Գերագույն համաժողով
Հիշատակարան այն բաների վերաբերյալ, որոնք ես թե տեսել եմ, թե լսել
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Հիշատակարան այն բաների վերաբերյալ, որոնք ես թե տեսել եմ, թե լսել

Երբևէ չի եղել ավելի լավ ժամանակ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամը լինելու համար:

Իրավաբանական համալսարանն ավարտելուց հետո ես և կինս՝ Մարսիան, որոշեցինք միանալ դատավարական իրավունքի ոլորտում մասնագիտացած մի իրավաբանական գրասենյակի: Երբ ես սկսեցի իմ աշխատանքային ուսուցումը, ժամանակիս մեծ մասը ծախսում էի վկաների նախապատրաստման վրա, որոնք ցուցմունք էին տալու դատավարության ժամանակ: Ես արագ հասկացա, որ փաստերը որոշվում էին դատարանի դահլիճում, երբ վկաները երդվելով վկայություն էին տալիս իրենց տեսածի և լսածի ճշմարտացիության մասին: Երբ վկաները վկայություն էին տալիս, նրանց խոսքերը թե գրանցվում էին, թե պահպանվում: Վստահելի վկայների կարևորությունը միշտ առաջնային էր իմ նախապատրաստության մեջ:

Շատ ժամանակ չպահանջվեց, որ ես հասկանայի, որ նույն եզրույթները, որոնք ես ամեն օր օգտագործում էի որպես իրավաբան, նաև այն եզրույթներն էին, որոնք ես օգտագործում էի իմ ավետարանի զրույցներում: «Վկա»-ն և «վկայությունը» եզրույթներ են, որոնք մենք օգտագործում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտացիության մասին մեր գիտելիքներով և զգացմունքներով կիսվելիս:

Երբ ես կանչվեցի որպես նոր Տարածքային Յոթանասունական, բացեցի սուրբ գրությունները՝ սովորելու իմ պարտականությունների մասին և կարդացի Վարդապետություն և Ուխտեր 107.25 հատվածը, որտեղ ասվում է. «Յոթանասունականները նույնպես կանչված են … լինելու հատուկ վկաներ հեթանոսների համար ու ողջ աշխարհում»: Ինչպես կարող եք պատկերացնել, իմ ուշադրությունը գրավեց «հատուկ վկաներ» եզրույթը։ Ինձ համար պարզ դարձավ, որ ես պարտավոր եմ բերել իմ վկայությունը, վկայել Հիսուս Քրիստոսի անվան մասին, որտեղ էլ որ ես ճամփորդեի աշխարհում:

Սուրբ գրություններում կան բազմաթիվ մարդկանց օրինակներ, որոնք ականատես են եղել և վկայել են այն բաների վերաբերյալ, որոնք թե տեսել են, թե լսել:

Հին մարգարե Մորմոնը այսպես է սկսում իր հիշատակարանը. «Եվ այժմ ես՝ Մորմոնս, մի հիշատակարան եմ գրում այն բաների վերաբերյալ, որոնք ես թե տեսել եմ, թե լսել, և կոչում եմ այն Մորմոնի Գիրք»:1

Փրկչի առաքյալներ Պետրոսը և Հովհաննեսը մի մարդու բժշկեցին Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով:2 Երբ նրանց պատվիրեցին չխոսել Հիսուսի անունով, նրանք պատասխանեցին.

«Մի՞թե Աստծու առաջ արդար է ավելի շատ ձեզ լսել, քան Աստծուն, դուք դատեք:

Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել»:3

Մեկ այլ համոզիչ վկայություն ստանում ենք Մորմոնի Գրքի Սրբերից, որոնք ականատես են եղել Փրկիչ Հիսուս Քրիստոսի այցին: Լսեք նրանց վկայության այս նկարագրությունը. «Եվ այս ձևով են նրանք վկայում. Աչքը երբևէ չի տեսել, ոչ էլ ականջը լսել, նախկինում, այնպիսի մեծ և սքանչելի բաներ, ինչպիսիք մենք տեսանք ու լսեցինք Հիսուսին Հոր հետ խոսելիս»:4

Եղբայրներ և քույրեր, այսօր ես հայտարարում եմ իմ վկայությունը և արձանագրում եմ այն բաները, որոնք ես թե տեսել և թե լսել՝ որպես Տեր Հիսուս Քրիստոսի Յոթանասունական իմ սուրբ ծառայության ընթացքում: Դրանով ես վկայում եմ ձեզ սիրող Երկնային Հոր և Նրա բարերար Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին, որը չարչարվեց, մահացավ ու վերստին հարություն առավ՝ հավերժական կյանք տալու Աստծո զավակներին: Ես վկայում եմ «զարմանահրաշ ու զարմանալի բաների» մասին,5 և որ Տերը մեկ անգամ ևս դրել է Իր ձեռքը՝ վերականգնելու Իր ավետարանը երկրի վրա Իր կենդանի մարգարեների և առաքյալների միջոցով:6 Հիմնվելով իմ տեսածի և լսածի վրա՝ ես վկայում եմ, որ երբևէ ավելի լավ ժամանակ չի եղել՝ լինելու Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամը, քան այսօր: Ես դա գիտեմ իմ իմացությամբ՝ անկախ որևէ այլ աղբյուրից՝ թե տեսածի, թե լսածի շնորհիվ:

Ավագ դպրոցիս ավարտական տարում սեմինարիան ավարտելու համար ես պետք է ճանաչեի Եկեղեցու բոլոր 15 տաճարները: Տաճարների նկարները գտնվում էին մեր դասարանի առջևում, և ես պետք է իմանայի, թե որտեղ է գտնվում յուրաքանչյուրը: Այժմ՝ տարիներ անց, մեծ մարտահրավեր կլինի բացահայտել 335 գործող և հայտարարված տաճարներից յուրաքանչյուրը: Ես անձամբ եմ տեսել Տիրոջ այս տներից շատերը և վկայում եմ, որ Տերն առաջարկում է Իր օրհնություններն ու արարողությունները ավելի ու ավելի շատ Իր զավակների՝ ամբողջ աշխարհում:

FamilySearch-ի իմ ընկերներն ինձ ուսուցանել են, որ ամեն օր ավելի քան մեկ միլիոն նոր անուն է ավելանում FamilySearch-ում: Եթե երեկ չեք գտել ձեր նախնուն, ես ձեզ հրավիրում եմ վաղը նորից փնտրել: Երբ խոսքը վերաբերում է Իսրայելի հավաքմանը վարագույրի մյուս կողմում, ապա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամը լինելու համար երբևէ ավելի լավ ժամանակ չի եղել, քան այսօր:

Երբ մեծացնում էինք մեր երեխաներին Թվին Ֆոլսում (Այդահո), համաշխարհային Եկեղեցու իմ հեռանկարը սահմանափակ էր: Երբ ես կանչվեցի որպես Բարձրագույն Իշխանություն, ինձ և Մարսիային նշանակեցին ծառայելու Խաղաղ օվկիանոսի տարածքում, մի վայր, որտեղ մենք երբևէ չէինք եղել: Մենք ուրախ էինք՝ գտնելով ցցեր ողջ Նոր Զելանդիայի տարածքում և տաճարը, որը նվիրագործվել էր 1958 թվականին: Դա այն 15 տաճարներից մեկն էր, որ ես պետք է անգիր սովորեի սեմինարիայում: Մենք տաճարներ գտանք Ավստրալիայի բոլոր խոշոր քաղաքներում, նաև ցցեր՝ սփռված այդ մայրցամաքում: Մենք հանձնարարություններ ունեինք Սամոայում, որտեղ կա 25 ցից, և Տոնգայում, որտեղ բնակչության գրեթե կեսը Եկեղեցու անդամ է: Մենք հանձնարարություն ունեինք Կիրիբատի կղզում, որտեղ երկու ցից գտանք։ Մենք հանձնարարություններ ունեինք՝ այցելելու որոշ ցցեր Մարշալյան կղզիների Էբեյ կղզում և Պապուա Նոր Գվինեայի Դարու կղզում:

Խաղաղօվկիանոսյան կղզիներում ծառայելուց հետո մեզ նշանակեցին ծառայելու Ֆիլիպիններում։ Ի զարմանս ինձ, Հիսուս Քրիստոսի եկեղեցին Ֆիլիպիններում աճում է ավելի արագ, քան ես կարծում էի: Այժմ այնտեղ կան 125 ցցեր, 23 միսիաներ և 13 գործող կամ հայտարարված տաճարներ: Այդ երկրում ես ականատեսը եղա ավելի քան 850000 անդամ ունեցող եկեղեցու: Որքան անտեղյակ էի ես Քրիստոսի Եկեղեցու հաստատումից և տարածումից ամբողջ աշխարհում:

Երեք տարի Ֆիլիպիններում մնալուց հետո ինձ խնդրեցին ծառայել Միսիոներական բաժանմունքում: Իմ հանձնարարությունը մեզ տարավ տարբեր միսիաներ՝ ամբողջ աշխարհում: Փրկչի համաշխարհային Եկեղեցու մասին իմ հեռանկարն ընդլայնվեց երկրաչափական պրոգրեսիայով: Ինձ և Մարսիային հանձնարարվեց այցելել միսիաներ Ասիայում: Մենք գտանք մի գեղեցիկ ցցի կենտրոն Սինգապուրում՝ զարմանալի, հավատարիմ անդամներով: Մենք այցելեցինք անդամներին և միսիոներներին Մալայզիայի Կոտա Կինաբալուի հավաքատանը: Մենք հանդիպեցինք Հոնկոնգի միսիոներներին և հավատարիմ սրբերի հետ մասնակցեցինք ցցի հրաշալի համաժողովին:

Այս փորձառությունը կրկնվեց, երբ մենք հանդիպեցինք միսիոներների և անդամների՝ ամբողջ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Կարիբյան ավազանում և Աֆրիկայում: Հիսուս Քրիստոսի եկեղեցին Աֆրիկայում վիթխարի աճ է ապրում:

Ես Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակական վերականգնման և Տիրոջ մարգարեի մարգարեության կատարման ականատեսն եմ, որ «Աստծո ճշմարտությունն առաջ կգնա, համարձակորեն, ազնվորեն և անկախ, մինչև որ հասնի ամեն մայրացամաք, այցելի ամեն մի երկրամաս, սրբի ամեն մի երկիր և հնչի ամեն ականջում»:7

Մեր հրաշալի աշխարհասփյուռ միսիոներների թիվն այժմ 74000 է: Աշխատելով անդամների հետ՝ նրանք ամեն ամիս մկրտում են ավելի քան 20000 մարդու: Իսկ վերջերս 18, 19 և 20 տարեկան երիտասարդ տղամարդիկ ու երիտասարդ կանայք են, որ Տիրոջ օգնությամբ ստեղծել են հավաքման այս հզոր հրաշքը: Մենք հանդիպում ենք այս երիտասարդ կանանց և երիտասարդ տղամարդկանց Վանուատուի փոքր գյուղերում և Նյու Յորքի, Փարիզի և Լոնդոնի նման մեծ քաղաքներում: Ես դիտել եմ, թե նրանք ինչպես են ուսուցանում Փրկչի մասին Ֆիջիի հեռավոր համայնքներում և ավելի մեծ հավաքներում՝ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Միացյալ Նահանգների Տեխասը, Կալիֆորնիան և Ֆլորիդան:

Դուք կհանդիպեք միսիոներների աշխարհի ամեն անկյունում, որոնք խոսում են 60 տարբեր լեզուներով և կատարում են Փրկչի մեծ հանձնարարությունը Մատթեոս 28-ում. «Արդ գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով»։8 Ես մեծարում եմ Եկեղեցու անցյալ և ներկա միսիոներներին և մեր աճող սերնդին հիշեցնում եմ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հրավերը՝ գալ և հավաքել Իսրայելը:9

Ես այսօր վկայում եմ, որ հետևել եմ Փրկչի ավետարանի այս խոր Վերականգնմանը իմ սեփական աչքերով և լսել եմ այն իմ սեփական ականջներով: Ես այդ աշխատանքի վկան եմ ամբողջ աշխարհում: Երբևէ չի եղել ավելի լավ ժամանակ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամը լինելու համար, քան այսօր:

Թերևս Վերականգնման ամենից ոգեշնչող հրաշքը, որին ես ականատես եմ եղել, դուք եք՝ Եկեղեցու հավատարիմ անդամները յուրաքանչյուր երկրում: Դուք՝ Վերջին Օրերի Սրբեր, նկարագրված եք Նեփիի կողմից Մորմոնի Գրքում, երբ նա տեսավ մեր օրերը և վկայեց: «Եվ եղավ այնպես, որ ես՝ Նեփիս, տեսա Աստծո Գառի զորությունը, որ այն իջավ Գառի եկեղեցու սրբերի վրա և Տիրոջ ուխտյալ ժողովրդի վրա, որոնք ցրված էին ողջ երկրի երեսին. և նրանք զինված էին արդարությամբ և Աստծո զորության մեծ փառքով»:10

Ես վկայում եմ, որ իմ սեփական աչքերով եմ տեսել այն բաները, որոնք տեսել է Նեփին. ձեզ՝ ուխտի սրբեր ամեն երկրում, զինված արդարությամբ և Աստծո զորությամբ: Երբ ես աշխարհի այս մեծ ազգերից մեկի ամբիոնի մոտ էի, Տերն իմ մտքին հուշեց մի բան, որը Բենիամին թագավորն ուսուցանեց Մորմոնի Գրքի Մոսիա 2 գլխում: Բրենթ, «Ես կցանկանայի, որ դու խորհես օրհնված և երջանիկ վիճակի վրա նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները: Քանզի, ահա, նրանք օրհնված են բոլոր բաներում՝ և աշխարհիկ, և հոգևոր»:11

Ես վկայում եմ ձեզ, որ ես դա տեսել եմ իմ սեփական աչքերով և լսել եմ իմ սեփական ականջներով, երբ հանդիպեցի ձեզ՝ Աստծո հավատարիմ Սրբերին ողջ աշխարհում, որոնք պահում են պատվիրանները: Դուք Հոր ուխտի զավակներն եք: Դուք Հիսուս Քրիստոսի աշակերտներն եք: Դուք նաև գիտեք այն, ինչ ես գիտեմ, քանի որ ստացել եք Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի ճշմարտացիության ձեր անձնական վկայությունը: Փրկիչն ուսուցանել է. «Բայց երանի ձեր աչքերին, որ տեսնում են, և ձեր ականջներին, որ լսում են»:12

Տիրոջ և Նրա մարգարեների ու առաքյալների ղեկավարության ներքո մենք կշարունակենք պատրաստել միսիոներներ, կապել ու պահել սուրբ ուխտեր, հաստատել Քրիստոսի Եկեղեցին ողջ աշխարհում և ստանալ օրհնությունները, որոնք գալիս են, երբ պահում ենք Աստծո պատվիրանները: Մենք միասնական ենք։ Մենք Աստծո զավակներն ենք։ Մենք ճանաչում ենք Նրան և սիրում ենք Նրան:

Իմ ընկերներ ես միանում եմ ձեզ բոլորիդ, երբ միասնաբար վկայում ենք, որ այս բաները ճշմարիտ են: Մենք արձանագրում ենք այն բաները, որոնք թե տեսել ենք, թե լսել: Ես և դուք վկաներ ենք, որոնք վկայում են։ Այս միասնական վկայության զորությամբ է, որ մենք շարունակում ենք առաջ շարժվել՝ հավատքով Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ: Ես հայտարարում եմ իմ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն ապրում է: Նա մեր Փրկիչն է և մեր Քավիչը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։