Գերագույն համաժողով
Տիրոջ իմաստությամբ է, որ մենք պետք է ունենանք Մորմոնի Գիրքը
2024թ. ապրիլի գերագույն համաժողով


Տիրոջ իմաստությամբ է, որ մենք պետք է ունենանք Մորմոնի Գիրքը

Ես աղոթում եմ, որ այս տարի Մորմոնի Գրքի ընթերցանությունը ուրախություն և օրհնություն լինի մեզանից յուրաքանչյուրի համար։

Թանկագին եղբայրներ և քույրեր, մենք անչափ երախտապարտ ենք ձեր ջանքերի համար՝ սուրբ գրությունները Եկ, հետևիր ինձ ծրագրի հետ ընթերցելու գործում։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ անում եք։ Ձեր ամենօրյա կապը Աստծո և Նրա խոսքի հետ ունի խոր հետևանքներ։ «Դուք դնում եք հիմքը մի մեծ գործի»։ Եվ փոքր բաներից է առաջանում այն, ինչը մեծ է»:1

Սուրբ գրություններում Փրկչի ուսմունքների ընթերցումը մեզ օգնում է մեր տները վերածել հավատքի սրբավայրի և ավետարանի ուսուցման կենտրոնների։2 Այն մեր տուն է հրավիրում Հոգուն։ Սուրբ Հոգին ուրախությամբ է լցնում մեր հոգին3 և դարձի բերում մեզ՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքի ընթացքում։

Վերջին մի քանի տարիների ընթացքում սուրբ գրությունները կարդալիս մենք տեսել ենք Իր զավակներին տրված Աստծո ուսմունքների տեսլականը ավետարանի բոլոր հիմնական տնտեսություններում։4

Յուրաքանչյուր տնտեսությունում մենք նկատում ենք ծանոթ օրինաչափություն։ Աստված վերականգնում կամ հայտնում է Հիսուս Քրիստոսի ավետարանը Իր մարգարեների միջոցով։ Ժողովուրդը հետևում է մարգարեներին և մեծապես օրհնվում։ Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում որոշ մարդիկ դադարում են ուշադրություն դարձնել մարգարեների խոսքերին և հեռանում են Տիրոջից ու Նրա ավետարանից։ Սա այն է, ինչ մենք անվանում ենք ուրացություն։ Ավետարանը սկզբում հայտնի դարձվեց Ադամին, բայց Ադամի և Եվայի զավակներից ոմանք հեռացան Տիրոջից և ուրացության մեջ ընկան։5 Մենք տեսնում ենք վերականգնման և ուրացության օրինաչափությունը, որ կրկնվում է Ենովքի, Նոյի, Աբրահամի, Մովսեսի և այլոց տնտեսություններում։

Այսօր մենք ապրում ենք ժամանակների լրության տնտեսությունում։6 Սա միակ տնտեսությունն է, որը չի ավարտվի ուրացությամբ։7 Այս տնտեսությունն է, որ կառաջնորդի դեպի Փրկիչ Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստը և Նրա հազարամյա թագավորությունը։

Ուստի, ինչո՞վ է տարբերվում այս տնտեսությունը։ Ի՞նչ է Տերը տվել մեզ այսօր, հատկապես մեր ժամանակի համար, որը կօգնի մեզ մոտենալ Փրկչին և երբեք չլքել Նրան։

Պատասխաններից մեկը, որ իմ միտքն է գալիս, սուրբ գրություններն են, մասնավորապես Մորմոնի Գիրքը. ևս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին։

Մինչդեռ Աստված խոստացել է, որ այլևս չի լինի ևս մեկ ընդհանուր ուրացություն, մենք պետք է զգուշանանք և ուշադիր լինենք, որ խուսափենք անձնական ուրացությունից․ հիշենք, որ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Մենք յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր անհատական հոգևոր աճի համար»։8 Մորմոնի Գրքի ուսումնասիրությունը, ինչը մենք անում ենք այս տարի, մեզ միշտ ավելի է մոտեցնում Փրկչին և օգնում է մեզ մոտ մնալ Նրան։

Մենք դա անվանում ենք «ուսումնասիրություն», և դա լավ է, քանի որ այն ենթադրում է ջանք։ Բայց մենք միշտ չէ, որ պետք է սովորենք ինչ-որ նոր փաստ։ Երբեմն Մորմոնի Գիրքը կարդալը պարզապես նշանակում է այսօր Աստծո հետ կապված զգալ՝ սնուցել հոգին, հոգևորապես զորանալ աշխարհին առերեսվելու մեկնելուց առաջ կամ բժշկություն գտնել՝ աշխարհում ծանր օր ունենալուց հետո։

Մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, որպեսզի Սուրբ Հոգին՝ մեծ ուսուցիչը, կարողանա խորացնել մեր դարձը դեպի Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը և օգնի մեզ ավելի շատ նմանվել Նրանց։9

Մտքում ունենալով այս ամենը՝ մենք կարող ենք խորհել. «Սուրբ Հոգին ի՞նչ է սովորեցրել մեզ այս շաբաթ Մորմոնի Գրքի մեր ուսումնասիրության ընթացքում» և «Ինչպե՞ս է դա մեզ ավելի մոտեցնում Փրկչին»։

Սրանք լավ հարցեր են սուրբ գրությունների տնային ուսումնասիրության համար։ Դրանք նաև հիանալի հարցեր են եկեղեցում կիրակնօրյա դաս սկսելու համար։ Մենք բարելավում ենք մեր ուսուցումը եկեղեցում կիրակի օրը՝ բարելավելով մեր ուսուցումը տանը շաբաթվա ընթացքում։ Այսպիսով, մեր կիրակնօրյա դասերի ընթացքում, «նա, ով քարոզում է, և նա, ով ստանում է, հասկանում են միմյանց, և երկուսն էլ շենանում են և միասին ցնծում»։10

Ահա մի քանի հատվածներ, որոնք Հոգին տպավորել է իմ մտքում այս շաբաթվա Մորմոնի Գրքի ուսումնասիրությունից.

  • Նեփին հրահանգեց Հակոբին «պահպանե[լ] այս թիթեղները և … փոխանցե[լ]՝ սերնդե-սերունդ։ Եվ, եթե լիներ քարոզչություն, որը սրբազան էր, կամ հայտնություն … կամ մարգարեություն», Հակոբը պիտի «փորագրե[ր] դրան[ք] … այս թիթեղների վրա … ի սեր Քրիստոսի և ի սեր մեր ժողովրդի»։11

  • Ավելի ուշ Հակոբը վկայել է․ «Մենք ուսումնասիրում ենք [սուրբ գրությունները], … և ունենալով բոլոր այս վկայությունները՝ մենք ձեռք ենք բերում հույս, և մեր հավատքը դառնում է անսասան»։12

Այժմ, այս հատվածները հիշեցրին ինձ, թե նախկինում ինչ էր ասել Նեփին արույրե թիթեղների մասին․

«Եվ մենք ձեռք էինք բերել հիշատակարանները … և ուսումնասիրել ու գտել, որ դրանք … շատ մեծ արժեքի էին մեզ համար, այնպես որ մենք կկարողանայինք պահպանել Տիրոջ պատվիրանները մեր զավակների համար։

Ուստի, Տիրոջ իմաստությամբ էր, որ մենք պետք է տանեինք դրանք մեզ հետ, երբ ճամփորդում էինք անապատով դեպի խոստումի երկիր»։13

Այժմ, եթե Լեքիի և նրա ընտանիքի համար սուրբ գրություններ ունենալը իմաստություն էր, դա նույնքան իմաստուն է մեզ համար այսօր։ Սուրբ գրությունների մեծ արժեքն ու հոգևոր ուժը անխախտ շարունակվում է մեր կյանքում այսօր։

Պատմության մեջ երբեք չի եղել մի ժողովուրդ, որին հասանելի լիներ Մորմոնի Գիրքը և այլ սուրբ գրություններ, որոնք մենք վայելում ենք այսօր։14 Այո, Լեքին և նրա ընտանիքը օրհնված էին իրենց հետ տանելու արույրե թիթեղները, բայց նրանք չունեին մեկական օրինակ յուրաքանչյուր վրանի համար։ Մորմոնի Գրքի ամենակարևոր օրինակը մեր անձնական օրինակն է։ Դա այն օրինակն է, որը մենք կարդում ենք։

Կենաց ծառի մասին Լեքիի տեսիլքում Լեքին մեզ սովորեցրել է Աստծո սիրո հետ կապված անձնական փորձառության կարևորությունը։ Այն բանից հետո, երբ Լեքին ճաշակեց պտուղը, նա մի փոքր հեռու տեսավ իր կնոջը՝ Սարիային, և իր որդիներին՝ Նեփիին և Սամին։

«Նրանք կանգնած էին, կարծես թե չիմանալով, թե ուր պիտի գնան։

… Ես ձեռքով նշան արեցի նրանց,- ասել է Լեքին,- և նաև կանչեցի նրանց բարձր ձայնով, որ նրանք գան ինձ մոտ և ճաշակեն պտղից, որը բաղձալի էր բոլոր մյուս պտուղներից ավելի։

Եվ … նրանք եկան ինձ մոտ և նույնպես ճաշակեցին պտղից»։15

Ինձ դուր է գալիս նպատակային ծնողավարության Լեքիի օրինակը։ Սարիան, Նեփին և Սամը արդար կյանքով էին ապրում։ Բայց Տերը նրանց համար ավելի լավ, ավելի քաղցր բան ուներ։ Նրանք չգիտեին, թե որտեղ գտնել այն, բայց Լեքին գտավ։ Ուստի, նա «բարձր ձայնով» կանչեց նրանց, որ գան կյանքի ծառի մոտ և անձամբ ճաշակեն պտղից։ Նրա ուղղությունը պարզ էր։ Թյուրիմացություն չէր կարող լինել։

Ես նույնպես այդպիսի նպատակային ծնողավարության արդյունք եմ։16 Երբ երիտասարդ տղա էի, մոտ 11 կամ 12 տարեկան, մայրս ինձ հարցրեց. «Մարկ, դու ինքդ գիտե՞ս Սուրբ Հոգով, որ ավետարանը ճշմարիտ է»։

Նրա հարցն ինձ անակնկալի բերեց։ Ես միշտ փորձում էի լինել «լավ տղա» և կարծում էի, որ դա բավարար էր։ Բայց մայրս, ինչպես Լեքին, գիտեր, որ ավելին էր անհրաժեշտ։ Ես պետք է գործեի և ինքս իմանայի։

Ես պատասխանեցի, որ դեռ չէի ունեցել նման փորձառություն։ Նա կարծես բոլորովին չզարմացավ իմ պատասխանից։

Հետո նա ասաց մի բան, որը ես երբեք չեմ մոռանա։ Նրա խոսքերը ես հիշում եմ մինչ այժմ․ «Երկնային Հայրը ցանկանում է, որ դու անձամբ իմանաս։ Բայց դու պետք է ջանքեր գործադրես։ Դու պետք է կարդաս Մորմոնի Գիրքը և աղոթես՝ Սուրբ Հոգով ճշմարտությունն իմանալու համար։ Երկնային Հայրը կպատասխանի քո աղոթքներին»։

Դե, ես նախկինում երբեք չէի կարդացել Մորմոնի Գիրքը։ Ես չէի կարծում, որ բավական մեծ եմ դա անելու համար։ Բայց մայրս ավելի լավ գիտեր։

Նրա հարցը իմ մեջ անձամբ իմանալու ցանկություն առաջացրեց։

Այսպիսով, ննջասենյակում, որը ես կիսում էի իմ երկու եղբայրների հետ, ամեն գիշեր վառում էի մահճակալիս վերևում կախված լույսը և կարդում Մորմոնի Գրքի մեկ գլուխ։ Այնուհետև, անջատելով լույսը, ես անկողնուց դուրս էի սահում ծնկներիս վրա և աղոթում։ Ես աղոթում էի ավելի անկեղծ և ավելի մեծ ցանկությամբ, քան երբևէ ունեցել էի նախկինում։ Ես խնդրում էի Երկնային Հորը հայտնել ինձ Մորմոնի Գրքի ճշմարտացիության մասին։

Այն պահից, երբ ես սկսեցի կարդալ Մորմոնի Գիրքը, զգացի, որ Երկնային Հայրը տեղյակ է իմ ջանքերի մասին։ Ես զգացի, որ կարևոր եմ Նրա համար։ Երբ ես կարդում և աղոթում էի, մխիթարող, խաղաղ զգացումներ էին տիրում ինձ։ Գլուխ առ գլուխ հավատքի լույսն ավելի էր պայծառանում իմ հոգում։ Ժամանակի ընթացքում ես հասկացա, որ այդ զգացմունքները ճշմարտության հաստատումներ էին Սուրբ Հոգուց։17 Ես ինքնուրույն իմացա, որ Մորմոնի Գիրքը ճշմարիտ է, և որ Հիսուս Քրիստոսը աշխարհի Փրկիչն է։ Որքան շնորհակալ եմ մայրիկիս ոգեշնչված հրավերի համար։

Մորմոնի Գիրքը պատանի ժամանակ կարդալու այս փորձառությունը սկիզբ դրեց սուրբ գրությունների ուսումնասիրության օրինաչափությանը, որը շարունակում է օրհնել ինձ մինչ օրս։ Ես շարունակում եմ կարդալ Մորմոնի Գիրքը և ծնկի գալ աղոթքով։ Եվ Սուրբ Հոգին կրկին ու կրկին հաստատում է դրա ճշմարտությունները։

Նեփին ճիշտ է ասել։ Տիրոջ իմաստությամբ է, որ մենք պետք է սուրբ գրությունները մեզ հետ ունենանք մեր ողջ կյանքի ընթացքում։ Մորմոնի Գիրքն այն «պորտաքարն» է, որի շնորհիվ այս տնտեսությունը տարբերվում է նախորդ բոլոր տնտեսություններից։ Եթե մենք ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը և հետևենք կենդանի մարգարեին, մեր կյանքում անձնական ուրացություն չի լինի։18

Կենաց ծառի մոտ գալու հրավերը՝ ամուր կառչած Աստծո խոսքից, պարզապես Լեքիի հրավերը չէր իր ընտանիքին, և դա պարզապես հրավեր չէր մորս կողմից՝ կարդալու և աղոթելու Մորմոնի Գրքի մասին։ Մեզանից յուրաքանչյուրին նման հրավեր է հղում նաև մեր մարգարեն՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը։

«Ես խոստանում եմ,- ասել է նա,- որ եթե դուք ամեն օր աղոթքով ուսումնասիրեք Մորմոնի Գիրքը, ավելի լավ որոշումներ կկայացնեք՝ ամեն օր։ Ես խոստանում եմ, որ մինչ դուք խորհում եք ձեր ուսումնասիրած նյութի շուրջ, երկնքի պատուհանները կբացվեն, և դուք կստանաք ձեր սեփական հարցերի պատասխանները և ուղղորդում՝ ձեր անձնական կյանքի համար»։19

Ես աղոթում եմ, որ այս տարի Մորմոնի Գրքի ընթերցանությունը ուրախություն և օրհնություն լինի մեզանից յուրաքանչյուրի համար և մեզ ավելի ու ավելի մոտեցնի Փրկչին։

Երկնային Հայրն ապրում է։ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է: Մորմոնի Գիրքը պարունակում է Նրա խոսքերը և փոխանցում է Նրա սերը։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը Տիրոջ կենդանի մարգարեն է երկրի վրա այսօր։ Ես գիտեմ, որ այս բաները ճշմարիտ են՝ շնորհիվ Սուրբ Հոգու հաստատող վկայության, որը ես առաջին անգամ ստացել եմ Մորմոնի Գիրքը կարդալիս՝ պատանեկության տարիներին։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։

Հղումներ

  1. Վարդապետություն և Ուխտեր 64․33։

  2. «Տնակենտրոն և Եկեղեցու կողմից աջակցվող ուսումնական նոր ծրագիրը ներուժ ունի բացահայտելու ընտանիքների զորությունը, երբ յուրաքանչյուր ընտանիք բարեխղճորեն և ուշադիր հետևի ու իր տունը դարձնի հավատքի սրբավայր։ Ես խոստանում եմ, որ եթե դուք ջանասիրաբար ձգտեք ձեր տունը վերածել ավետարանի ուսուցման կենտրոնի, ժամանակի ընթացքում ձեր Հանգստության օրերն իսկապես կդառնան բերկրանք։ Ձեր երեխաները ոգևորված կսովորեն և կապրեն Փրկչի ուսմունքներով, իսկ հակառակորդի ազդեցությունը ձեր կյանքի և ձեր տան վրա կնվազի։ Փոփոխությունները ձեր ընտանիքներում կլինեն նշանակալից և շարունակական» (Ռասսել Մ. Նելսոն, «Դառնալ օրինակելի Վերջին Օրերի Սրբեր», Լիահոնա, նոյ․ 2018, 113)։

  3. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ. Ես քեզ բաժին պիտի հանեմ իմ Հոգուց, որը կլուսավորի քո միտքը, որն ուրախությունով կլցնի քո հոգին» (Վարդապետություն և Ուխտեր 11․13

  4. «Տնտեսությունները ժամանակաշրջաններ են, որոնց ընթացքում Տերը երկրի վրա ունենում է առնվազն մեկ լիազորված ծառա, որը կրում է սուրբ քահանայության բանալիները և աստվածային հանձնարարություն է կատարում՝ տարածելով ավետարանը երկրի բնակիչների մեջ» (Topics and Questions, “Dispensations,” Gospel Library)։

  5. Տես Մովսես 5․12-16։

  6. Դանիել մարգարեն տեսավ մեր օրերը՝ մեր տնտեսությունը, երբ մեկնեց Նաբուգոդոնոսորի երազը։ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այդ երազի քարն է, որը պոկվեց սարից՝ առանց ձեռքի, որ առաջ է գլորվում՝ լցնելով ամբողջ երկիրը (տես Դանիել 2․34-35, 44-45, Վարդապետություն և Ուխտեր 65․2

  7. «Հայր Աստված և Հիսուս Քրիստոսը կանչեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին լինելու այս տնտեսության մարգարեն։ Նրա միջոցով պետք է վերականգնվեին նախորդ տնտեսությունների բոլոր աստվածային զորությունները։ Ժամանակների լրության այս տնտեսությունը չի սահմանափակվի ոչ ժամանակով, ոչ էլ տեղանքով: Այն չի ավարտվի ուրացությամբ, և այն կլցնի աշխարհը» (Ռասսել Մ. Նելսոն, «Ցրված Իսրայելի հավաքումը», Լիահոնա, նոյ. 2006, 79-80)։

  8. Ռասսել Մ․ Նելսոն, «Ներածական ելույթ», Լիահոնա, նոյ․ 2018, 8։

  9. Տես «Դարձը մեր նպատակն է», Եկ, հետևիր ինձ. Տան և եկեղեցու համար. Մորմոնի Գիրք 2024, հ:

  10. Վարդապետություն և Ուխտեր 50․22, տես նաև հատվածներ 17-21։

  11. Հակոբ 1․3-4։

  12. Հակոբ 4․6։

  13. 1 Նեփի 5.21-22։

  14. Վերջերս հայտարարվեց, որ այս տնտեսությունում բաժանվել է Մորմոնի Գրքի 200 միլիոն օրինակ։ Դա իսկապես ուշագրավ է։ Մորմոնի Գիրքը մինչ օրս թարգմանվել է 113 լեզուներով, իսկ 17 նոր լեզուներով թարգմանությունն ընթացքի մեջ է։ Ինչ օրհնություն է ունենալ Մորմոնի Գիրքը տպագիր, թվային, աուդիո, վիդեո և այլ ձևաչափերով։ (Տես Ռայան Ջենսեն, «Եկեղեցին հանձնում է Մորմոնի Գրքի 200 միլիոներորդ օրինակը», Church News, դեկտեմբերի 29, 2023, thechurchnews.com)։

  15. 1 Նեփի 8.14-16, շեշտադրումն ավելացված է։

  16. «Երեխայի կյանքում ամենահզոր հոգևոր ազդեցությունը սիրող ծնողների և տատիկ-պապիկների արդար օրինակն է, որոնք հավատարմությամբ պահում են իրենց սուրբ ուխտերը։ Գիտակից ծնողներն իրենց երեխաներին սովորեցնում են Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք, որպեսզի նրանք նույնպես «կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար» [2 Նեփի 25․26]։ Ուխտերի անփույթ և անհետևողական պահումը հանգեցնում է հոգևոր պատահարի: Հոգևոր վնասը հաճախ ամենամեծն է զգացվում մեր զավակների և թոռների վրա» (Քեվին Վ. Փիրսոն, «Դուք դեռ հոժա՞ր եք», Լիահոնա», Լիահոնա, նոյ․ 2022, 69)։

  17. Տես Վարդապետություն և Ուխտեր 6․22-24։

  18. Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների» (տես Մորմոնի Գրքի նախաբանը

  19. Ռասսել Մ. Նելսոն, «Մորմոնի Գիրքը․ Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյ․ 2017, 62-63։