Գերագույն համաժողով
Վեր կաց, քեզ կանչում է
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Վեր կաց, քեզ կանչում է

Ավետարանը մարտահրավերներից և խնդիրներից խուսափելու միջոց չէ, այլ մեր հավատքը մեծացնելու և դրանք հաղթահարելու լուծում:

Որոշ ժամանակ առաջ ես հարցրի կնոջս. «Կարո՞ղ ես ինձ ասել, թե մենք ինչու երբևէ լուրջ խնդիրներ չենք ունեցել մեր կյանքում, որքան հիշում եմ»:

Նա նայեց ինձ և ասաց. «Իհարկե: Ես քեզ կասեմ, թե մենք ինչու երբևէ լուրջ խնդիրներ չենք ունեցել. քանի որ դու շատ կարճ հիշողություն ունես»:

Նրա արագ և խելացի պատասխանը ինձ ստիպեց մեկ անգամ ևս գիտակցել, որ Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը չի վերացնում ցավն ու փորձությունները, որոնք անհրաժեշտ են աճելու համար:

Ավետարանը մարտահրավերներից և խնդիրներից խուսափելու միջոց չէ, այլ մեր հավատքը մեծացնելու և դրանք հաղթահարելու լուծում:

Այս ճշմարտության զգացումը ես ունեի մի քանի ամիս առաջ, երբ մի օր քայլում էի, և հանկարծ տեսողությունս դարձավ մշուշոտ, մութ ու երերուն։ Ես վախեցա։ Այնուհետև բժիշկներն ինձ ասացին. «Եթե անմիջապես չսկսեք բուժումը, կարող եք կորցնել ձեր տեսողությունը նույնիսկ մի քանի շաբաթվա ընթացքում»: Ես ավելի շատ վախեցա։

Հետո նրանք ասացին. «Ձեզ անհրաժեշտ են ներվիտրային ներարկումներ՝ անմիջապես աչքի մեջ՝ լայն բացած աչքերով, յուրաքանչյուր չորս շաբաթը մեկ՝ ձեր մնացած կյանքի համար»:

Դա անհանգստացնող արթնացման կոչ էր:

Ապա մի միտք եկավ՝ հարցի տեսքով. Ես ինքս ինձ հարցրի. «Լավ: Իմ ֆիզիկական տեսողությունը լավ չէ, իսկ ի՞նչ կասեք իմ հոգևոր տեսողության մասին: Ես այնտեղ բուժման կարիք ունե՞մ: Իսկ ի՞նչ է նշանակում ունենալ հստակ հոգևոր տեսլական»։

Ես խորհեցի Բարտիմեոս անունով մի կույր մարդու պատմության շուրջ, որը նկարագրված է Մարկոսի ավետարանում: Սուրբ գրությունն ասում է. «Երբ լսեց, որ Հիսուս Նազովրեցին է անցնում, սկսեց աղաղակել ու ասել. «Որդի Դավթի, Հիսուս, ողորմիր ինձ»:1

Տեխնիկապես, շատերի աչքում Հիսուսը պարզապես Հովսեփի որդին էր, ուստի ինչո՞ւ Բարտիմեոսը նրան անվանեց «Դավթի որդի»: Պարզապես այն պատճառով, որ նա հասկացավ, որ Հիսուսն իսկապես Մեսիան էր, որի մասին մարգարեացել էին, որ պետք է ծնվեր՝ որպես Դավթի հետնորդ:2

Հետաքրքիր է, որ այս կույրը, որը ֆիզիկական տեսողություն չուներ, ճանաչեց Հիսուսին։ Նա հոգեպես տեսավ այն, ինչ ֆիզիկապես չէր կարող տեսնել, մինչդեռ շատ ուրիշներ կարող էին տեսնել Հիսուսին ֆիզիկապես, բայց հոգևորապես ամբողջովին կույր էին:

Այս պատմությունից մենք ավելին ենք սովորում հստակ հոգևոր տեսլականի մասին:

Մենք կարդում ենք. «Շատերը նրան սաստում էին, որ լուռ մնար, բայց նա էլ ավելի էր աղաղակում. «Որդի Դավթի, ողորմիր ինձ»:3

Շրջապատող մարդիկ նրան ասում էին, որ լռի, բայց նա ավելի բարձր էր աղաղակում, քանի որ գիտեր, թե իրականում ով է Հիսուսը: Նա անտեսեց այդ ձայները և ավելի բարձր բղավեց:

Նա «գործեց ինքնուրույն և չներգործվեց»: Չնայած իր սահմանափակ հանգամանքներին, նա օգտագործեց իր հավատը, որպեսզի դուրս գա իր սահմանափակումներից։

Այսպիսով, առաջին սկզբունքը, որը մենք սովորում ենք, հետևյալն է. Մենք հստակ հոգևոր տեսլական ենք ունենում, երբ կենտրոնանում ենք Հիսուս Քրիստոսի վրա և հավատարիմ ենք մնում նրան, ինչը գիտենք, որ ճշմարիտ է:

Եղբայրներ և քույրեր, մեր հոգևոր տեսողությունը անձեռնմխելի պահելու համար մենք պետք է որոշենք չլսել մեզ շրջապատող աշխարհի ձայները: Այս շփոթեցնող և խառնաշփոթ աշխարհում մենք պետք է հավատարիմ մնանք մեր իմացածին, մեր ուխտերին, հավատարմությամբ պահենք պատվիրանները և վճռականորեն վերահաստատենք մեր համոզմունքները՝ ինչպես այս մարդը: Մենք պետք է ավելի բարձր ձայնով հռչակենք Տիրոջ մասին մեր վկայությունն աշխարհին: Այդ մարդը ճանաչում էր Հիսուսին, հավատարիմ մնաց այն ամենին, ինչին հավատում էր, և չէր շեղվում իր շուրջը եղած ձայներից:

Այսօր շատ ձայներ կան, որոնք փորձում են նվազեցնել Հիսուս Քրիստոսի աշակերտների մեր ձայները: Աշխարհի ձայները փորձում են լռեցնել մեզ, բայց հենց դա է պատճառը, որ մենք պետք է ավելի բարձր ձայնով և վճռականությամբ հայտարարենք Փրկչի մասին մեր վկայությունը: Աշխարհի բոլոր ձայների մեջ Տերն ապավինում է իմ և ձեր ձայներին, որ հռչակենք մեր վկայությունները, բարձրացնենք մեր ձայնը և դառնանք Նրա ձայնը: Եթե մենք դա չանենք, ո՞վ կվկայի Հիսուս Քրիստոսի մասին: Ո՞վ կբարձրաձայնի Նրա անունը և կհռչակի Նրա աստվածային առաքելությունը:

Մենք հոգևոր լիազորություն ունենք, որը բխում է Հիսուս Քրիստոսի մասին մեր գիտելիքներից:

Բայց ի՞նչ արեց Բարտիմեոսը դրանից հետո։

Տիրոջ՝ վեր կաց հրամանով նա կրկին գործեց հավատքով:

Սուրբ գրությունն ասում է. «Նա իր վերնազգեստը դեն գցեց, վեր կացավ ու Հիսուսի մոտ եկավ»:4

Այդ խոնարհ ու հավատարիմ մարդը հասկանում էր, որ Հիսուսի հրամանով կարող է ավելի լավ կյանքով ապրել։ Նա գիտեր, որ ինքն ավելի լավն է, քան իր հանգամանքները, և առաջին բանը, որ նա արեց, երբ լսեց, որ Հիսուսը կանչում է իրեն, դեն նետեց մուրացկանի իր վերնազգեստը։

Դարձյալ նա «գործեց ինքնուրույն և չներգործվեց»:

Նա կարող էր մտածել. «Այժմ, երբ Հիսուսը մտավ իմ կյանք, ես այլևս չունեմ մուրացկանի վերնազգեստի կարիքը: Սա նոր օր է։ Ես ավարտեցի այս թշվառ կյանքը: Հիսուսի հետ ես կարող եմ սկսել նոր երջանկության և ուրախության կյանք՝ Նրանով, Նրա հետ և Նրա միջոցով: Եվ ինձ չի հետաքրքրում, թե աշխարհն ինչ է մտածում իմ մասին. Հիսուսը կանչում է ինձ, և Նա կօգնի ինձ ապրել նոր կյանքով»:

Ի՜նչ ուշագրավ փոփոխություն։

Երբ նա դեն նետեց մուրացկանի իր վերնազգեստը, ազատվեց բոլոր արդարացումներից:

Եվ սա երկրորդ սկզբունքն է՝ մենք հստակ հոգևոր տեսլական ենք ունենում, երբ թողնում ենք բնական մարդուն, ապաշխարում ենք և սկսում նոր կյանք Քրիստոսում:

Դա անելու ճանապարհը ուխտեր կապելն ու պահելն է՝ Հիսուս Քրիստոսի միջոցով ավելի լավ կյանքով ապրելու համար:

Քանի դեռ մենք արդարացումներ ենք գտնում ինքներս մեզ խղճալու համար, ափսոսում ենք մեր հանգամանքների, խնդիրների և մեր կյանքում տեղի ունեցող բոլոր վատ բաների համար, և նույնիսկ այն բոլոր վատ մարդկանց, որոնք կարծում ենք, որ մեզ դժբախտացնում են, մենք մուրացկանի վերնազգեստն ենք պահում մեր ուսերին: Ճիշտ է, երբեմն մարդիկ գիտակցաբար կամ ակամայից մեզ ցավ են պատճառում։ Բայց մենք պետք է որոշենք գործել հավատքով առ Քրիստոս՝ հանելով մտավոր և զգացմունքային վերնազգեստը, որը մենք դեռ կարող ենք կրել՝ թաքցնելու արդարացումները կամ մեղքը, և դեն նետել այն՝ իմանալով, որ Նա կարող է և կբժշկի մեզ:

Երբեք ճիշտ արդարացում չկա ասելու. «Ես այսպիսին եմ որոշ դժբախտ և տհաճ հանգամանքների պատճառով: Եվ ես չեմ կարող փոխվել, ուստի՝ արդարացված եմ»։

Երբ մենք այդպես ենք մտածում, որոշում ենք «ներգործվել»:

Մենք պահում ենք մուրացկանի վերնազգեստը:

Հավատքով գործել նշանակում է ապավինել մեր Փրկչին՝ հավատալով, որ Նրա Քավության միջոցով մենք կարող ենք վեր կանգնել ամեն ինչից՝ Նրա պատվիրանով:

Երրորդ սկզբունքը վերջին չորս բառերում է՝ «[նա] Հիսուսի մոտ եկավ»։

Նա ինչպե՞ս կարող էր գնալ Հիսուսի մոտ, երբ կույր էր: Միակ եղանակը դեպի Հիսուսը քայլելն էր՝ լսելով Նրա ձայնը:

Եվ սա երրորդ սկզբունքն է՝ մենք հստակ հոգևոր տեսլական ենք ունենում, երբ լսում ենք Տիրոջ ձայնը և թույլ ենք տալիս Նրան առաջնորդել մեզ:

Ճիշտ այնպես, ինչպես այս մարդը բարձրացրեց իր ձայնը շրջապատող ձայներից վեր, նա կարողացավ լսել Տիրոջ ձայնը մյուս բոլոր ձայների մեջ:

Սա նույն հավատքն է, որը թույլ տվեց Պետրոսին քայլել ջրերի վրայով այնքան ժամանակ, քանի դեռ նա իր հոգևոր ուշադրությունը պահում էր Տիրոջ վրա և չէր շեղվում իրեն շրջապատող քամիներից:

Այնուհետև այս կույրի պատմությունն ավարտվում է հետևյալ խոսքերով. «Եվ նրա տեսողությունն իսկույն վերականգնվեց, ու հետևեց Հիսուսին»:5

Այս պատմության ամենակարևոր դասերից մեկն այն է, որ այս մարդը ճշմարիտ հավատք դրսևորեց Հիսուս Քրիստոսի հանդեպ և ստացավ հրաշք, քանի որ նա խնդրեց անկեղծ միտումով՝ Նրան հետևելու անկեղծ միտումով:

Եվ սա մեր կյանքում ստացած օրհնությունների վերջնական պատճառն է՝ հետևել Հիսուս Քրիստոսին: Խոսքը Նրան ճանաչելու, Նրա շնորհիվ Աստծո հետ ուխտեր կապելու և պահելու, Նրա միջոցով մեր էությունը փոխելու և Նրան հետևելով՝ մինչև վերջ համբերելու մասին է:

Ինձ համար հստակ հոգևոր տեսլական պահելը Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնանալն է:

Արդյո՞ք իմ հոգևոր տեսողությունը պարզ է, երբ ես ստանում եմ իմ աչքի ներարկումները: Իսկ ո՞վ եմ ես, որ ասեմ: Բայց ես շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տեսնում եմ։

Ես հստակությամբ տեսնում եմ Տիրոջ ձեռքը այս սրբազան աշխատանքում և իմ կյանքում:

Ուր էլ որ գնամ, ես տեսնում եմ շատ մարդկանց հավատքը, որոնք ամրացնում են իմ սեփական հավատքը:

Շուրջս հրեշտակներ եմ տեսնում:

Ես տեսնում եմ շատերի հավատքը, որոնք ֆիզիկապես չեն տեսնում Տիրոջը, բայց հոգևորապես ճանաչում են Նրան, քանի որ նրանք մոտիկից են ճանաչում Նրան:

Ես վկայում եմ, որ այս ավետարանը ամեն ինչի պատասխանն է, քանի որ Հիսուս Քրիստոսը պատասխանն է բոլորի համար: Ես երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ կարող եմ տեսնել, երբ հետևում եմ իմ Փրկչին:

Ես խոստանում եմ, որ երբ լսենք Տիրոջ ձայնը և թույլ տանք, որ Նա առաջնորդի մեզ Փրկչի ուխտի ճանապարհով, մենք կօրհնվենք հստակ տեսլականով, հոգևոր հասկացողությամբ և սրտի ու մտքի խաղաղությամբ մեր ողջ կյանքում:

Թող որ մենք հայտարարենք Նրա մասին մեր վկայությունը ավելի բարձր, քան մեզ շրջապատող ձայները մի աշխարհում, որը կարիք ունի ավելին լսելու Հիսուս Քրիստոսի մասին, բայց ոչ պակաս: Թող որ մենք հանենք մուրացկանի վերնազգեստը, որը մենք դեռ կարող ենք հագնել, և բարձրանանք աշխարհից վեր՝ դեպի ավելի լավ կյանք՝ Քրիստոսով և Քրիստոսի միջոցով: Թող որ մենք ազատվենք Հիսուս Քրիստոսին չհետևելու բոլոր արդարացումներից և գտնենք Նրան հետևելու բոլոր հիմնավոր պատճառները, երբ լսում ենք Նրա ձայնը: Սա իմ աղոթքն է Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: