Գերագույն համաժողով
Հավատարիմ մինչև վերջ
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Հավատարիմ մինչև վերջ

Նրա ձեռքով դուք կկարողանաք տապալել ձեր կյանքում հայտնված յուրաքանչյուր Գողիաթի:

Սիրելի երիտասարդ ընկերներ, այսօր ես կցանկանայի ուղիղ խոսել ձեզ հետ՝ Եկեղեցու երիտասարդների հետ:

Արդեն մեկ տարի է, ինչ կանչվել է մեր Երիտասարդ կանանց գերագույն նախագահությունը: Շատ բան է տեղի ունեցել այս վերջին մեկ տարվա ընթացքում:

Մենք հանդիպել ենք ձեզանից շատերին և միասին ուսումնասիրել ենք Քրիստոսի ուսմունքները: Մենք երգել ենք երգեր, ձեռք բերել նոր ընկերներ և ծառայել ձեզ հետ մեր համայնքներում: Մենք ամրապնդվել ենք՝ լսելով ձեր վկայությունները երիտասարդների համաժողովների և համաշխարհային միջոցառումների ժամանակ: Եվ մենք միասին երկրպագել ենք Տիրոջ տանը։

Ամեն անգամ մենք կիսվել ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի որևէ ուղերձով: Այս երեկո տարբերություն չի լինի. ես ուղերձ ունեմ ձեզ համար՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու երիտասարդների համար:

Կարևոր հարցեր

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես կարող եք հավատարիմ լինել Աստծուն՝ ապրելով մեղքերով լի աշխարհում: Ինչպե՞ս եք ուժ ստանում առաջ գնալու և բարի գործերը շարունակելու համար: Ինչպե՞ս եք զգում իրական ուրախություն:

Կարծում եմ, որ Դավթի և Գողիաթի1 փորձառությունը կարող է օգտակար լինել:

Դավիթը և Գողիաթը

Հին Կտակարանում փղշտացիների բանակը կռվում էր իսրայելացիների դեմ, և ամեն առավոտ ու երեկո Գողիաթ անունով մի հսկա փղշտացի մարտահրավեր էր նետում որևէ իսրայելացու՝ կռվելու իր հետ:

Նկար
Դավիթը և Գողիաթը։

Իսրայելացիների մեջ ապրում էր Դավիթը, մի երիտասարդ հովիվ, որը Գողիաթից շատ փոքր էր, բայց Հիսուս Քրիստոսի հանդեպ շատ մեծ հավատք ուներ։ Դավիթը ցանկացավ կռվել Գողիաթի դեմ։ Նույնիսկ թագավորը փորձեց հետ կանգնեցնել նրան, բայց Դավիթը որոշեց վստահել Հիսուս Քրիստոսին։

Նախկինում Դավիթը կռվել էր առյուծի և արջի հետ։ Իր փորձից նա գիտեր, որ Աստված պաշտպանել է իրեն և հաղթական դարձրել: Դավթի համար Աստծո գործը ամենակարևոր գործն էր: Այսպիսով, հավատով լցված Աստծո հանդեպ առ այն, որ Նա չի լքի իրեն, Դավիթը հավաքեց հինգ հարթ քար, վերցրեց պարսատիկը և գնաց դեմ հանդիման հսկային։

Նկար
Դավթի հինք քարերը։

Սուրբ գրությունները մեզ ասում են, որ առաջին քարը, որը Դավիթը նետեց, հարվածեց Գողիաթի ճակատին՝ վերջ տալով նրա կյանքին:2

Պատասխանի որոնում

Թեպետ Դավիթը միայն մեկ քար օգտագործեց Գողիաթին սպանելու համար, սակայն նա պատրաստել էր հինգ քար։ Հինգ քար։ Դա օգնում է ինձ մտածել, թե ինչպես կարող եմ պատրաստվել աշխարհին դեմ հանդիման դուրս գալու համար:

Պատկերացնենք, որ Դավթի քարերից յուրաքանչյուրը ներկայացնում էր այն ուժը, որն անհրաժեշտ է մեր կյանքում հաղթական լինելու համար: Ի՞նչ կարող են ներկայացնել այդ հինգ քարերը: Ես առանձնացրել եմ հետևյալ տարբերակները․

  1. Աստծո հանդեպ իմ սիրո քարը:

  2. Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքի քարը:

  3. Իմ ճշմարիտ ինքնության իմացության քարը։

  4. Իմ ամենօրյա ապաշխարության քարը։

  5. Աստծո զորությունը ստանալու քարը:

Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես են այդ ուժեղ կողմերն օրհնել մեզ:

Առաջինը՝ Աստծո հանդեպ իմ սիրո քարը: Աստծուն սիրելը առաջին մեծ պատվիրանն է:3 Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցը ուսուցանում է մեզ. «Աստված սիրում է ձեզ: Նա ձեր Հայրն է: Նրա կատարյալ սերը կարող է ոգեշնչել, որ դուք սիրեք Նրան: Երբ ձեր սերը Երկնային Հոր հանդեպ ամենակարևոր ազդեցությունն է ձեր կյանքում, շատ որոշումներ ավելի հեշտ են դառնում»։4

Աստծո հանդեպ մեր սերը և Նրա հետ մեր սերտ հարաբերությունները մեզ ուժ են տալիս, որն անհրաժեշտ է՝ մեր սրտերը փոխելու և մեր մարտահրավերները հեշտությամբ հաղթահարելու համար:

Երկրորդը՝ մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ իմ հավատքի քարը: Երբ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, Նա տառապեց մեր մեղքերի համար5 և Նա Իր վրա վերցրեց մեր վշտերը, մեր ցավերը, մեր թուլությունները և մեր ֆիզիկական ու մտավոր հիվանդությունները: Ահա թե ինչու Նա գիտի, թե ինչպես օգնել մեզ: Հավատք առ Հիսուս Քրիստոս նշանակում է լիովին վստահել Նրա իմաստությանը, Նրա ժամանակին, Նրա սիրուն և մեր մեղքերը քավելու Նրա զորությանը: Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի քարը կհաղթի մեր կյանքում ցանկացած «հսկայի»:6 Մենք կարող ենք հաղթել այս ընկած աշխարհին, քանի որ Նա առաջինը հաղթեց նրան:7

Երրորդ՝ իմ ճշմարիտ ինքնության իմացության քարը։ Մեր սիրելի մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, ուսուցանել է մեզ, որ մեր ամենակարևոր ինքնություններն են՝ լինել Աստծո զավակը, ուխտի զավակը և Հիսուս Քրիստոսի աշակերտը:8

Ամեն ինչ փոխվում է, երբ գիտակցում եմ, թե ով եմ ես իրականում:9 Երբ ես կասկածում եմ իմ կարողություններին, ես հաճախ կրկնում եմ իմ մտքում կամ բարձրաձայն. «Ես Աստծո դուստրն եմ, ես Աստծո դուստրն եմ», այնքան անգամ, որքան անհրաժեշտ է, մինչև նորից վստահ զգամ և շարունակեմ:

Չորրորդ՝ իմ ամենօրյա ապաշխարության քարը։ Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցում կարդում ենք. «Ապաշխարությունը պատիժ չէ մեղքի համար. դա այն ճանապարհն է, որով Փրկիչը մեզ ազատում է մեղքից: Ապաշխարել նշանակում է փոխվել՝ հեռանալ մեղքից և դառնալ դեպի Աստված: Դա նշանակում է կատարելագործվել և ներում ստանալ: Այս տեսակի փոփոխությունը մեկանգամյա իրադարձություն չէ. դա շարունակական գործընթաց է»։10

Ոչինչ ավելի մեծ թեթևություն չի պարգևում, քան Աստծո ներելու զգացումը և այն գիտելիքը, որ մենք մաքուր ենք և հաշտված Նրա հետ: Ներումը հասանելի է բոլորին։

Հինգերրոդ քարը Աստծո զորությունը ստանալու քարն է: Այն ուխտերը, որոնք մենք կապում ենք Աստծո հետ, ինչպիսիք են մկրտության արարողության ժամանակ կապած ուխտերը, մեզ համար հասանելի են դարձնում աստվածապաշտության զորությունը:11 Աստծո զորությունը իրական զորություն է, որն օգնում է մեզ դիմակայել մարտահրավերներին, լավ որոշումներ կայացնել և մեծացնել դժվար իրավիճակներին դիմակայելու մեր կարողությունը: Դա մի զորություն է, որով մենք կարող ենք աճել մեզ անհրաժեշտ հատուկ կարողություններում:12

Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցը բացատրում է. «Ուխտերը կապում են ձեզ Երկնային Հոր և Փրկչի հետ: Նրանք մեծացնում են Աստծո զորությունը ձեր կյանքում»:13

Եկեք խոսենք այդ կապի մասին: Հիշո՞ւմ եք, երբ Քրիստոսն ուսուցանեց ժայռի վրա կառուցված տան և ավազի վրա կառուցված տան միջև տարբերությունը:14 Երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է․ «Փոթորկի ժամանակ տան ապահովության պատճառը տան ամրությունը չէ։ Դրա ապահովության պատճառը նաև պարզապես ժայռի ամրությունը չէ։ Տունը դիմանում է փոթորկին, քանի որ այն անքակտելիորեն ամրացված է այդ ամուր ժայռի վրա։ Կարևորն այստեղ ժայռի հետ ամուր կապն է»։15

Նկար
Ժայռի վրա կառուցված տուն

Մեր անձնական կապը Հիսուս Քրիստոսի հետ մեզ քաջություն և վստահություն կտա առաջ գնալու այն մարդկանց մեջ, ովքեր չեն հարգում մեր համոզմունքները կամ ծաղրում են մեզ: Քրիստոսը հրավիրում է մեզ մշտապես հիշել Իրեն մեր մտքերում. Նա ասում է մեզ. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում»:16 Փրկչի մասին մտածելով մենք ստանում ենք մտքի հստակություն՝ որոշումներ կայացնելու, գործելու առանց վախի և ոչ ասելու այն ամենին, ինչը հակասում է Աստծո ուսմունքներին:17 Երբ իմ օրը դժվար է, և ես զգում եմ, որ այլևս չեմ կարող դիմանալ, Քրիստոսի մասին մտածելն ինձ խաղաղություն է բերում և հույս տալիս:

Ինչպե՞ս կարող ենք ստանալ Հիսուս Քրիստոսի այս զորությունը: Դրա բանալին մեր ուխտերին հնազանդվելն է և Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը մեծացնելն է:

Կցանկանայի, որ Դավիթը ևս մեկ քար ունենար. դա կլինի իմ վկայության քարը: Մեր վկայությունը կառուցված է անձնական հոգևոր փորձառությունների վրա, որոնցում մենք ճանաչում ենք աստվածային ազդեցությունը մեր կյանքում:18 Ոչ ոք չի կարող մեզնից խլել այդ գիտելիքը։ Մեր հոգևոր փորձառությունների վրա հիմնված գիտելիքն անգին է: Այդ գիտելիքին հավատարիմ լինելը մեզ ազատություն է շնորհում: Այն մեզ ուրախություն է շնորհում: Եթե մենք սիրում ենք ճշմարտությունը, մենք կփնտրենք այն, և երբ գտնենք այն, մենք կպաշտպանենք այն:19

Հրավեր

Ճիշտ այնպես, ինչպես ես ընտրեցի վեցերորդ քարը, ես հրավիրում եմ ձեզ հանդիպել ձեր դասարանի, քվորումի կամ ընտանիքի հետ և մտածել, թե ինչ այլ ուժ պետք է ձեռք բերեք՝ Աստծուն հավատարիմ մնալու և, հետևաբար, աշխարհին հաղթելու համար:

Խոստում

Սիրելի ընկերներ, Քրիստոսը ցանկանում է մեզ ուղեկցել մեր կյանքի ընթացքում: Ես խոստանում եմ ձեզ, որ երբ դուք կառչեք երկաթե ձողից, դուք ձեռք ձեռքի տված կքայլեք Հիսուս Քրիստոսի հետ։20 Նա կառաջնորդի ձեզ և Նա կուսուցանի ձեզ:21 Նրա ձեռքով դուք կկարողանաք տապալել ձեր կյանքում հայտնված յուրաքանչյուր Գողիաթի:

Վկայություն

Ես վկայում եմ, որ ուրախություն կգտնեք ամեն օր աղոթելով, ամեն օր Մորմոնի Գիրքը կարդալով, ամեն կիրակի հաղորդությունը ճաշակելով և սեմինարիա հաճախելով, նույնիսկ՝ վաղ առավոտյան: Ուրախություն կգտնեք բարիք գործելու մեջ:

Ուրախություն կա Տիեզերքի Աստծուն, աշխարհի Փրկչին, թագավորների Թագավորին հավատարիմ լինելու մեջ: Ուրախություն կա Հիսուս Քրիստոսի աշակերտը լինելու մեջ:

Աստված մեր Հայրն է: Նա գիտի ձեր սրտի ցանկությունները և ձեր հնարավորությունները, և Նա վստահում է ձեզ:

Սիրելի երիտասարդներ, Հիսուս Քրիստոսը կօգնի ձեզ հավատարիմ մնալ մինչև վերջ: Այս ճշմարտությունների մասին ես բերում եմ իմ վկայությունը, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: