Գերագույն համաժողով
«Հանդարտ մնացեք և ճանաչեք, որ ես եմ Աստվածը»
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


«Հանդարտ մնացեք և ճանաչեք, որ ես եմ Աստվածը»

Մենք կարող ենք հանդարտ մնալ և իմանալ, որ Աստված մեր Երկնային Հայրն է, մենք Նրա զավակներն ենք, և Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է:

Վերջերս Տիրոջ նոր տան բաց դռների և լրատվամիջոցների օրվա ընթացքում ես մի խումբ լրագրողների հետ շրջայց կատարեցի սուրբ կառույցով: Ես նկարագրեցի տաճարների նպատակները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում և պատասխանեցի նրանց բազմաթիվ հրաշալի հարցերին:

Նախքան սելեստիալ սենյակ մտնելը՝ ես բացատրեցի, որ Տիրոջ տան այս հատուկ սենյակը խորհրդանշորեն ներկայացնում է երկնային տան խաղաղությունն ու գեղեցկությունը, ուր մենք կարող ենք վերադառնալ այս կյանքից հետո: Ես ցույց տվեցի մեր հյուրերին, որ մենք չենք խոսում սելեստիալ սենյակում գտնվելու ժամանակ, բայց ես ուրախ կլինեմ պատասխանել ցանկացած հարցի այն բանից հետո, երբ տեղափոխվենք շրջագայության հաջորդ կանգառ:

Սելեստիալ սենյակից դուրս գալուց հետո և երբ մենք հավաքվեցինք հաջորդ վայրում, ես հարցրի մեր հյուրերին՝ արդյոք նրանք ունեն որևէ դիտարկում, որով կցանկանային կիսվել: Լրագրողներից մեկը մեծ հուզմունքով ասաց. «Ես իմ ամբողջ կյանքում նման բան չեմ ապրել։ Ես չգիտեի, որ այսպիսի հանգիստ գոյություն ունի աշխարհում: Ես պարզապես չէի հավատում, որ նման հանդարտությունը հնարավոր է»։

Ինձ ապշեցրեց այդ լրագրողի հայտարարության անկեղծությունն ու պարզությունը: Իսկ լրագրողի արձագանքը ընդգծեց հանդարտության մեկ կարևոր կողմ՝ հաղթահարել և ուշադրություն չդարձնել մեր արտաքին միջավայրի իրարանցմանը:

Երբ ես ավելի ուշ մտածեցի լրագրողի մեկնաբանության մասին և մտորեցի մեր ժամանակակից կյանքի հաճախ բուռն ընթացքի շուրջ՝ զբաղվածությունը, աղմուկը, զվարճալիքները, շեղումներն ու շրջանցումները, որոնք հաճախ թվում է, թե պահանջում են մեր ուշադրությունը, միտքս եկավ մի սուրբ գրություն. «Հանդարտ մնացեք և ճանաչեք, որ ես եմ Աստվածը»:1

Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին լուսավորի մեզանից յուրաքանչյուրին, երբ մենք դիտարկում ենք հանդարտության ավելի բարձր և սուրբ չափը մեր կյանքում՝ հոգու ներքին հոգևոր հանդարտությունը, որը մեզ հնարավորություն է տալիս իմանալ և հիշել, որ Աստված մեր Երկնային Հայրն է, մենք Նրա զավակներն ենք, և Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Այս ուշագրավ օրհնությունը հասանելի է Եկեղեցու բոլոր անդամներին, որոնք հավատարմությամբ ձգտում են դառնալ «Տիրոջ ուխտյալ ժողովուրդը»:2

Հանդարտ մնացեք

1833թ.-ին Միսսուրիի Սրբերը ուժգին հալածանքի թիրախ դարձան: Ամբոխները նրանց դուրս էին քշել Ջեքսոն գավառի իրենց տներից և Եկեղեցու որոշ անդամներ փորձել էին հաստատվել մոտակա այլ գավառներում: Բայց հալածանքները շարունակվեցին, և մահվան սպառնալիքները շատ էին։ Այդ դժվարին հանգամանքներում Տերը հայտնությամբ տվեց հետևյալ հրահանգը Մարգարե Ջոզեֆ Սմիթին Կիրթլենդում (Օհայո).

«Հետևաբար, թող ձեր սրտերը մխիթարվեն Սիոնի վերաբերյալ. քանզի ամեն մարմին իմ ձեռքում է. հանգիստ եղեք և իմացեք, որ ես եմ Աստված»:3

Ես հավատում եմ, որ Տիրոջ «հանդարտ մնացեք» հորդորը շատ ավելին է ենթադրում, քան պարզապես չխոսելը կամ չշարժվելը: Թերևս Նրա նպատակն է, որ մենք հիշենք և ապավինենք Նրան ու Նրա զորությանը «բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ [մենք] կարող ենք լինել»:4 Այսպիսով, «հանդարտ մնացեք» հորդորը կարող է միջոց լինել՝ հիշեցնելու մեզ, որ անշեղորեն կենտրոնանանք Փրկչի վրա՝ որպես հոգու հոգևոր լռության վերջնական աղբյուրի, որը զորացնում է մեզ՝ դժվար բաներ անելու և հաղթահարելու համար:

Վեմի վրա կառուցված

Ճշմարիտ հավատքը միշտ կենտրոնացած է Տեր Հիսուս Քրիստոսի մեջ և Նրա վրա. Նրա մեջ՝ որպես Հավերժական Հոր Աստվածային և Միածին Որդու, և Նրա վրա ու Նրա կատարած քավիչ առաքելության վրա:

«Քանզի նա բավարարել է օրենքի պահանջները, և նա պահանջում է բոլոր նրանց, ովքեր հավատք ունեն առ նա. և նրանք, ովքեր հավատք ունեն առ նա, կհարեն այն ամենին, ինչ բարի է. ուստի, նա բարեխոսում է մարդկանց զավակների գործի համար»:5

Հիսուս Քրիստոսը մեր Քավիչն է,6 մեր Միջնորդը 7 և մեր Բարեխոսը 8 Հավիտենական Հոր մոտ և այն վեմն է, որի վրա մենք պետք է կառուցենք մեր կյանքի հոգևոր հիմքը:

Հելամանը բացատրել է. «Հիշեք, հիշեք, որ դա մեր Քավչի վեմի վրա է, որը Քրիստոսն է՝ Աստծո Որդին, որ դուք պիտի կառուցեք ձեր հիմքը. որ, երբ դևն առաջ ուղարկի իր զորեղ քամիները, այո, իր նետերը պտտահողմում, այո, երբ նրա ողջ կարկուտը և զորեղ փոթորիկը հարվածի ձեզ, այն զորություն չի ունենա ձեր վրա՝ քաշելու ձեզ վար՝ դեպի թշվառության ու անվերջ վայի անդունդը, այն վեմի շնորհիվ, որի վրա դուք կառուցված եք, որը հաստատուն հիմք է, հիմք, որի վրա, եթե մարդիկ կառուցեն, նրանք չեն ընկնի»:9

Քրիստոսի՝ որպես «վեմի» խորհրդանշականությունը, որի վրա մենք պետք է կառուցենք մեր կյանքի հիմքը, ամենից ուսանելին է: Խնդրում ենք նկատի ունենալ այս հատվածում, որ Փրկիչը հիմքը չէ: Ավելի շուտ, մեզ հորդոր է տրվում կառուցել մեր անձնական հոգևոր հիմքը Նրա վրա:10

Հիմքը շենքի այն մասն է, որը կապում է այն գետնին։ Ամուր հիմքն ապահովում է պաշտպանություն բնական աղետներից և բազմաթիվ այլ կործանարար ուժերից: Պատշաճ կառուցված հիմքը նաև բաշխում է կառուցվածքի կշիռը մեծ տարածքի վրա՝ հիմքում ընկած հողի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար, և ապահովում է հարթ մակերես շինարարության համար:

Նկար
Տունը ամուր հիմքի վրա է:

Հողի և հիմքի միջև ամուր և հուսալի կապը կարևոր է, եթե կառույցը պետք է ժամանակի ընթացքում մնա ամուր և կայուն: Իսկ շինարարության որոշակի տեսակների համար խարիսխի կապանքները և պողպատե ձողերը կարող են օգտագործվել շենքի հիմքը «հիմնաքարին» ամրացնելու համար՝ մակերևութային նյութերի տակ գտնվող կոշտ, ամուր ժայռերին, ինչպիսիք են հողը և մանրախիճը:

Նկար
Տունը խարսխված է հիմնաքարին:

Նմանապես, մեր կյանքի հիմքը պետք է կապված լինի Քրիստոսի վեմի հետ, եթե մենք ցանկանում ենք ամուր և հաստատուն մնալ: Փրկչի վերականգնված ավետարանի սուրբ ուխտերն ու արարողությունները կարելի է համեմատել խարիսխի կապանքների և պողպատե ձողերի հետ, որոնք օգտագործվում են շենքը հիմնաքարին միացնելու համար: Ամեն անգամ, երբ մենք հավատարմությամբ ստանում ենք, վերանայում, հիշում և նորոգում սուրբ ուխտերը, մեր հոգևոր խարիսխները ավելի ամուր և հաստատուն են ամրացվում Հիսուս Քրիստոսի «վեմին»:

«Ուստի, ով որ հավատում է Աստծուն, կարող է անկասկած հուսալ ավելի լավ աշխարհի համար, այո, նույնիսկ մի տեղի՝ Աստծո աջ կողմում, հույս, որը գալիս է հավատքից, դառնում է խարիսխ մարդկանց հոգիների համար, ինչը դարձնում է նրանց կայուն և հաստատուն, միշտ հարստացնում բարի գործերով, առաջնորդում՝ փառաբանելու Աստծուն»:11

Աստիճանաբար աճելով՝ «որոշ ժամանակ անց»,12 «առաքինությունը [զարդարում է մեր] մտքերն անդադար», մեր «վստահությունը [ավելի ու ավելի ուժեղ է դառնում] Աստծո ներկայության մեջ», և «Սուրբ Հոգին [է մեր] մշտական ուղեկիցը»:13 Մենք դառնում ենք ավելի հիմնավորված, արմատավորված, հաստատված և հաստատուն:14 Քանի որ մեր կյանքի հիմքը կառուցված է Փրկչի վրա, մենք օրհնված ենք «հանդարտ մնալու» համար՝ ունենալով հոգևոր հավաստիացում, որ Աստված մեր Երկնային Հայրն է, մենք Նրա զավակներն ենք, և Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է:

Սուրբ ժամանակները, սուրբ վայրերը և Տունը

Տերը տրամադրում է՝ թե սուրբ ժամանակներ, թե սուրբ վայրեր՝ օգնելու մեզ զգալ և սովորել մեր հոգիների այս ներքին հանդարտությունը:

Օրինակ՝ Հանգստության օրը Աստծո օրն է, սուրբ ժամանակ, որն առանձնացված է, որպեսզի հիշենք և երկրպագենք Հորը Նրա Որդու անունով, մասնակցենք քահանայության արարողություններին և ստանանք ու նորոգենք սուրբ ուխտերը: Ամեն շաբաթ մենք երկրպագում ենք Տիրոջը մեր տնային ուսումնասիրության ընթացքում և որպես «սրբերի համաքաղաքացիներ»՝15 հաղորդության և այլ ժողովների ժամանակ: Նրա սուրբ օրը մեր մտքերը, գործողությունները և վարքագիծը հանդիսանում են նշաններ, որոնք մենք տալիս ենք Աստծուն. դա Նրա հանդեպ մեր սիրո նշանն է:16 Ամեն կիրակի, եթե կամենանք, մենք կարող ենք հանդարտ մնալ և իմանալ, որ Աստված մեր Երկնային Հայրն է, մենք Նրա զավակներն ենք, և Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է:

Հանգստության օրվա մեր երկրպագության կենտրոնական հատկանիշն է՝ «գնալ աղոթքի տուն և մատուցել [մեր] հաղորդությունները [Տիրոջ] սուրբ օրը»։17 «Աղոթքի տունը», որտեղ մենք հավաքվում ենք Հանգստության օրը, հավաքատներ են և այլ հաստատված հարմարություններ՝ ակնածանքի, երկրպագության և ուսման սուրբ վայրեր: Յուրաքանչյուր հավաքատուն և շենք նվիրագործված է քահանայության իշխանության կողմից որպես մի վայր, որտեղ Տիրոջ Հոգին կարող է բնակվել, և որտեղ Աստծո զավակները կարող են գալ «իրենց Քավչի իմացությանը»:18 Եթե կամենանք, մենք կարող ենք «հանդարտ մնալ» մեր սուրբ երկրպագության վայրերում և ավելի հաստատ իմանալ, որ Աստված մեր Երկնային Հայրն է, մենք Նրա զավակներն ենք, և Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է:

Տաճարը ևս մեկ սուրբ վայր է, որը հատուկ առանձնացված է՝ Աստծուն երկրպագելու և ծառայելու և հավերժական ճշմարտություններ սովորելու համար: Տիրոջ տանը մենք տարբեր կերպ ենք մտածում, գործում և հագնվում, քան այլ վայրերում: Նրա սուրբ տանը, եթե կամենանք, մենք կարող ենք հանդարտ մնալ և իմանալ, որ Աստված մեր Երկնային Հայրն է, մենք Նրա զավակներն ենք, և Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է:

Սուրբ ժամանակի և սուրբ վայրերի հիմնական նպատակները նույնն են. բազմիցս կենտրոնացնել մեր ուշադրությունը մեր Երկնային Հոր և Նրա ծրագրի, Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության, Սուրբ Հոգու շենացնող զորության և և խոստումների վրա՝ կապված Փրկչի վերականգնված ավետարանի սուրբ արարողությունների և ուխտերի հետ:

Այսօր կրկնում եմ մի սկզբունք, որը նախկինում շեշտել եմ։ Մեր տները պետք է լինեն թե սուրբ ժամանակի, թե սուրբ վայրի վերջնական համադրությունը, որտեղ անհատները և ընտանիքները կարող են «հանդարտ մնալ» և իմանալ, որ Աստված մեր Երկնային Հայրն է, մենք Նրա զավակներն ենք, և Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է: Հանգստության օրը և Տիրոջ տանը երկրպագելու համար մեր տները թողնելը, անշուշտ, կարևոր է: Բայց միայն այն ժամանակ, երբ մենք վերադառնում ենք մեր տներ՝ այդ սուրբ վայրերում և գործունեությամբ ձեռք բերված հոգևոր հեռանկարով և ուժով, մենք կարող ենք պահպանել մեր կենտրոնացումը մահկանացու կյանքի հիմնական նպատակների վրա և հաղթահարել գայթակղությունները, որոնք այնքան տարածված են մեր ընկած աշխարհում:

Հանգստության օրվա, տաճարի և տան հետ կապված մեր շարունակական փորձառությունները պետք է ամրացնեն մեզ Սուրբ Հոգու զորությամբ, Հոր և Որդու հետ շարունակական և ավելի ամուր ուխտի կապով և «հույսի կատարյալ պայծառությամբ»՝19 Աստծո հավերժական խոստումներում:

Քանի որ տունը և Եկեղեցին միասին «բովանդակված են Քրիստոսում»,20 մենք ամեն բանում կարող ենք «նեղված» լինել, բայց մենք չենք տխրի մեր մտքերում և սրտերում: Մենք կարող ենք «նեղված» լինել մեր հանգամանքների և մարտահրավերների պատճառով, բայց մենք չենք հուսահատվի: Մեզ կարող ենք հալածել, բայց մենք նաև կհասկանանք, որ երբեք մենակ չենք:21 Մենք կարող ենք ստանալ հոգևոր ուժ՝ դառնալու և մնալու ամուր, հաստատուն և ճշմարիտ:

Խոստում և վկայություն

Ես խոստանում եմ, որ երբ մենք կառուցում ենք մեր կյանքի հիմքը Հիսուս Քրիստոսի «վեմի» վրա, մենք կարող ենք օրհնվել Սուրբ Հոգով՝ ստանալու հոգու անհատական և հոգևոր հանդարտություն, որը թույլ է տալիս մեզ իմանալ և հիշել, որ Աստված մեր Երկնային Հայրն է, մենք Նրա զավակներն ենք, Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն է, և մենք կարող ենք օրհնվել՝ դժվար բաները անելու և հաղթահարելու համար:

Ես ուրախությամբ վկայում եմ, որ Աստված մեր Երկնային Հայրն է, մենք Նրա զավակներն ենք, և Հիսուս Քրիստոսը մեր Քավիչն է և մեր փրկության «վեմը»: Այս ամենը ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։