Գերագույն համաժողով
Եղեք մեկ Քրիստոսի հետ
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Եղեք մեկ Քրիստոսի հետ

Մենք միավորված ենք Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ մեր սիրով և հավատքով: Իսկական պատկանելության էությունը Քրիստոսի հետ մեկ լինելն է:

Դեռևս երիտասարդ տարիքից ես ուժեղ հույզեր եմ ունեցել Հիսուս Քրիստոսի Քավության մասին, բայց Փրկչի Քավության իրականության հետ առնչվեցի, երբ 25 տարեկան էի: Ես նոր էի ավարտել Սթենֆորդի իրավաբանական համալսարանը և պարապում էի Կալիֆորնիայի իրավաբանի քննության համար: Մայրս զանգահարեց և ասաց, որ պապիկս՝ Կրոզիեր Քիմբալը, որն ապրում էր Յուտայում, մահամերձ է: Նա ասաց, որ եթե ուզում եմ տեսնել նրան, ավելի լավ է տուն գնամ: Պապիկս 86 տարեկան էր և շատ հիվանդ։ Հրաշալի այցելություն էր։ Նա այնքան գոհ էր ինձ տեսնելով և իր վկայությամբ կիսվեց ինձ հետ:

Երբ Կրոզիերը ընդամենը երեք տարեկան էր, նրա հայրը՝ Դեյվիդ Պատեն Քիմբալը, մահացավ 44 տարեկանում:1 Կրոզիերը հույս ուներ, որ իր հայրը և իր պապը՝ Հեբեր Ս. Քիմբալը, հավանություն կտան իր կյանքին և կհամարեն, որ ինքը հավատարիմ է եղել իր ժառանգությանը:

Պապիկիս հիմնական խորհուրդը ինձ հետևյալն էր՝ խուսափել իրավունքի կամ արտոնության զգացումից՝ այս հավատարիմ նախնիների պատճառով: Նա ասաց ինձ, որ իմ կենտրոնացումը պետք է լինի Փրկչի և Փրկչի Քավության վրա: Ապա ասաց, որ մենք բոլորս սիրառատ Երկնային Հոր զավակներն ենք: Անկախ նրանից, թե ովքեր են մեր երկրային նախնիները, մեզանից յուրաքանչյուրը կզեկուցի Փրկչին, թե որքան լավ է պահել Նրա պատվիրանները:

Պապիկը հիշատակեց Փրկչին որպես «դռան պահապան»՝ հղում կատարելով 2 Նեփի 9.41 հատվածին: Նա ասաց ինձ, որ հույս ուներ, որ բավականաչափ ապաշխարել էր՝ Փրկչի ողորմությանն արժանանալու համար:2

Ես խորապես հուզված էի։ Ես գիտեի, որ նա արդար մարդ էր: Նա հայրապետ էր և մի քանի միսիա էր ծառայել: Նա ուսուցանեց ինձ, որ ոչ ոք չի կարող վերադառնալ Աստծո մոտ միայն բարի գործեր կատարելով՝ առանց օգտվելու Փրկչի Քավությունից: Մինչև հիմա ես հիշում եմ այն մեծ սերն ու երախտագիտությունը, որ պապիկս ուներ Փրկչի և Նրա Քավության հանդեպ:

2019 թվականին Երուսաղեմում մի հանձնարարության ժամանակ2 ես այցելեցի մի վերնատուն, որը հնարավոր է, եղել է այն վայրին մոտ, որտեղ Փրկիչը լվաց Իր առաքյալների ոտքերը Իր Խաչելությունից առաջ: Ես հոգևորապես հուզված էի, և մտածում էի, թե Նա ինչպես պատվիրեց Իր առաքյալներին սիրել միմյանց:

Ես հիշեցի մեզ համար ասված Փրկչի միջնորդական բարեխոսական աղոթքը: Այս աղոթքը տեղի է ունեցել բառացիորեն Նրա մահկանացու կյանքի վերջին ժամերին, ինչպես գրված է Հովհաննեսի ավետարանում:

Այդ աղոթքն ուղղված էր Քրիստոսի հետևորդներին, ներառյալ մեզ բոլորիս:4 Իր Հորն ուղղված խնդրանքում Փրկիչն աղերսեց, «որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հայր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն»։ Այնուհետև Փրկիչը շարունակում է. «Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ»:5 Միասնությունն այն է, ինչի համար Քրիստոսն աղոթեց նախքան Իր դավաճանությունն ու Խաչելությունը: Միասնությունը Քրիստոսի և մեր Երկնային Հոր հետ կարելի է ձեռք բերել Փրկչի Քավության միջոցով:

Տիրոջ փրկարար ողորմությունը կախված չէ տոհմից, կրթությունից, տնտեսական կարգավիճակից կամ ռասայից: Այն հիմնված է Քրիստոսի և Նրա պատվիրանների հետ մեկ լինելու վրա:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին հայտնություն ստացան Եկեղեցու կազմավորման և կառավարման մասին 1830 թվականին՝ Եկեղեցու կազմավորումից անմիջապես հետո: Այն, ինչ այժմ 20-րդ բաժինն է, Մարգարե Ջոզեֆը կարդաց Եկեղեցու առաջին համաժողովում, և առաջին հայտնությունն էր, որը հաստատվել էր ընդհանուր համաձայնությամբ:6

Այս հայտնության բովանդակությունը հիրավի ուշագրավ է։ Այն ուսուցանում է մեզ Փրկչի Քավության նշանակությունն ու դերը, և ինչպես հասնել Նրա զորությանն ու օրհնություններին՝ Նրա քավիչ շնորհի միջոցով: Մարգարե Ջոզեֆը 24 տարեկան էր և արդեն ստացել էր բազմաթիվ հայտնություններ, նաև ավարտել էր Մորմոնի Գրքի թարգմանությունը՝ Աստծո պարգևով և զորությամբ: Եվ Ջոզեֆը, և Օլիվերը ճանաչված են որպես կարգված առաքյալներ՝ այդպիսով ունենալով Եկեղեցում նախագահելու իշխանություն:

17-36-րդ հատվածները պարունակում են Եկեղեցու հիմնական վարդապետության ամփոփում, ներառյալ Աստծո իրականությունը, մարդկության արարումը, անկումը և Երկնային Հոր փրկության ծրագիրը՝ Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով: 37-րդ հատվածը պարունակում է Տիրոջ Եկեղեցում մկրտվելու հիմնական պահանջները: 75-79-րդ հատվածները ներկայացնում են հաղորդության աղոթքները, որոնք մենք օգտագործում ենք ամեն Հանգստության օրը:

Վարդապետությունը, սկզբունքները, հաղորդությունները և գործելակերպը, որոնք Տերը հաստատեց Ջոզեֆ Սմիթի՝ Վերականգնման Մարգարեի միջոցով, իսկապես կարևոր նշանակություն ունեն:7

Թեև մկրտության պահանջները խորն են, սակայն զարմանալիորեն պարզ են: Դրանք հիմնականում ներառում են՝ խոնարհություն Աստծո առջև, կոտրված սիրտ և փշրված հոգի,8 ապաշխարել բոլոր մեղքերից, Հիսուս Քրիստոսի անունը մեզ վրա վերցնել, համբերել մինչև վերջ և մեր գործերով ցույց տալ, որ մենք ստացել ենք Քրիստոսի Հոգուց:9

Հատկանշական է, որ մկրտության բոլոր որակավորումները հոգևոր են: Ոչ մի տնտեսական կամ սոցիալական ձեռքբերում անհրաժեշտ չէ: Աղքատներն ու հարուստները նույն հոգևոր պահանջներն ունեն։

Ռասայական, սեռային կամ ազգային պատկանելության պահանջներ չկան: Մորմոնի Գիրքը պարզ է դարձնում, որ բոլորը հրավիրված են ճաշակելու Տիրոջ բարությունից՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին, … բոլորը նույնն են Աստծո համար»:10 «Բոլոր մարդիկ արտոնյալ են, մեկը մյուսի նման, և ոչ ոքի արգելված չէ»:11

Նկատի ունենալով մեր «նմանությունը» Աստծո առաջ՝ իմաստ չունի ընդգծել մեր տարբերությունները: Ոմանք սխալմամբ խրախուսել են մեզ «պատկերացնել մարդկանց մեզանից և միմյանցից շատ ավելի տարբեր, քան նրանք իրականում կան: [Ոմանք] վերցնում են իրական, բայց փոքր տարբերությունները և մեծացնում դրանք՝ ստեղծելով անդունդներ»:12

Բացի այդ, ոմանք սխալմամբ ենթադրել են, որ քանի որ բոլոր մարդիկ հրավիրված են ստանալու Նրա բարությունն ու հավերժական կյանքը, ապա վարքագծի պահանջներ չկան:13

Սակայն, սուրբ գրությունները վկայում են, որ բոլոր հաշվետու անձանցից պահանջվում է ապաշխարել մեղքերից և պահել Նրա պատվիրանները:14 Տերը հստակեցնում է, որ բոլորն ունեն բարոյական կամքի ազատություն և «ազատ են՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք, բոլոր մարդկանց մեծ Միջնորդի միջոցով … և ականջ դնե[լու] նրա մեծ պատվիրաններին. և լինե[լու] հավատարիմ նրա խոսքերին և ընտրե[լու] հավերժական կյանք»:15 Փրկչի Քավության օրհնությունները ստանալու համար մենք պետք է հաստատապես գործադրենք մեր բարոյական կամքի ազատությունը՝ ընտրելու Քրիստոսին և հնազանդվելու Նրա պատվիրաններին:

Իմ կյանքի ընթացքում «կամքի ազատության» և «ազատ կամքի» իմաստը մասնատվել և քննարկվել է: Այս թեմաների շուրջ բազմաթիվ իմաստալից փաստարկներ են եղել և շարունակում են լինել:

Համալսարանի շրջանավարտների վերջին հրատարակության շապիկին հայտնի կենսաբան պրոֆեսորը պնդում է. «Ազատ կամքի համար տեղ չկա»:16 Զարմանալի չէ, որ հոդվածում մեջբերվում է պրոֆեսորի խոսքերը. «Աստված գոյություն չունի … և չկա ազատ կամք, … և սա հսկայական, անտարբեր, դատարկ տիեզերք է»:17 Ավելի խիստ չհամաձայնել չէի կարող։

Մեր հավատքի հիմնական վարդապետությունն այն է, որ մենք իսկապես ունենք բարոյական կամքի ազատություն,18 որը ներառում է ազատ կամքը:19 Կամքի ազատությունը ընտրելու և գործելու կարողությունն է: Այն կարևոր է փրկության ծրագրի համար: Առանց բարոյական կամքի ազատության մենք չէինք կարող սովորել, առաջադիմել կամ ընտրել մեկ լինել Քրիստոսի հետ: Բարոյական կամքի ազատության շնորհիվ մենք «ազատ ենք՝ ընտրելու ազատություն և հավերժական կյանք»:20 Երկնքի նախաերկրային խորհրդում Հոր ծրագիրը ներառում էր կամքի ազատության իրավունքը՝ որպես կարևոր տարր: Լյուցիֆերն ապստամբեց և «ձգտեց կործանել մարդու կամքի ազատությունը»:21 Համապատասխանաբար, մահկանացու մարմին ունենալու արտոնությունը մերժվեց սատանային և նրանց, ովքեր հետևում էին նրան:

Նախաերկրային այլ հոգիներ գործադրեցին իրենց կամքի ազատությունը՝ հետևելով Երկնային Հոր ծրագրին: Այս մահկանացու կյանքում ծնունդով օրհնված հոգիները շարունակում են կամքի ազատություն ունենալ: Մենք ազատ ենք ընտրելու և գործելու, բայց չենք վերահսկում հետևանքները։ «Բարու և արդարության ընտրությունները հանգեցնում են երջանկության, խաղաղության և հավերժական կյանքի, մինչդեռ մեղքի և չարի ընտրությունն ի վերջո հանգեցնում է խոր վշտի և թշվառության»:22 Ինչպես Ալման է ասել. «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»:23

Այս չափազանց մրցակցային աշխարհում անընդհատ ջանքեր են գործադրվում գերազանցելու համար: Մեր ներուժի լավագույն իրագործմանը հասնելու ձգտումը արդար և արժեքավոր աշխատանք է: Այն համապատասխանում է Տիրոջ վարդապետությանը: Ուրիշներին նվաստացնելու կամ արհամարհելու և նրանց հաջողության համար խոչընդոտներ ստեղծելու ջանքերը հակասում են Տիրոջ վարդապետությանը: Մենք չենք կարող մեղադրել հանգամանքներին կամ ուրիշներին՝ Աստծո պատվիրաններին հակառակ գործելու որոշման համար:

Ժամանակակից աշխարհում հեշտ է կենտրոնանալ նյութական և մասնագիտական հաջողությունների վրա: Ոմանք անտեսում են հավերժական սկզբունքներն ու ընտրությունները, որոնք հավերժական նշանակություն ունեն: Մենք խելամիտ կլինենք, եթե հետևենք նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ «ունեցեք սելեստիալ մտածելակերպ» խորհրդին:24

Ամենակարևոր ընտրություններ կարող են կատարել գրեթե բոլորը՝ անկախ տաղանդներից, կարողություններից, հնարավորություններից կամ տնտեսական հանգամանքներից: Կարևոր է շեշտադրել, որ ընտանեկան ընտրությունները ամենաբարձր առաջնահերթությունն են: Սա հստակ տրված է ամբողջ սուրբ գրություններում: Մտածեք 1 Նեփի գրքի պատմության մասին, որտեղ Լեքին «հեռացավ անապատ: Եվ նա թողեց իր տունը և իր ժառանգության հողը և իր ոսկին և իր արծաթը և իր թանկարժեք իրերը, և իր հետ ոչինչ չվերցրեց, բացի իր ընտանիքից»:25

Երբ մենք բախվում ենք կյանքի շրջադարձերին, շատ իրադարձություններ են տեղի ունենում, որոնք մենք քիչ կամ ընդհանրապես չենք վերահսկում: Առողջական մարտահրավերներն ու դժբախտ պատահարները ակնհայտորեն կարող են տեղավորվել այս խմբի մեջ: Վերջին COVID-19 համավարակը լրջորեն ազդել է այն մարդկանց վրա, որոնք ամեն ինչ ճիշտ են արել: Ամենակարևոր ընտրությունների համար մենք ունենք վերահսկողություն: Վերադառնալով իմ միսիոներական օրերին՝ ասեմ, որ երեց Մարիոն Դ. Հենքսը, մեր միսիայի նախագահը, մեզ բոլորիս հանձնարարեց անգիր սովորել Էլլա Ուիլեր Ուիլքոքսի մի բանաստեղծություն.

Չկա պատահականություն, չկա ճակատագիր, չկա բախտ,

Որ կարելի է շրջանցել կամ խոչընդոտել կամ վերահսկել

Վճռական հոգու հաստատակամ վճիռը։26

Սկզբունքների, վարքագծի, կրոնական արարողությունների և արդար ապրելու հարցերում մենք ենք պատասխանատու: Մեր հավատքն ու երկրպագությունը Հայր Աստծուն և Նրա Որդի Հիսուս Քրիստոսին ընտրություն է, որը մենք ենք կատարում:27

Խնդրում եմ, հասկացեք, որ ես չեմ քարոզում կրթության կամ մասնագիտության նկատմամբ ավելի քիչ հետաքրքրություն: Ասածս այն է, որ երբ կրթության և մասնագիտության հետ կապված ջանքերը վեր են դասվում ընտանիքից կամ Քրիստոսի հետ մեկ լինելուց, անցանկալի հետևանքները կարող են զգալիորեն անբարենպաստ լինել:

Վարդապետություն և Ուխտեր 20 բաժնում շարադրված հստակ և պարզ վարդապետությունը հուզիչ և ազդեցիկ է, քանի որ ընդլայնում և պարզաբանում է սուրբ հոգևոր հասկացությունները: Այն ուսուցանում է, որ փրկությունը գալիս է, երբ Հիսուս Քրիստոսը արդարացնում և սրբացնում է ապաշխարող հոգիներին Փրկչի շնորհի շնորհիվ:28 Այն հիմք է ստեղծում Նրա Քավության գլխավոր դերի համար:

Մենք պետք է ձգտենք ուրիշներին ներառել մեր միասնության շրջանակում: Եթե ցանկանում ենք հետևել նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հորդորին՝ հավաքել ցրված Իսրայելը վարագույրի երկու կողմերում, մենք պետք է ընդգրկենք ուրիշներին մեր միասնության շրջանակում: Ինչպես նախագահ Նելսոնն այնքան գեղեցիկ ուսուցանել է. «Բոլոր մայրցամաքներում և ծովի կղզիներում հավատարիմ մարդիկ հավաքվում են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում։ Տարբերությունները մշակույթի, լեզվի, սեռի, ռասայի և ազգության միջև անհետանում են, երբ հավատարիմները կանգնում են ուխտի ճանապարհի վրա և գալիս են դեպի մեր սիրելի Քավիչը»։29

Մենք միավորվում ենք Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր սիրով ու հավատքով, նաև որպես սիրող Երկնային Հոր զավակներ: Իսկական պատկանելության էությունը Քրիստոսի հետ մեկ լինելն է: Մկրտության և հաղորդության արարողությունները, որոնք ամրագրված են Վարդապետություն և Ուխտեր 20 բաժնում, մեր տաճարային ուխտերի հետ միասին միավորում են մեզ հատուկ ձևերով և թույլ են տալիս մեզ լինել մեկ հավերժ կարևոր ուղիով և ապրել խաղաղության ու ներդաշնակության մեջ:

Ես բերում եմ իմ վստահ և հատուկ վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, և Նրա Քավության շնորհիվ մենք կարող ենք լինել մեկ Քրիստոսի հետ: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։

Հղումներ

  1. 17 տարեկանում Դեյվիդը օգնել էր մի քանի Սրբերի տեղափոխվել սառույցով լցված Սվիթուոթեր գետով, երբ նրանք անկարող էին հեռանալ Վայոմինգի բարձրադիր հարթավայրերից (see Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, volume 2, No Unhallowed Hand, 1846–1893 [2020], 237):

  2. Տես Մորոնի 7.27-28:

  3. Ես և Նորվեգիայի գլխավոր ռաբբի, Ռաբբի Միքայել Մելքիորը հիմնական բանախոսներն էինք հրեա-Վերջին օրերի սուրբ գիտնականների երկխոսության ժամանակ, որը տեղի ունեցավ 2019 թվականի հունիսի 5-ին Իսրայելի Երուսաղեմի BYU կենտրոնում:

  4. Տես Հովհաննես 17.20։

  5. Հովհաննես 17.21-22։

  6. Տես “The Conference Minutes and Record Book of Christ’s Church of Latter Day Saints, 1838–1839, 1844” (commonly known as the Far West Record), June 9, 1830, Church History Library, Salt Lake City; Steven C. Harper, Making Sense of the Doctrine and Covenants (2008), 75:

  7. Վարդապետություն և Ուխտեր 20-ը առաջին հայտնությունն էր, որը տպագրվել է Եկեղեցու թերթում և օգտագործվել է միսիոներների կողմից թե վարդապետության, թե մկրտության և հաղորդության արարողությունների իրականացման համար (see Harper, Making Sense of the Doctrine and Covenants, 75):

  8. Տես 2 Նեփի 2․7։

  9. Տես Վարդապետություն և Ուխտեր 20․37։

  10. 2 Նեփի 26․33։

  11. 2 Նեփի 26․28։

  12. Peter Wood, Diversity: The Invention of a Concept (2003), 20.

  13. Նեորը զբաղեցրեց այս պաշտոնը (տես Ալմա 1.4):

  14. Տես Վարդապետություն և Ուխտեր 29․49-50:

  15. 2 Նեփի 2.27–28։

  16. Stanford (publication of the Stanford Alumni Association), Dec. 2023, cover.

  17. In Sam Scott, “As If You Had a Choice,” Stanford, Dec. 2023, 44. Հոդվածում նշվում է, որ այդ պրոֆեսորը Ռոբերտ Սապոլսկին է՝ Սթենֆորդի կենսաբանության, նյարդաբանության և նյարդավիրաբուժության պրոֆեսոր և ամենից շատ վաճառվող գիտական գրքերի հեղինակը: Հոդվածը պարունակում է հակադիր տեսակետներ, այդ թվում՝ Ալֆրեդ Մելին՝ Ֆլորիդայի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, որը ղեկավարել է Ջոն Թեմփլթոնի հիմնադրամի մեծ նախագիծը ազատ կամքի վերաբերյալ: Նա ասել է. «Գիտնականները հաստատ չեն ապացուցել, որ ազատ կամքը, նույնիսկ հավակնոտ ազատ կամքը, պատրանք է» (in Scott, “As If You Had a Choice,” 46):

  18. Տես D. Todd Christofferson, “Moral Agency” (Brigham Young University devotional, Jan. 31, 2006), speeches.byu.edu:

  19. Տես Վարդապետություն և Ուխտեր 58․27:

  20. 2 Նեփի 2.27:

  21. Մովսես 4․3։

  22. Հավատքին հավատարիմ. Ավետարանի ուղեցույց (2004), 12:

  23. Ալմա 41.10:

  24. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Ունեցեք սելեստիալ մտածելակերպ», Լիահոնա, նոյ. 2023, 117-20։

  25. 1 Նեփի 2․4։

  26. Poetical Works of Ella Wheeler Wilcox (1917), 129.

  27. Ինձ միշտ դուր է եկել երեց Նիլ Ա. Մաքսվելի կողմից կիսված մեջբերումը, որը հաստատում էր դա սա ամենասեղմ ոճով. «Եթե դուք առաջինը չեք ընտրել Աստծո արքայությունը, ի վերջո տարբերություն չի լինի, թե ինչ եք ընտրել դրա փոխարեն» (attributed to William Law, an 18th-century English clergyman; quoted in Neal A. Maxwell, “Response to a Call,” Ensign, May 1974, 112):

  28. Տես Վարդապետություն և Ուխտեր 20.29-31: Կալվինիզմի աստվածաբանությունը շեշտում էր ընկած հոգիների արդարացումը և սրբացումը Հիսուս Քրիստոսի շնորհով: Այն սովորեցնում էր, որ երբ Աստված կանխորոշել է հոգին փրկության համար, ոչինչ չի կարող փոխել արդյունքը: Վարդապետություն և Ուխտեր 20 բաժինը հստակ տարբերվում է կալվինիզմից: Այն ասում է. «Կա հավանականություն, որ մարդը կարող է ընկնել շնորհից և հեռանալ կենդանի Աստծուց» (տես Վարդապետություն և Ուխտեր 20.32–34, տես նաև Հարփեր, Վարդապետություն և Ուխտերի իմաստավորում, 74):

  29. Ռասսել Մ. Նելսոն, «Կամուրջներ կառուցեք», Լիահոնա, դեկտ. 2018, 51: