Ավելի ուշ՝ իր տեսիլքում Նեփին տեսավ այդ տեսակ վստահության ազդեցությունը՝ գրելով. «Ես, Նեփիս, տեսա Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, … և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»:6

Ես անձամբ տեսել եմ Տիրոջ սիրառատ խոստումները և զորությունը, որոնք հոսում են Աստծո զավակների կյանք՝ զորացնելով նրանց դիմակայելու կյանքի հանգամանքներին: Օրերից մի օր կինս տուն եկավ իր տաճարային երկրպագությունից հետո և պատմեց ինձ, թե որքան էր հուզված այն ամենից, ինչ նա տեսել էր այնտեղ։ Երբ նա մտել էր Տիրոջ տուն, տեսել էր մի մարդու, որը հաշմանդամի սայլակով շատ դանդաղ առաջ էր շարժվում, և մի կնոջ, որը մեծ դժվարությամբ քայլում էր ձեռնափայտով, և երկուսն էլ խիզախորեն գալիս էին երկրպագելու Տիրոջ հետ Նրա տանը: Երբ կինս մտավ նախնական արարողությունների սենյակ, նա տեսավ մի սիրալիր քրոջ, որը զուրկ էր մի ձեռքից և ուներ միայն մյուս թևի մի մասը, և այդ կինը գեղեցիկ և երկնային կերպով կատարում էր իրեն տրված բոլոր առաջադրանքները:

Երբ ես և կինս խոսեցինք այդ փորձառության մասին, մենք եկանք այն եզրակացության, որ միայն մաքուր և անկեղծ վստահությունը հավերժական խոստումների հանդեպ, որ Աստված տալիս է Իր տանը Նրա հետ կնքված սուրբ ուխտերի միջոցով, կարող է ստիպել Քրիստոսի այդ հրաշալի աշակերտներին դուրս գալ իրենց տներից այդ ցրտաշունչ օրը՝ և անտեսել իրենց կյանքի հանգամանքները։

Իմ սիրելի ընկերներ, եթե կա մի բան, որ մենք կարող ենք ունենալ, և մի բան, որը մենք կարող ենք փոխանցել մեր երեխաներին և թոռներին, որը կօգնի յուրաքանչյուրին գալիք ստուգարքների և փորձությունների ժամանակ, դա կլինի վստահությունը Հիսուս Քրիստոսի միջոցով կնքված ուխտերի հանդեպ: Այդպիսի աստվածային ունեցվածքը կօգնի նրանց ապրել այնպես, ինչպես Տերն է խոստացել Իր հավատարիմ հետևորդներին. «Իմ աշակերտները պիտի կանգնեն սուրբ տեղերում և չեն շարժվի»:7

Մենք ինչպե՞ս ենք նման վստահություն ձեռք բերում Հիսուս Քրիստոսի միջոցով: Այն ստանում ենք խոնարհության միջոցով՝ կենտրոնացնելով մեր կյանքը Փրկչի վրա, ապրելով Հիսուս Քրիստոսի ավետարանի սկզբունքներով, ստանալով փրկության և վեհացման արարողությունները և հարգելով ուխտերը, որոնք մենք կապում ենք Աստծո հետ՝ Նրա սուրբ տանը:

2019 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի իր փակման ելույթում մեր սիրելի մարգարեն հիշեցրեց մեզ ուխտով կապված վստահությունը ստանալու կարևոր մի քայլի մասին՝ ասելով. «Տիրոջ տունը մտնելու անհատական արժանավորությունը պահանջում է մեծ հոգևոր պատրաստվածություն: Անձնական արժանավորությունը պահանջում է մտքի և սրտի ամբողջական փոխակերպում, որպեսզի ավելի շատ նմանվենք Տիրոջը, լինենք ազնիվ քաղաքացիներ, լինենք ավելի լավ օրինակներ և լինենք ավելի սուրբ անձ»։8 Հետևաբար, եթե մենք փոխենք տաճար մտնելու մեր պատրաստությունը, մենք կփոխենք մեր փորձառությունը տաճարում, որը կփոխի մեր կյանքը տաճարից դուրս: Ապա՝ թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը կիջնի քո հոգու վրա, ինչպես ցողը երկնքից»։9

Ինձ ծանոթ մի եպիսկոպոս Երեխաների միության տարիքային ավագ խմբին դիմում է ոչ թե «Երեխաների միության», այլ՝ «Տաճարային պատրաստության» դասարան: Հունվարին այդ եպիսկոպոսը դասարանի անդամներին և նրանց ուսուցիչներին կանչում է իր սենյակ, որտեղ նրանք խոսում են այն մասին, թե ինչպես են անցկացնելու ամբողջ տարին՝ պատրաստվելով մտնել տաճար: Եպիսկոպոսը կարդում է համապատասխան տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցերը, որոնք այնուհետև ներառվում են Երեխաների միության նրանց դասերում: Նա հրավիրում է երեխաներին պատրաստվել այնպես, որ երբ նրանք մեկ տարի անց գան եպիսկոպոսի հետ հարցազրույցի, նրանք ուխտով կապված վստահություն ունենան և պատրաստ լինեն ստանալու տաճարային երաշխավորագիրը՝ Տիրոջ տուն մտնելու նպատակով: Այս տարի եպիսկոպոսի մոտ եկան չորս փոքր աղջիկներ, որոնք այնքան ոգևորված, պատրաստված և վստահ էին գնալու տաճար, որ խնդրեցին եպիսկոպոսին իրենց երաշխավորագրերը տպի Ամանորի օրը՝ առավոտյան ժամը 12:01-ին:

Նախապատրաստությունը միայն նրանց համար չէ, ովքեր առաջին անգամ են տաճար գնում: Մենք բոլորս պետք է մշտապես պատրաստվենք գնալու Տիրոջ տուն: Ինձ ծանոթ ցցերից մեկը որդեգրել է «Տնակենտրոն, Եկեղեցու կողմից աջակցվող և կապված տաճարին» կարգախոսը: Կապված11 բառը հետաքրքիր բառ է նրանով, որ նշանակում է կենտրոնացած ուղղության վրա, բայց նաև նշանակում է ամրացված կամ ֆիքսված որևէ բանի, վճռված, որոշված, վստահ: Այսպիսով, տաճարին կապված լինելը մեզ ապահովություն է տալիս Փրկչի հետ, տալիս է մեզ ուղղություն և կայունություն՝ միաժամանակ ապահովելով, որ մենք ուխտով կապված վստահություն ունենանք Հիսուս Քրիստոսի միջոցով: Հետևաբար, մենք բոլորս պետք է գիտակցաբար ամրապնդենք նման կապը՝ հերթագրելով մեր հաջորդ հանդիպումը Տիրոջ հետ Նրա սուրբ տանը, անկախ նրանից՝ տաճարը մոտ է, թե հեռու:11

Մեր սիրելի մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, հիշեցրեց մեզ այս կենսական սկզբունքների մասին՝ ասելով. «Տաճարը գտնվում է մեր հավատքի և հոգևոր ամրության ամրացման կենտրոնում, քանի որ Փրկիչը և Նրա վարդապետությունը տաճարի հենց սիրտն են: Այն ամենը, ինչ սովորեցնում են տաճարում՝ ուսուցման և Հոգու միջոցով, մեծացնում է մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մասին: Նրա կարևոր արարողությունները մեզ կապում են Իր հետ՝ քահանայության սուրբ ուխտերի միջոցով։ Այնուհետև, երբ մենք պահում ենք մեր ուխտերը, Նա մեզ օժտում է Իր բժշկող, ամրապնդող զորությամբ: Եվ օ, իսկ գալիք օրերին որքան ենք ունենալու Նրա զորության կարիքը»:12

Փրկիչը ցանկանում է, որ մենք պատրաստ լինենք հստակ հասկանալու, թե ինչպես ճիշտ վարվել, երբ մենք ուխտեր ենք կապում մեր Երկնային Հոր հետ Նրա անունով: Նա ցանկանում է, որ մենք պատրաստ լինենք զգալու մեր արտոնությունները, խոստումները և պարտականությունները. պատրաստ լինենք ունենալու այն հոգևոր պատկերացումներն ու արթնացումները, որոնք մեզ անհրաժեշտ են այս կյանքում: Ես գիտեմ, որ երբ Տերը տեսնում է ցանկության նույնիսկ մեկ կայծ կամ արդար ջանքերի մեկ թրթիռ՝ մեր կյանքը Իր վրա կենտրոնացնելու պատրաստակամության և այն արարողությունների ու ուխտերի մեջ, որոնք մենք կապում ենք Իր տանը, Նա կօրհնի մեզ Իր կատարյալ ձևով, մեզ անհրաժեշտ հրաշքներով և գթառատ ողորմությամբ:

Տիրոջ տունն այն վայրն է, որտեղ մենք կարող ենք ավելի բարձր և սուրբ ձևով փոխակերպվել: Այսպիսով, երբ մենք դուրս ենք գալիս տաճարից՝ փոխակերպված ուխտերի խոստումների մեր հույսով, ի վերուստ զինված զորությամբ, ապա տաճարը մեզ հետ տանում ենք մեր տուն և կյանք: Վստահեցնում եմ ձեզ, որ Տիրոջ տան Հոգին մեր մեջ ունենալը լիովին փոխում է մեզ:

Մենք տաճարում սովորում ենք, որ եթե ցանկանում ենք, որ Տիրոջ Հոգին գերիշխի մեր կյանքում, մենք պարզապես չենք կարող և չպետք է անբարյացակամ զգացմունքներ ունենանք որևէ մեկի հանդեպ: Մեր սրտում կամ մտքում անբարյացակամ զգացմունքներին կամ մտքերին տեղ տալով, մենք կասենք անբարյացակամ խոսքեր և կկատարենք անբարյացակամ արարքներ, լինի դա սոցիալական ցանցերում, թե մեր տներում՝ պատճառ դառնալով, որ Տիրոջ Հոգին հեռանա մեր սրտերից: Հետևաբար, խնդրում եմ, մի կորցրեք ձեր վստահությունը, այլ հակառակը՝ թող ձեր վստահությունը ամրանա:

Տաճարների շարունակական և արագացող շինարարությունը կշարունակի ոգևորել, ոգեշնչել և օրհնել մեզ: Սակայն ավելի կարևորն այն է, որ եթե մենք փոխենք տաճար մտնելու մեր պատրաստության որակը, ապա մենք կփոխենք մեր փորձառությունը տաճարում, որը կփոխի մեր կյանքը տաճարից դուրս: Թող այս փոխակերպումը լցնի մեզ վստահությամբ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո հետ կապած մեր սուրբ ուխտերի հանդեպ: Աստված ապրում է, Հիսուսը մեր Փրկիչն է, և սա Նրա վերականգնված Եկեղեցին է երկրի վրա: Ես ակնածանքով հայտարարում եմ այս ճշմարտությունները մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: