Սեմինարիա
Առաջարկներ հարմարվող օրերի համար


Առաջարկներ հարմարվող օրերի համար

Դասերի ամենօրյա ուղեցույցը ուսուցիչների համար հիմնված է 36 շաբաթ կամ 180 օր տևողությամբ ուսումնական տարվա վրա: Այս ձեռնարկն ապահովում է 160 օրական դասեր, բաց թողնելով 20 օր, որոնց համար ուսուցման նյութ տրված չէ: Այս 20 «հարմարվող օրերը» պետք է արդյունավետ օգտագործվեն կարևոր նպատակների և վարժությունների համար` ներառյալ հետևյալը.

  1. Գնահատումներ Կրոնի սեմինարիաների և ինստիտուտների նպատակն է «օգնել երիտասարդներին և երիտասարդ չափահասներին հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունն ու ուսմունքները և ապավինել դրանց, արժանի լինել տաճարային օրհնություններին և պատրաստել իրենց, իրենց ընտանիքները և մերձավորներին հավերժական կյանքին իրենց Երկնային Հոր հետ»: Այս նպատակը հետապնդելով ՍևԻ պատրաստել է գիտելիքի գնահատումներ: Այս գնահատումները միտված են օգնել ուսանողներին հասկանալ, բացատրել, հավատալ և ապրել ըստ նրա, ինչ իրենք սովորում են դասարանում:

    2014 թվականին սեմինարիայի ավարտական պահանջները ճշգրտվել են, այնպես որ յուրաքանչյուր դասընթացի համար ուսանողները պետք է անցնեն գիտելիքի գնահատում, որպեսզի ավարտեն դասընթացը: Ուսումնական տարվա ամեն կիսամյակի համար դուք պետք է անցկացնեք գիտելիքի գնահատում: Յուրաքանչյուր գնահատում բաղկացած է երկու մասից. 1) գնահատման անցկացում, որը կտևի մոտավորապես 40 րոպե, կամ մեկ դասաժամ, և 2) ուսանողների հետ գնահատման քննարկում ու սխալների ուղղում՝ հաջորդ դասաժամի ընթացքում: Այս վերանայումը կարևոր է, որպեսզի ուսանողները սովորեն այդ փորձառությունից: Եթե ձեր դասաժամը 60 րոպեից ավել է տևում, գիտելիքների գնահատման և վերանայման գործընթացը պետք է անցկացվի մեկ դասաժամի ընթացքում։

    Գնահատումները պետք է օգտագործվեն ուսանողներին օգնելու համար: Սեմինարիայի ավարտական պահանջներին վերաբերող գիտելիքի գնահատումների մասին հայտարարելիս Երեց Փոլ Վ. Ջոնսոնը՝ Յոթանասունից, ասել է. «Ուսուցչի տրամադրվածությունը շատ մեծ դեր ունի: Եթե ուսուցիչները կարողանան տեսնել, թե ինչպես է սա օրհնում ուսանողների կյանքը, նրանք կդիտեն գնահատումները որպես իրենց ուսանողներին օգնելու միջոց: Կարծում եմ, որ եթե զգուշանալու կարիք կա, դա այն է, որ մենք չենք ուզում, որ ուսուցիչները սա դիտեն որպես կառավարման միջոց կամ մական` բութ գործիքով մեկին ծեծելու համար, կամ ինչ-որ ընտրյալների ակումբ միայն որոշակի ուսանողների համար: Մենք ցանկանում ենք, որ նրանք դիտեն սա որպես մի բան, ինչն իսկապես կօրհնի նրանց կյանքը»: (“Elevate Learning Announcement” [Seminaries and Institutes of Religion global faculty meeting, June 20, 2014], si.lds.org):

  2. Հարմարեցնել ամենօրյա դասերը: Դուք կարող եք լրացուցիչ ժամանակ տրամադրել այն դասին, որի արդյունավետ ուսուցման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում: Դուք կարող եք նաև օգտագործել ուսուցման լրացուցիչ գաղափարները, որոնք տրված են որոշ դասերի վերջում, կամ ժամանակ տրամադրեք սուրբ գրության որոշակի հատվածի, կամ ավետարանի թեմայի շուրջ ուսանողների հարցերին պատասխանելու համար: Հարմարվող օրերը ձեզ թույլ են տալիս օգտվել այդ հնարավորություններից, մինչ դուք հետևում եք ձեր ժամանակացույցին և կատարում եք սուրբ գրությունները հաջորդականությամբ ուսուցանելու ձեր պարտականությունը:

  3. Սուրբ գրությունների կարևոր հատվածների և հիմնական վարդապետությունների սերտում: Դուք կարող եք օգտագործել կրկնողության վարժությունները սուրբ գրությունների սերտման հատվածների համար, որոնք գտնվում են ամբողջ ձեռնարկում և հավելվածում: Դուք կարող եք ստեղծել սուրբ գրությունների սերտման լրացուցիչ կրկնողության վարժություններ, որոնք կհամապատասխանեն ձեր դասարանի ուսանողների հատուկ կարիքներին և հետաքրքրություններին: Դուք կարող եք նաև հարմարվող օրվա կեսն օգտագործել այնպիսի վարժությունների համար, որոնք օգնում են ուսանողներին կրկնել և ավելի խորը հասկանալ հիմնական վարդապետությունները:

  4. Նախորդ նյութի կրկնությունը: Ուսանողների համար օգտակար է պարբերաբար ետ նայել այն ամենին, ինչ նրանք սովորել են նախորդ դասերի ժամանակ կամ սուրբ գրության որոշակի գրքից: Դուք կարող եք ուսանողներին հնարավորություն տալ բացատրել մի ճշմարտություն նախորդ դասից և կիսվել, թե ինչպես է այդ ճշմարտությունն ազդել իրենց կյանքի վրա: Դուք կարող եք նաև ստեղծել և վարել վիկտորինա կամ ուսուցողական վարժություններ, որոնք կրկնում են նախորդ նյութը:

  5. Թույլ տալ ժամանակացույցի ընդհատումներ: Դպրոցական միջոցառումները կամ ժողովները, հասարակական իրադարձությունները, եղանակը և այլ խոչընդոտներ կարող են պահանջել, որ դուք պարբերաբար չեղարկեք կամ կրճատեք դասը: Հարմարվող օրերը կարող են օգտագործվել նման ընդհատումներ թույլ տալու համար: