Գերագույն համաժողով
Տաճարները՝ Տիրոջ տները, լցնում են Երկիրը
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Տաճարները՝ Տիրոջ տները, լցնում են Երկիրը

Երբ արժանիորեն և աղոթքով գաք Նրա սուրբ տունը, կզինվեք Նրա զորությամբ։

Մի՞թե ձեզ դուր չեն գալիս խոսքերը, որ նոր երգեցինք։ «Ես ուժ եմ ձեզ տալու, որ չարին հաղթեք, … Բարձրացած իմ արդար բազկով ամենազոր միշտ, ամենուրեք»։1 Տերը զորացնում է բոլոր տարիքի Իր Սրբերին, երբ նրանք գալիս են Իր սուրբ տունը։ Կինշասայից մինչև Զոլիկոֆեն, Ֆուկուոկայից մինչև Օքլենդ երիտասարդներն իրենց նախաձեռնությամբ լցնում են մեր մկրտարանները։ Նախկինում արարողությունների ամենասիրելի աշխատողներն ունեին ճերմակած մազեր, բայց դա այլևս այդպես չէ։ Ամեն անկյունում կան կանչված միսիոներներ, ծառայող միսիոներներ և վերադարձած միսիոներներ։ Ամբողջ աշխարհում կա մի աճող զգացում, որը մեզ տանում է դեպի Տիրոջ տուն։

Ընդամենը մեկ տարի առաջ մեր ընտանիքի մի սիրելի ընկեր, որը 95 տարեկան է և բնակվում է Միացյալ Նահանգների արևելյան ափին, որին 70 տարի ուսուցանել էին միսիոներները, ասաց իր դստերը. «Ես ուզում եմ քեզ հետ գնալ տաճար»։

Նրա դուստրը պատասխանեց. «Լավ, մայրիկ, բայց դու նախ պետք է մկրտվես»։

Նկար
Տարեց քրոջ մկրտությունը

«Լավ,- պատասխանեց նա,- ուրեմն ես ուզում եմ մկրտվել»։ Նա մկրտվեց։ Մի քանի օր անց նա ակնածանքով ընկղմվում էր տաճարի մկրտարանում։ Եվ մոտ մեկ ամիս առաջ նա ստացավ իր օժտումը և կնքումը։ «Ընդարձակվում է Աստծո գիտությունը, ցրվում է խավարը երկրի երեսից»։2

Նկար
Տարեց քույրը տաճարի մոտ է։

Մտածե՞լ եք, թե ինչու է Տերն Իր մարգարեին ուղղորդում, որ այժմ երկիրը լցնի Իր տաճարներով։3 Ինչո՞ւ է Նա հենց այս ժամանակներում օգնում Իր ուխտյալ ժողովրդին բավականաչափ բարգավաճել, որպեսզի իրենց սուրբ տասանորդի միջոցով Տիրոջ հարյուրավոր տներ կառուցվեն։

Այս առավոտ նախագահ Դալլին Հ. Օուքսը ցուցադրեց ամբողջ աշխարհում կառուցվող տաճարների մի գեղեցիկ տեսանյութ։ Քեթին և ես վերջերս Ֆիլիպիններում էինք։ Մտածեք այս հրաշքի մասին. Մանիլայի տաճարը նվիրաբերվել է 1984 թվականին։ Երկրորդ տաճարը կառուցվեց Սեբու քաղաքում 26 տարի անց՝ 2010 թվականին։ Այժմ, 14 տարի անց, 11 տաճարներ կառուցման, նախագծման կամ նվիրագործման նախապատրաստման փուլում են։ Հյուսիսից հարավ՝ Լաոագ, Տուգեգարաո, Սանտյագո, Ուրդանետա, Ալաբանգ, Նագա, Տակլոբան Սիթի, Իլոյլո, Բակոլոդ, Կագայան դե Օրո և Դավաո։ Հուզիչ է տեսնել Աստծո հրաշալի գործերը։

Նկար
Տաճարներ Ֆիլիպիններում

Ամբողջ աշխարհում Տիրոջ տները մոտենում են մեզ։ Ինչո՞ւ մեր օրերում։

Վերջին օրերը

Տերը նախազգուշացրել է, որ վերջին օրերում ազգերի մեջ աղետներ են լինելու,4 «մարդիկ կլինեն եսասեր»,5 «բոլոր բաները կլինեն խառնաշփոթության մեջ»,6 խռովությունները կշատանան7 և «մարդկանց սրտերը կնվաղեն»։8 Մենք, անշուշտ, տեսել ենք, թե ինչպես են տղամարդկանց և կանանց սրտերը նվաղում. աշխարհի գայթակղությունները, գրավիչ ձայների շեղումը, հոգևոր սննդի անտեսումը, աշակերտության պահանջներից հոգնածությունը։9 Հավանաբար, դուք տխրել եք, երբ տեսել եք մեկին, ում սիրում եք, ով մի ժամանակ անկեղծորեն խոսել է Հիսուս Քրիստոսի հանդեպ իր հավատքի մասին, վկայել Մորմոնի Գրքի մասին և որոշել է օգնել կառուցել Աստծո արքայությունը, բայց այժմ, առնվազն ժամանակավորապես, հեռացել է իր համոզմունքներից և դարձել Եկեղեցում քիչ ակտիվ։ Իմ խորհուրդն է ձեզ՝ մի հուսահատվեք։ Լավ է ամեն բան։ Աստծու համար ոչ մի անկարելի բան չկա։10

Տերը խոստացել է, որ աշխարհի այս մարգարեացված խառնաշփոթի և անհավատության մեջ ուխտյալ ժողովուրդ կհայտնվի, ժողովուրդ, որ անհամբեր սպասում է Նրա վերադարձին. մի ժողովուրդ, որ կանգնած է սուրբ վայրերում և չի շարժվում իր տեղից։11 Նա խոսել է արդար ժողովրդի մասին, որ դիմադրում է հակառակորդի խաբեությանը, զարգացնում հավատք, սելեստիալ մտածելակերպ և լիովին վստահում Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին։

Ինչո՞ւ է Տերն այժմ Իր հարյուրավոր տաճարները մեզ ավելի մոտեցնում։ Պատճառներից մեկն այն է, որ աշխարհի իրարանցման և գայթակղությունների մեջ Նա խոստացել է զորացնել և օրհնել Իր ուխտյալ Սրբերին, և Նրա խոստումները կատարվում են։

Խոստումներ Կիրթլենդի տաճարից

Ինչպե՞ս են այս սուրբ տները ամրացնում, մխիթարում և պաշտպանում մեզ։ Մենք պատասխանը գտնում ենք Կիրթլենդի տաճարի նվիրագործման ժամանակ Մարգարե Ջոզեֆ Սմիթի աղոթքում։ Այս տաճարում էր, որ Սրբերը երգեցին. «Երկնային զորքի հետ պիտ բարձր երգենք մենք»։12 Փրկիչն Ինքը հայտնվեց, և հնօրյա մարգարեները վերադարձան՝ շնորհելով լրացուցիչ քահանայության բանալիներ՝ ավետարանի վերականգնման համար։13

Այդ սուրբ առիթով Կիրթլենդի Տաճարում մարգարեն աղոթեց, որ Տիրոջ սուրբ տանը Սրբերը զինվեն Աստծո զորությամբ, որ Հիսուս Քրիստոսի անունը լինի նրանց վրա, որ Նրա հրեշտակները պահեն նրանց, և որ նրանք աճեն Տիրոջ մեջ և ստանան Սուրբ Հոգու լիությունը։14 Այս հզոր աղերսը կատարվում է մեր կյանքում, երբ մենք հավատարմությամբ երկրպագում ենք Տիրոջ տանը։

Զինված զորությամբ

Նրա տանը մենք բառացիորեն օժտվում ենք երկնային զորությամբ։15 Մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս և մեր սերը Նրա հանդեպ հաստատվում և ամրացվում է։ Մենք հոգևորապես համոզված ենք մեր իրական ինքնության և կյանքի նպատակների մեջ։16 Երբ հավատարիմ ենք լինում, մենք օրհնվում ենք պաշտպանված լինելու գայթակղություններից և շեղումներից։ Մենք զգում ենք մեր Փրկչի սերը, երբ Նա բարձրացնում է մեզ մեր դժվարություններից և մեր վշտերից։ Մենք զինվել ենք Աստծո զորությամբ։

Նրա անունը մեզ վրա

Նրա սուրբ տանը մենք Նրա անունը ավելի լիարժեքորեն ենք վերցնում մեզ վրա։ Երբ մենք մկրտվում ենք, արտահայտում ենք մեր հավատքը Նրա հանդեպ և Նրա պատվիրանները պահելու մեր պատրաստակամությունը։ Տաճարում մենք սրբորեն խոստանում ենք մեր ուխտերի միջոցով ընդմիշտ հետևել Նրան։

Նկար
Ներկայացնում են Հեբերի (Յուտա) տաճարը

Այս Եկեղեցու երիտասարդությունը անհավանական է։ Այս բարդ աշխարհում նրանք իրենց վրա են վերցնում Քրիստոսի անունը։ Հեբեր Սիթիում (Յուտա) տեղի ունեցավ հանրային ժողով՝ քննարկելու տաճարի շինարարության մանրամասները։ Երեք հարյուր երիտասարդներ լցվեցին հարակից այգին՝ ցույց տալու իրենց աջակցությունը հայտարարված տաճարին։ Մի երիտասարդ տղա, խոսելով կառավարության ղեկավարների հետ բաց հրապարակում, խիզախորեն բացատրեց. «Ես հույս ունեմ, որ կամուսնանամ այս տաճարում։ [Տաճարը կօգնի], որ ինքս ինձ մաքուր և անբիծ պահեմ»։ Մեկ ուրիշը տաճարը նկարագրեց որպես լույսի և հույսի խորհրդանիշ։ Եկեղեցու երիտասարդ տղամարդիկ և կանայք ամբողջ աշխարհում ընդունում են Հիսուս Քրիստոսի անունը։17

Նկար
Երիտասարդների բազմությունը հեղեղում է Հեբեր Սիթիի այգին

Հրեշտակները մեզ հետ են

Կիրթլենդի Տաճարում Մարգարե Ջոզեֆն աղոթեց, որ «հրեշտակները պահպանեն [Իր Սրբերին]»։18 Կանոնավոր կերպով տաճարում մեր նախնիների համար արարողություններ կատարելը բերում է քաղցր և վստահ հաստատում, որ կյանքը շարունակվում է վարագույրից այն կողմ։

Չնայած Տիրոջ տանը մեր ունեցած փորձառություններից շատերը չափազանց սուրբ են հրապարակայնորեն կիսվելու համար, բայց մի քանիսով մենք կարող ենք կիսվել։ Քառասուն տարի առաջ, երբ ապրում էինք Ֆլորիդայում, Քեթին և ես ճամփորդեցինք դեպի Ատլանտա Ջորջիա տաճարը։ Չորեքշաբթի երեկոյան՝ 1984 թ. մայիսի 9-ին, երբ մենք ավարտեցինք տաճարի նիստը, արարողություններ կատարող աշխատողներից մեկը մոտեցավ ինձ և հարցրեց, թե արդյոք ժամանակ ունեմ կատարելու միայն մեկ նախապատրաստական արարողություն։ Իմ ներկայացրած անձի անունը անսովոր էր։ Նրա անունը Էլիզեր Սերսի էր։

Հաջորդ օրը տաճարը լի էր Սրբերով։ Երբ պատրաստվում էի կատարել օրվա մեջ իմ երկրորդ օժտումը, ինձ տրվեց այն անձի անունը, որին ես պետք է ներկայացնեի։ Զարմանալիորեն, դա նախորդ երեկոյի նույն անունն էր՝ Էլիզեր Սերսի։ Ես զգացի Տիրոջ Հոգին, երբ օժտումն ավարտվեց։ Ավելի ուշ՝ կեսօրին, մինչ տաճարում էինք, Քեթին տեսավ ընտանիքի տարեց ընկերոջը՝ Քույր Դոլլի Ֆերնանդեսին, որն այժմ ապրում էր Ատլանտայում։ Չունենալով իր ընտանիքի արական սեռի անդամներ իր հետ, նա հարցրեց, թե արդյոք ես կարող եմ օգնել իր հոր կնքմանը իր հոր ծնողների հետ։ Ինձ համար, իհարկե, պատիվ էր դա անելը։

Երբ ես ծնկի իջա զոհասեղանի վերջում այս սուրբ արարողության համար, ես մեկ անգամ ևս լսեցի այն անունը, որն այժմ գրված էր իմ մտքում՝ նրա հայրը Էլիզեր Սերսին էր։ Ես լիովին հավատում եմ, որ այս կյանքից հետո ես կհանդիպեմ և կգրկեմ մի մարդու, որը հայտնի է եղել իր մահկանացու կյանքում որպես Էլիզեր Սերսի։

Տիրոջ տանը ունեցած մեր փորձառությունների մեծ մասը ավելի շատ բերում է ուրախություն, խաղաղություն և հայտնություն, քան դրամատիկ միջամտություն։ Բայց վստահ եղեք. հրեշտակներն իսկապես պահպանում են մեզ։

Սուրբ Հոգու լիությունը

Սուրբ Հոգու պարգևը տրվում է մեզ, երբ մենք հաստատվում ենք որպես Եկեղեցու անդամ։ Ամեն շաբաթ, երբ մենք արժանիորեն ճաշակում ենք հացից և ջրից՝ ի հիշատակ մեր Փրկչի, մեզ խոստացվում է, որ Նրա Հոգին միշտ մեզ հետ կլինի։19 Երբ մենք պատրաստակամ սրտերով գալիս ենք Տիրոջ տուն՝ երկրի վրա ամենասուրբ վայրը, մենք աճում ենք Տիրոջ մեջ և «ստանում Սուրբ Հոգու լիությունը»։20 Սուրբ Հոգու զորությամբ մենք լցվում ենք խաղաղությամբ և ուրախությամբ և անասելի հույսով։21 Մենք ուժ ենք ստանում՝ մնալու Նրա աշակերտները, նույնիսկ երբ հայտնվում ենք սուրբ վայրերից դուրս։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարել է. «Մեր Փրկիչը և Քավիչը՝ Հիսուս Քրիստոսը, Իր հզորագույն գործերից մի քանիսը կկատարի ներկայիս և Իր երկրորդ գալուստի միջև ընկած ժամանակահատվածում։ Մենք կտեսնենք հրաշագործ նշաններ, որ Հայր Աստված և … Հիսուս Քրիստոսը նախագահում են այս Եկեղեցու վրա վեհությամբ և փառքով»։22 Երկիրը Տիրոջ տներով լցնելը հզոր աշխատանք է և հրաշալի նշան։23

Իմ սիրելի ընկերներ, եթե մենք ի վիճակի ենք և դեռ չենք ավելացրել մեր այցելությունները տաճար, եկեք կանոնավորապես ավելի շատ ժամանակ գտնենք Տիրոջ տանը երկրպագելու համար։ Եկեք աղոթենք տաճարների համար, որոնք հայտարարվել են, որ տարածքները հնարավոր լինի գնել, որ կառավարությունները հաստատեն ծրագրերը, որ տաղանդավոր աշխատողները տեսնեն իրենց պարգևների մեծացումը, և որ սուրբ նվիրագործումները բերեն երկնային հավանությունը և հրեշտակների այցելությունը։

Խոստումներ

Տաճարը բառացիորեն Տիրոջ տունն է։ Ես խոստանում եմ ձեզ, երբ արժանիորեն և աղոթքով գաք Նրա սուրբ տունը, կզինվեք Նրա զորությամբ, Նրա անունը կլինի ձեր վրա, Նրա հրեշտակները կպահպանեն ձեզ, և դուք կաճեք Սուրբ Հոգու օրհնությամբ։

Տերը խոստացել է․ «Ամեն հոգի, որ թողնում է իր մեղքերը և գալիս է ինձ մոտ, և կանչում է իմ անունը, և հնազանդվում է իմ ձայնին, և պահում է իմ պատվիրանները, պիտի տեսնի իմ երեսը և իմանա, որ ես եմ»։24 Քրիստոսի երեսը տեսնելու շատ տարբեր եղանակներ կան, և չկա ավելի լավ տեղ, քան Նրա սուրբ տանը։25

Այս շփոթության և իրարանցման ժամանակներում ես վկայում եմ, որ տաճարը Նրա սուրբ տունն է և կօգնի պահպանել, պաշտպանել և պատրաստել մեզ այն փառավոր օրվան, երբ մեր Փրկիչը Իր բոլոր սուրբ հրեշտակների հետ կվերադառնա վեհությամբ, զորությամբ և մեծ փառքով։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. «Աստծո սրբեր», Հիմներ և մանկական երգեր, համար 6:

  2. «Աստծո Հոգին», Հիմներ և մանկական երգեր, էջ 28։

  3. Ներկայումս աշխարհում կա 182 նվիրագործված տաճար։ Վեցը վերանորոգման փուլում են։ Յոթը սպասում են նվիրագործմանը, իսկ մեկը՝ վերանվիրագործմանը։ 45-ը գտնվում են կառուցման փուլում, ևս 95-ը հայտարարված են կամ պլանավորման և գծագրման փուլում են։

  4. Տես Ղուկաս 21.10։

  5. Բ Տիմոթեոս 3․2։

  6. Վարդապետություն և Ուխտեր 88․91։

  7. Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ասել է․ «Ավետարանի սկզբունքներն ինձ և ձեզ համար հենց այն են, ինչ ղեկը նավի համար։ Ճիշտ սկզբունքները մեզ հնարավորություն են տալիս գտնել մեր ճանապարհը և կայուն, հաստատուն ու անխախտ կանգնել, որպեսզի չկորցնենք մեր հավասարակշռությունը և չընկնենք վերջին օրերի մշուշի ու խառնաշփոթի կատաղի փոթորիկների մեջ» («Իմ ավետարանի սկզբունքները», Լիահոնա, մայիս 2021, 126)։

  8. Վարդապետություն և Ուխտեր 45․26:

  9. «Եթե մեկը կամենում է իմ հետևից գալ, թող ուրանա ինքն իրեն, վերցնի իր խաչը և գա իմ հետևից» (Մատթեոս 16.24

  10. Տես Ղուկաս 1.37։

  11. Տես Վարդապետություն և Ուխտեր 87․8։

  12. Հիմներ և մանկական երգեր, հ․ 2։

  13. Տես Վարդապետություն և Ուխտեր 110։ Մինչ այդ Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացել է Ահարոնյան Քահանայությունը և դրա բանալիները Հովհաննես Մկրտիչից, իսկ Մելքիսեդեկյան Քահանայությունն ու դրա բանալիները՝ Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալներից (տես Վարդապետություն և Ուխտեր 13․1, 27․12-13

  14. Վարդապետություն և Ուխտեր 109․15, տես նաև հատված 22։

  15. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․ «Տաճարը կօգնի մեզ մեր որոնումներում։ Այնտեղ մենք օժտված ենք Աստծո զորությամբ, որը մեզ հնարավորություն է տալիս հաղթահարել սատանային՝ բոլոր հակառակությունների սադրիչին» («Պահանջվում են խաղաղարարներ», Լիահոնա, մայիս 2023, 101)։

  16. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Ընտրություններ հավերժության համար» (համաշխարհային հոգևոր հավաք չափահաս երիտասարդների համար, մայիսի 15, 2022), Ավետարանի գրադարան։

  17. Երեց Քոլին Շտաուֆեր, անձնական նամակագրություն, հունվարի 30, 2024։

  18. Վարդապետություն և Ուխտեր 109.22։

  19. Տես Վարդապետություն և Ուխտեր 20․77, 79։

  20. Վարդապետություն և Ուխտեր 109․15։

  21. Տես Հռովմայեցիս 15․13։

  22. Ռասսել Մ. Նելսոն «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար», Լիահոնա, մայիս 2018, 96։

  23. Նախագահ Բրիգամ Յանգն ասել է. «Մենք կունենանք հարյուրավոր տաճարներ, և հազարավոր տղամարդիկ ու կանայք այնտեղ կծառայեն նրանց, ովքեր քնած են՝ առանց Ավետարանը լսելու և հնազանդվելու արտոնություն ունենալու» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները․ Բրիգամ Յանգ [1997], 312)։ Եվ Նախագահ Էզրա Թաֆտ Բենսոնն ասել է. «Մեր նախորդները մարգարեացել են, որ տաճարները կլցնեն Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Խաղաղ օվկիանոսի կղզիների, Եվրոպայի և այլուր գտնվող երկրները։ Եթե այս փրկագնող աշխատանքը պետք է կատարվի այն մասշտաբով, որը պետք է լինի, հարյուրավոր տաճարներ կպահանջվեն» (Էզրա Թավտ Բենսոնի ուսմունքները [1988], 247)։

  24. Վարդապետություն և Ուխտեր 93․1։

  25. Երեց Դեյվիդ Բ. Հեյթն ասել է․

    «Ճիշտ է, որ ոմանք փաստացի տեսել են Փրկչին, բայց բառարանից տեղեկանում ենք, որ տեսնել բառն ունի ուրիշ այլ իմաստներ, օրինակ՝ սկսել ճանաչել Նրան, նկատել Նրան, իմանալ Նրան և Նրա աշխատանքը, ըմբռնել Նրա կարևորությունը կամ սկսել հասկանալ Նրան։

    Նման երկնային լուսավորումն ու օրհնությունները մատչելի են յուրաքանչյուրիս համար» («Temples and Work Therein», Ensign, նոյ. 1990, 61)։