Գերագույն համաժողով
Կանչեք, մի ընկեք
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Կանչեք, մի ընկեք

Եթե մենք կանչենք առ Աստված, ես վկայում եմ, որ մենք չենք ընկնի։

Այսօր ես կցանկանայի սկսել՝ վկայելով իմ սրտի լիակատար վստահության մասին, որ Աստված լսում է մեր աղոթքները և պատասխանում դրանց անհատապես։

Մի աշխարհում, որն անցնում է անորոշության, ցավի, հիասթափության և վշտի ժամանակներով, մենք կարող ենք հակված լինել ավելի շատ ապավինել անձնական ունակություններին և նախասիրություններին, ինչպես նաև աշխարհի առաջարկած գիտելիքներին և անվտանգությանը։ Սա կարող է ստիպել մեզ հետին պլանում թողնել օգնության և աջակցության իրական աղբյուրը, որը կարող է դիմակայել այս մահկանացու կյանքի մարտահրավերներին։

Նկար
Հիվանդասենյակ

Հիշում եմ մի դեպք, երբ հիվանդ պառկած էի հիվանդանոցում և չէի կարողանում քնել։ Երբ ես անջատեցի լույսերը, և սենյակը մթնեց, առաստաղի վրա տեսա արտացոլող նշան, որն ասում էր՝ «Կանչեք, մի ընկեք»։ Ի զարմանս ինձ, հաջորդ օրը ես տեսա նույն ուղերձը, որ կրկնվում էր սենյակի տարբեր մասերում։

Նկար
«Կանչեք, մի ընկեք» նշանը։

Ինչո՞ւ էր այդ ուղերձն այդքան կարևոր։ Երբ ես հարցրի բուժքրոջը այդ մասին, նա ասաց. «Դա վնասվածքը կանխելու համար է, որը կարող է մեծացնել ձեր արդեն իսկ ունեցած ցավը»։

Այս կյանքն իր բնույթով բերում է ցավոտ փորձառություններ, որոնք բնորոշ են մեր ֆիզիկական մարմնին, մի քանիսը մեր թուլությունների կամ չարչարանքների, մյուսները՝ ուրիշների կողմից իրենց կամքի ազատության, իսկ մի քանիսն էլ՝ մեր կամքի ազատության կիրառման արդյունքում։

Կա՞ ավելի զորեղ խոստում, քան այն խոստումը, որ Փրկիչը անձամբ տվեց, երբ հայտարարեց. «Խնդրեք, և կտրվի ձեզ, փնտրեք և կգտնեք, բախեք»,- կամ կանչեք,- «և ձեզ կբացվի»։1

Աղոթքը մեր Երկնային Հոր հետ հաղորդակցվելու միջոցն է, որը թույլ է տալիս մեզ «կանչել և չընկնել»։ Այնուամենայնիվ, կան հանգամանքներ, երբ մենք կարող ենք մտածել, որ մեր ձայնը չի լսվել, քանի որ մենք անմիջապես կամ մեր ակնկալիքներին համապատասխան պատասխան չենք ստանում։

Սա երբեմն հանգեցնում է անհանգստության, տխրության կամ հիասթափության։ Բայց հիշեք Նեփիի հավատքն առ Տերը, երբ նա ասաց. «Ինչպե՞ս է որ նա չի կարող ուսուցանել ինձ, որ ես նավ կառուցեմ»։2 Հիմա ես հարցնում եմ ձեզ. Ինչպե՞ս է, որ Տերը չի կարող ուսուցանել ձեզ, որ դուք չընկնեք։

Աստծո պատասխանների հանդեպ վստահությունը ենթադրում է ընդունել, որ Նրա ճանապարհները մեր ճանապարհները չեն3 և որ «բոլոր բաները պետք է լինեն իրենց ժամանակին»։4

Վստահ իմանալը, որ մենք սիրող և ողորմած Երկնային Հոր զավակներն ենք, պետք է մղի մեզ «կանչել» նվիրական աղոթքով, «միշտ աղոթե[լ] և չթուլանա[լ]». … որպեսզի [մեր] կատարումը լինի [մեր] հոգ[իների] բարօրության համար։5 Պատկերացրեք Երկնային Հոր զգացմունքները, երբ յուրաքանչյուր աղոթք մենք հղում ենք Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունով։ Որքան ուժ և քնքշություն է դրսևորվում, երբ մենք դա անում ենք։

Սուրբ գրությունները լի են նրանց օրինակներով, ովքեր «կանչեցին առ Աստված, որպեսզի չընկնեն»։ Հելամանը և նրա բանակը, մինչ դիմակայում էին իրենց չարչարանքներին, «կանչեցին» առ Աստված՝ դուրս թափելով իրենց հոգիները աղոթքում։ Նրանք ստացան հավաստիացում, խաղաղություն, հավատք և հույս՝ ձեռք բերելով արիություն և վճռականություն, մինչև հասան իրենց նպատակին։6

Պատկերացրեք, թե ինչպես է Մովսեսը «կանչել» և աղաղակել առ Աստված, երբ հայտնվել է Կարմիր ծովի և եգիպտացիների միջև, որ պատրաստվում էին հարձակվել իրենց վրա, կամ Աբրահամին, երբ հնազանդվում էր իր որդի Իսահակին զոհաբերելու հրամանին։

Համոզված եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ունեցել է և կունենա փորձառություններ, երբ «կանչելու» արդյունքում կտրվի «չընկնելու» պատասխանը։

Երեսուն տարի առաջ, երբ ես և կինս պատրաստվում էինք մեր քաղաքացիական ամուսնությանն ու մեր տաճարային ամուսնությանը, մենք զանգ ստացանք, որով մեզ տեղեկացրին, որ քաղաքացիական ամուսնությունները չեղյալ են հայտարարվել գործադուլի պատճառով։ Զանգը մենք ստացանք նախատեսված արարողությունից երեք օր առաջ։ Այլ գրասենյակներում մի քանի փորձերից և առկա հանդիպումներ չգտնելուց հետո մենք սկսեցինք տագնապ ու կասկած զգալ, որ իսկապես չէինք կարողանալու ամուսնանալ ըստ մեր պլանավորածի։

Ես ու հարսնացուս «կանչեցինք» առ Աստված մեր ողջ հոգով։ Ի վերջո, մեկը մեզ պատմեց մի փոքրիկ քաղաքում գտնվող գրասենյակի մասին, որտեղ ծանոթներից մեկը քաղաքապետ էր։ Առանց վարանելու մենք այցելեցինք նրան և հարցրինք, թե արդյոք հնարավոր էր ամուսնացնել մեզ։ Ի ուրախություն մեզ՝ նա համաձայնեց։ Նրա քարտուղարուհին մեզ հետ զրույցում ընդգծեց, որ այդ քաղաքում պետք է վկայական ստանանք ու հաջորդ օրը կեսօրից շուտ բոլոր փաստաթղթերը հանձնենք։

Հաջորդ օրը մենք տեղափոխվեցինք փոքրիկ քաղաքը և գնացինք ոստիկանական բաժանմունք՝ պահանջելու անհրաժեշտ փաստաթուղթը։ Ի զարմանս մեզ, սպան ասաց, որ մեզ չի տա այն, քանի որ շատ երիտասարդ զույգեր ընտանիքից փախչում էին՝ այդ քաղաքում գաղտնի ամուսնանալու համար․ իհարկե, մեր դեպքում այդպես չէր։ Դարձյալ վախն ու տխրությունը պատեցին մեզ։

Ես հիշում եմ, թե ինչպես էի լուռ «կանչում» իմ Երկնային Հորը, որպեսզի չձախողվեմ։ Ես հստակ տպավորություն ստացա իմ մտքում՝ բազմիցս կրկնելով. «Տաճարային երաշխավորագիր, տաճարային երաշխավորագիր»։ Ես անմիջապես հանեցի իմ տաճարային երաշխավորագիրը և հանձնեցի սպային՝ ի զարմանս իմ հարսնացուի։

Որքան զարմացանք, երբ լսեցինք սպայի խոսքերը. «Ինչո՞ւ չասացիք ինձ, որ դուք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց եք։ Ես լավ գիտեմ ձեր եկեղեցին»։ Նա անմիջապես սկսեց պատրաստել փաստաթուղթը։ Մենք ավելի զարմացանք, երբ սպան առանց որևէ բան ասելու հեռացավ։

Անցավ հիսուն րոպե, բայց նա չվերադարձավ։ Առավոտյան արդեն ժամը 11․55 էր, և մենք միայն մինչև կեսօր ժամանակ ունեինք թղթերը հասցնելու համար։ Հանկարծ նա հայտնվեց մի գեղեցիկ շնիկի հետ և մեզ ասաց, որ դա հարսանեկան նվեր է և փաստաթղթի հետ միասին տվեց մեզ։

Մենք վազեցինք դեպի քաղաքապետարան՝ մեր փաստաթուղթն ու մեր նոր շունը մեզ հետ։ Այդ պահին նկատեցինք, որ ծառայողական մեքենան գալիս է դեպի մեզ։ Ես կանգնեցի դրա առջև։ Մեքենան կանգ առավ, և մենք տեսանք քարտուղարին ներսում։ Մեզ տեսնելով նա ասաց. «Կներեք, ես ձեզ ասել էի մինչև կեսօր։ Այժմ ես այլ գործեր ունեմ»։

Ես խոնարհեցրի ինձ՝ լռության մեջ ամբողջ սրտով կանչելով իմ Երկնային Հորը և ևս մեկ անգամ խնդրելով օգնություն՝ «չընկնելու»։ Հանկարծ հրաշք կատարվեց։ Քարտուղարը մեզ ասաց. «Ինչ գեղեցիկ շուն ունեք։ Որտե՞ղ կարող եմ գտնել նման մեկը իմ տղայի համար»։

«Այն ձեզ համար է»,- անմիջապես պատասխանեցինք մենք։

Քարտուղարը զարմացած նայեց մեզ և ասաց. «Լավ, գնանք գրասենյակ և թղթերը պատրաստենք»։

Երկու օր անց ես և Քերոլը քաղաքացիական ամուսնություն կնքեցինք, ինչպես նախատեսված էր, իսկ հետո մենք կնքվեցինք Լիմա Պերու Տաճարում։

Անշուշտ, մենք պետք է հիշենք, որ կանչելը պահանջում է հավատք և գործողություն. հավատք՝ ընդունելու, որ մենք ունենք Երկնային Հայր, ով պատասխանում է մեր աղոթքներին՝ համաձայն Իր անսահման իմաստության, և այնուհետև, գործողություն՝ համահունչ մեր խնդրածին։ Աղոթելը՝ կանչելը, կարող է լինել մեր հույսի նշանը։ Բայց աղոթելուց հետո գործողություն կատարելը նշան է, որ մեր հավատքն իրական է, հավատք, որը փորձության է ենթարկվում ցավի, վախի կամ հիասթափության պահերին։

Իմ խորհուրդն է ձեզ՝ խորհել հետևյալի շուրջ․

  1. Միշտ մտածեք Տիրոջ մասին՝ որպես օգնության ձեր առաջին տարբերակ։

  2. Կանչեք, մի ընկեք։ Անկեղծ աղոթքով դիմեք Աստծուն։

  3. Աղոթելուց հետո արեք հնարավորինը՝ հասնելու օրհնություններին, որոնց համար աղոթել եք։

  4. Եղեք խոնարհ՝ ընդունելու պատասխանը Նրա ժամանակին և Նրա ճանապարհով։

  5. Կանգ մի առեք։ Շարունակեք առաջ շարժվել ուխտի ճանապարհով, մինչ սպասում եք պատասխանի։

Միգուցե հենց հիմա կա մեկը, ով հանգամանքների բերումով զգում է, որ պատրաստվում է ընկնել և կցանկանա կանչել, ինչպես Ջոզեֆ Սմիթն արեց, երբ նա աղաղակեց. «Ով Աստված, ո՞րտեղ ես դու։ … Որքա՞ն պիտի քո ձեռքը հետ պահվի»։7

Նույնիսկ նման հանգամանքներում աղոթեք «հոգևոր լիցքով», ինչպես ուսուցանել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը,8 քանի որ ձեր աղոթքները միշտ լսվում են։

Հիշեք այս օրհներգը․

Առավոտյան, երբ արթնացար,

Դու աղոթեցի՞ր,

Մեր Փրկչի անունով մաքուր,

Քեզ պաշտպան վահան՝ սեր ու գութ

Արդյոք խնդրեցի՞ր։

Աղոթքն հանգիստ է հոգնածին,

Լույս է դարձնում մութն անհույս,

Ուստի, երբ կյանքն է խավարչտին,

Փորձիր աղոթել։9

Երբ աղոթում ենք, մեզ կարող ենք զգալ Երկնային Հոր գրկում, ով ուղարկեց Իր Միածին Որդուն մեր բեռները թեթևացնելու համար, քանի որ եթե մենք կանչենք առ Աստված, ես վկայում եմ, որ մենք չենք ընկնի։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: