Գերագույն համաժողով
Նախասահմանված՝ ծառայելու համար
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Նախասահմանված՝ ծառայելու համար

Մեր Երկնային Հայրը ցանկանում է հայտնել ձեզ ձեր անձնական նախասահմանումը, և Նա կանի դա, եթե դուք ձգտեք սովորել և հետևել Նրա կամքին:

Այս երեկո ես խոսում եմ Եկեղեցու երիտասարդների՝ երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց աճող սերնդի հետ, որը հաջորդ դրոշակակիր սերունդն է:

2013 թվականի հոկտեմբերին մեր սիրելի մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց. «Ձեր Երկնային Հայրը ճանաչում է ձեզ շատ երկար ժամանակ: Դուք, որպես Նրա որդի կամ դուստր, ընտրվել եք Նրա կողմից, որ գաք երկիր հենց այս պահին և լինեք ղեկավար Նրա մեծ աշխատանքում՝ Երկրի վրա»։1

Երկու տարի առաջ նախագահ Նելսոնը շարունակեց.

«Ես այսօր վճռականորեն վերահաստատում եմ, որ Տերը խնդրել է յուրաքանչյուր արժանավոր, ընդունակ երիտասարդ տղամարդու պատրաստվել և ծառայել միսիայում: Վերջին Օրերի Սրբերի երիտասարդ տղաների համար միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է: Երիտասարդ տղաներ, ձեզ պահել են այս ժամանակի համար, երբ տեղի է ունենում Իսրայելի խոստացված հավաքումը:

Երիտասարդ և ընդունակ քույրեր, ձեզ համար միսիան նույնպես հզոր, բայց կամավոր հնարավորություն է: Աղոթեք, որ իմանաք՝ արդյո՞ք Տերը ցանկանում է, որ դուք ծառայեք միսիայում, և Սուրբ Հոգին կպատասխանի ձեր սրտին և մտքին»։2

Մեր մարգարեն ասում է, որ Տերը մեր օրերի երիտասարդներին պահել է Իսրայելը հավաքելու համար, և նա հրավիրում է աղոթել, որպեսզի իմանաք, թե ինչ է Տերը կամենում, որ դուք անեք․ դրանք մասամբ հղումներ են ձեր ապրած կյանքին և օրհնություններ Աստծուց՝ նախքան այս երկրի վրա ձեր ծնվելը:3 Մենք բոլորս, որ ծնվել ենք այս երկրի վրա, նախ ապրել ենք մեր Երկնային Հոր հետ՝ որպես Նրա հոգևոր զավակներ:4 Տերը հայտարարել է Մովսեսին․ «Ես՝ Տեր Աստվածս, հոգեղեն ստեղծեցի բոլոր բաները, … նախքան դրանք բնական տեսքով երկրի երեսին էին»։5

Երբ Նա ստեղծեց ձեզ հոգեղեն, Նա սիրեց ձեզ որպես Իր հոգևոր որդիների և դուստրերի և ձեզանից յուրաքանչյուրի մեջ ներդրեց աստվածային բնույթ և հավերժական ճակատագիր:6

Ձեր նախաերկրային կյանքի ընթացքում «դուք զարգացրիք ձեր ինքնությունը և ավելացրիք ձեր հոգևոր կարողությունները»:7 Դուք օրհնվել եք ազատ կամքի պարգևով՝ ինքներդ ձեզ համար ընտրություն կատարելու ունակությամբ, և դուք իսկապես կայացրել եք կարևոր որոշումներ, ինչպիսին է Երկնային Հոր երջանկության ծրագրին հետևելու որոշումը, «ըստ որի պետք է ֆիզիկական մարմիններ ձեռք բերեիք և աշխարհիկ փորձ կուտակեիք դեպի կատարելություն ընթանալու և [ձեր] աստվածային ճակատագիրը որպես հավերժական կյանքի ժառանգներ բացառիկ կերպով գիտակցելու համար»։8 Այս որոշումը ազդել է ձեր կյանքի վրա այն ժամանակ, ձեր նախաերկրային կյանքում, և այն շարունակում է ազդել ձեր կյանքի վրա հիմա:9 Որպես Աստծո զավակ, ապրելով ձեր նախաերկրային կյանքում, դուք «աճեցիք բանականությամբ և սովորեցիք սիրել ճշմարտությունը»:10

Նախքան ձեր ծնվելը, Աստված ձեզանից յուրաքանչյուրին հանձնարարեց երկրի վրա ձեր մահկանացու կյանքի ընթացքում կատարել հատուկ առաքելություններ:11 Եթե դուք արժանի մնաք, այդ նախաերկրային հրամանագրի օրհնությունները կարտոնեն ձեզ ունենալ բոլոր տեսակի հնարավորությունները այս կյանքում, ներառյալ Եկեղեցում ծառայելու և այսօր երկրի վրա տեղի ունեցող ամենակարևոր աշխատանքին` Իսրայելի հավաքին մասնակցելու հնարավորությունները:12 Այդ նախաերկրային խոստումներն ու օրհնությունները կոչվում են նախասահմանվածություն: «Նախասահմանվածության վարդապետությունը վերաբերում է Եկեղեցու բոլոր անդամներին»:13 Նախասահմանվածությունը չի երաշխավորում, որ դուք կստանաք որոշակի կոչումներ կամ պարտականություններ: Այդ օրհնություններն ու հնարավորությունները այս կյանքում տրվում են ազատ կամքի արդար գործադրման արդյունքում, ճիշտ ինչպես ձեր նախաերկրային կյանքում ձեր նախասահմանվածությունը ստացել էիք արդար լինելու արդյունքում:14 Երբ ապացուցեք, որ արժանի եք և առաջադիմեք ուխտի արահետով, դուք հնարավորություններ կստանաք ծառայելու ձեր Երիտասարդ կանանց դասարանում կամ քահանայության քվորումում: Դուք կօրհնվեք՝ ծառայելով տաճարում, դառնալով սպասավորող եղբայր կամ քույր և ծառայելով միսիայում՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ:

Ինչո՞ւ է կարևոր իմանալ և հասկանալ ձեր նախասահմանվածությունը: Մեր օրերում, երբ հարցերը շատ են, երբ այդքան շատերը ձգտում են իմանալ իրենց ճշմարիտ ինքնությունը, այն փաստը, որ Աստված ճանաչում է և «նախաերկրային, երկրային և հավերժական կյանքի և նպատակի հիմնական բութագրերով» օրհնել է մեզանից յուրաքանչյուրին նախքան այս երկրի վրա ծնվելը, հաճելի խաղաղություն և վստահություն է հաղորդում մեր մտքին և սրտին:15 Գիտելիքը, թե ով եք դուք, սկսվում է այն մտքից, երբ հասկանում եք Աստծո նախասահմնաված օրհնությունները, որոնք շնորհվել են ձեզ՝ նախքան այս երկրի վրա ծնվելը: Մեր Երկնային Հայրը ցանկանում է հայտնել ձեզ ձեր անձնական նախասահմանումը, և Նա կանի դա, եթե դուք ձգտեք սովորել և հետևել Նրա կամքին:16

Ես սիրում եմ կարդալ նախագահ Նելսոնի Instagram-ի գրառումները: Իմ սիրելի գրառումներից մեկը 2022 թվականի հուլիսի 20-ի գրառումն էր: Նա գրել է.

«Կարծում եմ, որ եթե Տերը խոսեր ձեզ հետ այս երեկո, առաջին հերթին Նա կցանկանար համոզվել, որ դուք հասկանում եք ձեր ճշմարիտ ինքնությունը: Իմ սիրելի ընկերներ, դուք բառացիորեն Աստծո հոգևոր զավակներն եք:

․․․ Սխալ մի հասկացեք․ ձեր ներուժն աստվածային է: Երբ ջանասիրաբար փնտրեք, Աստված ձեզ հուշումներ կտա, թե ով կարող եք դառնալ»:17

Կարո՞ղ եմ կիսվել ձեզ հետ, թե ինչպես է իմ երկրային հայրը սովորեցրել ինձ բացահայտել իմ ինքնությունը և Աստծո ծրագիրը իմ կյանքում:

Շաբաթ մի առավոտ, երբ ես 13 տարեկան էի, խոտ էի հնձում՝ կատարելով իմ առօրյա գործերը։ Երբ ավարտեցի, լսեցի, թե ինչպես է մեր տան հետնամասի դուռը փակվում և տեսա, թե ինչպես է հայրս կանչում ինձ իր մոտ: Ես քայլեցի դեպի հետևի պատշգամբը, և նա ինձ հրավիրեց իր հետ նստել աստիճանների վրա։ Գեղեցիկ մի առավոտ էր։ Ես դեռ հիշում եմ, որ նա այնքան մոտ էր ինձ նստած, որ մեր ուսերը դիպչում էին միմյանց։ Նա ասաց, որ սիրում է ինձ: Նա ինձ հարցրեց, թե ինչ նպատակ ունեմ կյանքում: Ես մտածեցի․ «Դե, դա հեշտ է»: Երկու բան հաստատ գիտեի՝ ուզում էի ավելի բարձրահասակ լինել և ավելի հաճախ ճամբար գնալ։ Ես պարզ մարդ եմ։ Նա ժպտաց, մի պահ դադար առավ և ասաց. «Սթիվ, ես կցանկանայի քեզ հետ կիսվել մի բանով, որն ինձ համար շատ կարևոր է: Ես աղոթել եմ, որ մեր Երկնային Հայրը այնպես անի, որ այն, ինչ հիմա ասում եմ, անջնջելիորեն դրոշմվի քո մտքում և հոգում, որպեսզի երբեք չմոռանաս իմ խոսքերը»:

Այդ պահին իմ ամբողջ ուշադրությունը սևեռեցի նրա վրա։ Նա շրջվեց, նայեց իմ աչքերի մեջ ու ասաց. «Որդի՛ս, պաշտպանիր քո կյանքի անձնական պահերը»։ Երկար դադար տիրեց, քանի որ նա ուզում էր, որ ես լավ հասկանայի այդ խոսքերը։

Ապա նա շարունակեց. «Դրանք այն պահերն են, երբ դու մենակ ես, և ոչ ոք չգիտի, թե ինչ ես անում: Այն պահերն են, երբ գուցե մտածես, որ ինչ էլ հիմա անես, միայն քեզ է վերաբերվելու և ուրիշ ոչ ոքի։

Ապա նա ասաց. «Քո կյանքում ավելի քան երբևէ, այն, ինչ դու կանես քո անձնական պահերին, ամենամեծ ազդեցությունը կունենա նրա վրա, թե ինչպես ես կյանքում դիմակայելու մարտահրավերներին և վշտին։ Նմանապես՝ կյանքում ավելի քան երբևէ, այն, ինչ դու կանես քո անձնական պահերին, ամենամեծ ազդեցությունը կունենա նրա վրա, թե ինչպես ես կյանքում առերեսվելու հաջողություններին և ուրախությանը»:

Հայրս ստացավ իր սրտի ուզածը։ Նրա ձայնը ու առոգանությունը, այն սերը, որը ես զգացի նրա խոսքերում, այդ օրը անջնջելիորեն դրոշմվեցին իմ մտքում և իմ հոգում:

Տարիների ընթացքում ես սովորել եմ, որ այդ օրվա ամենամեծ հրաշքը իմ մանկության տան աստիճանավանդակին այն էր, որ իմ կյանքի անձնական պահերին ես կարող էի աղոթքով դիմել Աստծուն՝ հայտնություն ստանալու համար: Հայրս ինձ սովորեցնում էր, թե ինչպես կարող եմ սովորել Աստծո նախասահմանված օրհնությունների մասին: Այդ անձնական պահերին ես իմացա, որ Մորմոնի Գիրքը Աստծո խոսքն է: Ես իմացա, որ Աստված նախասահմանել էր ինձ՝ ծառայելու միսիայում: Ես իմացա, որ Աստված ճանաչում է ինձ և լսում ու պատասխանում է իմ աղոթքներին: Ես իմացա, որ Հիսուսը Քրիստոսն է՝ մեր Փրկիչն ու Քավիչը:

Թեև հորս հետ այդ հիշարժան օրվանից ի վեր ես շատ սխալներ եմ թույլ տվել, բայց կյանքիս անձնական պահերը պաշտպանելու ձգտումը խարիսխ է եղել կյանքիս փոթորիկների ժամանակ և ինձ թույլ է տվել գտնել ապահով ապաստարան և մեր Փրկչի սիրո բժշկող, զորացնող օրհնությունները և քավող զոհաբերությունը:

Իմ երիտասարդ եղբայրներ և քույրեր, երբ դուք պաշտպանեք ձեր կյանքի անձնական պահերը առողջ հանգստի միջոցով, ոգեշնչող երաժշտություն լսելով, սուրբ գրությունները կարդալով, կանոնավոր, իմաստալից աղոթքով և ջանքեր գործադրելով ձեր հայրապետական օրհնությունը ստանալու և դրա մասին խորհելու համար, դուք կստանաք հայտնություն: Նախագահ Նելսոնի խոսքերով, ձեր աչքերը հստակ «կգիտակցեն և կհասկանան այն ճշմարտությունը, որ այս կյանքն իսկապես այն ժամանակն է, երբ դուք պետք է որոշեք, թե դուք ինչպիսի կյանքով եք ուզում ապրել հավիտենականության մեջ»։18

Մեր Երկնային Հայրը կպատասխանի ձեր աղոթքներին, հատկապես ձեր այն աղոթքներին, որոնք հնչեցվել են ձեր կյանքի անձնական պահերին: Նա կբացահայտի ձեր նախասահմանված պարգևներն ու տաղանդները, և դուք կզգաք, որ Նրա սերը պարուրում է ձեզ, եթե անկեղծորեն հարցնեք և անկեղծորեն ցանկանաք իմանալ: Երբ դուք պաշտպանեք ձեր կյանքի անձնական պահերը, ձեր մասնակցությունը ավետարանի արարողություններին և ուխտերին ավելի իմաստալից կլինի: Աստծո հետ կապած ձեր ուխտերի շնորհիվ դուք լիարժեքորեն կկապվեք Նրա հետ, և կունենաք ավելի մեծ հույս, հավատ և վստահություն այն խոստումների հանդեպ, որոնք Նա տվել է ձեզ: Ցանկանու՞մ եք իմանալ Աստծո ծրագիրը ձեզ համար: Ես վկայում եմ, որ Նա ցանկանում է, որ դուք իմանաք, և Նա ոգեշնչել է Իր մարգարեին հրավիրել բոլոր մարդկանց՝ աղոթելու և ստանալու այս աչք բացող փորձառությունը մեզ համար:19 Ես վկայում եմ, որ մեր Փրկչի քավող զոհաբերությունը իրական է և զորեղ, որը հնարավոր է դարձնում ապրել Աստծո նախասահմանված օրհնությունների համաձայն և վայելել դրանք։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: