Գերագույն համաժողով
Շիտակություն․ Քրիստոսանման հատկանիշ
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Շիտակություն․ Քրիստոսանման հատկանիշ

Շիտակ կյանքով ապրելու համար անհրաժեշտ է, որ մենք հավատարիմ մնանք Աստծուն, միմյանց և մեր աստվածային ինքնությանը:

Իր ծառայության վերջին ժամերին Փրկիչը գնաց Ձիթենյաց լեռան ստորոտում գտնվող Գեթսեմանի կոչվող պարտեզը և հրավիրեց Իր աշակերտներին սպասել:1 Մնալով մենակ՝ Նա խնդրեց Իր Հորը. «Հայր, եթե կամենում ես, այս բաժակը հեռացրու ինձանից»:2 Նրա տառապանքի պատճառած տանջանքը ստիպեց Նրան՝ «նույնիսկ Աստծուն, բոլորից մեծագույնին, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից ․․․ և [նա] ցանկացավ, որ գուցե չխմի դառը բաժակը և ընկրկի»։3 Սակայն, խոր հուսահատության այս պահին Փրկիչը չընկրկեց, «այլ ճաշակեց ու ավարտեց [Իր] նախապատրաստությունները մարդկանց զավակների համար»:4

Որպես Հոր Միածին, Հիսուս Քրիստոսն ուներ իշխանություն մահվան, ցավի և տառապանքի վրա, բայց չընկրկեց: Նա կատարեց ուխտը, որը կապել էր Իր Հոր հետ և դրանով իսկ դրսևորեց Քրիստոսանման այն հատկանիշը, որն ավելի ու ավելի կարևոր է դառնում այն աշխարհում, որում մենք ապրում ենք՝ շիտակության հատկանիշը: Նա հավատարիմ մնաց Աստծուն, մեզանից յուրաքանչյուրին և Իր աստվածային ինքնությանը:

Շիտակություն

Հիսուս Քրիստոսը մեր օրինակն է: Շիտակ կյանքով ապրելու համար անհրաժեշտ է, որ մենք հավատարիմ մնանք Աստծուն, միմյանց և մեր աստվածային ինքնությանը: Շիտակությունը բխում է Աստծուն սիրելու առաջին մեծ պատվիրանից։ Քանի որ դուք սիրում եք Աստծուն, դուք հավատարիմ եք Նրան բոլոր ժամանակներում: Դուք հասկանում եք, որ կա ճիշտ և սխալ, և կա բացարձակ ճշմարտություն՝ Աստծո ճշմարտությունը: Շիտակությունը նշանակում է, որ մենք չենք իջեցնում մեր չափանիշները կամ վարքագիծը, որպեսզի կարողանաք տպավորություն թողնել կամ ընդունելի լինել ուրիշների կողմից:5 Մենք «գործում ենք շիտակ, ինչ էլ որ պատահի»։6 Քարոզիր իմ Ավետարանը միսիոներական ձեռնարկի վերջին վերանայումներում շիտակությունը նկատելիորեն ավելացրել են՝ որպես Քրիստոսանման հատկանիշ:7

Մի քանի տարի առաջ երեց Ուխդորֆին հանձնարարվեց վերակազմավորել մեր ցիցը: Մեր հարցազրույցի ժամանակ նա ինձ տվեց մի հարց, որը ես չեմ մոռացել. «Կա՞ որևէ բան քո կյանքում, որը, եթե հանրության ուշադրությանն արժանանա, ամոթանք կլինի քեզ համար և Եկեղեցու համար»: Զարմացած՝ մտքով արագ վերհիշեցի իմ ողջ կյանքը՝ փորձելով հիշել այն պահերը, երբ ես կարող էի թերանալ և այդ պահին ինքս ինձ հարց տվեցի, եթե ուրիշներն իմանան այն ամենը, ինչ ես արել եմ, ի՞նչ կմտածեին իմ կամ Եկեղեցու մասին:

Այդ պահին ես մտածեցի, որ երեց Ուխդորֆը միայն արժանավորության մասին էր հարցնում, բայց հետո հասկացա, որ դա իսկապես շիտակության մասին հարց էր: Արդյո՞ք ես հավատարիմ էի նրան, ինչ դավանում էի: Արդյո՞ք աշխարհը հետևողականություն կտեսնի իմ խոսքերի և գործերի միջև: Արդյո՞ք ուրիշները կտեսնեն Աստծուն իմ վարքի միջոցով:

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է. «Շիտակությունը մեր համոզմունքներով և չափանիշներով ապրելու ցանկություն և պատրաստակամություն է»:8

Հավատարիմ մնալ Աստծուն

Շիտակ կյանքով ապրելու համար մեզանից պահանջվում է նախ և առաջ հավատարիմ մնալ Աստծուն:

Մեր վաղ մանկությունից մենք սովորել ենք Դանիելի պատմությունը առյուծի գուբի մեջ: Դանիելը միշտ հավատարիմ էր Աստծուն: Նրա նախանձ հասակակիցները «աշխատում էին գտնել մի պատրվակ [նրա] դեմ»9 և հորինեցին մի հրամանագիր, որով միայն պետք է իրենց աստվածներին աղոթել: Դանիելը գիտեր հրամանագրի մասին, բայց գնաց տուն և, երբ «պատուհանները բաց էին»10, ծնկի իջավ և օրական երեք անգամ աղոթեց Իսրայելի Աստծուն: Արդյունքում Դանիելին նետեցին առյուծների գուբը։ Առավոտյան թագավորը հասկացավ, որ Դանիելի Աստվածն է ազատել նրան և նոր հրամանագիր արձակեց, որ բոլորը «դողան և երկյուղեն Դանիելի Աստծու երեսից, որովհետև նա է կենդանի Աստվածը»։11

Թագավորը ճանաչեց Աստծուն՝ Դանիելի շիտակության միջոցով։ Մյուսները Աստծուն տեսնում են մեր խոսքերի և գործերի միջոցով: Դանիելի նման՝ մեր հավատարմությունը Աստծուն մեզ ավելի ու ավելի կտարանջատի աշխարհից:

Փրկիչը հիշեցրել է մեզ. «Աշխարհքումը նեղություն կունենաք. բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհքին»:12 Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է, որ «[աշխարհին հաղթելը] «նշանակում է՝ հաղթել այն գայթակղությանը, որը ստիպում է մեզ հոգ տանել ավելի շատ այս աշխարհի բաների մասին, քան Աստծո բաների մասին։ Դա նշանակում է՝ ավելի շատ վստահել Քրիստոսի վարդապետությանը, քան մարդկային փիլիսոփայությանը»:13 Նաև մենք պետք է դիմադրենք «[մեր] իսկ ճանապարհով և [մեր] իսկ աստծո պատկերի հետևից քայլելու գայթակղությանը, որի պատկերն աշխարհի նմանությամբ է»։14

Այս աշխարհի հակառակ ձգողականությունը Աստծո փրկության ծրագրի էական մասն է: Մեր արձագանքը այդ ձգողականությանը մեր ով լինելու էությունն է՝ մեր շիտակության չափանիշը: Աշխարհիկ ձգողականությունը կարող է լինել այնքան բացահայտ, որ կարող է կործանել հավատարմությունը ամուսնության մեջ կամ այնքան աննկատ, որքան Եկեղեցու վարդապետությունը կամ մշակույթը քննադատող անանուն մեկնաբանությունների տեղադրումը: Մեր ընտրություններում շիտակության գործադրումը Փրկիչ Հիսուս Քրիստոսին հետևելու ներքին պարտավորվածության արտաքին դրսևորումն է:

Հավատարիմ մնալ մարդկանց

Ինչպես որ շիտակությունն է բխում Աստծուն սիրելու առաջին մեծ պատվիրանից, այնպես էլ միմյանց հանդեպ հավատարիմ լինելը բխում է երկրորդ պատվիրանից՝ սիրել մեր մերձավորներին ինչպես ինքներս մեզ: Շիտակ կյանքը կատարյալ կյանք չէ. դա մի կյանք է, որտեղ մենք ամեն օր ձգտում ենք հավատարիմ մնալ Աստծուն և այդ համատեքստում հավատարիմ մնալ ուրիշներին: Նախագահ Օուքսը հիշեցնում է մեզ․ «Այս երկրորդ պատվիրանը պահելու մեր նախանձախնդրությունը չպետք է մեզ մոռացնել տա առաջին պատվիրանը»։15

Աշխարհն ավելի ու ավելի է դժվարանում պահել շիտակությունը՝ պարտադրելով վարքագծի կանոններ կամ էթիկայի կանոններ, որոնք կարգավորում են մարդկանց և հաստատությունների միջև հարաբերությունները: Թեև այս կանոնները լավ են, սակայն, ընդհանուր առմամբ, չեն հիմնվում բացարձակ ճշմարտության վրա և սովորաբար կիրառվում են, եթե տվյալ մշակույթն ընդունում է այն: Երեց Ուխդորֆի կողմից տրված հարցի նման որոշ կազմակերպություններ իրենց աշխատակիցներին սովորեցնում են մտածել, թե ինչպիսին կլինեն իրենց որոշումները կամ որոշումների կայացման գործընթացը, եթե դրանք հրապարակվեն առցանց կամ մի հայտնի թերթի առաջին էջում: Երբ Եկեղեցին դուրս է գալիս անհայտությունից և խավարից,16 Դանիելի նման մենք պետք է վեր կանգնենք աշխարհիկ սպասումներից և դառնանք ճշմարիտ ու կենդանի Աստծո դեմքը բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում:17

Ասել, որ մենք շիտակ ենք, բավարար չէ, եթե մեր գործողությունները չեն համապատասխանում մեր խոսքերին: Նմանապես, քրիստոսանման բարությունը չի փոխարինում շիտակությանը։ Որպես ուխտի ժողովուրդ և որպես Նրա Եկեղեցու ղեկավարներ, մենք պետք է քննադատությունից ու մեղադրելուց վեր կանգնենք և համահունչ մնանք Տիրոջ սահմանած չափանիշներին:

Շիտակությամբ գործելը կերտում է հավատք և վստահություն և վստահեցնում ուրիշներին, որ մենք ձգտում ենք կատարել միայն Տիրոջ կամքը: Մեր խորհուրդներում մենք զերծ ենք մնում արտաքին ազդեցություններից ու հետևում Տիրոջ բացահայտած գործընթացին՝ փնտրելով ներդրում յուրաքանչյուր կնոջից և տղամարդուց և գործելով համաձայն ոգեշնչմամբ ստացված խորհրդի:18

Մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Փրկչի վրա և խուսափում ենք այնպիսի գործողություններից, որոնք կարող են ընկալվել որպես մեր սեփական շահերին ծառայելու, մեր ընտանիքի օգտին կամ որևէ մեկի հաշվին մեկ ուրիշին նպաստելու գործողություններից։ Մենք ամեն կերպ փորձում ենք խուսափել տպավորություններից, թե մեր գործողությունների վրա կարող է ազդել մարդկանց գովասանքները՝19 անձնական ճանաչում ձեռք բերելու, ավելի շատ հավանումներ հավաքելու, մեզ խոսքերը մեջբերելու կամ հրապարակելու համար:

Հավատարիմ մնալ մեր աստվածային ինքնությանը

Ի վերջո՝ շիտակ կյանքով ապրելու համար անհրաժեշտ է, որ մենք հավատարիմ մնանք մեր աստվածային ինքնությանը:

Մենք գիտենք ոմանց, որոնք չեն մնում հավատարիմ: Առանձնահատուկ նշանակություն ունի հակաքրիստոս Կորիհորը, որը շատերի սրտերը շեղեց՝ դիմելով նրանց «մարմնական մտածելակերպ[ին]»:20 Այնուամենայնիվ, իր կյանքի վերջին պահերին նա խոստովանեց. «Ես միշտ գիտեի, որ Աստված կա»:21 Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է, որ սուտը «հակասում է մեր հոգիների բնույթին»՝22 մեր աստվածային ինքնությանը: Կորիհորն իրեն խաբեց, և նրա մեջ ճշմարտություն չկար։23

Ի հակադրություն սրա, Մարգարե Ջոզեֆ Սմիթը վստահորեն հայտարարեց. «Ես գիտեի դա և գիտեի, որ Աստված գիտի դա, և չէի կարող ուրանալ»:24

Ջոզեֆի եղբայր Հայրումը սիրված էր Տիրոջ կողմից «իր սրտի շիտակության համար»:25 Նա և Ջոզեֆը հավատարիմ մնացին մինչև վերջ՝ հավատարիմ իրենց աստվածային ինքնությանը, լույսին և գիտելիքին, որ ստացան, և հավատարիմ այն մարդուն, որը գիտեին, որ կարող են դառնալ:

Եզրափակում

Թող որ մենք հաշտվենք «Աստծո կամքին»26 և զարգացնենք շիտակության Քրիստոսանման հատկանիշը: Թող որ մենք հետևենք մեր օրինակին` աշխարհի Փրկչին, և չընկրկենք, այլ ապրենք մի կյանքով, որը հավատարիմ է Աստծուն, միմյանց և մեր աստվածային ինքնությանը:

Ինչպես Հոբն ասաց. «Թող ինձ արդարության կշեռքով կշռի, և Աստված իմանա իմ կատարելությունը»:27 Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։