Գերագույն համաժողով
Երկու մեծ պատվիրանների կամրջումը
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Երկու մեծ պատվիրանների կամրջումը

Հիսուս Քրիստոսին հետևելու մեր ունակությունը կախված է մեր ուժից և զորությունից՝ ապրելու առաջին և երկրորդ պատվիրաններով՝ հավասարակշռված և երկուսին էլ հավասար նվիրվածությամբ։

Նախաբան

Երբ ես և կինս՝ Լեսան, հանձնարարություններով ճամփորդում ենք աշխարհով մեկ, մենք վայելում ենք ձեզ հետ մեծ ու փոքր համայնքներով հանդիպելու արտոնությունը։ Տիրոջ աշխատանքին ձեր նվիրվածությունը ոգեշնչում է մեզ և հանդիսանում որպես Հիսուս Քրիստոսի ավետարանի վկայություն։ Մենք ամեն ճամփորդությունից տուն ենք վերադառնում և մտածում, թե արդյոք կարողացել ենք տալ այնքան, որքան ստացել ենք ձեզանից։

Նկար
Ծիածան կամուրջը։
Նկար
Ցինգ Մա կամուրջը։
Նկար
Թաուեր կամուրջը։

Երբ ճամփորդում ենք, քիչ ժամանակ ենք ունենում տեսարժան վայրեր այցելելու համար։ Սակայն, հնարավորության դեպքում ես մի փոքր ժամանակ հատկացնում եմ ինձ հետաքրքրող բաներին։ Ես հետաքրքրված եմ ճարտարապետությամբ և դիզայնով և հատկապես հրապուրված եմ կամուրջներով։ Կախովի կամուրջներն ինձ զարմացնում են։ Անկախ նրանից, թե դա Տոկիոյի Ծիածան կամուրջն է, Հոնկոնգի Ցինգ Մա կամուրջը, Լոնդոնի Թաուեր կամուրջը կամ ուրիշներ, որոնք ես տեսել եմ, ես հիանում եմ այս բարդ կառույցների ինժեներական հանճարով։ Կամուրջները մեզ տանում են այնտեղ, որտեղ մենք այլ կերպ չէինք կարող գնալ։ (Նախքան շարունակելը նշեմ, որ այս ուղերձը պատրաստելու ընթացքում Բալթիմորում կամրջի ողբերգական վթար է տեղի ունեցել։ Մենք սգում ենք նրանց համար, ովքեր հեռացան այս կյանքից, և մեր ցավակցությունն ենք հայտնում տուժած ընտանիքներին։)

Հոյակապ կախովի կամուրջ

Վերջերս համաժողովի մի հանձնարարությամբ մեկնեցի Կալիֆորնիա, որտեղ ես մեկ անգամ ևս անցա խորհրդանշական Ոսկե դարպասներ կամուրջով, որը համարվում է աշխարհի ինժեներական հրաշալիք։ Այս մոնումենտալ կառույցում միահյուսվում են գեղեցիկ ձևը, նպատակային գործառույթը և վարպետաց ճարտարապետությունը։ Դա դասական կախովի կամուրջ է հենասյունային աշտարակներով՝ հենված զանգվածային կառամատույցների վրա։ Օվկիանոսից վեր խոյացող երկու վիթխարի, ծանրաբեռնված երկվորյակ աշտարակները առաջին տարրերն էին, որոնք կառուցվեցին։ Դրանք միասին կրում են հիմնական կախովի մալուխների և ուղղահայաց կախովի մալուխների բեռը, որոնք ներքևում գտնվող ճանապարհի հիմքն են։ Կայունացնող արտասովոր ունակությունը՝ աշտարակի ուժը, կամրջի ճարտարագիտական հրաշքն է։

Նկար
Ոսկե դարպասներ կամրջի կառուցումը։

Ոսկե դարպասներ կամուրջ շրջանը

Կամրջի վաղ շինարարական շրջանի պատկերները վկայում են այս ճարտարագիտական սկզբունքի մասին։ Կամրջի յուրաքանչյուր տարր ծանրությունը տանելու աջակցող կետ ունի դիմացի աշտարակի վրա, երկուսն էլ փոխկապակցված են միմյանց հետ։

Նկար
Ոսկե դարպասներ կամրջի կառուցումը։

Getty Images/Underwood Archives

Երբ կամուրջը պատրաստ էր, իր երկու հզոր աշտարակներով և իր հենարաններով՝ ամուր հիմքի վրա խարսխված, այն ուժի և գեղեցկության արտացոլում էր։

Նկար
Ոսկե դարպասներ կամուրջը

Այսօր ես հրավիրում եմ ձեզ ավետարանի ոսպնյակի միջով նայել այս վեհ կամրջին՝ վեր խոյացող երկու աշտարակներով, որոնք կառուցված են ամուր հիմքի վրա։

Հիսուս Քրիստոսի ծառայության ավարտին, այժմ Ավագ շաբաթ կոչված ժամանակահատվածում, մի փարիսեցի, որ օրենսգետ էր,1 Փրկչին տվեց մի հարց, որին նա գիտեր, որ գրեթե անհնար կլինի պատասխանել․2 «Վարդապետ, օրենքի մեջ ո՞րն է ամենամեծ պատվիրանը»։ Օրենսգետը, «նրան փորձելու համար» և անազնիվ մտադրությամբ օրինական պատասխան փնտրելով, ստացավ անկեղծ, սուրբ, աստվածային պատասխան։

«Հիսուսը նրան ասաց. «Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով։

Սա է առաջին ու ամենամեծ պատվիրանը»։ Մեր կամրջի այլաբանության մեջ՝ առաջին աշտարակը։

«Երկրորդը նման է սրան. «Սիրիր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»։ Սա երկրորդ աշտարակն է։

«Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։3 Կամրջի մնացած տարրերը

Եկեք քննենք երկու մեծ պատվիրաններից յուրաքանչյուրը, որոնք բացահայտվել և տրվել են Հիսուս Քրիստոսի պատասխանի մեջ։ Մինչ մենք կանեք դա, մտովի պատկերացրեք հիանալի կախովի կամուրջը։

Սիրեք Տիրոջը

Ի՞նչ է նշանակում սիրել Աստծուն ձեր ողջ սրտով, հոգով և մտքով։

Այս պատասխանում Հիսուս Քրիստոսը խտացնում է օրենքի էությունը, որը մարմնավորված է Հին Կտակարանի սուրբ ուսմունքներում։ Տիրոջ հանդեպ սերը կենտրոնանում է հիմնականում ձեր սրտում, ձեր էության մեջ։ Տերը խնդրում է, որ դուք սիրեք ձեր ամբողջ հոգով4, ձեր ամբողջ նվիրական էությամբ, և վերջապես սիրել ողջ մտքով՝ ձեր մտավոր կարողությամբ և բանականությամբ։ Աստծո հանդեպ սերը սահմանափակ չէ։ Այն անսահման է և հավերժական։

Ինձ համար առաջին մեծ պատվիրանի կիրառումը երբեմն վերացական և նույնիսկ վախեցնող է թվում։ Բարեբախտաբար, այս պատվիրանը շատ ավելի պարզ է դառնում այն խոսքերի շնորհիվ, որոնք Հիսուսն ասաց հաջորդիվ. «Եթե ինձ սիրում եք, պահեք իմ պատվիրանները»։5 Սա ես կարող եմ անել։ Ես կարող եմ սիրել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, որն արտահայտվում է աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և տաճարային երկրպագության միջոցով։ Մենք սիրում ենք Հորը և Որդուն տասանորդ վճարելու, շաբաթ օրը սուրբ պահելու, առաքինի և մաքուր կյանքով ապրելու և հնազանդ լինելու միջոցով։

Տիրոջ հանդեպ սերն ամենից հաճախ չափվում է փոքր առօրյա գործերով, ուխտի արահետին կատարվող քայլերով. երիտասարդներն օգտագործում են սոցիալական ցանցերը աջակցելու, ոչ թե նսեմացնելու համար. հեռանում են խնջույքից, ֆիլմից կամ միջոցառումից, որտեղ չափանիշները կարող են վիճարկվել. ակնածանքով են վերաբերում սուրբ բաներին։

Դիտարկենք այս քնքուշ օրինակը։ Ծոմի կիրակի էր, երբ Վենսը6 և ես թակեցինք մի փոքրիկ, հասարակ տան դուռը։ Մենք և քվորումի մյուս սարկավագները ակնկալում էինք լսել «Խնդրում եմ, ներս եկեք» բառերը, որ ջերմորեն հնչեցին գերմանական թանձր առոգանությամբ այնքան բարձր, որ լսվեց փակ դռների հետևից։ Քույր Մյուլերը ծխի մի քանի ներգաղթյալ այրիներից մեկն էր։ Նա չէր կարողանում հեշտությամբ բացել դուռը, քանի որ նա կույր էր։ Երբ մտանք աղոտ լուսավորված տուն, նա մեզ ողջունեց սիրալիր հարցերով. Ի՞նչ է ձեր անունը։ Ինչպե՞ս եք։ Դուք սիրու՞մ եք Տիրոջը։ Մենք պատասխանեցինք և կիսվեցինք, որ եկել ենք ստանալու նրա ծոմապահության նվիրատվությունը։ Նույնիսկ լինելով շատ երիտասարդ՝ մենք հեշտությամբ նկատեցինք նրա խղճուկ պայմանները, իսկ նրա հավատքով լի պատասխանը խորապես հուզիչ էր․ «Վաղ առավոտյան սեղանին մի արծաթադրամ եմ դրել։ Ես այնքան երախտապարտ եմ իմ ծոմի նվիրատվությունն առաջարկելու համար։ Բարի կլինե՞ք, որ այն դնեք ծրարի մեջ և լրացնեք իմ ծոմի նվիրատվության թերթիկը»։ Նրա սերը Տիրոջ հանդեպ զորացնում էին մեր հավատքը ամեն անգամ, երբ մենք հեռանում էինք նրա տնից։

Բենիամին թագավորը խոստացել է հրաշալի զորություն նրանց, ովքեր հետևում են առաջին մեծ պատվիրանին։ «Ես կցանկանայի, որ դուք խորհեք օրհնված և երջանիկ վիճակի վրա նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները։ … Նրանք օրհնված են բոլոր բաներում, … և եթե նրանք հավատարիմ համբերում են մինչև վերջ, նրանք ընդունվում են երկնքում, … կարողանում են բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»։7

Տիրոջ հանդեպ սերը տանում է դեպի հավերժական երջանկություն։

Սիրիր քո ընկերոջը

Ապա Հիսուսն ասաց․ «Երկրորդը նման է սրան. «Սիրիր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ»։8 Սա կամրջի երկրորդ աշտարակն է։

Այստեղ Հիսուս Քրիստոսը կամուրջ է անցկացնում Տիրոջը սիրելու մեր սուրբ ցանկության և այս կյանքում մեր ընկերակից տղամարդկանց և կանանց սիրելու մեր ցանկության միջև։ Դրանք փոխկապակցված են։ Տիրոջ հանդեպ սերը ամբողջական չէ, եթե մենք անտեսում ենք մեր ընկերներին։ Ուրիշների հանդեպ սերը ներառում է սեր Աստծո բոլոր զավակների հանդեպ՝ անկախ սեռից, սոցիալական դասից, ռասայից, սեռական պատկանելությունից, եկամուտից, տարիքից կամ էթնիկ պատկանելությունից։ Մենք փնտրում ենք նրանց, ովքեր վիրավորված, կոտրված և անտեսված են, քանի որ «բոլորը նույնն են Աստծո համար»։9 Մենք «սատարում ենք թույլերին, բարձրացնում ընկած ձեռքերը և ամրացնում տկար ծնկները»։10

Խորհեք այս օրինակի շուրջ․ Եղբայր Էվանսը11 զարմացավ, երբ հուշում ստացավ կանգնեցնել մեքենան և թակել անծանոթ ընտանիքի անծանոթ դուռը։ Երբ դուռը բացեց 10 երեխաների այրի մայրը, նրանց դժվարին պայմաններն ու մեծ կարիքները նրա համար ակնհայտ դարձան։ Առաջին կարիքը պարզ էր՝ ներկ նրանց տան համար, ինչին հետևեց այս ընտանիքին երկար տարիներ նյութական և հոգևոր սպասավորություն մատուցելը։

Այս երախտապարտ մայրը ավելի ուշ գրել է երկնքից ուղարկված ընկերոջ մասին․ «Դուք անցկացրիք ձեր կյանքը՝ օգնության հասնելով մեզ՝ ձեր փոքր եղբայրներին ու քույրերին։ Որքան կցանկանայի լսել այն, ինչ Տերը կասի ձեզ, երբ Նա կարտահայտի Իր երախտագիտությունն այն բարիքի համար, որ դուք արել եք ֆինանսապես և հոգևորապես, այն մարդկանց համար, որոնց մասին միայն դուք և Նա երբևէ կիմանաք։ Շնորհակալություն մեզ բազում եղանակներով օրհնելու համար, … միսիոներների համար, որոնց օգնեցիք։ … Ես հաճախ մտածում եմ՝ Աստված բացառապես ձե՞զ ընտրեց, թե՞ միայն դուք էիք, որ լսեցիք»։

Ընկերոջը սիրելը ներառում է բարության և ծառայության Քրիստոսանման գործեր։ Կարո՞ղ եք թողնել ոխը, ներել թշնամիներին, ընդունել և ծառայել ձեր ընկերներին և աջակցել տարեցներին։ Ձեզանից յուրաքանչյուրը կոգեշնչվի, երբ կառուցեք ընկերոջ հանդեպ ձեր սիրո աշտարակը։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Մեր ուրախությունը բխում է ուրիշներին օգնելուց, երբ բարեխղճորեն ջանում ենք հոգ տանել ուրիշների համար նույն կերպ կամ ավելի շատ, քան հոգում ենք ինքներս մեր մասին։ Հատկապես, … երբ հարմար չէ, և երբ ստիպված ենք լինում դուրս գալ մեր հարմարավետության գոտուց։ Երկրորդ ամենամեծ պատվիրանի համաձայն ապրելը հանդիսանում է բանալի Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտ դառնալու համար»։12

Փոխկախվածություն

Հիսուսն այնուհետև ուսուցանել է․ «Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքն ու մարգարեները»։13 Սա շատ ուսանելի է։ Տիրոջը սիրելու և միմյանց սիրելու միջև կա կարևոր փոխկախվածություն։ Որպեսզի Ոսկե դարպասներ կամուրջը կատարի իր նախագծված գործառույթը, երկու աշտարակները հավասարապես ամուր են և հավասարապես զորեղ՝ կրելու կախովի մալուխների, ճանապարհի և կամրջով անցնող երթևեկության ծանրությունը։ Առանց այս տեխնիկական համաչափության կամուրջը կարող էր վտանգվել՝ նույնիսկ հանգեցնել փլուզման։ Որպեսզի ցանկացած կախովի կամուրջ իրականացնի այն, ինչի համար կառուցվել է, նրա աշտարակները պետք է գործեն միասին՝ լիակատար ներդաշնակությամբ։ Նմանապես, Հիսուս Քրիստոսին հետևելու մեր ունակությունը կախված է մեր ուժից և զորությունից՝ ապրելու առաջին և երկրորդ պատվիրաններով՝ հավասարակշռված և երկուսին էլ հավասար նվիրվածությամբ։

Նկար
Ոսկե դարպասներ կամուրջը

Սակայն, աշխարհում աճող հակառակությունը հուշում է, որ մենք երբեմն չենք տեսնում կամ հիշում դա։ Ոմանք այնքան կենտրոնացած են պատվիրանները պահելու վրա, որ քիչ հանդուրժողականություն են ցուցաբերում նրանց հանդեպ, ում համարում են պակաս արդար։ Ոմանք դժվարանում են սիրել նրանց, ովքեր ընտրում են իրենց կյանքն ապրել ուխտից դուրս կամ նույնիսկ կրոնական որևէ մասնակցությունից հեռու։

Որպես այլընտրանք, կան այնպիսիք, ովքեր ընդգծում են ուրիշներին սիրելու կարևորությունը՝ առանց ընդունելու, որ մենք բոլորս պատասխանատու ենք Աստծո առաջ։ Ոմանք լիովին մերժում են այն միտքը, որ գոյություն ունի բացարձակ ճշմարտություն, կամ ճիշտ և սխալ, և որ մեզանից պահանջվում է միայն լիակատար հանդուրժողականություն և ուրիշների ընտրությունների ընդունումը։ Այս անհավասարակշռություններից որևէ մեկը կարող է պատճառ դառնալ, որ ձեր անձնական հոգևոր կամուրջը թեքվի կամ նույնիսկ ընկնի։

Նախագահ Դալլին Հ. Օուքսը նկարագրել է դա, երբ ասել է․ «Մեզ պատվիրված է սիրել բոլորին, քանի որ բարի սամարացու մասին Հիսուսի առակն ուսուցանում է, որ յուրաքանչյուր մարդ մեր ընկերն է։ Բայց այս երկրորդ պատվիրանը պահելու մեր նախանձախնդրությունը չպետք է մեզ մոռացնել տա առաջին պատվիրանը՝ սիրել Աստծուն մեր բոլոր սրտովը, բոլոր անձովը և մեր բոլոր մտքովը»։14

Եզրափակում

Այսպիսով, մեզանից յուրաքանչյուրի հարցն այն է, թե ինչպես ենք մենք կառուցում հավատքի և նվիրվածության մեր սեփական կամուրջը` կանգնեցնելով բարձր կամուրջներ և Աստծուն սիրելու, և մեր ընկերներին սիրելու համար։ Մենք պարզապես պետք է փորձենք։ Մեր սկզբնական ջանքերը կարող են նմանվել անձեռոցիկի վրա գրված ծրագրի կամ կամրջի վաղ փուլի նախագծի, որը մենք հույս ունենք կառուցել։ Այն կարող է բաղկացած լինել մի քանի իրատեսական նպատակներից՝ ձգտել ավելի շատ հասկանալ Տիրոջ ավետարանը կամ խոստանալ ավելի քիչ դատել ուրիշներին։ Ոչ ոք շատ երիտասարդ կամ ծեր չէ սկսելու համար։

Նկար
Կամրջի նախագծման էսքիզ

Ժամանակի ընթացքում, աղոթքով և խորամիտ պլանավորման միջոցով, կոպիտ գաղափարները կատարելագործվում են։ Նոր արարքները դառնում են սովորություններ։ Նախապես կատարված ուրվագծերը դառնում են հղկված գծագրեր։ Մենք կառուցում ենք մեր անձնական հոգևոր կամուրջը՝ նվիրելով մեր սիրտն ու միտքը Երկնային Հորը և Նրա Միածին Որդուն, ինչպես նաև մեր եղբայրներին ու քույրերին, որոնց հետ մենք աշխատում ենք, խաղում և ապրում։

Առաջիկա օրերին, երբ դուք անցնեք կախովի հոյակապ կամրջի վրայով կամ նույնիսկ երբ տեսնեք մի նկար՝ վեր խոյացող աշտարակներով, ես հրավիրում եմ ձեզ հիշել երկու մեծ պատվիրանները, որոնք նկարագրված են Հիսուս Քրիստոսի կողմից՝ Նոր Կտակարանում։ Թող Տիրոջ հրահանգները ոգեշնչեն մեզ։ Թող մեր սրտերն ու մտքերը վեր ուղղվեն՝ սիրելու Տիրոջը, և կենտրոնանան մեր շրջապատի վրա՝ սիրելու մեր ընկերոջը։

Թող սա ամրացնի մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և Նրա Քավությունը, որի մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. «Նոր Կտակարանում [օրենսգետ եզրույթը] համարժեք էր գրագրին, մեկը, ով մասնագիտությամբ օրենքի աշակերտ և ուսուցիչ էր, ներառելով Հնգամատյանի գրավոր օրենքը, ինչպես նաև «երեցների ավանդույթները» (Մատթեոս 22․35, Մարկոս 12․28, Ղուկաս 10․25)» (Աստվածաշնչի բառարան, «Օրենսգետ»)։

  2. Հին ժամանակներում հրեա գիտնականները Թորայում թվարկել էին 613 պատվիրաններ և ակտիվորեն քննարկել մեկի և մյուսի հարաբերական կարևորությունը։ Հավանաբար օրինագետը նպատակ ուներ օգտագործել Հիսուսի պատասխանը Նրա դեմ։ Եթե Նա ասեր, որ պատվիրաններից մեկն ամենակարևորն է, դա կարող էր թույլ տալ, որ Հիսուսին մեղադրեին օրենքի մեկ այլ կողմն անտեսելու մեջ։ Բայց Փրկչի պատասխանը լռեցրեց նրանց, ովքեր եկել էին Նրան ծուղակը գցելու, այն հիմնարար հայտարարությամբ, որն այսօր այն ամենի հիմքն է, ինչ մենք անում ենք Եկեղեցում։

  3. Մատթեոս 22.36-40։

  4. Տես Վարդապետություն և Ուխտեր 88․15։

  5. Հովհաննես 14.15։

  6. Այս պատմության մեջ երկու անուններն էլ փոխված են՝ գաղտնիությունը պաշտպանելու համար։

  7. Մոսիա 2.41։

  8. Մատթեոս 22.39։

  9. 2 Նեփի 26․33։

  10. Վարդապետություն և Ուխտեր 81․5։

  11. Անունը փոխվել է՝ գաղտնիությունը պաշտպանելու համար։

  12. Ռասսել Մ. Նելսոն «Երկրորդ մեծ պատվիրանը», Լիահոնա, նոյ․ 2019, 100։

  13. Մատթեոս 22․40։

  14. Դալլին Հ. Օուքս, «Երկու մեծ պատվիրանները», Լիահոնա, նոյ․ 2019, 73-74։