Սեմինարիա
Դաս 22. Վարդապետություն և Ուխտեր 18.1-16


Դաս 22

Վարդապետություն և Ուխտեր 18․1-16

Նախաբան

Ջոզեֆ Սմիթը հայտնություն ստացավ, որը գրված է Վարդապետություն և Ուխտեր 18-ում և որը նախատեսված էր նրա, Օլիվեր Քաուդերիի և Դեյվիդ Ուիթմերի համար 1829թ. հունիսին, քիչ ժամանակ անց նրանից հետո, երբ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը Մելքիսեդեկյան Քահանայություն շնորհեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Հայտնության սկզբում Տերն ուսուցանում է Օլիվեր Քաուդերիին Եկեղեցին կառուցելու մասին: Ապա Նա կանչում է Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին քարոզել ապաշխարություն:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 18․1-5

Տերն ուսուցանում է, թե ինչպես պետք է կառուցել Իր Եկեղեցին

Դասից առաջ գրատախտակին նկարեք ուղեկցող նկարը։

Նկար
եկեղեցու կառուցման գծապատկերը

Կարող եք կարդալ հետևյալ տեղեկությունները կամ կիսվել նման տեղեկությամբ երկրաշարժի մասին, որը վերջերս է տեղի ունեցել կամ ձեր բնակավայրին մոտ.

1989թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 17․04-ին, Րիխտերի սանդղակով 6.9 ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունեցավ Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆորնիա, Միացյալ Նահանգներում: Հազարավոր շենքեր վնասվեցին կամ ոչնչացվեցին: Շատ շենքերի հիմքեր ճեղքեր էին տվել և այդ շենքերը վթարային դարձրել:

  • Ի՞նչ մտահոգություն կունենայիք, եթե ապրեիք թույլ հիմքով շենքում:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 18-ում տրվում է Տիրոջ հայտնությունը Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին՝ Իր Եկեղեցին ապահով հիմքի վրա կառուցելու մասին։ Այս հայտնության սկզբում Տերը խոսում է այն բաների մասին, ինչ գրի էր առել Օլիվեր Քաուդերին, այսինքն՝ Մորմոնի Գրքի խոսքերը, որ Օլիվերը գրում էր, երբ դպիր էր աշխատում Մարգարե Ջոզեֆ Սմիթի համար: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.1-4 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել նրան, ուշադրություն դարձնելով, թե ինչպես Մորմոնի Գրքում գրված բաները կարող են օգնել կառուցել Եկեղեցին։

  • Ըստ Տիրոջ խոսքերի, ի՞նչ էր Մորմոնի Գրքում: Ինչպե՞ս կարող են Մորմոնի Գրքի ուսմունքները օգնել Եկեղեու կառուցման գործում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.5 հատվածը: Դասարանին խնդրեք գտնել, թե ինչ Փրկիչը խոստացավ, եթե մենք կառուցենք Նրա Եկեղեցին Նրա ավետարանի հիմքի վրա:

  • Համաձայն հատված 5-ի, ի՞նչ հիմքի վրա պետք է կառուցվի ճշմարիտ Եկեղեցին: (Ուսանողների պատասխանները պետք է արտացոլեն հետևյալ վարդապետությունը. Ճշմարիտ Եկեղեցին կառուցված է Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա:)

  • Ի՞նչ է Տերը խոստանում մեզ, եթե մենք կառուցենք Նրա Եկեղեցին Նրա ավետարանի հիմքի վրա։

Վարդապետություն և Ուխտեր 18․6-16

Տերը կանչում է Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին քարոզել ապաշխարությունը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.6 հատվածը: Դասարանին խնդրեք հետևել, փնտրելով, թե ինչպես է Տերը նկարագրում աշխարհը, որում մենք ապրում ենք։ Երբ ուսանողները պատմեն, թե ինչ են գտել, խնդրեք նրանց կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.9 սովորելու համար, թե ինչ Տերը պատվիրեց ի պատասխան աշխարհում աճող ամբարշտությանը:

  • Ո՞րն էր Տիրոջ պատասխանը աշխարհում աճող ամբարշտությանը։ (Նա կանչեց ծառաներին քարոզել ապաշխարություն:)

Շեշտեք, որ Տերը կանչեց Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին քարոզել ապաշխարություն, ինչպես կանչել էր հնում Պողոս Առաքյալին: Թեև Օլիվերը և Դեյվիդը կանչված չէին լինելու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներ, նրանք ունեին իրենց դերը այդ քվորումի հիմնադրման մեջ վերջին օրերում: Բացատրեք, որ ուսանողները ավելին կսովորեն Օլիվեր Քաուդերիի և Դեյվիդ Ուիթմերի դերերի մասին հաջորդ դասին:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել ուսումնասիրել Տիրոջ ուսմունքները հոգիների արժեքի մասին, ցուցադրեք մի քանի առարկա, որոնք, ձեր կարծիքով, կարող են արժեք ունենալ ձեր ուսանողների համար: Նրանց հարցրե, թե որքան կվճարեին յուրաքանչյուր առարկայի համար: Բացատրեք, որ առարկայի արժեքը որոշելու եղանակներից մեկը պարզելն է, թե որքան են մարդիկ պատրաստ վճարել դրա համար: Ինչ-որ մեկը կարող է պնդել, որ տվյալ առարկան ունի որոշակի արժեք, սակայն այդ արժեքը իրական է միայն այն դեպքում, եթե մեկ այլ անձ պատրաստ է վճարել այդ գումարը:

Բարձրաձայն կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 18.10: Հրավիրեք ուսանողներին այդ հատվածի օգնությամբ բացատրել իրենց արժեքը Աստծո աչքերում: Ուսանողները կարող են առաջարկել տարբեր սկզբունքներ, սակայն չմոռանաք շեշտել, որ հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւայդքան մեծ արժեք ունեք Աստծո համար:

Խնդրեք որևէ ուսանողի կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի հետևյալ հայտարարությունը.

Նկար
Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆ

Աստված նայում է ձեզ ոչ միայն որպես մահկանացու էակի` փոքր մոլորակի վրա, ով ապրում է մի կարճ ժամանակահատված. Նա նայում է ձեզ որպես Իր զավակի: Նա նայում է ձեզ որպես մի անձի, որը դուք կարող եք և նախատեսված եք դառնալ: Նա ուզում է, որ դուք իմանաք, որ կարևոր եք Նրա համար» («Դուք կարևոր եք նրա համար», Ensign or Լիահոնա, նոյ. 2011, 22):

Հիշեցրեք ուսանողներին այն վարժության մասին, որի ժամանակ դուք բացատրեցիք, որ առարկայի արժեքը որոշելու եղանակներից մեկը պարզելն է, թե որքան են մարդիկ պատրաստ վճարել դրա համար: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.11-12 հատվածները: Դասարանին հանձնարարեք հետևել, փնտրելով, թե ինչ գին էր Փրկիչը պատրաստ վճարել մեզ համար:

  • Ի՞նչ գին վճարեց Փրկիչը մեր հոգիների համար: (Կարող եք հիշեցնել ուսանողներին, որ այս հատվածները վերաբերում են «բոլոր մարդկանց»։)

  • Ինչպե՞ս կարող ենք մենք երախտագիտություն ցույց տալ մեր համար կատարած Փրկչի զոհաբերության համար: (Թեև կան տարբեր ճիշտ պատասխաններ, շեշտեք, որ լավագույն եղանակներից մեկը, որով մենք կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը, դա ապաշխարելն է:)

Հետևյալ նախադասությունը գրեք գրատախտակին․ Իմ արժեքն այնքան մեծ է, որ Հիսուս Քրիստոսը տանջվեց և մահացավ, որպեսզի ես կարողանամ ապաշխարել:

Կարող եք առաջարկել, որ ուսանողներն արտագրեն այդ սկզբունքը իրենց դասարանային նոթատետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում։

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք տեսնում ձեզ:

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն ազդել այն բանի վրա, թե ինչպես եք դուք վերաբերվում ուրիշներին:

Վկայեք Փրկչի սիրո և յուրաքանչյուրիս համար մահանալու պատրաստակամության մասին:

Ուսանողներին հրավիրեք կարդալ մտքում Վարդապետություն և Ուխտեր 18:13 հատվածը:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Տերը մեծ ուրախություն զգում, երբ մենք ապաշխարում ենք:

  • Երբ ինչ-որ մեկը մտածում է, որ հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում, դեպի ո՞ւր կարող է նրան տանել այդ հավատքը: (Հնարավոր պատասխաններ. դեպի հարգանքը ուրիշների հանդեպ, ծառայություն կամ միսիային պատրաստվելը:)

Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.14 և սովորել, թե ինչ պատվիրեց Տերը Օլիվեր Քաուդերիին և Դեյվիդ Ուիթմերին անել:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «ապաշխարություն աղաղակել»:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այս արտահայտությունը, կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Նիլ Լ․ Անդերսենի հետևյալ հայտարարությունը. «Ապաշխարություն աղաղակելը պարզապես նշանակում է օգնել մարդկանց վերադառնալ Աստծո մոտ» (“Preparing for Your Spiritual Destiny” [CES fireside address, Jan. 10, 2010], 7, speeches.byu.edu):

  • Որո՞նք են որոշ ուղիները, որոնցով մենք կարող ենք օգնել մյուսներին ապաշխարել:

Ուսանողներին հանձնարարեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 18.15-16 հատվածները, սովորելու համար, թե ինչ են զգում մարդիկ, երբ օգնում են ինչ-որ մեկին գալ դեպի Հիսուս Քրիստոսը:

  • Ի՞նչ օրհնություններ են տրվում նրանց, ովքեր օգնում են ուրիշներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը: (Մինչ ուսանողները պատասխանում են, կարող եք գրել հետևյալ սկզբունքը գրատախտակին. Եթե մենք օգնենք մյուսներին ապաշխարել և գալ դեպի Տերը, մենք ուրախություն կունենանք նրանց հետ Աստծո արքայությունում:)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ դուք ուրախություն կզգաք, եթե բերեք ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը:

Հրավիրեք ուսանողներին կիսվել փորձառությամբ, որի ժամանակ նրանք կամ նրանց ծանոթը ուրախություն է զգացել, որովհետև օգնել է ինչ-որ մեկին ավելի մոտենալ Տիրոջը: Նաև կարող եք կիսվել ձեր անձնական փորձառությամբ։

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել հոգիները փրկելու գործում օգնելու համար: Խնդրեք նրանց մտածել որոշակի մարդկանց մասին, որոնց կարող են օգնել:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 18.5։ «Իմ վեմը»

Վարդապետություն և Ուխտեր 18.5-ում ասվում է, որ Տիրոջ Եկեղեցին պետք է կառուցվի «իմ ավետարանի և իմ վեմի վրա»։ Սուրբ գրությունների ուղեցույցը սահմանում է վեմը որպես Հիսուս Քրիստոսը և Նրա ավետարանը, որոնք ամուր հիմք են հանդիսանում (ՎևՈւ 11.24, 33.12–13): Վեմը կարող է նաև նշանակել հայտնություն, որով Աստված հայտնի է դարձնում իր ավետարանը մարդուն (Մատթ. 16.15–18)» (Guide to the Scriptures, “Rock,” scriptures.lds.org):

Վարդապետություն և Ուխտեր 18.10։ «Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»

Առաջին Նախագահությունից՝ Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը սովորեցրել է.

Նկար
President Dieter F. Uchtdorf

«Յուրաքնչյուր անձ, որին մենք հանդիպում ենք, VIP անձ է [շատ կարևոր անձնավորություն] մեր Երկնային Հոր համար: Երբ մենք հասկանում ենք դա, մենք սկսում ենք հասկանալ, թե ինչպես պետք է վերաբերվենք մեր մերձավորներին:

Մի կին, որը տարիների ընթացքում փորձությունների և վշտի միջով էր անցնում, արցունքներն աչքերին ասաց. «Ես հասկացա, որ նման եմ հին 20 դոլարանոց թղթադրանի՝ ճմրթված, մաշված, կեղտոտ, գործածված և կնճռոտած: Սակայն ես դեռ 20 դոլարանոց թղթադրամ եմ: Ես արժեք ունեմ: Թեև ես չունեմ լավ տեսք և թեև մաշված ու օգտագործված եմ, սակայն դեռևս լիովին 20 դոլարի արժեք ունեմ»» («Դուք եք իմ ձեռքերը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2010, 69):

Վարդապետություն և Ուխտեր 18:15-16։ «Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք»

Հետևյալ պատմությունները նկարագրում են Փրկչի մոտ հոգիներ բերելու Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի ջանքերը.

Նկար
President Thomas S. Monson

«Եպիսկոպոսի իմ պարտականությունները բազմակի էին և բազմազան, և ես փորձում էի լավագույնս անել այն, ինչ պահանջվում էր ինձանից: Այդ ժամանակ Միացյալ Նահանգները պատերազմի մեջ էին: Քանի մեր անդամներից շատերը ծառայում էին զինված ուժերում, Եկեղեցու գլխավոր գրասենյակից բոլոր եպիսկոպոսներին հանձնարարություն եկավ յուրաքանչյուր ծառայողի ապահովել Church News և Improvement Era Եկեղեցու ամսագրերի բաժանորդագրությամբ: Բացի դա, յուրաքանչյուր եպիսկոպոս պետք է իր ծխից ծառայողներին՝ յուրաքանչյուրին ամեն ամիս անձամբ նամակ գրեր: Մեր ծխում կային 23 զինծառայող: Քահանայության քվորումները, որոշ ջանքերով, ֆոնդեր էին տրամադրում այդ բաժանորդագրությունների համար: Ես ստանձնեցի ամեն ամիս 23 անձնական նամակ գրելու գործը, կարելի է ասել՝ պարտավորությունը: Ես մինչ այժմ ունեմ իմ նամակների օրինակները և դրանց պատասխանները: Արցունքներն անմիջապես հայտնվում են, երբ կրկին կարդում եմ դրանք: Ուրախալի է կրկին անգամ լսելը ավետարանով ապրելու զինվորի պարտավորության մասին, կամ իր ընտանիքի հետ հավատքը պահելու ծովայինի որոշման մասին:

Մի երեկո այդ ամսվա 23 նամակների կույտը հանձնեցի ծխում մի քրոջ: Նրա հանձնարարությունն էր ուղարկել դրանք փոստով և վարել մշտապես փոփոխվող հասցենրի ցանկը: Նա հայացքը գցեց ծրարներից մեկի վրա և ժպիտով հարցրեց. «Եպիսկոպոս, դուք երբեք չե՞ք հուսահատվում: Եվս մեկ նամակ Եղբայր Բրայսոնին: Սա արդեն 17-րդ նամակն է, որ դուք ուղարկել եք, և դեռ ոչ մի պատասխան»:

Ես պատասխանեցի. «Միգուցե, սա լինի հենց այդ ամիսը»: Ինչպես պարզվեց, դա հենց այդ ամիսն էր: Առաջին անգամ նա պատասխանեց իմ նամակին: Նրա պատասխանը քաղցր հուշ է՝ գանձ: Նա ծառայում էր հեռավոր ափում, մեկուսացված, կարոտով լցված, միայնակ: Նա գրում էր. «Սիրելի եպիսկոպոս, ես այդքան էլ լավ չեմ նամակներ գրելու մեջ»: (Ես, երևիթե, ասել էի դա նրան մի քանի ամիս առաջ:) Իր նամակում նա շարունակում էր. «Շնորհակալություն Church News-ի և մյուս ամսագրերի համար, բայց առավել մեծ շնորհակալություն ձեր անձնական նամակների համար: Ես կյանքի նոր էջ եմ շրջել: Ես կարգվել եմ որպես Ահարոնյան Քահանայության քահանա: Սիրտս հրճվում է: Ես երջանիկ մարդ եմ»:

Եղբայր Բրայսոնից ավելի երջանիկ էր նրաեպիսկոպոսը: Ես սովորեցի այս ասացվածքի գործնական կիրառումը. «Եթե անես դու քո մասը, Տերը կանի մնացածը» (Henry Wadsworth Longfellow, “The Legend Beautiful,” in The Complete Poetical Works of Longfellow [1893], 258):

Տարիներ անց, երբ այցելել էի Սոլթ Լեյք Քոթոնվուդ ցիցը, որտեղ Ջեյմս Ի․ Ֆաուստը ծառայում էր որպես նախագահ, պատմեցի այս պատմությունը, հույս ունենալով արթնացնել մեր ծառայողների հանդեպ ուշադրությունը: Ժողովից հետո գեղեցիկ արտաքինով մի երիտասարդ տղամարդ մոտեցավ ինձ: Նա իմ ձեռքն առավ իր ձեռքի մեջ և հարցրեց. «Եպիկոպոս Մոնսոն, դուք հիշո՞ւմ եք ինձ»:

Հանկարծակի ես հասկացա, ով էր նա: «Եղբայր Բրայսոն», - բացականչեցի ես: «Ինչպե՞ս եք: Ի՞նչ եք անում Եկեղեցում»։

Ջերմությամբ և ակնհայտ հպարտությամբ նա պատասխանեց. «Ես լավ եմ: Ես ծառայում եմ իմ երեցների քվորումի նախագահությունում: Կրկին շնորհակալություն ձեր մտահոգության և անձնական նամակների համար, որոնք ես փայփայում եմ»:

Եղբայրներ, աշխարհը մեր օգնության կարիքն ունի» («Պատրաստակամ և արժանի լինել ծառայելու», Ensign կամ Լիահոնա, մայիս 2012, 68–69):

Նկար
President Thomas S. Monson

«Երբ ես եպիսկոպոս էի, մի կիրակի առավոտ նկատեցի, որ մեր քահանաներից մեկը բացակայում է քահանայության ժողովից: Ես թողեցի քվորումը խորհրդատուի հոգածությանը և գնացի Ռիչարդի տուն: Նրա մայրն ասաց, որ աշխատում էր Վեստ Թեմփլ ավտոսպասարկման կետում:

Ես գնացի այնտեղ, ամենուր փնտրելով Ռիչարդին, սակայն չկարողացա նրան գտնել: Հանկարծ, ես ոգեշնչում ստացա, որպեսզի նայեմ շենքի կողքը գտնվող մեքենաների վերանորոգման համար նախատեսված փոսի մեջ, ուր նախկինում վարպետները մեքենա էին նորոգում: Խավարի մեջ ես կարողացա տեսնել երկու փայլող աչքեր: Ես լսեցի, ինչպես Ռիչարդն ասաց. «Դուք գտաք ինձ, Եպիսկոպոս: Ես դուրս եմ գալիս»: Դրանից հետո նա գրեթե բաց չէր թողնում քահանայության ժողովները:

Նրա ընտանիքը տեղափոխվեց մոտակա ցից: Ժամանակ անցավ, և ես մի օր հեռախոսազանգ ստացա, որն ինձ տեղեկացրեց, որ Ռիչարդը կանչվել է ծառայելու միսիա Մեքսիկայում, իսկ ես հրավիրվում էի ընտանիքի կողմից ելույթ ունենալու նրա հրաժեշտի երեկոյին: Հանդիպմանը, երբ Ռիչարդը փոխադարձ խոսք ասաց, նա նշեց, որ միսիայում ծառայելու իր որոշման շրջադարձային պահը տեղի ունեցավ մի կիրակի առավոտ, ոչ հավաքատանը, այլ երբ նա հայացքը գցեց մութ և կեղտոտղ փոսից վեր և տեսավ իր քվորումի նախագահին՝ ձեռքը մեկնած դեպի իրեն:

Տարիների ընթացքում Ռիչարդը պահպանում էր իր կապը ինձ հետ, պատմելով իր վկայության, ընտանիքի և Եկեղեցում իր հավատարիմ ծառայության, այդ թվում՝ եպիսկոպոսի իր կոչման մասին» (“They Will Come,” Ensign, May 1997, 46):