Գերագույն համաժողով
Քրիստոսի վարդապետության հզոր և առաքինի շրջապտույտը
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Քրիստոսի վարդապետության հզոր և առաքինի շրջապտույտը

Ես հրավիրում են ձեզ ապրել Քրիստոսի վարդապետությամբ կրկնողաբար, անընդհատ ու նպատակադրված և օգնել ուրիշներին իրենց ճանապարհին:

Տարիներ առաջ կինս՝ Ռութը, մեր դուստր Էշլին և ես միացանք այլ զբոսաշրջիկների՝ կայակով էքսկուրսիա կատարելու Միացյալ Նահանգների Հավայի նահանգում։ Կայակը ջրից ցածր կանոեի նման նավակ է, որի մեջ նստում է թիավարը՝ դեմքով դեպի առաջ և օգտագործում է երկսայր թիակ` քաշելով առջևից հետ՝ մեկ կողմում և ապա մյուս կողմում: Ծրագրով նախատեսված էր թիավարել դեպի երկու փոքր կղզիներ Օահուի ափերի մոտ և նորից վերադառնալ: Ես վստահ էի, քանի որ երիտասարդ ժամանակ կայակներով թիավարել էի լեռնային լճերում: Մեծամտությունը երբեք լավ բան չի խոստանում, այդպես չէ՞:

Մեր էքսկուրսավարը հրահանգներ տվեց մեզ` ցույց տալով մեզ օվկիանոսային կայակները, որոնք մենք օգտագործելու էինք: Դրանք տարբերվում էին նրանցից, որոնցով ես նախկինում թիավարել էի: Ես պետք է նստեի կայակի վերևում, և ոչ թե ներքևում՝ դրա մեջ: Երբ ես բարձրացա կայակի վրա, իմ ծանրության կենտրոնն ավելի բարձր էր, քան սովոր էի, և ես ավելի քիչ կայուն էի ջրում:

Երբ սկսեցինք, ես ավելի արագ էի թիավարում քան Ռութը և էշլին: Որոշ ժամանակ անց ես շատ առաջ էի նրանցից: Չնայած հպարտ էի իմ հերոսական տեմպից, ես դադարեցի թիավարել և սպասեցի, որ նրանք հասնեն: Մի մեծ ալիք, մոտ 13 սանտիմետր1, հարվածեց իմ կայակի կողքին և ինձ շուռ տվեց ջրի մեջ: Այն պահին, երբ ես շրջել էի կայակը ուղղահայց դիրքի և պայքարում էի վերնամասը բարձրանալու համար, Ռութն ու Էշլին անցել էին կողքովս, բայց ես այնպես էի հևում, որ չկարողացա վերսկսել թիավարել: Մինչև կարողացա շունչս տեղը բերել, մեկ այլ ալիք, որն իսկապես ահռելի էր` մոտ 20 սանտիմետր բարձրությամբ2, հարվածեց իմ կայակին և ինձ կրկին շուռ տվեց: Այն պահին, երբ ես հասցրի ուղղել կայակը, այնքան շնչասպառ էի, որ վախենում էի՝ չկարողանամ վեր մագլցել:

Ուեկցորդը, տեսնելով իմ իրավիճակը, մոտեցավ և անշարժացրեց իմ կայակը՝ ինձ համար հեշտացնելով վեր մագլցելը: Երբ նա տեսավ, որ ես դեռ շատ շնչասպառ էի ինքնուրույն թիավարելու համար, քարշակի պարանով կապեց իմ կայակը իր կայակին և սկսեց թիավարել՝ ինձ իր հետ քաշելով: Շուտով շունչս տեղը եկավ և ես սկսեցի թիավարել ինքնուրույն: Նա ազատ արձակեց պարանը և ես հասա առաջին կղզուն առանց հետագա օգնության: Տեղ հասնելուն պես ես ուժասպառ փռվեցի ավազին:

Հետո երբ խումբը հանգստացավ, ուղեկցորդը կամացուկ ասաց ինձ. «Պարոն Ռենլանդ, եթե դուք ուղղակի շարունակեք թիավարելը` պահպանելով ձեր թափը, կարծում եմ ձեզ համար ամեն ինչ լավ կլինի: Ես հետևեցի նրա խորհրդին, երբ մենք թիավարեցինք դեպի երկրորդ կղզին և հետ՝ դեպի մեր մեկնարկի կետը: Երկու անգամ, ուղեկցորդը թիավարելով անցավ կողքովս և ասաց ինձ, որ ամեն ինչ հիանալի էի անում: Նույնիսկ ավելի մեծ ալիքներ հարվածեցին իմ կայակի կողքին, բայց ինձ շուռ չտվեցին:

Հետևողականորեն թիավարելով կայակը, ես պահպանեցի թափը և առաջընթացը՝ մեղմացնելով կողքից հարվածող ալիքների ազդեցությունը: Նույն սկզբունքը վերաբերում է մեր հոգևոր կյանքին: Մենք խոցելի ենք դառնում, երբ դանդաղում ենք և հատկապես, երբ կանգ ենք առնում:3 Եթե մենք պահպանում ենք հոգևոր լիցքը՝ շարունակ «թիավարելով» դեպի Փրկիչը, մենք ավելի ապահով ենք և ավելի անվտանգ, որովհետև մեր հավերժական կյանքը կախված է Նրա հանդեպ մեր հավատքից:4

Հոգևոր լիցքը ստեղծվում է «կյանքի ընթացքում, երբ մենք կրկնողաբար ընդունում ենք Քրիստոսի վարդապետությունը»:5 Այդպես վարվելը, ուսուցանել է Ռասսել Մ. Նելսոնը, «առաջացնում է հզոր առաքինի շրջապտույտ»6: Իսկապես, Քրիստոսի վարդապետության տարրերը, ինչպիսիք են` հավատքը առ Տեր Հիսուս Քրիստոս, ապաշխարությունը, Տիրոջ հետ ուխտի հարաբերության մեջ մտնելը մկրտության միջոցով, Սուրբ Հոգու պարգևը ստանալը և համբերելը մինչև վերջ6, նախատեսված չեն կիրառելու որպես մեկանգամյա, ստուգանիշով իրադարձություններ: Հատկապես «մինչև վերջ համբերելը» Քրիստոսի վարդապետության առանձին քայլ չէ, կարծես թե մենք ավարտում ենք առաջին չորս քայլերը, որից հետո կծկվում ենք և ատամները կրճտացնելով սպասում ենք մեր մահվանը: Ոչ, մինչև վերջ համբերելը կրկնողաբար և անընդհատ Քրիստոսի վարդապետության մյուս տարրերի կիրառումն է, որը ստեղծում է «հզոր և առաքինի շրջապտույտը», որը նկարագրել է Նախագահ Նելսոնը:8

Կրկնողաբար նշանակում է, որ մենք ապրում ենք Քրիստոսի վարդապետության տարրերով կրկին ու կրկին՝ մեր ողջ կյանքի ընթացքում: Անընդհատ նշանակում է, որ մենք շարունակում ենք կառուցել և բարելավվել յուրաքանչյուր կրկնության հետ: Թեև մենք կրկնում ենք տարրերը, մենք պարզապես չենք պտտվում շրջագծով՝ առանց առաջընթացի: Ընդհակառակը, ամեն անգամ մենք ավելի ենք մոտենում Հիսուս Քրիստոսին այդ շրջապտույտի ընթացքում:

Թափը ներառում է ինչպես արագություն, այնպես էլ ուղղություն:9 Եթե ես եռանդունորեն թիավարեի կայակը սխալ ուղղությամբ, կկարողանայի զգալի թափ ստեղծել, բայց չէի հասնի նախատեսված նպատակակետին։ Նմանապես, կյանքում մենք պետք է «թիավարենք» դեպի Փրկիչը՝ Նրան հասնելու համար:10

Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը պետք է ամեն օր սնուցում ստանա:11 Այն սնուցվում է, երբ մենք ամեն օր աղոթում ենք, ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, մտածում ենք Աստծո բարության մասին, ապաշխարում ենք և հետևում ենք Սուրբ Հոգու հուշումներին: Ճիշտ ինչպես առողջարար չէ հետաձգել մեր ամբողջ սննդի ընդունումը մինչև կիրակի, իսկ հետո ուտելիքի մեր շաբաթական բաժինը միանգամից ուտել, այնպես էլ հոգևորապես առողջարար չէ սահմանափակել մեր վկայությունը սնուցող վարքագիծը շաբաթական մեկ օրով:12

Երբ պարտավորություն ենք ստանձնում մեր սեփական վկայությունների համար,13 մենք ձեռք ենք բերում հոգևոր լիցք և աստիճանաբար զարգացնում ենք հիմնաքարային հավատք Հիսուս Քրիստոսի հանդեպ, և Քրիստոսի վարդապետությունը առանցքային է դառնում կյանքի նպատակի համար:14 Լիցքը նմանապես կառուցվում է, երբ մենք ձգտում ենք հնազանդվել Աստծո օրենքներին և ապաշխարել: Ապաշխարությունը ուրախալի է և թույլ է տալիս մեզ սովորել մեր սխալներից. ահա ինչպես ենք մենք հավերժորեն առաջադիմում: Մենք անկասկած ունենում ենք պահեր, երբ շրջվում ենք մեր կայակով և հայտնվում խոր ջրում: Ապաշխարության միջոցով մենք կարող ենք վերադառնալ վերնամասը և շարունակել, անկախ նրանից, թե քանի անգամ ենք դուրս ընկել:15 Կարևոր մասն այն է, որ մենք չենք հանձնվում։

Քրիստոսի վարդապետության հաջորդ տարրը մկրտությունն է, որը ներառում է ջրով մկրտությունը և հաստատման միջոցով Սուրբ Հոգով մկրտությունը:16 Չնայած մկրտությունը եզակի իրադարձություն է, մենք նորոգում ենք մեր մկրտության ուխտը կրկնողաբար, երբ ճաշակում ենք հաղորդությունից: Հաղորդությունը չի փոխարինում մկրտությանը, բայց այն կապում է սկզբնական տարրերը Քրիստոսի վարդապետությունում` հավատքը և ապաշխարությունը՝ Սուրբ Հոգու ընդունման հետ:17 Երբ մենք բարեխղճորեն ընդունում ենք հաղորդությունը,18 Սուրբ Հոգուն հրավիրում ենք մեր կյանք, ճիշտ ինչպես այն ժամանակ, երբ մկրտվեցինք և հաստատվեցինք:19: Երբ մենք պահում ենք հաղորդության աղոթքներում նկարագրված ուխտերը, Սուրբ Հոգին դառնում է մեր ընկերակիցը:

Երբ Սուրբ Հոգին ավելի մեծ ազդեցություն է գործադրում մեր կյանքում, մենք աստիճանաբար և անընդհատ զարգացնում ենք Քրիստոսանման հատկանիշներ: Մեր սրտերը փոխվում են: Չարիք գործելու մեր տրամադրվածությունը նվազում է: Բարիք անելու մեր հակումը մեծանում է, մինչև մենք կամենում ենք «շարունակաբար միայն բարին գործել»:20 Եվ մենք դրա միջոցով հասանելիություն ենք ունենում երկնային զորությանը, որն անհրաժեշտ է մինչև վերջ դիմանալու համար:21 Մեր հավատքը մեծացել է և մենք պատրաստ ենք նորից կրկնել հզոր և առաքինի շրջապտույտը:

Առաջ տանող հոգևոր լիցքը ոգեշնչում է մեզ լրացուցիչ ուխտեր կապել Աստծո հետ Տիրոջ տանը: Բազմաթիվ ուխտերը մեզ մոտեցնում են Քրիստոսին և ավելի ամուր են կապում մեզ Նրա հետ: Այդ ուխտերի միջոցով մենք ավելի մեծ հասանելիություն ենք ունենում Նրա զորությանը: Պարզ ասած, մկրտության և տաճարային ուխտերը ինքնին և իրենք իրենցով, զորության աղբյուրը չեն: Զորության աղբյուրը Տեր Հիսուս Քրիստոսն է և մեր Երկնային Հայրը: Ուխտեր կապելը և պահելը խողովակ են ստեղծում Նրանց զորության համար մեր կյանքում: Երբ մենք ապրում ենք համաձայն այդ ուխտերի, ի վերջո դառնում ենք ժառանգներ այն ամենի ինչ Երկնային Հայրն ունի:22 Լիցքը, որն առաջանում է Քրիստոսի վարդապետությամբ ապրելով, ոչ միայն զորացնում է մեր աստվածային էության փոխակերպումը հավերժական ճակատագրի, այլ նաև մղում է մեզ` օգնելու ուրիշներին համապատասխան ձևերով:

Մտածեք, թե ինչպես օգնեց ինձ արշավախմբի ուղեկցորդը այն բանից հետո, երբ ես շրջվեցի կայակով: Նա հեռվից չբղավեց մի անօգտակար հարց, ինչպես օրինակ. «Պարոն Ռենլանդ, ի՞նչ եք անում ջրում»։ Նա չթիավարեց ինձ մոտ և չկշտամբեց՝ ասելով. «Պարոն Ռենլանդ, դուք չէիք լինի այս վիճակում, եթե ֆիզիկապես ավելի լավ պատրաստված լինեիք»: Նա չսկսեց քարշակել իմ կայակը, մինչ ես փորձում էի ուղղակի բարձրանալ դրա վրա: Եվ նա ինձ չուղղեց խմբի առջև: Փոխարենը՝ նա տվեց ինձ անհրաժեշտ օգնություն, այն պահին, երբ ես կարիք ունեի: Նա ինձ խորհուրդ տվեց, երբ ես ընկալունակ էի: Նա դուրս եկավ իր ուղուց` ինձ խրախուսելու համար:

Երբ մենք ծառայում ենք ուրիշներին, չպետք է տանք անօգտակար հարցեր կամ նշենք ակնհայտը: Մարդկանց մեծ մասը, ովքեր մաքառում են, գիտեն, որ իրենք մաքառում են: Մենք չպետք է դատապարտող լինենք, մեր դատելը ոչ օգտակար է, ոչ էլ ողջունելի և շատ հաճախ՝ վատ տեղեկացված:

Մեզ համեմատելով ուրիշների հետ՝ կգործենք կոպիտ սխալներ, հատկապես, եթե եզրակացնում ենք, որ մենք ավելի արդար ենք, քան նրանք, ովքեր մաքառումների մեջ են: Այդպիսի համեմատությունը նման է 3 մետր23 ջրում անհույս խեղդվելուն` տեսնելով մեկ ուրիշին 4 մետր24 ջրում խեղդվելիս, դատելով նրան՝ որպես ավելի մեծ մեղսագործ, և ինքներդ ձեզ լավ զգալով: Ի վերջո, մենք բոլորս մաքառում ենք մեր յուրահատուկ ձևով: Մեզանից ոչ մեկը փրկություն չի վաստակում:25 Մենք երբեք չենք կարող: Հակոբը Մորմոնի Գրքում ուսուցանել է. «Հիշեք, երբ [մենք] հաշտվենք Աստծո հետ, որ դա միայն Աստծո շնորհով և շնորհիվ է, որ [մենք] փրկվում ենք»:26 Մենք բոլորս Փրկչի անսահման Քավության կարիքն ունենք, ոչ թե միայն մի մասը:

Մենք ողջ մեր կարեկցանքի, ըմբռնողության և սիրո կարիքն ունենք, երբ շփվում ենք մեր շրջապատի մարդկանց հետ:27 «Նրանք պետք է զգան Հիսուս Քրիստոսի մաքուր սերը, որը բխում է [մեր] խոսքերից և գործերից»:28 Երբ մենք ծառայում ենք, մենք հաճախ խրախուսում ենք ուրիշներին և առաջարկում օգնություն: Նույնիսկ, եթե որևէ մեկը չի ընդունում, մենք շարունակում ենք ծառայել, երբ նրանք թույլ են տալիս: Փրկիչն ուսուցանել է, որ «այդպիսիներին դուք պետք է շարունակեք ծառայել. քանզի դուք չգիտեք, միգուցե նրանք վերադառնան ու ապաշխարեն, և գան ինձ մոտ սրտի ողջ նվիրվածությամբ, և ես կբժշկեմ նրանց. և դուք կլինեք նրանց փրկության բերելու միջոցը»:29 Փրկչի աշխատանքը բժշկելն է: Մեր գործը սիրելն է` սիրել և ծառայել այն ձևով, որ ուրիշները ձգտեն դեպի Հիսուս Քրիստոսը: Սա է Քրիստոսի վարդապետության հզոր և առաքինի շրջապտույտի պտուղներից մեկը:

Ես հրավիրում են ձեզ ապրել Քրիստոսի վարդապետությամբ կրկնողաբար, անընդհատ ու նպատակադրված և օգնել ուրիշներին իրենց ճանապարհին: Ես վկայում եմ , որ Քրիստոսի վարդապետությունը կենտրոնական է Երկնային Հոր ծրագրում, դա ի վերջո, Նրա վարդապետությունն է: Երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս և Նրա Քավությունը, առաջ ենք մղվում ուխտի ճանապարհով և ոգեշնչվում՝ օգնելու ուրիշներին դառնալ Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներ: Մենք կարող ենք դառնալ ժառանգներ Երկնային Հոր արքայությունում, որը Քրիստոսի վարդապետությամբ հավատարիմ ապրելու գագաթնակետն է: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։