Գերագույն համաժողով
Ավելի մեծ ուրախություն
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Ավելի մեծ ուրախություն

Թող որ մենք բոլորս փնտրենք և գտնենք այդ ավելի մեծ ուրախությունը, որը կստանանք, երբ մեր կյանքը նվիրաբերենք մեր Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն:

Մեծապես օրհնված եմ, որ արդեն երեք տասնամյակ ելույթ եմ ունենում գերագույն համաժողովում։ Այդ ընթացքում աշխարհով մեկ սփռված մարդիկ ինձ հարցեր են տվել այս ելույթների վերաբերյալ։ Վերջերս հետևյալ հարցն է անընդհատ հնչում։ Հարցը սովորաբար այսպես են տալիս․ «Երեց Ուխդորֆ, ես ուշադիր լսեցի ձեր վերջին ելույթը, բայց … ես ոչինչ չլսեցի ավիացիայի մասին»:

Դե, այսօրվա ելույթից հետո գուցե որոշ ժամանակ չլսեմ այդ հարցը։

«Արևից ճեղքված ամպերի սեթևեթող ուրախության» մասին1

Դժվար է հավատալ, որ ընդամենը 120 տարի առաջ Ուիլբուր և Օրվիլ Ռայթերն առաջին անգամ վեր բարձրացան և թռան Հյուսիսային Կարոլինայի Քիթի Հավք ափամերձ քաղաքի ավազների վրայով: Չորս կարճ թռիչքները դեկտեմբերյան այդ օրը փոխեցին աշխարհը և իրականություն դարձրին աշխարհի պատմության ամենամեծ գյուտերից մեկը:

Այդ առաջին օրերին թռչելը վտանգավոր էր: Եղբայրները դա գիտեին։ Եվ նրանց հայրը՝ Միլթոնը, նույնպես գիտեր դա։ Իրականում, նա այնքան էր սարսափում իր երկու որդիներին ինքնաթիռի վթարի արդյունքում կորցնելուց, որ եղբայրները խոստացան, որ երբեք միասին չեն թռչի:

Եվ նրանք այդպես էլ վարվեցին, բացառությամբ մեկ դեպքի: Քիթի Հավք քաղաքի այդ պատմական օրվանից յոթ տարի անց Միլթոն Ռայթը վերջապես տվեց իր համաձայնությունը և դիտեց, թե ինչպես են Ուիլբուրն ու Օրվիլն առաջին անգամ միասին թռչում: Վայրէջքից հետո Օրվիլն իր հորը համոզեց կատարել իր առաջին և միակ թռիչքը և անձամբ զգալ, թե ինչպիսին է այն:

Երբ ինքնաթիռը բարձրացավ գետնից, 82-ամյա Միլթոնն այնքան տարվեց թռիչքով, որ վախը լիովին լքեց նրան: Օրվիլը ցնծում էր, երբ հայրը ուրախությամբ բղավում էր. «Վեր, Օրվիլ, ավելի վեր»:2

Այդ մարդը ինձ նման էր։

Գուցե ավիացիայի մասին երբեմն խոսելու պատճառն այն է, որ ես գիտեմ, թե ինչ էին զգում Ռայթ եղբայրները: Ես նույնպես «երկրի անբարեհաճ կապերը բաց եմ թողել և պարել երկնքում արծաթե ծիծաղկոտ թևերով»:3

Ռայթ եղբայրների առաջին թռիչքը, որը տեղի ունեցավ իմ ծնվելուց ընդամենը 37 տարի առաջ, բացեց արկածների, հրաշքների և ջինջ ուրախության դռներն իմ կյանքում:

Սակայն, որքան էլ զարմանալի է, այդ ուրախությունից բացի գոյություն ունի ուրախության ավելի մեծ տեսակ: Այսօր, ոգևորված Միլթոն Ռայթի հիացած բացականչությամբ, որն ասում էր «Վեր Օրվիլ, ավելի վեր», ես կցանկանայի խոսել այս ավելի մեծ ուրախության մասին․ որտեղից ենք ստանում այն, ինչպես է այն մտնում մեր սրտերը և ինչպես կարող ենք ավելի մեծ չափով զգալ այն:

Մարդկային գոյության ողջ նպատակը

Աներկբա փաստ է, որ բոլոր մարդիկ ցանկանում են երջանիկ լինել։4 Սակայն, նաև աներկբա փաստ է, որ ոչ բոլորն են երջանիկ։ Ցավոք սրտի, շատերին թվում է, թե երջանկությունը դժվար է գտնել:5

Ինչո՞ւ է այդպես։ Եթե երջանկությունը այն միակ բանն է, ինչ մենք՝ մարդիկ, ամենաշատն ենք ցանկանում, ինչո՞ւ ենք մենք այդքան անհաջող այն գտնելու հարցում: Հայտնի երգի բառերը փոխելով կստանանք․ գուցե մենք ուրախություն էինք փնտրում սխալ վայրերում:6

Որտեղի՞ց ենք ստանում այդ ուրախությունը։

Մինչ կքննարկենք, թե ինչպես գտնել ուրախություն, թույլ տվեք ինձ ընդունել, որ դեպրեսիան և այլ դժվարին մտավոր և հուզական մարտահրավերները իրական են, և ես չեմ փորձում պարզապես կոչ անել, որ «փորձեք ավելի երջանիկ լինել»։ Այսօր իմ նպատակը հոգեկան առողջության խնդիրները նվազագույնի հասցնելը կամ այն պարզեցնելը չէ: Եթե դուք բախվում եք նման մարտահրավերների, ես ցավում եմ ձեզ համար և կանգնած եմ ձեր կողքին: Որոշ մարդկանց համար ուրախություն գտնելը կարող է ներառել օգնություն փնտրել հոգեկան առողջության վերապատրաստված մասնագետներից, ովքեր իրենց կյանքը նվիրել են այդ շատ կարևոր արվեստը կիրառելուն: Մենք պետք է շնորհակալ լինենք նման օգնության համար։

Կյանքում միշտ չէ, որ ապրում ենք զգացմունքային բարձր պահեր: «Քանզի, անպայման պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում»:7 Եվ եթե Աստված նույնպես լալիս է, ինչպես հաստատում են սուրբ գրությունները,8 ապա, իհարկե, ես և դուք նույնպես լաց կլինենք: Տխուր լինելը ձախողման նշան չէ։ Գոնե այս կյանքում, ուրախությունն ու վիշտն անբաժան ուղեկիցներ են։9 Ինչպես բոլորդ, ես նույնպես ունեցել եմ հիասթափության, վշտի, տխրության ու զղջման իմ բաժինը։

Սակայն, ես նույնպես տեսել եմ այն փառահեղ արշալույսը, որն այնքան շատ է ուրախությամբ լցնում հոգին, երբ դժվար է այլևս պահել այն ներսում: Ես հասկացել եմ, որ այս խաղաղ վստահությունը գալիս է Փրկչին հետևելուց և Նրա ճանապարհով քայլելուց:

Խաղաղությունը, որը Նա տալիս է մեզ, նման չէ նրան, ինչ տալիս է աշխարհը:10 Այն ավելի լավն է։ Այն ավելի բարձր է և ավելի սուրբ: Հիսուսն ասել է․ «Ես եկա, որ [նրանք] կյանք ունենան և առատ կյանք»։11

Հիսուս Քրիստոսի ավետարանը իսկապես «մեծ ուրախության ավետիքն է»:12 Դա անզուգական հույսի ուղերձ է: Լուծը կրելու և բեռը բարձրացնելու ուղերձ է։13 Աստվածային լույսը շատացնելու ուղերձ է։ Երկնային բարեհաճության, բարձր հասկացողության, ավելի մեծ ուխտերի, հավերժական ապահովության և հավիտենական փառքի ուղերձ է:

Ուրախությունը Իր զավակների համար Աստծո ծրագրի բուն նպատակն է: Դա այն է, ինչի համար մենք ստեղծվել ենք՝ «որ [մենք] ուրախություն ունենաք»:14 Դուք ստեղծվել եք դրա համար:

Մեր Երկնային Հայրը չի թաքցրել երջանկության ճանապարհը: Դա գաղտնիք չէ։ Այն հասանելի է բոլորին:15

Այն խոստացված է նրանց, ովքեր քայլում են աշակերտի կոչման ճանապարհով, հետևում են Փրկչի ուսմունքներին և օրինակին, պահում են Նրա պատվիրանները և հարգում են ուխտերը, որոնք կապում են Աստծո հետ: Ինչպիսի հրաշալի խոստում է:

Աստված ավելի շատ բան ունի առաջարկելու

Մենք բոլորս ճանաչում ենք մարդկանց, ովքեր ասում են, որ երջանիկ լինելու համար իրենց Աստված պետք չէ, որ իրենք բավականաչափ երջանիկ են առանց կրոնի:

Ես ընդունում եմ ու հարգում այդ զգացմունքները: Մեր սիրելի Երկնային Հայրը ցանկանում է, որ Իր բոլոր զավակները հնարավորինս շատ երջանկություն ստանան, ուստի Նա այս աշխարհը լցրել է գեղեցիկ, առողջարար, հաճելի ու բերկրալի բաներով «թե աչքը շոյելու և թե սիրտն ուրախացնելու համար»:16 Թռիչքը ինձ մեծ երջանկություն պարգևեց։ Մյուսները դա գտնում են երաժշտության, արվեստի, հոբբիների կամ բնության մեջ:

Հրավիրելով բոլորին և Փրկչի մեծ ուրախության ավետիքով կիսվելիս մենք չենք անտեսում ուրախության այս աղբյուրներից որևէ մեկը: Մենք պարզապես ասում ենք, որ Աստված ավելին կարող է պարգևել: Ավելի մեծ և խոր ուրախություն․ Աստված ավելի շատ բան ունի առաջարկելու. ուրախություն, որը գերազանցում է այն ամենը, ինչ առաջարկում է այս աշխարհը: Դա մի ուրախություն է, որ հաղթահարում է կսկիծը, կլանում է վիշտը և նվազեցնում միայնության զգացումը:

Ի տարբերություն դրա, աշխարհիկ ուրախությունը երկար չի տևում։ Այն չի կարող երկար տևել։ Երկրի վրա գտնվող բոլոր իրերը բնույթով ծերանում են, քայքայվում, մաշվում կամ հնանում: Բայց աստվածային ուրախությունը հավերժ է, քանի որ Աստված հավերժ է: Հիսուս Քրիստոսը եկավ մեզ վեր բարձրացնելու աշխարհիկից և ապականությունը փոխարինելու անապականությամբ: Միայն Նա ունի այդ զորությունը, և միայն Նրա ուրախությունն է հարատև:

Եթե զգում եք, որ ձեր կյանքում նման ուրախությունն ավելի շատ է, ես հրավիրում եմ ձեզ հետևել Հիսուս Քրիստոսին և ոտք դնել Նրա ուղու վրա: Այդ ճամփորդությունը ձգվում է ողջ կյանքի ընթացքում և դրանից հետո։ Խնդրում եմ, թույլ տվեք առաջարկել մի քանի սկզբնական քայլեր՝ անկեղծ ուրախությունը բացահայտելու այս արժանի ճամփորդության համար:

Մոտեցեք Աստծուն17

Հիշու՞մ եք Նոր Կտակարանի այն կնոջը, որը 12 տարի դիմացավ արյունահոսող հիվանդությանը:18 Նա իր ունեցածը ծախսել էր բժիշկների վրա, բայց ամեն ինչ միայն դեպի վատն էր գնացել: Նա լսել էր Հիսուսի մասին. Նրա բժշկելու զորությունը հայտնի էր: Բայց կարո՞ղ էր Նա բուժել իրեն: Բացի այդ, ինչպե՞ս կարող էր նա մոտենալ Հիսուսին: Նրա հիվանդությունը նրան «անմաքուր» դարձրեց Մովսեսի օրենքի համաձայն, և, հետևաբար, նրանից պահանջվեց հեռու մնալ ուրիշներից:19

Անթաքույց մոտենալ ու բժշկություն խնդրելը կարծես ահնար էր թվում։

Սակայն այդ կինը մտածեց․ «Եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կբժշկվեմ»։20

Ի վերջո, նրա հավատքը հաղթեց վախին: Նա համարձակորեն առերեսվեց ուրիշների քննադատությանը և առաջ մղվեց դեպի Փրկիչը:

Ի վերջո, նա մոտեցավ Նրան։ Նա մեկնեց ձեռքը։

Եվ բժշկվեց:

Մի՞թե մենք բոլորս ինչ-որ իմաստով նման չենք այս կնոջը:

Կարող են լինել բազմաթիվ պատճառներ, թե ինչու ենք վարանում մոտենալ Փրկչին: Մենք կարող ենք ուրիշների կողմից ծաղրի կամ դատապարտման ենթարկվել։ Հպարտությունից ելնելով՝ կարող ենք մերժել այն փաստը, որ այդքան հասարակ արարքը կարող է այդքան արժեքավոր լինել։ Գուցե մտածենք, որ մեր հանգամանքները թույլ չեն տալիս, որ մենք ստանանք Նրա բժշկումը, որ հեռավորությունը չափազանց մեծ է, կամ մեր մեղքերը շատ են:

Այս կնոջ նման ես նույնպես սովորել եմ, որ եթե մոտենանք Աստծուն և ձեռք մեկնենք Նրան դիպչելու համար, մենք իսկապես կարող ենք բժշկություն, խաղաղություն և ուրախություն գտնել:

Փնտրեք այն

Հիսուսն ուսուցանել է. «Փնտրեք և կգտնեք»:21

Ես հավատում եմ, որ այս պարզ արտահայտությունը միայն հոգևոր խոստում չէ. դա փաստ է:

Եթե մենք պատճառներ փնտրենք զայրանալու, կասկածելու, դառնանալու կամ միայնակ լինելու համար, մենք դրանք կգտնենք:

Միևնույն ժամանակ, եթե մենք ուրախություն ենք փնտրում, եթե ուրախանալու և Փրկչին ուրախությամբ հետևելու պատճառներ ենք փնտրում, մենք կգտնենք դրանք:

Մենք հազվադեպ ենք գտնում մի բան, որը չենք փնտրում:

Դուք ուրախությո՞ւն եք փնտրում:

Որոնեցեք և կգտնեք:

Կրել մեկը մյուսի բեռը22

Հիսուսն ուսուցանել է․ «Ավելի երանելի է տալը, քան առնելը»։23

Կարո՞ղ է այնպես լինել, որ ուրախության մեր փնտրտուքի մեջ այն գտնելու լավագույն միջոցը ուրիշներին ուրախություն պատճառելն է:

Եղբայրներ և քույրեր, ես և դուք գիտենք, որ դա այդպես է։ Ուրախությունը նման է մի սափոր ալյուրի կամ մի կճուճ ձեթի, որը երբեք չի վերջանա:24 Ճշմարիտ ուրախությունը բազմապատկվում է, երբ նրանով կիսվում ենք:

Դրա համար մեծ կամ որևէ բարդ բան չի պահանջվում:

Մենք կարող ենք պարզ բաներ անել։

Օրինակ՝ որևէ մեկի համար անկեղծ սրտով աղոթել։

Անկեղծ հաճոյախոսություն անել:

Օգնել ինչ-որ մեկին իրեն ընդունված, հարգված, գնահատված և սիրված զգալ:

Կիսվել սիրելի հատվածով և մտքերով, թե ինչ է դա մեզ համար նշանակում:

Կամ նույնիսկ պարզապես լսել:

«Երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»,25 և Աստված առատաձեռնորեն կհատուցի ձեր բարությունը:26 Ուրախությունը, որը դուք տալիս եք ուրիշներին, կվերադառնա ձեզ «կլցվի լավ չափով՝ լեփ-լեցուն, առատ»։27

«Ապա՝ ի՞նչ պիտի անենք»28

Առաջիկա օրերի, շաբաթների և ամիսների ընթացքում թույլ տվեք ձեզ հրավիրել՝

  • Ժամանակ տրամադրեք՝ անկեղծ և սրտանց ջանքերով Աստծուն մոտենալու համար:

  • Ջանասիրաբար փնտրեք հույսի, խաղաղության և ուրախության ամենօրյա պահերը:

  • Ուրախություն պարգևեք ձեր շրջապատի մարդկանց:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, սիրելի ընկերներ, եթե փնտրեք Աստծո խոսքը, որպեսզի ավելի լավ հասկանաք Աստծո հավերժական ծրագիրը, ընդունեք այս հրավերները և ձգտեք քայլել Նրա ուղիով, ապա դուք կզգաք «Աստծո խաղաղությունը, որը ամեն հասկացողությունից վեր է»,29 նույնիսկ, երբ վշտահար լինեք։ Դուք կզգաք, որ Աստծո անգերազանցելի սերն ավելի է աճում ձեր սրտում: Երկնային լույսի արշալույսը լույս կսփռի ձեր փորձությունների ստվերների վրա, և դուք կսկսեք ճաշակել երկնքի անտեսանելի, կատարյալ և անասելի փառքներն ու հրաշքները: Դուք կզգաք, թե ինչպես է ձեր հոգին բարձրանում այս աշխարհի ձգողականությունից վեր:

Եվ բարի Միլթոն Ռայթի նման, միգուցե դուք բարձրացնեք ձեր ձայնը և ուրախությունից բղավեք. «Վեր Հայր, ավելի վեր»։

Թող որ մենք բոլորս փնտրենք և գտնենք այդ ավելի մեծ ուրախությունը, որը կստանանք, երբ մեր կյանքը նվիրաբերենք մեր Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն: Սա իմ անկեղծ աղոթքն ու օրհնությունն է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. John Gillespie Magee Jr., “High Flight,” poetryfoundation.org.

  2. Տես Christopher Klein, «10 Things You May Not Know about the Wright Brothers», History, 2023 թվականի մարտի 28, history.com:

  3. Magee, “High Flight.”

  4. Երկու հազար չորս հարյուր տարի առաջ Արիստոտելը նկատել էր, որ երջանկությունը այն միակ բանն է, ինչ բոլոր մարդիկ ամենաշատն են ցանկանում: Իր Nicomachean Ethics տրակտատում նա ուսուցանել է, որ կյանքում ամենամեծ բարիքը այն է, որը մենք ստանում ենք վերջում (ի տարբերություն այն բաների, որոնք մենք ցանկանում ենք և որոնք միջոց են որևէ այլ նպատակի համար): Երջանկությունը, ամենից առաջ, հենց այդպիսի բան է։ «Մենք միշտ ցանկանում ենք երջանկություն հանուն երջանկության», - ասել է նա, - «և երբեք չենք դիտարկում այն որպես որևէ նպատակի հասնելու միջոց» (The Nicomachean Ethics of Aristotle, trans. J. E. C. Weldon [1902], 13–14)։

  5. See Harry Enten, “American Happiness Hits Record Lows,” CNN, Feb. 2, 2022, cnn.com; Tamara Lush, “Poll: Americans Are the Unhappiest They’ve Been in 50 Years,” Associated Press, June 16, 2020, apnews.com; “The Great Gloom: In 2023, Employees Are Unhappier Than Ever. Why?” BambooHR, bamboohr.com.

  6. See Wanda Mallette, Patti Ryan, and Bob Morrison, “Lookin’ for Love (in All the Wrong Places)” (1980).

  7. 2 Նեփի 2.11։

  8. Տես Հովհաննես 11.35, Մովսես 7.28-37։

  9. Sես 2 Նեփի 2.11:

  10. Տես Հովհաննես 14.27:

  11. Հովհաննես 10․10։

  12. Ղուկաս 2․10, Նոր վերանայված կանոնիկ տարբերակը։

  13. Տես Մատթեոս 11.28–30:

  14. 2 Նեփի 2.25:

  15. Եթե որևէ մտահոգություն ունեք այն մասին, թե արդյոք ձեր Երկնային Հայրը կընդունի ձեզ և թույլ կտա ստանալ Իր ուրախությունը, ես հրավիրում եմ ձեզ աղոթքով կարդալ անառակ որդու մասին Քրիստոսի առակը (տես Ղուկաս 15.11–32): Այդ առակում մենք սովորում ենք, թե ինչ է մեր Երկնային Հայրը զգում Իր զավակների հանդեպ և ինչպես է Նա սպասում ու նշում մեր վերադարձը, եթե մենք մոլորվել ենք ու հեռացել Նրանից: Այն պահից, երբ մենք «սթափվենք» (տես հատված 17) և սկսենք ճանապարհ ընկնել դեպի տուն, Նա կտեսնի մեզ, քանի որ Նա կանգնած սպասում է: Իսկ ո՞ւմ է Նա սպասում: Մեզ։ Երբ մենք մոտենանք Նրան, Նա կնշի մեր վերադարձը և մեզ Իր զավակը կանվանի:

  16. Վարդապետություն և Ուխտեր 59․18։ Այդ հայտնությունը նաև բացատրում է, որ «հաճելի է Աստծուն, որ նա տվել է մարդուն այս բոլոր բաները. քանզի այդ նպատակով են դրանք ստեղծվել» (հատված 20

  17. Նրանք, ովքեր մոտենում են Աստծուն, Նա հետևյալ հրաշալի խոստումն է տալիս․ «Ես կմոտենամ ձեզ» (Վարդապետություն և Ուխտեր 88.63), տես նաև Հակոբոս 4․8

  18. Տես Մարկոս 5.24-34:

  19. Տես Աստվածաշնչի բառարան, «Մաքուր և անմաքուր»:

  20. Մարկոս 5․28:

  21. Մատթեոս 7․7։

  22. Կրելով միմյանց բեռները՝ մենք «կատարում ենք Քրիստոսի օրենքը» (Գաղատացիս 6․2, տես նաև Մոսիա 18․8

  23. Գործք Առաքելոց 20․35։

  24. Տես Դ Թագավորաց 17․8-16։

  25. Մոսիա 2.17։

  26. Հռոմեացիներին ուղղված իր նամակում Պողոսն ասում է, որ Աստված «յուրաքանչյուրին ըստ իր գործերի հատուցում է տալու։ Հավիտենական կյանք է տալու նրանց, ովքեր, բարի գործերի մեջ հարատևելով, փառք, պատիվ և անմահություն են փնտրում։ … փառք, պատիվ և խաղաղություն բոլորին, ով բարիք է գործում» (Հռովմայեցիս 2․6–7, 10

  27. Ղուկաս 6․38։ Մեր փրկությունն ու հավերժական երջանկությունը կարող է կախված լինել ուրիշների հանդեպ մեր կարեկցանքից և բարությունից (տես Մատթեոս 25.31–46):

  28. Ղուկաս 3․10:

  29. Փիլիպպեցիս 4.7: