Գերագույն համաժողով
Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով

Քահանայության բանալիները ղեկավարում են գործընթացը առ այն, թե Աստծո քահանայությունը ինչպես կարող է օգտագործվել Տիրոջ նպատակներն իրականացնելու և բոլոր այն մարդկանց օրհնելու համար, որոնք ընդունում են Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր պատմական օր է նախագահ Դալլին Հ. Օուքսի և ինձ համար։ 40 տարի առաջ՝ 1984 թվականի ապրիլի 7-ին, մենք հաստատվեցինք Տասներկու Առաքյալների Քվորումում։1 Այդ ժամանակից ի վեր մեզ մեծ ուրախություն է պարգևել յուրաքանչյուր գերագույն համաժողով։ Մենք մեկ անգամ ևս օրհնվել ենք Հոգու սուրբ զեղումով։ Հուսով եմ, որ առաջիկա ամիսների ընթացքում դուք բազմիցս կուսումնասիրեք այս համաժողովի ուղերձները։

Երբ ես ծնվեցի,2 Եկեղեցում վեց գործող տաճար կար՝ Սենտ Ջորջում, Լոգանում, Մանտիում և Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա), ինչպես նաև Քարդսթոնում (Ալբերտա, Կանադա) և Լայեում (Հավայան կղզիներ)։ Ավելի վաղ երկու տաճարներ կարճ ժամանակով գործել էին Կիրթլենդում (Օհայո) և Նավուում (Իլինոյս)։ Երբ Եկեղեցու անդամների մեծամասնությունը շարժվեց դեպի արևմուտք, Սրբերը ստիպված եղան թողնել այդ երկու տաճարները։

Նավուի տաճարն ավերվեց հրկիզման հետևանքով։ Այն վերակառուցվեց և նվիրագործվեց Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի կողմից։3 Կիրթլենդի տաճարը պղծվեց Եկեղեցու թշնամիների կողմից։ Կիրթլենդի տաճարը հետագայում երկար տարիներ պատկանում էր Քրիստոսի Համայնքին (Community of Christ)։

Անցյալ ամիս մենք հայտարարեցինք, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին գնել է Կիրթլենդի տաճարը՝ Նավուի մի քանի նշանակալի պատմական վայրերի հետ միասին։ Մենք մեծապես գնահատում ենք ջերմ և փոխշահավետ քննարկումները, որ ունեցանք Քրիստոսի համայնքի ղեկավարների հետ, որն էլ հանգեցրեց այս համաձայնությանը։

Նկար
Կիրթլենդի տաճարը

Կիրթլենդի տաճարը անսովոր նշանակություն ունի Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման գործում։ Այնտեղ տեղի ունեցած մի քանի իրադարձություններ մարգարեացվել են հազարամյակների ընթացքում և կարևոր նշանակություն են ունեցել Տիրոջ վերականգնված Եկեղեցու համար՝ իր վերջին օրերի առաքելությունը կատարելու գործում։

Այդ իրադարձություններից ամենակարևորը տեղի է ունեցել 1836 թվականի ապրիլի 3-ին՝ Զատիկի կիրակի օրը։4 Ջոզեֆ Սմիթը և Օլիվեր Քաուդերին այդ օրը մի շարք ուշագրավ այցելուներ ունեցան։ Նախ հայտնվեց Տեր Հիսուս Քրիստոսը։ Մարգարեն արձանագրել է, որ Փրկչի «աչքերը կարծես կրակի բոցեր լինեին. նրա գլխի մազերը ճերմակ էին, ինչպես մաքուր ձյունը. նրա դեմքը փայլում էր արևի պայծառությունից էլ վառ. իսկ նրա ձայնը նման էր մեծ ջրերի շառաչյունի»։5

Այս այցելության ժամանակ Տերը հաստատեց Իր ինքնությունը։ Նա ասաց․ «Ես եմ առաջինը և վերջինը. ես նա եմ, ով ապրում է, ես նա եմ, ով սպանվել էր. ես ձեր բարեխոսն եմ Հոր մոտ»։6

Այնուհետև Հիսուս Քրիստոսը հայտարարեց, որ ընդունել է տաճարը որպես Իր տուն և այս ապշեցուցիչ խոստումը տվեց. «Ես ողորմությամբ կհայտնվեմ իմ ժողովրդին այս տանը»։7

Այս նշանակալի խոստումն այսօր վերաբերում է յուրաքանչյուր նվիրագործված տաճարի։ Ես հրավիրում եմ ձեզ խորհել, թե ինչ է նշանակում Տիրոջ խոստումը անձամբ ձեզ համար։

Փրկչի այցելությունից հետո հայտնվեց Մովսեսը։ Մովսեսը Ջոզեֆ Սմիթին շնորհեց Իսրայելը հավաքելու և տասը ցեղերին վերադարձնելու բանալիները։8

Երբ այս տեսիլքը փակվեց, «Եղիասը հայտնվեց և հանձնեց Աբրահամի ավետարանի տնտեսությունը» Ջոզեֆին։9

Այնուհետև հայտնվեց Եղիա մարգարեն։ Նրա հայտնվելն իրականացրեց Մաղաքիայի խոստումը, որ նախքան Երկրորդ Գալուստը Տերը կուղարկի Եղիային, ով «հայրերի սրտերը պիտի դարձնի դեպի որդիները, իսկ որդիների սրտերը՝ դեպի իրենց հայրերը»։10 Եղիան Ջոզեֆ Սմիթին շնորհեց կնքման զորության բանալիները։11

Երեք երկնային սուրհանդակների կողմից Տիրոջ ղեկավարությամբ երկիր վերադարձված այս բանալիների նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել։ Քահանայության բանալիները հաստատում են նախագահության իշխանությունն ու զորությունը։ Քահանայության բանալիները ղեկավարում են գործընթացը առ այն, թե Աստծո քահանայությունը ինչպես կարող է օգտագործվել Տիրոջ նպատակներն իրականացնելու և բոլոր այն մարդկանց օրհնելու համար, որոնք ընդունում են Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը։

Կարևոր է նշել, որ մինչև Եկեղեցու կազմավորումը, երկնային սուրհանդակները Մարգարե Ջոզեֆին շնորհել էին Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայությունները և նրան տվել էին այդ երկու քահանայությունների բանալիները։12 Այս բանալիները Ջոզեֆ Սմիթին տվեցին իշխանություն՝ կազմավորելու Եկեղեցին 1830 թվականին։13

Այնուհետև, 1836 թվականին Կիրթլենդի տաճարում քահանայության այս երեք լրացուցիչ բանալիների շնորհումը, մասնավորապես՝ Իսրայելի հավաքման բանալիները, Աբրահամի ավետարանի բանալիները և կնքման զորության բանալիները, շատ կարևոր էր։ Այս բանալիները լիազորեցին Ջոզեֆ Սմիթին և Տիրոջ Եկեղեցու բոլոր հաջորդ նախագահներին հավաքել Իսրայելը վարագույրի երկու կողմերում, օրհնել ուխտի բոլոր զավակներին Աբրահամի օրհնություններով, վավերացնող կնիք դնել քահանայության արարողությունների և ուխտերի վրա և կնքել ընտանիքները հավերժության համար։ Քահանայության այս բանալիների զորությունն անսահման է և ապշեցուցիչ։

Մտածեք, թե որքան տարբեր կլիներ ձեր կյանքը, եթե քահանայության բանալիները չվերականգնվեին երկրի վրա։14 Առանց քահանայության բանալիների, դուք չէիք կարող օժտված լինել Աստծո զորությամբ։15 Առանց քահանայության բանալիների, Եկեղեցին կարող էր ծառայել միայն որպես ուսուցողական և մարդասիրական կարևոր կազմակերպություն, բայց ոչ ավելին։ Առանց քահանայության բանալիների մեզանից ոչ մեկի համար հասանելի չէին լինի կարևորագույն արարողություններն ու ուխտերը, որոնք հավերժ կապում են մեզ մեր սիրելիների հետ և թույլ են տալիս մեզ ի վերջո ապրել Աստծո հետ։

Քահանայության բանալիների շնորհիվ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին տարբերվում է երկրի վրա գտնվող ցանկացած այլ կազմակերպությունից։ Շատ այլ կազմակերպություններ կարող են և դարձնում են ձեր կյանքն ավելի լավը այստեղ՝ մահկանացու կյանքում։ Բայց ոչ մի այլ կազմակերպություն չի կարող և չի ազդի ձեր կյանքի վրա մահից հետո։16

Քահանայության բանալիները մեզ իշխանություն են տալիս՝ տարածելու Աբրահամին խոստացված բոլոր օրհնությունները ուխտերը պահող յուրաքանչյուր տղամարդու և կնոջ վրա։ Տաճարային աշխատանքն այս հիանալի օրհնությունները հասանելի է դարձնում Աստծո բոլոր զավակների համար, անկախ նրանից, թե որտեղ կամ երբ են նրանք ապրել կամ այժմ ապրում են։ Եկեք ուրախանանք, քանի որ քահանայության բանալիները կրկին երկրի վրա են։

Ես ձեզ հրավիրում եմ խորհել հետևյալ երեք մտքերի շուրջ․

  1. Իսրայելի հավաքումը վկայում է այն մասին, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին ամենուր։

  2. Աբրահամի ավետարանը ևս մեկ ապացույց է, որ Աստված սիրում է Իր բոլոր զավակներին ամենուր։ Նա հրավիրում է բոլորին գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր թե կին… բոլորը նույնն են Աստծո համար»։17

  3. Կնքման զորությունը գերագույն ապացույցն է այն բանի, թե որքան շատ է Աստված սիրում Իր բոլոր զավակներին և ցանկանում, որ նրանցից յուրաքանչյուրը ընտրի վերադառնալ տուն՝ Իր մոտ։

Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով վերականգնված քահանայության բանալիները հնարավորություն են տալիս ուխտերը պահող յուրաքանչյուր տղամարդու և կնոջ վայելել անհավանական անձնական հոգևոր արտոնություններ։ Այստեղ կրկին շատ բան կա սովորելու Կիրթլենդի տաճարի սուրբ պատմությունից։

Ջոզեֆ Սմիթի՝ Կիրթլենդի տաճարի նվիրագործման աղոթքը ուսուցում է այն մասին, թե ինչպես է տաճարը հոգևորապես զորացնում ինձ և ձեզ՝ այս վերջին օրերում կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար։ Ես քաջալերում եմ ձեզ ուսումնասիրել այդ աղոթքը, որ կարդում ենք Վարդապետություն և Ուխտեր 109 բաժնում։ Այդ նվիրագործման աղոթքը, որ ստացվել էր հայտնությամբ, ուսուցանում է, որ տաճարն իրենից ներկայացնում է «աղոթքի տուն, ծոմապահության տուն, հավատքի տուն, ուսման տուն, փառքի տուն, կարգ ու կանոնի տուն, Աստծո տուն»։18

Հատկանիշների այս ցանկը շատ ավելին է, քան տաճարի նկարագրությունը։ Դա խոստում է այն մասին, թե ինչ կարող է պատահել նրանց հետ, ովքեր ծառայում և երկրպագում են Տիրոջ տանը։ Նրանք կարող են ակնկալել, որ կստանան աղոթքի պատասխաններ, անձնական հայտնություն, ավելի մեծ հավատք, ուժ, մխիթարություն, ավելի մեծ գիտելիք և ավելի մեծ զորություն։

Տաճարում անցկացրած ժամանակը կօգնի ձեզ ունենալ սելեստիալ մտածելակերպ և պատկերացում կազմել այն մասին, թե ով եք դուք իրականում, ով կարող եք դառնալ և ինչպիսի կյանք կարող եք ունենալ հավերժության մեջ։ Տաճարային կանոնավոր երկրպագությունը կբարելավի եղանակը, որով դուք դիտարկում եք ինքներդ ձեզ և համապատասխանությունը Աստծո հոյակապ ծրագրին։ Ես ձեզ դա խոստանում եմ։

Մեզ նաև խոստացված է, որ տաճարում մենք կարող ենք «ստանալ Սուրբ Հոգու լիությունը»։19 Պատկերացրեք, թե ինչ է նշանակում այդ խոստումը հավերժական ճշմարտությունը անկեղծորեն փնտրող յուրաքանչյուր մարդու համար, երբ երկինքները բացվում են նրա առջև։

Մեզ ուսուցանել են, որ բոլորը, ովքեր երկրպագում են տաճարում, կունենան Աստծո զորությունը և հրեշտակները պիտի «պահպանեն նրանց»։20 Որքանո՞վ է մեծանում ձեր վստահությունը, երբ գիտեք, որ որպես օժտում ստացած կին կամ տղամարդ, զինված Աստծո զորությամբ, ստիպված չեք լինի միայնակ դիմակայել կյանքին։ Ինչպե՞ս եք քաջություն ստանում այն գիտելիքից, որ հրեշտակները իսկապես կօգնեն ձեզ։

Ի վերջո, մեզ խոստացվել է, որ «ամբարշտության ոչ մի խմբակցություն» չի հաղթի նրանց, ովքեր երկրպագում են Տիրոջ տանը։21

Այսօր մեզանից յուրաքանչյուրի համար կենսական նշանակություն ունի տաճարում հնարավոր դարձած հոգևոր արտոնությունների ըմբռնումը։

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ահա իմ խոստումը։ Ոչինչ չի օգնի ձեզ ավելի ամուր կառչել երկաթե ձողից,22 ինչպես կանոնավոր տաճարային երկրպագությունը՝ որքանով թույլ են տալիս ձեր հանգամանքները: Ոչինչ ձեզ ավելի լավ չի պաշտպանի, երբ դուք հանդիպեք աշխարհի խավարի մեգին։ Ոչինչ ավելի շատ չի ամրապնդի ձեր վկայությունը Տեր Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ կամ չի օգնի ձեզ ավելի լավ հասկանալ Աստծո հոյակապ ծրագիրը։ Ցավի ժամանակ ոչինչ ավելի լավ չի հանգստացնի ձեր հոգին։ Ոչինչ չի կարող ավելի շատ բացել երկինքները։ Ոչինչ։

Տաճարը դարպասն է ամենամեծ օրհնությունների, որ Աստված ունի մեզանից յուրաքանչյուրի համար, քանի որ տաճարը միակ վայրն է երկրի վրա, որտեղ մենք կարող ենք ստանալ բոլոր օրհնությունները, որ խոստացվել են Աբրահամին։23 Այդ իսկ պատճառով մեր ուժերի սահմաններում Տիրոջ ղեկավարությամբ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի տաճարի օրհնություններն ավելի հասանելի դարձնենք Եկեղեցու անդամների համար։ Այսպիսով, մենք երախտագիտությամբ հայտարարում ենք մեր ծրագրերը՝ հետևյալ 15 վայրերից յուրաքանչյուրում նոր տաճար կառուցելու վերաբերյալ․

  • Ուտուրոա (Ֆրանսիական Պոլինեզիա)

  • Չիուահուա (Մեքսիկա)

  • Ֆլորիանոպոլիս (Բրազիլիա)

  • Ռոսարիո (Արգենտինա)

  • Էդինբուրգ (Շոտլանդիա)

  • Բրիսբեն (Ավստրալիայի հարավային շրջան)

  • Վիկտորիա (Բրիտանական Կոլումբիա)

  • Յումա (Արիզոնա)

  • Հյուսթոն (Տեխասի հարավային շրջան)

  • Դես Մոինես (Այովա)

  • Ցինցինատի (Օհայո)

  • Հոնոլուլու, (Հավայան կղզիներ)

  • Վեսթ Ջորդան (Յուտա)

  • Լիհայ (Յուտա)

  • Մարակայբո (Վենեսուելա)

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, սա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է։ Այն ղեկավարվում է Նրա կողմից։ Մենք Նրա աշակերտներն ենք։

Եկեք ուրախանանք, քանի որ վերականգնվել են քահանայության բանալիները, ինչը հնարավոր է դարձնում ձեզ և ինձ համար՝ վայելելու յուրաքանչյուր հոգևոր օրհնություն, որ մենք ցանկանում ենք և արժանի ենք ստանալու։ Ես վկայում եմ սա Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: