Գերագույն համաժողով
Հակադրություն բոլոր բաներում
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Հակադրություն բոլոր բաներում

Որպեսզի կարողանանք գործադրել մեր ազատ կամքը, մենք պետք է ունենանք հակադիր տարբերակներ, որոնք պետք է դիտարկենք։

Վերջերս, երբ մեքենայով անցնում էինք մեզ անծանոթ քաղաքով, պատահաբար սխալ շրջադարձ կատարեցի, ինչի հետևանքով ես և կինս հայտնվեցինք անվերջ ձգվող մայրուղու վրա՝ չկարողանալով նորից շրջադարձ կատարել։ Մենք ընկերոջս այցելելու սիրալիր հրավեր էինք ստացել և անհանգստանում էինք, որ այժմ սպասվածից շատ ավելի ուշ կհասնենք։

Մինչ մայրուղու վրա հուսահատ ելք էինք փնտրում կրկին ու կրկին, ես ինձ մեղադրում էի նավիգացիոն համակարգին բավարար ուշադրություն չդարձնելու համար։ Այս փորձառությունն ինձ ստիպեց մտածել այն մասին, թե ինչպես ենք մեր կյանքում երբեմն սխալ որոշումներ կայացնում և ինչպես պետք է խոնարհաբար և համբերատար ապրենք հետևանքների հետ, մինչև որ կարողանանք նորից փոխել մեր ընթացքը։

Կյանքն ամբողջությամբ որոշումներ կայացնելու մասին է։ Մեր Երկնային Հայրը մեզ տվել է ազատ կամքի աստվածային պարգևը, որպեսզի մենք կարողանանք դասեր քաղել մեր և ճիշտ, և սխալ ընտրություններից։ Մենք ուղղում ենք մեր սխալ ընտրությունները, երբ ապաշխարում ենք։ Ահա, թե ինչպես է տեղի ունենում աճը։ Երկնային Հոր ծրագիրը բոլորիս համար սովորելու, զարգանալու և դեպի հավերժական կյանք առաջադիմելու մասին է։

Այն պահից, երբ ես և կինս ուսուցանվեցինք միսիոներների կողմից և միացանք Եկեղեցուն շատ տարիներ առաջ, ես միշտ տպավորված եմ եղել այն խորը ուսմունքներով, որոնք Լեքին տվել է իր որդի Հակոբին Մորմոնի Գրքում։ Նա ուսուցանեց նրան, որ «Տեր Աստված տվեց մարդուն, որ նա գործի ինքնուրույն»1 և որ «անպայման պետք է, որ հակադրություն լինի բոլոր բաներում»։2 Որպեսզի կարողանանք գործադրել մեր ազատ կամքը, մենք պետք է ունենանք հակադիր տարբերակներ, որոնք պետք է դիտարկենք։ Ուստի, Մորմոնի Գիրքը նաև հիշեցնում է մեզ, որ մենք «բավականին ուսուցանված ենք»3 և որ «Քրիստոսի Հոգին»4 տրված է մեզանից յուրաքանչյուրին, որ «բարին տարբերեն չարից»։5

Կյանքում մենք անընդհատ բախվում ենք շատ կարևոր ընտրությունների։ Օրինակ՝

  • ընտրում ենք, թե արդյոք կհետևենք Աստծո պատվիրաններին,

  • ընտրում ենք հավատալ և նկատել, երբ հրաշքներ են տեղի ունենում կամ թերահավատորեն սպասել, որ ինչ-որ բան տեղի ունենա, և միայն այդ ժամանակ ընտրենք հավատալ,

  • ընտրում ենք վստահություն զարգացնել առ Աստված կամ վախով սպասում մեկ այլ մարտահրավերի հաջորդ օրը։

Ինչպես երբ ես սխալ շրջադարձ կատարեցի այդ մայրուղու վրա, մեր սեփական սխալ որոշումների հետևանքներից տառապելը հաճախ կարող է հատկապես ցավալի լինել, քանի որ մենք ենք լինում միակ մեղավորը։ Այնուամենայնիվ, մենք միշտ կարող ենք ընտրել մխիթարություն ստանալը ապաշխարության աստվածային գործընթացի միջոցով, սխալ բաները նորից շտկել և այդ ընթացքում սովորել կյանքը փոխող որոշ դասեր։

Երբեմն մենք կարող ենք նաև հակադրության հանդիպել և դժվարություններ ունենալ մեր վերահսկողությունից դուրս բաների արդյունքում, ինչպիսիք են.

  • առողջությունը և հիվանդությունը,

  • խաղաղությունը և պատերազմը,

  • գիշերն ու ցերեկը, ամառն ու ձմեռը,

  • աշխատելու ժամանակը և դրան հետևող հանգստի ժամանակը։

Թեև մենք սովորաբար չենք կարող ընտրել այս տեսակ իրավիճակների միջև, քանի որ դրանք պարզապես տեղի են ունենում, մենք դեռ ազատ ենք ընտրելու, թե ինչպես արձագանքել դրանց։ Մենք կարող ենք դա անել դրական կամ հոռետեսական տրամադրվածությամբ։ Մենք կարող ենք ձգտել սովորել փորձառությունից և խնդրել մեր Տիրոջ օգնությունն ու աջակցությունը, կամ կարող ենք մտածել, որ մենք մենակ ենք այս փորձության մեջ և պետք է միայնակ կրենք այդ տառապանքը։ Մենք կարող ենք «հարմարեցնել մեր առագաստները» նոր իրականությանը, կամ կարող ենք որոշել ոչինչ չփոխել։ Գիշերվա մթության մեջ մենք կարող ենք վառել մեր լույսերը։ Ձմռան ցրտին մենք պետք է ընտրենք տաք հագուստ կրել։ Հիվանդության եղանակներին մենք կարող ենք դիմել բժշկական և հոգևոր օգնության։ Մենք ընտրում ենք, թե ինչպես արձագանքել այս հանգամանքներին։

Հարմարեցնել, սովորել, փնտրել, ընտրել՝ բոլորը գործողություն ցույց տվող բայեր են։ Հիշեք, որ մենք ներգործողներ ենք և ոչ թե ներգործվողներ։ Եկեք երբեք չմոռանանք Հիսուսի խոստումը, որ «վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները, … որ կարողանա … սատարել» կամ օգնել մեզ, երբ մենք դիմենք Նրան։6 Մենք կարող ենք ընտրել մեր հիմքը կառուցել վեմի վրա, որը Հիսուս Քրիստոսն է, ու երբ պտտահողմ սկսվի, «այն զորություն չի ունենա [մեզ] վրա»։7 Նա խոստացել է՝ «ով որ գա [Նրա մոտ], նրան [Նա] կընդուն[ի]. և օրհնված են նրանք, ովքեր գալիս են [Նրա] մոտ»։8

Այժմ՝ կա ևս մեկ սկզբունք, որն ամենակարևորն է։ Լեքին ասել է, որ «անպայման պետք է … հակադրություն լինի բոլոր բաներում»։9 Սա նշանակում է, որ հակադրությունները գոյություն չունեն միմյանցից առանձին։ Դրանք նույնիսկ լրացնում են միմյանց։ Մենք չէին կարողանա ճաշակել ուրախություն, եթե ինչ-որ պահի զգացած չլինեինք վիշտ։ Երբեմն քաղցած լինելն օգնում է մեզ հատկապես երախտապարտ լինել, երբ նորից բավարար քանակությամբ ուտելիք ենք ունենում։ Մենք չէինք կարողանա ճանաչել ճշմարտությունը, եթե չտեսնեինք նաև սուտը այստեղ և այնտեղ։

Այս հակադրությունները բոլորը նման են մի մետաղադրամի երկու կողմերին։ Երկու կողմերն էլ միշտ ներկա են։ Չարլզ Դիքենսը բերել է այս գաղափարի մի օրինակ, երբ գրել է, որ «Դա լավագույն ժամանակն էր, դա ժամանակներից վատագույնն էր»։10

Թույլ տվեք բերել մի օրինակ մեր իսկ կյանքից։ Ամուսնանալը, ընտանիք կազմելը և երեխաներ ունենալը մեզ պարգևում են ուրախության ամենամեծ պահերը, որոնք մենք երբևէ զգացել ենք մեր կյանքում, բայց նաև խոր ցավի, տառապանքի և վշտի պահերը, երբ մեզանից որևէ մեկին ինչ-որ բան է պատահում։ Մեր երեխաների հետ ունեցած անսահման ուրախությանը և երանությանը երբեմն հետևում էին նաև հիվանդությունների, հոսպիտալացումների և անքուն գիշերների կրկնվող ժամանակաշրջանները, որոնք լի էին տառապանքով, ինչպես նաև աղոթքներով և քահանայության օրհնություններում սփոփանք գտնելով։ Այս հակասական փորձառությունները մեզ սովորեցրին, որ մենք երբեք մենակ չենք տառապանքի պահին, և նաև ցույց տվեցին մեզ, թե որքան շատ բան կարող ենք տանել Տիրոջ աջակցությամբ և օգնությամբ։ Այս փորձառությունները օգնեցին հղկել մեզ հիանալի ձևով, և իսկապես արժեր անցնել այդ ամենի միջով։ Արդյոք սրա համար չէ՞, որ մենք եկել ենք այստեղ։

Սուրբ գրություններում մենք նույնպես գտնում ենք մի քանի հետաքրքիր օրինակներ․

  • Լեքին ուսուցանեց իր որդուն՝ Հակոբին, որ անապատում իր կրած չարչարանքները օգնեցին նրան հասկանալ Աստծո մեծությունը, և «[Աստված] կնվիրագործի [նրա] չարչարանքները [նրա] օգտի համար»։11

  • Լիբերթիի բանտում Ջոզեֆ Սմիթի բանտարկության դաժան օրերին Տերն ասաց նրան, որ «այս բոլոր բաները փորձառություն կտան [նրան] և կլինեն [նրա] օգտի համար»։12

  • Ի վերջո, Հիսուս Քրիստոսի անսահման զոհաբերությունը, անշուշտ, երբևէ տեսած ցավի և տառապանքի ամենամեծ օրինակն էր, բայց այն նաև բերեց Նրա Քավության հրաշալի օրհնությունները Աստծո բոլոր զավակներին։

Որտեղ արև կա, այնտեղ պետք է լինեն նաև ստվերներ։ Հորդառատ անձևները կարող են ավերածություններ բերել, բայց դրանք սովորաբար նաև կյանք են բերում։ Վշտի արցունքները հաճախ վերածվում են սփոփանքի և երջանկության արցունքների։ Տխրության զգացումը, երբ սիրելիները հեռանում են, հետագայում փոխհատուցվում են կրկին հանդիպելու ուրախությամբ։ Պատերազմի և ավերածությունների ժամանակ տեղի են ունենում նաև բարության և սիրո շատ փոքր արարքներ նրանց համար, ովքեր ունեն «աչքեր, որ տեսնե[ն], և ականջներ, որ լսե[ն]»։13

Մեր աշխարհն այսօր հաճախ բնութագրվում է վախով և անհանգստությամբ՝ վախ այն բանից, թե ինչ կարող է բերել ապագան։ Բայց Հիսուսն ուսուցանել է մեզ վստահել․ «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»։14

Եկեք շարունակաբար գիտակցված ջանքեր գործադրենք՝ տեսնելու յուրաքանչյուր մետաղադրամի երկու կողմերը, որոնք նախատեսված են կյանքում մեզ համար։ Թեև երկու կողմերն էլ երբեմն կարող են անմիջապես տեսանելի չլինել մեզ համար, մենք կարող ենք իմանալ և վստահել, որ դրանք միշտ մեզ հետ են։

Մենք կարող ենք վստահ լինել, որ մեր դժվարությունները, վշտերը, դժբախտություններն ու ցավերը չեն, որ տալիս են մեր բնութագիրը, այլ այն, թե մենք ինչպես կարձագանքենք դրանց, կօգնի մեզ աճել և ավելի մոտենալ Աստծուն։ Մեր վերաբերմունքն ու ընտրությունն է, որ մեզ շատ ավելի լավ է բնութագրում, քան մեր մարտահրավերները։

Երբ առողջ եք, ամեն պահ գնահատեք և երախտապարտ եղեք։ Երբ հիվանդ եք, աշխատեք համբերատար դասեր քաղել և իմացեք, որ ամեն բան կարող է նորից փոխվել՝ համաձայն Աստծո կամքի։ Երբ վշտի մեջ եք, վստահեք, որ երջանկությունը մոտ է. մենք հաճախ պարզապես դա դեռ չենք կարող տեսնել։ Գիտակցաբար փոխեք ձեր կենտրոնացումը և բարձրացրեք ձեր մտքերը մարտահրավերների դրական կողմերի վրա, քանի որ դրանք, անկասկած, նույնպես միշտ առկա են։ Երբեք մի մոռացեք երախտապարտ լինել։ Ընտրեք հավատալ։ Ընտրեք հավատքն առ Հիսուս Քրիստոսը։ Ընտրեք միշտ վստահել Աստծուն։ Ընտրեք «ունենալ սելեստիալ մտածելակերպ», ինչպես վերջերս մեզ սովորեցրեց Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը։15

Եկեք միշտ մտածենք մեզ համար նախատեսված մեր Երկնային Հոր հրաշալի ծրագրի շուրջ։ Նա սիրում է մեզ և ուղարկեց Իր սիրելի Որդուն՝ օգնելու մեզ մեր փորձությունների ժամանակ և բացելու դուռը, որպեսզի մենք վերադառնանք Իր մոտ։ Հիսուս Քրիստոսն ապրում է և կանգնած է այնտեղ ամեն պահի, սպասելով, որ մենք ընտրենք կանչել Իրեն՝ օգնություն, ուժ և փրկություն տալու համար։ Այս բաների մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: