Գերագույն համաժողով
Վստահիր Տիրոջը
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Վստահիր Տիրոջը

Մեր հարաբերությունները Աստծո հետ կարող են աճել այնքանով, որքանով մենք պատրաստ ենք վստահել Նրան:

Մեր ընտանիքում մենք երբեմն խաղում ենք մի խաղ, որը կոչվում է «Խենթ վստահության վարժություն»: Դուք գուցե, նույնպես խաղացել եք դա: Երկու հոգի կանգնում են իրարից մի քանի ոտնաչափ հեռավորության վրա՝ մեկը մեջքով դեպի մյուսը: Իր հետևում կանգնած մարդու ազդանշանի վրա առջևում կանգնած մարդը հետ է ընկնում իր ընկերոջ սպասող գիրկը:

Վստահությունը բոլոր փոխհարաբերությունների հիմքն է: Ցանկացած փոխհարաբերություններում շեմային հարցն է. «Կարո՞ղ եմ արդյոք վստահել դիմացինին»: Փոխհարաբերությունը կայանում է միայն այն դեպքում, երբ մարդիկ կամենում են վստահություն ցուցաբերել միմյանց հանդեպ: Չի կարող լինել փոխհարաբերություն, եթե մի անձնավորությունը լիովին վստահում է, բայց մյուսը՝ ոչ:

Մեզանից յուրաքանչյուրը սիրառատ Երկնային Հոր կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է»:1 Այնուամենայնիվ, թեև այդ հոգևոր ծագումնաբանությունը հիմք է տալիս, այն ինքնին իմաստալի հարաբերություն չի ստեղծում Աստծո հետ: Փոխհարաբերությունը կարող է կառուցվել միայն այն ժամանակ, երբ մենք ընտրում ենք վստահել Նրան:

Երկնային Հայրը ցանկանում է կառուցել մտերիմ, անձնական փոխհարաբերություն Իր հոգևոր զավակներից յուրաքանչյուրի հետ:2 Հիսուսն արտահայտեց այդ ցանկությունը, երբ Նա աղոթեց. «Որ նրանք ամենքը մեկ լինեն, ինչպես դու, Հայր, ինձանում, և ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մեկ լինեն»:3 Փոխարաբերությունը, որ Աստված փնտրում է յուրաքանչյուր հոգևոր զավակի հետ, այնքան մտերիմ և անձնական է, որ Նա կկարողանա կիսվել այն ամենով, ինչ ունի և ինչ կա:4 Այդպիսի խոր, տևական փոխհարաբերություն կարող է զարգանալ միայն այն դեպքում, երբ այն կառուցվի կատարյալ, բացարձակ վստահության վրա:

Իր հերթին, Երկնային Հայրն աշխատել է ի սկզբանե՝ հաղորդելու Իր բացարձակ վստահությունը Իր յուրաքանչյուր զավակի աստվածային ներուժի հանդեպ: Նախքան մենք կգայինք երկիր՝ Նա ներկայացրեց մեր աճի և առաջընթացի համար ծրագիրը, որի հիմքում դրված է վստահությունը: Նա կուսուցաներ մեզ հավերժական օրենքներ, կստեղծեր երկիր, կտար մեզ մահկանացու մարմիններ, կտար մեզ ինքնուրույն ընտրելու պարգևը և թույլ կտար մեզ սովորել ու աճել` կատարելով մեր սեփական ընտրությունները: Նա ցանկանում է, որ մենք ընտրենք հետևել Նրա օրենքներին և վերադառնանք՝ վայելելու հավերժական կյանք Իր և Իր Որդու հետ:

Իմանալով, որ մենք միշտ չէ, որ կկատարենք լավ ընտրություններ, Նա նաև պատրաստեց մեզ համար մի ուղի, որ խուսափենք մեր վատ ընտրությունների հետևանքներից: Նա տվեց մեզ Փրկիչ՝ Իր Որդի Հիսուս Քրիստոսին, որ քավի մեր մեղքերը և կրկին մեզ մաքուր դարձնի՝ ապաշխարության պայմանով:5 Նա հրավիրում է մեզ կանոնավորապես օգտագործել ապաշխարության թանկագին պարգևը:6

Ամեն ծնող գիտի, թե որքան դժվար է երեխային այնքան վստահել, որ թույլ տա նրան ինքնուրույն որոշումներ կայացնել, հատկապես, երբ ծնողը գիտի, որ երեխան կգործի սխալներ և կտառապի դրա արդյունքում: Սակայն Երկնային Հայրը թույլ է տալիս մեզ կատարել այն ընտրությունները, որոնք կօգնեն մեզ հասնել մեր աստվածային ներուժին: Քանի որ, ինչպես Դեյլ Գ. Ռենլանդն է ուսուցանել. «Մեզ դաստիարակելիս [Նրա] նպատակն այն չէ, որ Իր զավակներն անեն այն, ինչը ճիշտ է, այլ որ Իր զավակներն ընտրեն անել այն, ինչը ճիշտ է և, ի վերջո, դառնան Իր նման»։7

Այնուամենայնիվ, չնայած մեր հանդեպ Աստծո վստահությանը, մեր փոխհարաբերությունը Նրա հետ կարող է աճել միայն մինչև այն աստիճան, որքան մենք կկամենանք վստահել Նրան: Դժվարությունը կայանում է նրանում, որ մենք ապրում ենք անկում ապրած աշխարհում և բոլորս զգացել ենք վստահության կորուստ՝ անազնվության, խաբեբայության, դավաճանության կամ ուրիշների կողմից այլ վատ արարքի պատճառով: Մի անգամ խաբվելուց հետո մենք դժվարանում ենք նորից վստահել: Անկատար մահկանացուների հետ վստահության բացասական փորձառությունները կարող են նույնիսկ ազդել կատարյալ Երկնային Հորը վստահելու մեր պատրաստակամության վրա:

Մի քանի տարի առաջ իմ երկու ընկերները` Լեոնիդը և Վալենտինան, ցանկություն հայտնեցին դառնալ Եկեղեցու անդամներ: Երբ Լեոնիդը սկսեց սովորել ավետարանը, նա պարզեց, որ դժվարանում էր աղոթել: Իր կյանքի սկզբում Լեոնիդը վերադասի կողմից ենթարկվել էր մեքենայությունների և վերահսկման, և իշխանության հանդեպ անվստահություն էր առաջացել։ Այդ փորձառություններն ազդել էին իր սիրտը բացելու և իր անձնական զգացումները Երկնային Հորն արտահայտելու նրա ունակության վրա: Ժամանակի ընթացքում և ուսումնասիրելով Լեոնիդը ձեռք բերեց ավելի լավ հասկացողություն Աստծո բնավորության մասին և սկսեց զգալ Աստծո սերը: Ի վերջո, աղոթքը դարձավ բնական ուղի նրա համար`արտահայտելու իր շնորհակալությունն ու այն սերը, որը նա զգում էր Աստծո հանդեպ: Նրա աճող վստահությունը Աստծո հանդեպ ի վերջո առաջնորդեց նրան և Վալենտինային՝ մտնելու սրբազան ուխտերի մեջ և ամրացնելու իրենց փոխհարաբերությունը Աստծո և միմյանց հետ:

Եթե նախկինում ունեցած վստահության կորստի փորձը հետ է պահում ձեզ Աստծուն վստահելուց, խնդրում եմ՝ հետևեք Լեոնիդի օրինակին: Համբերությամբ շարունակեք սովորել ավելի շատ բան Երկնային Հոր, Նրա բնավորության, Նրա հատկանիշների, Նրա նպատակների մասին: Փնտրեք և գրի առեք փորձառություններ` զգալով Նրա սերը և զորությունը ձեր կյանքում: Մեր ապրող մարգարե Ռասսել Մ. Նելսոնը ուսուցանել է, որ որքան ավելի շատ ենք սովորում Աստծո մասին, այնքան ավելի հեշտ կլինի մեզ համար վստահել Նրան:8

Երբեմն Աստծուն վստահել սովորելու լավագույն ուղին պարզապես Նրան վստահելն է: «Խենթ վստահության վարժություն» նման մենք երբեմն ուղղակի պետք է պատրաստ լինենք հետ ընկնելու և թույլ տալու, որ Նա բռնի մեզ: Մեր մահկանացու կյանքը փորձաշրջան է: Մենք հաճախ ենք բախվում մեր ուժերից վեր մարտահրավերների: Երբ մեր սեփական գիտելիքներն ու հասկացողությունը անբավարար են, մենք բնականաբար, որոնում ենք օգնության աղբյուրներ: Տեղեկատվությամբ հագեցած աշխարհում չկա աղբյուրների պակաս, որոնք առաջ են քաշում մեր մարտահրավերների իրենց լուծումները: Այնուամենայնիվ, Առակաց գրքում պարզ, ժամանակով ստուգված խորհուրդը մեզ տալիս է լավագույն աղբյուրը. «Տիրոջն ապավինիր քո բոլոր սրտովը»։9 Մենք ցույց ենք տալիս մեր վստահությունը Աստծուն`առաջինը Նրան դիմելով, երբ հանդիպում ենք կյանքի մարտահրավերներին:

Իրավաբանական քոլեջը Յուտայում ավարտելուց հետո մեր ընտանիքը բախվեց կարևոր որոշում ընդունելու խնդրին, թե որտեղ աշխատել և հիմնել մեր տունը: Միմյանց և Տիրոջ հետ խորհրդակցելուց հետո մենք ուղղորդված զգացինք ընտանիքով տեղափոխվել դեպի արևելյան Միացյալ Նահանգներ` հեռու ծնողներից, քույրերից ու եղբայրներից: Սկզբում գործերը լավ էին գնում, և մենք զգացինք մեր որոշման հաստատումը: Բայց հետո իրավիճակը փոխվեց: Իրավաբանական ընկերությունում կրճատումներ եղան, և ես բախվեցի գործազրկության կամ ապահովագրության կորստի հեռանկարին հենց այն ժամանակ, երբ մեր դուստրը՝ Դորան, ծնվեց լուրջ բժշկական մարտահրավերներով և երկարաժամկետ հատուկ կարիքներով: Այդ մարտահրավերների միջով անցնելիս ես ստացա Եկեղեցու կոչում, որը զգալի ժամանակ և պարտավորություն էր պահանջում:

Ես երբեք չէի հանդիպել նման մարտահրավերի և ճնշված էի զգում: Ես սկսեցի կասկածի տակ առնել մեր ընդունած որոշումը և դրան ուղեկցող հաստատումը: Մենք վստահել էինք Տիրոջը, և գործերը պետք է որ լավ գնային: Ես հետ էի ընկել և այժմ թվում էր, որ ոչ ոք չէր պատրաստվում բռնել ինձ:

Մի օր «Մի հարցրու` ինչու, հարցրու, թե ինչ եմ ցանկանում, որ դու սովորես» բառերը հստակորեն եկան միտքս և սիրտս: Այդ ժամանակ ավելի շփոթվեցի։ Հենց այն պահին, երբ ես մաքառում էի իմ նախկին որոշման հետ, Աստված հրավիրում էր ինձ ավելի շատ վստահել Իրեն: Հետ նայելով գիտակցում եմ՝ դա վճռորոշ պահ էր իմ կյանքում, դա այն պահն էր, երբ ես հասկացա, որ Աստծուն վստահել սովորելու լավագույն ուղին ուղղակի Նրան վստահելն էր: Հետագա շաբաթների ընթացքում ես զարմանքով նկատեցի, թե ինչպես էր Տերը հրաշքով բացում Իր ծրագիրը` մեր ընտանիքին օրհնելու համար:

Լավ ուսուցիչներն ու մարզիչները գիտեն, որ մտավոր և ֆիզիկական ուժը կարող է աճել միայն միտքն ու մկանները լարելուց: Նմանապես, Աստված հրավիրում է մեզ աճել՝ վստահելով Իր հոգևոր դաստիարակությանը՝ հոգու լարվածության փորձառությունների միջոցով: Ուստի, մենք կարող ենք վստահ լինել, որ ինչպիսի վստահություն էլ որ մենք դրսևորած լինենք անցյալում, մեկ այլ վստահության լարվածության փորձառություն դեռ առջևում է: Աստված կենտրոնացած է մեր աճի և առաջընթացի վրա: Նա է մեր Վարպետ Ուսուցիչը, լիարժեք մարզիչը, որը միշտ լարում է մեզ` օգնելու մեզ ավելի լավ իրականացնել մեր աստվածային ներուժը: Դա կարող է միշտ ներառել` Իրեն մի փոքր ավելի շատ վստահելու ապագա հրավեր:

Մորմոնի Գիրքն ուսուցանում է այն ձևը, որն Աստված օգտագործում է` լարելու մեզ, որպեսզի ամուր փոխհարաբերություն կառուցի մեզ հետ: Եկ, հետևիր ինձձեռնարկում մենք վերջերս ուսումնասիրեցինք, թե ինչպես փորձվեց Նեփիի վստահությունը Աստծո հանդեպ, երբ նրան և իր եղբայրներին պատվիրվեց վերադառնալ Երուսաղեմ՝ արույրե թիթեղները ձեռք բերելու համար։ Երբ նրանց սկզբնական ջանքերը ձախողվեցին, նրա եղբայրները հանձնվեցին և պատրաստ էին վերադառնալ առանց թիթեղների: Բայց Նեփին ընտրեց իր լիակատար վստահությունը դնել Տիրոջ վրա և հաջողության հասավ՝ ձեռք բերելով թիթեղները:10 Այդ փորձառությունը, հավանաբար, ամրացրեց Նեփիի վստահությունն Աստծո հանդեպ, երբ նրա աղեղը կոտրվեց, և ընտանիքը անապատում սովի էր մատնվել: Նեփին կրկին ընտրեց վստահել Աստծուն և ընտանիքը փրկվեց:11 Այդ հաջորդական փորձառությունները Նեփիին տվեցին ավելի ամուր վստահություն Աստծո հանդեպ` վիթխարի, նավ կառուցելու վստահությունը լարող հանձնարարության համար, որին նա շուտով դիմակայելու էր:12

Այդ փորձառությունների միջոցով Նեփին ամրացրեց իր փոխհարաբերությունը Աստծո հետ` հետևողակնորեն և շարունակաբար վստահելով Նրան: Աստված օգտագործում է նույն գործելակերպը մեզ հետ: Նա մեզ անհատական հրավերներ է ուղարկում՝ ամրացնելու և խորացնելու մեր վստահությունը Իր հանդեպ:13 Ամեն անգամ, երբ մենք ընդունում ենք և գործում ըստ որևէ հրավերի, մեր վստահությունը աճում է Աստծո հանդեպ: Եթե մենք անտեսում և մերժում ենք որևէ հրավեր, մեր առաջընթացը կանգ է առնում, մինչև մենք գործում ենք ըստ մի նոր հրավերի:

Բարի լուրն այն է, որ անկախ նրանից՝ մենք անցյալում ընտրել ենք վստահությունը դնել Աստծո վրա թե ոչ, այսօր կարող ենք ընտրել վստահել Աստծուն՝ ամեն օր առաջ գնալով: Ես խոստանում եմ, որ ամեն անգամ, երբ մենք անենք այդ, Աստված մեր կողքին կլինի` մեզ բռնելու համար, և մեր վստահության փոխհարաբերությունը կշարունակի աճել ու ամրանալ մինչև այն օրը, երբ մենք մեկ կդառնանք Նրա և Նրա Որդու հետ: Այդ ժամանակ մենք կարող ենք հայտարարել Նեփիի նման. «Ով Տեր, ես քեզ եմ ապավինել, և ես քեզ եմ ապավինելու հավիտյան»։14 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։