Գերագույն համաժողով
Ամեն ինչ լավ կլինի տաճարային ուխտերի շնորհիվ
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Ամեն ինչ լավ կլինի տաճարային ուխտերի շնորհիվ

Չկա ավելի կարևոր բան, քան պատվելը այն ուխտերը, որոնք դուք կապել եք կամ կարող եք կապել տաճարում:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, գերագույն համաժողովի այս նիստն ինձ համար սուրբ ժամանակ է։ Ես երախտապարտ եմ միլիոնավոր Վերջին Օրերի Սրբերի և ողջ աշխարհում մեր ընկերների հետ խոսելու այս հանձնարարության համար: Ես սիրում եմ ձեզ և գիտեմ, որ Տերը սիրում է ձեզ:

Ավելի քան 50 տարի առաջ ես արտոնություն ունեցա ծառայելու որպես Ռիկս քոլեջի նախագահ Ռեքսբուրգում (Այդահո): 1976 թվականի հունիսի 5-ի առավոտյան, ես և կինս՝ Քեթին, Ռեքսբուրգից մեքենայով գնացինք Այդահո Ֆոլս Տաճար՝ մասնակցելու մի մտերիմ ընկերոջ կնքման արարողությանը: Իհարկե, այն ժամանակ մեր տանը չորս փոքր տղաներ կային, և մեր տաճարային շրջագայությունը կարող էր իրականացվել միայն խիզախ դայակի օգնությամբ: Մենք նրա խնամքին թողեցինք մեր թանկագին երեխաներին և կատարեցինք կարճ ճամփորդություն՝ 30 րոպե մեքենայով:

Այդ օրը տաճարում մեր փորձառությունը հրաշալի էր, ինչպես միշտ: Այնուամենայնիվ, տաճարային կնքման ավարտից հետո, երբ մենք պատրաստվում էինք տուն վերադառնալ, նկատեցինք, որ տաճարի շատ ծառայողներ և այցելուներ նյարդայնացած զրուցում էին տաճարի նախասրահում: Մի քանի րոպե անց տաճարի ծառայողներից մեկն ասաց մեզ, որ Արևելյան Այդահոյում նոր կառուցված Տետոն ամբարտակը փլուզվել է։ Ամբարտակից ավելի քան 300 միլիոն խորանարդ մետր ջուր էր հոսում դեպի հարևան հովիտների 775 քառակուսի կմ տարածք: Ռեքսբուրգ քաղաքի մեծ մասը ջրի տակ էր, ջրհեղեղը քշել էր տներ և մեքենաներ։ 9000 բնակիչների երկու երրորդը հանկարծակի մնացել էր անօթևան:1

Ինչպես կարող եք պատկերացնել, մենք սկսեցինք մտածել ու մտահոգվել մեր սիրելի երեխաների, քոլեջի հարյուրավոր ուսանողների և դասախոսների և այն համայնքի անվտանգության համար, որը մենք սիրում էինք: Մենք գտնվում էինք տնից 50 կմ պակաս հեռավորության վրա, սակայն այդ օրերին բջջային հեռախոսներ և տեքստային հաղորդագրություններ չկային, և մենք ոչ մի հնարավորություն չունեինք անմիջապես շփվելու մեր երեխաների հետ, ոչ էլ կարող էինք մեքենայով Այդահո Ֆոլսից վերադառնալ Ռեքսբուրգ, քանի որ բոլոր ճանապարհները փակ էին։

Մեր միակ տարբերակը Այդահո Ֆոլս քաղաքի մոթելում գիշերելն էր: Քեթին և ես միասին ծնկի իջանք մեր մոթելի սենյակում և խոնարհաբար աղոթեցինք Երկնային Հորը մեր սիրելի երեխաների և ողբերգական դեպքից տուժած հազարավոր մարդկանց անվտանգության համար: Ես հիշում եմ, որ Քեթին մեր երեխաների համար անհանգստանալով վաղ առավոտից քայլում էր սենյակով մեկ: Չնայած իմ մտահոգություններին, ես կարողացա հանգստացնել իմ միտքը և քնել:

Շատ չանցած իմ սիրելի հավերժական ուղեկիցն ինձ արթնացրեց և ասաց. «Հալ, ինչպե՞ս կարող ես քնել այսպիսի ժամանակ»:

Ապա այս խոսքերը հստակ լսվեցին իմ սրտում և մտքում: Ես ասացի կնոջս. «Քեթի, ինչ էլ որ պատահի, ամեն ինչ լավ կլինի՝ շնորհիվ տաճարի: Մենք ուխտեր ենք կապել Աստծո հետ և կնքվել ենք որպես հավերժական ընտանիք»:

Այդ պահին կարծես Տիրոջ Հոգին հաստատեց մեր սրտերում և մտքերում այն, ինչ մենք երկուսս էլ արդեն գիտեինք, որ ճշմարիտ է. կնքման արարողությունները, որոնք գտնվում էին միայն Տիրոջ տանը և կառավարվում էին պատշաճ քահանայության իշխանության կողմից, կապում էին մեզ՝ որպես ամուսին և կին, իսկ մեր երեխաները կնքված էին մեզ հետ: Իրոք, վախենալու կարիք չկար, և մենք ավելի ուշ երախտապարտ էինք, երբ իմացանք, որ մեր տղաները չեն տուժել:

Թերևս նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի այս հայտարարությունը լավագույնս ցույց է տալիս, թե ինչ զգացինք ես և Քեթին այդ անմոռանալի գիշերը: «Տաճար այցելելով մենք հայտնվում ենք հոգևոր մթնոլորտում և զգում խաղաղություն: Մենք պետք է գիտակցենք Փրկչի խոսքերի իրական իմաստը, երբ Նա ասաց. «Խաղաղություն եմ թողում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. Ձեր սիրտը չխռովի եւ չվախենայ» [Հովհաննես 14․27]»։2

Ես զգում եմ այդ խաղաղությունը ամեն անգամ, երբ մտնում եմ սուրբ տաճար: Ես հիշում եմ առաջին օրը, երբ մտա Սոլթ Լեյքի Տաճար: Ես երիտասարդ էի:

Ես նայեցի բարձր սպիտակ առաստաղին, որը սենյակն այնքան լուսավոր էր դարձնում, կարծես թե ձգվում էր դեպի երկինք: Եվ այդ պահին մի միտք պարզորոշ շշնջաց այս խոսքերը․ «Ես նախկինում եղել եմ այս լուսավոր վայրում»: Բայց հետո միանգամից իմ մտքում լսեցի հետևյալ խոսքերը, որոնք ես չէի արտասանում․ «Ոչ, դու նախկինում երբեք այստեղ չես եղել: Դու հիշում ես քո ծնվելուց առաջ եղած մի պահ: Դու եղել ես այսպիսի մի սուրբ վայրում, որտեղ Տերը կարող է ներկա լինել»:

Եղբայրներ և քույրեր, ես խոնարհաբար վկայում եմ, որ երբ մենք այցելում ենք տաճար, մենք կարող ենք հիշել մեր հոգիների հավերժական էության, Հոր և Նրա աստվածային Որդու հետ մեր հարաբերությունների և մեր երկնային տուն վերադառնալու մեր վերջնական ցանկության մասին:

Համաժողովի վերջին ելույթներում նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է.

«Հոգևոր առումով ամենաանվտանգ ապրելու վայրը գտնվում է ձեր տաճարային ուխտերի սահմանների ներսում:

Այն ամենին, ինչին մենք հավատում ենք և ամեն խոստում, որ Աստված տվել է Իր ուխտյալ ժողովրդին՝ ի մի են հավաքվում տաճարում»:3

«Ամեն ոք, ով ուխտ է կապում ․․․ տաճարում ու պահում է այդ ուխտը, ավելի շատ է ստանում Հիսուս Քրիստոսի զորությունը»:4

Նա նաև ուսուցանել է, որ «երբ մենք ուխտ ենք կապում Աստծո հետ, մենք ընդմիշտ հեռանում ենք չեզոք հողից: Աստված չի խզի Իր հարաբերությունները նրանց հետ, ովքեր նման կապ են հաստատել Իր հետ: Իրականում, բոլորը, ովքեր ուխտ են կապել Աստծո հետ, արժանանում են հատուկ սիրո և ողորմության»:5

Նախագահ Նելսոնի ոգեշնչված ղեկավարության ներքո Տերն արագացրել է և կշարունակի արագացնել տաճարների կառուցումն ամբողջ աշխարհում: Սա Աստծո բոլոր զավակներին հնարավորություն կտա ստանալու փրկության և վեհացման արարողությունները և կապել ու պահել սուրբ ուխտեր: Սրբազան ուխտեր կապելու որակավորումը մեկանգամյա ջանք չէ, այլ ողջ կյանքը տևող օրինաչափություն: Տերն ասել է, որ դա կպահանջի մեր ամբողջ սիրտը, զորությունը, միտքը և ուժը:6

Տաճարային արարողություններին հաճախակի մասնակցությունը կարող է ստեղծել Տիրոջ հանդեպ նվիրվածության օրինաչափություն: Երբ դուք պահում եք ձեր տաճարային ուխտերը և հիշում դրանք, դուք հրավիրում եք Սուրբ Հոգու ընկերակցությունը՝ և՛ զորացնելու, և՛ մաքրելու ձեզ:

Ապա դուք կարող եք զգալ լույսի և հույսի զգացում, որը կվկայի, որ խոստումները ճշմարիտ են: Դուք կիմանաք, որ Աստծո հետ յուրաքանչյուր ուխտ ևս մեկ հնարավորություն է ավելի մոտենալու Նրան, որը ցանկություն կառաջացնի ձեր սրտում՝ պահել տաճարային ուխտերը:

Մեզ խոստացել են․ «Աստծո հետ ունեցած մեր ուխտի շնորհիվ Նա չի դադարի օգնել մեզ, և մենք երբեք չենք սպառի Նրա ողորմած համբերատարությունը մեր հանդեպ»։7

Կնքման ուխտերի շնորհիվ կարող ենք հաստատում ստանալ ընտանեկան նվիրական կապերի մասին, որոնք կշարունակվեն մահից հետո և կտևեն հավերժություն: Պատվելով Աստծո տաճարներում կնքված ամուսնության և ընտանեկան ուխտերը, մենք պաշտպանված կլինենք եսասիրության և հպարտության չարիքից:

Միմյանց հանդեպ եղբայրների և քույրերի մշտական հոգատարությունը տեղի կունենա միայն ձեր ընտանիքը Տիրոջ ձևով առաջնորդելու համառ ջանքերի շնորհիվ: Երեխաներին հնարավորություն տվեք աղոթել միմյանց համար: Արագ նշմարեք անհամաձայնության սկիզբը և դրականորեն նկատեք անձնուրաց ծառայության գործերը, հատկապես միմյանց հանդեպ: Երբ եղբայրներն ու քույրերն աղոթեն միմյանց համար և ծառայեն միմյանց, սրտերը կփափկեն և կդառնան դեպի իրենց ծնողները և միմյանց:

Մասամբ դա այն է, ինչ նկարագրվում է Մաղաքիայի կողմից, երբ նա կանխագուշակել էր Եղիա մարգարեի գալուստը. «Նա զավակների սրտերում կսերմանի հայրերին տված խոստումները, և զավակների սրտերը կդառնան դեպի իրենց հայրերը: Եթե այդպես չլինի, ողջ երկիրն ամբողջովին կամայանա նրա գալստյան ժամանակ»:8

Մենք բոլորս անկասկած կունենանք փորձություններ, մարտահրավերներ և ցավեր։ Մեզանից ոչ ոք պաշտպանված չէ «մարմնի խայթից»:9 Այնուամենայնիվ, երբ մենք հաճախում ենք տաճար և հիշում մեր ուխտերը, մենք կարող ենք պատրաստվել և Տիրոջից անձնական առաջնորդություն ստանալ:

Երբ ես և Քեթին ամուսնացանք և կնքվեցինք Յուտայի Լոգան Տաճարում, այն ժամանակ երեց Սփենսեր Վ. Քիմբալը կատարեց մեր կնքումը: Իր արտասանած մի քանի խոսքերով նա այս խորհուրդը տվեց. «Հալ և Քեթի, ապրեք այնպես, որ երբ կանչ ստանաք, հեշտությամբ թողեք այդ կյանքը»:

Սկզբում մենք չէինք հասկանում, թե ինչ նշանակություն ունի այդ խորհուրդը մեզ համար, բայց մենք ամեն ինչ արեցինք մեր կյանքն այնպես ապրելու համար, որ պատրաստ լինենք Տիրոջը ծառայելու, երբ կանչը գա: Մոտ 10 տարի ամուսնացած լինելուց հետո, չսպասված զանգ եկավ Եկեղեցու կրթության հանձնակատար Նիլ Ա. Մաքսվելից:

Նախագահ Քիմբալի կողմից տաճարում սիրով տրված խորհուրդը, որ կարողանանք «հեշտությամբ թողնել այդ կյանքը», իրականություն դարձավ: Ես և Քեթին ստացանք մի կանչ, որ թողնեինք այն, ինչը թվում էր կատարյալ ընտանեկան իրավիճակ Կալիֆորնիայում, և ծառայելու հանձնարարությամբ գնայինք այն տեղը, որի մասին ես ոչինչ չգիտեի: Սակայն, մեր ընտանիքը պատրաստ էր հեռանալ, քանի որ մարգարեն սուրբ տաճարում՝ հայտնության վայրում, տեսավ ապագա մի իրադարձություն, որին այն ժամանակ մենք պատրաստ էինք:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես վկայում եմ, որ չկա ավելի կարևոր բան, քան պատվել այն ուխտերը, որոնք դուք կապել եք կամ կարող եք կապել տաճարում: Անկախ նրանից, թե որտեղ եք գտնվում ուխտի ճանապարհին, ես հորդորում եմ ձեզ որակավորվել և արժանանալ տաճար հաճախելու: Այցելեք այնքան հաճախակի, որքան թույլ կտան հանգամանքները: Աստծո հետ սուրբ ուխտեր կապեք և պահեք դրանք: Ես կարող եմ ձեզ վստահեցնել նույն ճշմարտության մասին, որը ես ու Քեթին ապրեցինք կեսգիշերին մոտ՝ հինգ տասնամյակ առաջ՝ Այդահո Ֆոլսի մոթելի սենյակում. «Ինչ էլ որ պատահի, ամեն ինչ լավ կլինի տաճարային ուխտերի շնորհիվ»:

Ես ձեզ վստահ վկայում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է: Նա ապրում և ղեկավարում է Իր Եկեղեցին: Տաճարները Տիրոջ տներն են: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Աստծո կենդանի մարգարեն է երկրի վրա: Ես սիրում եմ Նրան և սիրում եմ բոլորիդ։ Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։