Գերագույն համաժողով
Ուխտեր և պարտականություններ
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Ուխտեր և պարտականություններ

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին հայտնի է որպես մի եկեղեցի, որը շեշտում է Աստծո հետ ուխտեր կապելը:

«Ձեր եկեղեցին ինչպե՞ս է տարբերվում մյուսներից»: Այս կարևոր հարցի իմ պատասխանը տարբեր է եղել, մինչ ես հասունանում էի և մինչ Եկեղեցին աճում էր: Երբ ես 1932 թվականին ծնվեցի Յուտայում, մեր Եկեղեցու անդամակցությունը ընդամենը մոտ 700.000 էր, որոնք կենտրոնացած էին հիմնականում Յուտայում և մոտակա նահանգներում: Այդ ժամանակ մենք ունեինք ընդամենը 7 տաճար: Այսօր Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամակցությունը կազմում է ավելի քան 17 միլիոն, մոտավորապես 170 ազգերի մեջ: Այս ապրիլի 1-ի դրությամբ մենք ունենք 189 նվիրագործված տաճարներ շատ երկրներում և 146 ուրիշներ՝ պլանավորման և շինարարության տարբեր փուլերում: Ես զգացի, որ պիտի խոսեմ այս տաճարների նպատակի և մեր երկրպագության մեջ ուխտերի պատմության և դերի մասին: Սա կլրացնի նախկին խոսնակների ոգեշնչված ուսմունքները:

I.

Ուխտը` որոշակի պարտականություններ կատարելու պարտավորություն է: Անձնական պարտավորությունները կարևոր են մեր անհատական կյանքի և հասարակության գործունեության կարգավորման համար: Ներկայումս այս գաղափարը կասկածի տակ է դրվում: Ակտիվ փոքրամասնությունը դեմ է կազմակերպված իշխանությանը և պնդում է, որ մարդիկ պետք է ազատ լինեն սահմանափակումներից, որոնք խախտում են նրանց անձնական ազատությունը: Սակայն մենք գիտենք հազարամյա տարիների փորձառությունից, որ մենք հրաժարվում ենք որոշ անձնական ազատություններից` ձեռք բերելու ` կազմակերպված համայնքներով ապրելու արտոնություններ: Անձնական ազատություններից այսպիսի հրաժարումը հիմնականում հիմնված են արտահայտված կամ ենթադրվող պարտավորությունների կամ ուխտերի վրա:

Նկար
Զինվորական անձնակազմ:
Նկար
Բժշկական անձնակազմ:
Նկար
Հրշեջներ:
Նկար
Լիաժամկետ միսիոներներ։

Ահա մեր հասարակության մեջ ուխտի պարտականություններով գործունեության մի քանի օրինակներ. (1) դատավորներ, (2) զինծառայողներ, (3) բժշկական անձնակազմ և (4) հրշեջներ: Բոլոր նրանք, ովքեր ներգրավված են այս ծանոթ մասնագիտություններում, պարտավորություն են ստանձնում, որը հաճախ ձևակերպվում է երդումով կամ ուխտով՝ կատարելու իրենց հանձնարարված պարտականությունները: Նույնը ճշմարիտ է մեր լիաժամկետ միսիոներների համար: Նրանց տարբերվող հագուստը և անվանապիտակները նախատեսված են ցույց տալու, որ կրողը ուխտի ներքո է և ուստի պարտականություն ունի ուսուցանելու և ծառայելու և պետք է աջակցվի այդ ծառայությունում: Դրա հետ կապված մի նպատակ է նաև` հիշեցնել կրողներին իրենց ուխտի պարտականությունների մասին: Նրանց առանձնահատուկ հագուստի կամ խորհրդանիշների մեջ «կախարդանք» չկա, միայն անհրաժեշտ կամ օգտակար հիշեցում է` այն հատուկ պարտականությունների մասին, որոնք կրողները ստանձնել են: Սա ճիշտ է նաև նշանադրության կամ հարսանիքի խորհրդանիշ հանդիսացող մատանիների և դրանց դերի մասին, որոնք դիտորդներին ծանուցում են տալիս, կամ կրողին հիշեցնում են իրենց ուխտի պարտականությունների մասին:

Նկար
Հարսանեկան մատանիներ:

II.

Այն, ինչ ասացի ուխտերի մասին, որոնք հիմք են հանդիսանում անձնական կյանքի կարգավորման համար, վերաբերում է հատկապես կրոնական ուխտերին: Կրոնական շատ դավանանքների հիմքը, պատմությունը և պահանջները հիմնված են ուխտերի վրա: Օրինակ՝ Աբրահամի ուխտը հիմնարար է մի քանի մեծ կրոնական ավանդույթների համար: Այն ներկայացնում է Իր զավակների հետ Աստծո ուխտի խոստումների սուրբ գաղափարը: Հին Կտակարանը հաճախակի նշում է Աստծո և Աբրահամի ու նրա սերնդի միջև ուխտի մասին:1

Մորմոնի Գրքի առաջին մասը, որը գրվել է Հին Կտակարանի ժամանակաշրջանում, հստակորեն ցույց է տալիս ուխտերի դերը Իսրայելի պատմության և պաշտամունքի մեջ: Նեփիին ասվեց, որ այդ ժամանակաշրջանի իսրայելական գրվածքները «հրեաների մի հիշատակարան է, որը պարունակում է Տիրոջ ուխտերը, որը նա արել է Իսրայելի տան հետ»:2 Նեփիի գրքերը նույնպես հաճախակի հղում են անում Աբրահամի ուխտին3 և Իսրայելին` որպես «Տիրոջ ուխտի ժողովուրդ»:4 Աստծո կամ կրոնական առաջնորդների հետ ուխտ կապելու գործառույթը արձանագրված է նաև Մորմոնի Գրքի գրվածքներում` Նեփիի, Հովսեփի, Բենիամին թագավորի, Ալմայի և Մորոնի Զորավարի վերաբերյալ:5

III.

Երբ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնման ժամանակը եկավ, Աստված կանչեց մարգարե Ջոզեֆ Սմիթին: Մենք չգիտենք Մորոնի հրեշտակի կողմից այդ հասունացող երիտասարդ մարգարեին տրված` վաղ հրահանգների լրիվ բովանդակությունը: Մենք գիտենք, որ նա ասաց Ջոզեֆին, որ «Աստված [նրա] համար գործ ուներ անելու», և որ «հավիտենական Ավետարանի լրիվությունը» պետք է առաջ բերվի, ներառյալ «հայրերին տրված խոստումները»:6 Մենք գիտենք նաև, որ երիտասարդ Ջոզեֆը շատ ջանասիրաբար կարդում էր սուրբ գրությունները, նույնիսկ, նախքան նրան հանձնարվելը եկեղեցի կազմավորել, կային շատ ուսմունքներ ուխտերի մասին, որոնք նա թարգմանում էր Մորմոնի Գրքում: Այդ գիրքը Վերականգնման հիմնական աղբյուրն է ավետարանի լրիվության համար, ներառյալ Աստծո ծրագիրը Իր զավակների համար, և Մորմոնի Գիրքը լի է ուխտերի մասին հղումներով:

Լավ կարդացած լինելով Աստվածաշունչը, Ջոզեֆը պետք է որ իմանար Եբրայեցիների գրքի մեջբերումը «նոր ուխտ կկատարեմ Իսրայելի տան հետ և Հուդայի տան հետ» Փրկչի մտադրության վերաբերյալ:7 Եբրայեցիներին գիրքը վերաբերվում է նաև Հիսուսին` «որպես նոր ուխտի միջնորդ»:8 Ուշագրավ է, որ Փրկչի մահկանացու ծառայության պատմությունը վերնագրված է «Նոր Կտակարան»` իսկական հոմանիշ «Նոր Ուխտի» համար:

Ուխտերը հիմնարար էին ավետարանի Վերականգնման համար: Սա ակնհայտ է այն ամենավաղ քայլերում, որ Տերն ուղղորդեց Մարգարեին կատարել` Իր Եկեղեցին կազմավորելիս: Հենց որ Մորմոնի գիրքը հրատարակվեց, Տերը հանձնարարեց Իր վերականգնված Եկեղեցու կազմակերպությունը շուտով անվանել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի:9 1830 թվականի ապրիլին արձանագրված հայտնությունը ուղղորդում է, որ «մարդիկ մկրտությամբ կընդունվեն իր եկեղեցին» այն բանից հետո, երբ նրանք «հաստատեն» (որը նշանակում է հանդիսավորապես վկայություն բերեն), «որ իսկապես ապաշխարել են իրենց բոլոր մեղքերից և պատրաստ են իրենց վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը՝ ունենալով վճռականություն` ծառայելու Նրան մինչև վերջ»:10

Այդ նույն հայտնությունը հետո հանձնարարում է, որ Եկեղեցին «հաճախ հավաքվի՝ ճաշակելու հացից և գինուց՝ [ջրից]՝ ի հիշատակ Տեր Հիսուսի»: Այս արարողության կարևորությունը ակնհայտ է այն խոսքերում, որոնք հատկանշված են երեցի կամ քահանայի համար, որը պաշտոնավարում է: Նա օրհնում է հացի խորհրդանիշները «բոլոր նրանց հոգիների համար, ովքեր ճաշակում են, որ նրանք …, վկայեն քեզ, ով Աստված, Հայր Հավերժական, որ նրանք հոժար են իրենց վրա վերցնել անունը քո Որդու և միշտ հիշել նրան և պահել նրա պատվիրանները, որոնք նա տվել է իրենց»:11

Ուխտերի կենտրոնական դերը վերահաստատվեց այն նախաբանում, որ Տերը տվեց Իր հայտնությունների առաջին հրատարակության մեջ: Այնտեղ Տերը հայտարարում է, որ Նա կանչել է Ջոզեֆ Սմիթին, որովհետև երկրի բնակիչները «շեղվել են իմ արարողություններից և դրժել են իմ հավիտենական ուխտը»:12 Այս հայտնությունը այնուհետև բացատրում է, որ Իր պատվիրանները տրվում են, «որ իմ հավիտենական ուխտը հաստատվի»:13

Այսօր մենք հասկանում ենք ուխտերի դերը վերականգնված Եկեղեցում և նրա անդամների երկրպագության մեջ։ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին տվել է մեր մկրտության և ամենշաբաթյա հաղորդություն ընդունելու ազդեցության այս համառոտ շարադրանքը. «Այս եկեղեցու յուրաքանչյուր անդամ, ով մտել է մկրտության ջրերը, դարձել է սրբազան ուխտի մաս: Ամեն անգամ, երբ մենք ճաշակում ենք Տիրոջ ընթրիքի հաղորդությունից, մենք նորոգում ենք այդ ուխտը»:14

Այս համաժողովի շատ խոսնակների կողմից մեզ հիշեցվեց, որ մեր մարգարե Ռասսել Մ. Նելսոնը հաճախ է նշում փրկության ծրագիրը՝ որպես «ուխտի արահետ», որն «առաջնորդում է մեզ` հետ դեպի [Աստված]», և «ամբողջը Աստծո հետ մեր հարաբերությունների մասին է»:15 Նա ուսուցանում է մեր տաճարային ծիսակատարություններում ուխտերի կարևորության մասին և հորդորում է մեզ տեսնել վերջը սկզբից և «ունենալ սելեստիալ մտածելակերպ»:16

IV.

Այժմ ես ավելի շատ կխոսեմ տաճարային ուխտերի մասին: Իրականացնելով Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվությունը վերականգնելու իր պարտականությունը՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթը իր վերջին տարիների մեծ մասն անցկացրել է՝ ղեկավարելով Նավուի (Իլինոյս) տաճարի կառուցման աշխատանքը: Նրա միջոցով Տերը բացահայտեց սրբազան ուսմունքներ, վարդապետություն և ուխտեր իր հաջորդների համար, որպեսզի սպասավորեն տաճարներում: Մարդիկ, որոնք օժտվում էին այնտեղ, պետք է ուսուցանվեին Աստծո փրկության ծրագիրը և հրավիրվում էին կատարել սրբազան ուխտեր: Նրանց, ովքեր ապրում էին հավատարիմ այդ ուխտերին, խոստացվում էր հավերժական կյանք, որտեղ «բոլոր բաները նրանցն են», և նրանք «պիտի բնակվեն Աստծո և իր Քրիստոսի ներկայության մեջ հավիտյանս հավիտենից»:17

Օժտման արարողությունները Նավուի տաճարում սպասավորվեցին մեր վաղ շրջանի ռահվիրաների արտաքսումից անմիջապես առաջ, երբ սկսվեց նրանց պատմական գաղթը դեպի արևմուտքի լեռները: Մենք շատ վկայություններ ունենք այդ ռահվիրաներից, որ զորությունը, որ նրանք ստացան Քրիստոսին կապված լինելուց` իրենց օժտումների միջոցով՝ Նավուի տաճարում, նրանց ուժ տվեց՝ կատարելու իրենց պատմական ճամփորդությունը և հաստատվելու արևմուտքում:18

Մարդիկ, որոնք օժտված են եղել սուրբ տաճարում, պարտավոր են կրել տաճարային հանդերձ, որը տեսանելի չէ, քանի որ այն կրում են արտաքին հագուստի տակ: Այն հիշեցնում է անդամներին իրենց կապած սրբազան ուխտերի մասին և այն օրհնությունների մասին, որ նրանց խոստացվել է սուրբ տաճարում: Այդ սուրբ նպատակներին հասնելու համար, մեզ հրահանգվում է անընդհատ կրել տաճարային հագուստ, բացառությամբ այն դեպքերի, որոնք ակնհայտորեն անհրաժեշտ են: Քանի որ ուխտերը «հանգստյան օր չեն վերցնում», հագուստը հանելը կարող է ընկալվել որպես պարտականություններից և օրհնություններից հրաժարում, որոնց հետ դրանք կապված են: Ի տարբերություն դրա՝ մարդիկ, որոնք հավատարմորեն հագնում են իրենց հագուստները և պահում իրենց տաճարային ուխտերը, հաստատում են իրենց դերը որպես Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտներ:

Նկար
Տաճարների քարտեզ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին տաճարներ է կառուցում ողջ աշխարհում: Նրանց նպատակն է օրհնել Աստծո ուխտի զավակներին տաճարային երկրպագությամբ և սուրբ պարտականություններով ու զորություններով և Քրիստոսի հետ կապված լինելու առանձնահատուկ օրհնություններով, որոնք նրանք ստանում են ուխտով:

Նկար
Սան Պաոլոյի (Բրազիլիա) տաճարը

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին հայտնի է որպես մի եկեղեցի, որը շեշտում է Աստծո հետ ուխտեր կապելը: Ուխտերը բնորոշ են փրկության և վեհացման յուրաքանչյուր արարողությանը, որը սպասավորում է այս վերականգնված Եկեղեցին: Մկրտության արարողությունը և դրա հետ կապված ուխտերը` հիմնական պահանջներն են, սելեստիալ արքայություն մուտք գործելու համար: Արարողությունները և դրանց հետ կապված տաճարային ուխտերը հիմնական պահանջներն են` սելեստիալ արքայությունում վեհացման համար, որը հավերժական կյանք է, որը մեծագույնն է Աստծո բոլոր պարգևներից»:19: Սա է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կիզակետը:

Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին, ով այդ Եկեղեցու գլուխն է և խնդրում եմ Նրա օրհնությունները բոլոր նրանց վրա, ովքեր ձգտում են պահել իրենց սրբազան ուխտերը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։