Սեմինարիա
Տնային ուսումնասիրության դաս. Վարդապետություն և Ուխտեր 36-40, Օհայոյում (Մաս 9)


Տնային ուսումնասիրության դաս

Վարդապետություն և Ուխտեր 36-40, Օհայոյում (Մաս 9)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի համառոտ շարադրանք

Իրադարձությունների, վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը, որոնք ուսանողները սովորեցին, երբ նրանք ուսումնասիրում էին Վարդապետություն և Ուխտերի 36-40 բաժինները և «Օհայոյում» դասը (մաս 9), չի նախատեսվում ուսուցանել որպես ձեր դասի մաս: Դասը, որն ուսուցանում եք, կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ մտածեք ձեր ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Վարդապետություն և Ուխտեր 36-37)

Էդվարդ Պատրիջին տրված հայտնության միջոցով, որը նա ստացավ նախքան իր մկրտությունը, ուսանողներն իմացան, որ քահանայություն կրողները կանչված են քարոզելու ավետարանը և պիտի մաքուր լինեն:

Օր 2 (Վարդապետություն և Ուխտեր 38)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Սրբերին տրված Տիրոջ պատվիրանը` հավաքվել Օհայոյում, նրանք պարզեցին, որ Տերը գիտի բոլոր բաները, որ Նա կարող է զգուշացնել մեզ վտանգից, և որ Նա պատվիրաններ է տալիս մեզ մեր պաշտպանության համար: Նրանք սովորեցին նաև, որ Տերը խոստացավ Սրբերին, որ նրանք կհնազանդվեն Իր պատվիրաններին, նրանք կպատրաստվեն և չեն վախենա:

Օր 3 (Վարդապետություն և Ուխտեր 39-40)

Տերը պատվիրեց Ջեյմս Քովիլ անունով Մկրտական սպասավորին մկրտվել և քարոզել ավետարանի լրիվությունը: Այս ուսուցումից ուսանողները սովորեցին, որ եթե մենք ընդունենք Հիսուս Քրիստոսին, Նա մեզ զորություն կտա դառնալու Իր որդիներն ու Իր դուստրերը: Ուսանողները պարզեցին նաև, որ Տիրոջ խոստացած օրհնությունները պայմանավորված են նրանով, թե որքանով ենք մենք ականջ դնում նրա ձայնին: Ջեյմս Քովիլը մերժեց Տիրոջ մկրտվելու հրավերը։ Ուսանողները սովորեցին, որ վախն ու աշխարհիկ հոգսերը կարող են պատճառ դառնալ, որ մենք մերժենք Աստծո խոսքը:

Օր 4. (Օհայոյում)

Այս դասը ուսանողներին հնարավորություն տվեց ամփոփել 1831-1838 թվականներին Սրբերի փորձառություններն Օհայոյում: Ուսանողները սովորեցին, որ Տերը խոստացավ Օհայոյի Սրբերին, որ հայտնությամբ կտա Իր օրենքը և բարձրից զորությամբ կօժտի նրանց: Բացի այդ, Տերը հայտարարեց, որ Նա կկանչի Սրբերին` քարոզելու ավետարանն աշխարհին: Ուսանողները սովորեցին, թե ինչպես Տերը Սրբերին շնորհեց բազմաթիվ հայտնություններ և կատարեց Իր խոստումները` չնայած ընդդիմությանն ու հալածանքին: Նրանք նաև սովորեցին մի քանի ցավալի իրադարձությունների և Սրբերի դեմ ահագնացող ընդդիմության մասին, երբ վերջիններս Օհայոյում էին:

Նախաբան

Տերը պարզապես չհրահանգեց Սրբերին, այլ Նա խորհուրդ տվեց նրանց այն մասին, թե ինչպես վերաբերվեն միմյանց: Այս դասում ուսանողները կսովորեն Հիսուս Քրիստոսի պատվիրանի մասին` լինել միաբան և արժեվորել մյուսներին` ինչպես մենք արժեվորում ենք ինքներս մեզ:

Ուսուցման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 36-38

Սրբերին պատվիրվում է լինել միաբան

Դասարանը բաժանեք երկու խմբի և յուրաքանչյուր խմբին տվեք բազմազան առարկաներ, որոնք կարող են օգտագործվել շինարարության մեջ (այդ առարկաները կարող են ներառել փայտից փոքր կտորներ, փայտից գավաթներ կամ փայտից փոքր տուփեր): Համոզվեք, որ մի խումբը ստանում է ավելի շատ կամ ավելի մեծ առարկաներ, քան մյուս խումբը:

Գրատախտակի վրա գրեք հետևյալ նախադասությունը. Կառուցեք որքան հնարավոր է բարձր աշտարակ` օգտագործելով այս առարկաները: Մի ասեք, որ այս վարժությունը մրցույթ է կամ անպայման երկու աշտարակպիտի կառուցվի: Ուսանողները հավանաբար կենթադրեն, որ երկու խմբերը մրցում են միմյանց հետ: Եթե նրանք հարցեր տան այն մասին, թե արդյոք նրանք պիտի աշխատեն միասին կամ առանձին խմբերով, պարզապես կրկնեք նպատակը. Նրանք պիտի կառուցեն որքան հնարավոր է բարձր աշտարակ:

Ուսանողներին տվեք մեկ րոպե հանձնարարությունն ավարտելու համար: Հետևելով վարժությանը` խնդրեք նրանց գնահատել, թե ով «հաղթեց»: Երբ ուսանողները կիսվեն իրենց կարծիքներով, տեղեկացրեք նրանց, որ որպեսզի որոշվի, թե որքան լավ են կատարել վարժությունը, նրանք պիտի ուսումնասիրեն Տիրոջ խորհուրդը Սրբերին, երբ նրանք պատրաստվեն տեղափոխվել Օհայո: Հրավիրեք ուսանողներին հետևություններ կատարել այս վարժության, ինչպես նաև իրենց կյանքի վերաբերյալ, երբ նրանք ուսումնասիրեն վաղ շրջանի Սրբերին ուղղված Տիրոջ հրահանգները:

Խնդրեք ուսանողներին վերհիշել, թե ինչու Տերը պատվիրեց Սրբերին հավաքվել Օհայոյում: (Եթե անհրաժեշտ է, խրախուսեք ուսանողներին վերանայել իրենց նշումները Վարդապետություն և Ուխտերի 37–38 բաժինների վերաբերյալ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:) Ուսանողների պատասխանները պետք է ներառեն այն վտանգները, որոնց Սրբերը բախվում էին Նյու Յորքում, ինչպես նաև այն օրհնությունները, որոնք Տերը խոստացավ տալ Իր ժողովրդին, երբ նրանք հավաքվել էին Օհայոյում:

Բացատրեք, որ երբ Տերը հրահանգներ էր տալիս Սրբերին Օհայո տեղափոխվելու վերաբերյալ, Նա խորհուրդ տվեց նրանց այն բանի վերաբերյալ, թե նրանք ինչպես պիտի վերաբերվեն մեկը մյուսին: Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 38․23-25 հատվածները` ուշադրություն դարձնելով այն արտահայտությանը, որն ուսուցանում է, թե մենք ինչպես պիտի վերաբերվենք մեկս մյուսին:

  • Համաձայն Տիրոջ, մենք ինչպես պիտի վերաբերվենք մեկս մյուսին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում` գնահատել մեր եղբայրներին` ինչպես ինքներս մեզ: (Մինչ ուսանողները պատասխանում են, հետևյալ սկզբունքը գրեք գրատախտակին. Մենք պիտի արժեվորենք մյուսներին այնպես, ինչպես արժեվորում ենք ինքներս մեզ:)

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդիկ կարծում են, որ իրենք ավելին արժեն, ավելի լավն են, քան մյուսները:

  • Որպես Եկեղեցու անդամ և անհատ, ինչպիսի օրհնություններ կարող են գալ մեզ, երբ մենք մեզ չենք գերադասում մյուսներից:

Ցույց տվեք նրբաճաշակ գործվածքի և լաթի մեկական կտոր: Հարցրեք ուսանողներին, թե որ գործվածքի հագուստը նրանք կցանկանային կրել: Բացատրեք, որ որպեսզի օգնի Սրբերին հասկանալ այս սկզբունքը, Տերը մի առակ պատմեց նրանց:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 38.26 հատվածը: Մյուսներին խնդրեք հետևել` ուշադրություն դարձնելով, թե մարդն ինչպես էր վերաբերվում իր որդիներին:

  • Ինչպե՞ս կզգայիք, եթե լինեիք այն որդին, որը ցնցոտիներ ստացավ:

  • Իրավիճակն ուղղելու համար ի՞նչ կարող էր անել այն որդին, ով պատմուճան ստացավ: (Նա կարող էր իր ստացածը կիսել այն եղբոր հետ, ով ավելի քիչ էր ստացել:)

  • Ձեր կարծիքով, ո՞րն է մեզ ուղղված Տիրոջ ուղերձը այս առակում:

Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտերի 38.27 հատվածը` փնտրելով, թե ինչ սկզբունք է Տերն ուզում, որ մենք հասկանանք այս առակից: Գրեք հետևյալ սկզբունքը գրատախտակին` առաջին սկզբունքի կողքին. Եթե մենք մեկ չենք, ապա Տիրոջ ժողովուրդը չենք: (Կարող եք առաջարկել, որ ուսանողներն իրենց սուրբ գրություններում նշեն այն բառերը, որոնք ուսուցանում են այդ սկզբունքը։)

  • Հատված 27-ի համատեքստում ի՞նչ է նշանակում «լինել մեկ»: (Միասնական լինել մյուսների և Տիրոջ հետ արդարությամբ:)

  • Մյուսներին արժեվորելով այնքանով, որքանով մենք ենք մեզ արժեվորում, ինչպե՞ս կարող է մեզ օգնել դառնալ մեկ: Ինչպե՞ս կարող է սա օգնել մեզ դառնալ մեկ Տիրոջ հետ:

  • Ձեր կարծիքով, մենք ինչո՞ւ չենք կարող լինել Տիրոջ ժողովուրդը, եթե մենք մեկ չենք:

Բացատրեք, որ Եկեղեցու վաղ շրջանի անդամները, ովքեր կանչված էին հավաքվելու Օհայոյում, ունեին տարբեր ծագումներ: Ոմանք հաջողակ ֆերմերներ էին և հարգված իրենց համայնքներում, մինչդեռ մյուսներն ունեին քիչ ունեցվածք և սոցիալական ավելի ցածր կարգավիճակ:

  • Ինչպե՞ս կարող էին գրատախտակին գրված սկզբունքներն օրհնել Սրբերին, երբ նրանք հավաքվեցին Օհայոյում Եկեղեցու այլ անդամների հետ:

Անդրադարձեք դասի սկզբում կատարած աշտարակի կառուցման վարժությանը: Խնդրեք ուսանողներին վերաձևակերպել վարժության նպատակը (կառուցել որքան հնարավոր է բարձր աշտարակ):

  • Արդյո՞ք մենք կառուցել ենք աշտարակը, որքան հնարավոր է բարձր: (Եթե երկու խմբերը միացնեին իրենց տրված առարկաները, կկառուցեին որքան հնարավոր է` բարձր աշտարակ: Եթե խմբերն աշխատեին առանձին, նրանք կարող էին հաստատել, որ կառուցել են իրենց աշտարակը որքան հնարավոր է բարձր` օգտագործելով իրենց ունեցածը:)

  • Հիմնվելով Վարդապետություն և Ուխտերի 38 բաժնում Սրբերին տված Տիրոջ խորհրդին, ո՞րն է ամենաբարձր աշտարակ կառուցելու ամենալավ ուղին: (Միավորվել, դառնալ մեկ խումբ և միացնել մեզ տրված նյութերը` մի աշտարակ կառուցելու համար:)

  • Որո՞նք են այն մի քանի իրավիճակները կյանքում, որտեղ մենք կարող ենք գայթակղվել` մտածելով մեր շահերի մասին և ոչ թե կառուցելու կամ բարձրացնելու մեզ շրջապատողներին:

Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգի հետևյալ հայտարարությունը. Դասարանին խնդրեք ուշադրություն դարձնել, թե ինչպե՞ս է մեկ լինելու պատվիրանը կապված Աստծո` Իր ժողովրդին տված պատվիրանի հետ` հավաքվել միասին: Կարող եք յուրաքանչյուր ուսանողի տրամադրել այդ հայտարարության մեկական օրինակ։

Նկար
Նախագահ Հենրի Բ. Այրինգ

Մենք փորձից գիտենք, որ ուրախությունը գալիս է, երբ մենք օրհնված ենք միասնությամբ: Մեր հանդեպ ունեցած սիրուց է, որ Երկնային Հայրը բաղձում է շնորհել մեզ միաբանվելու այդ սուրբ ցանկությունը:

Նա չի կարող պարգևել դա մեզ որպես անհատներ: Միասնության ուրախությունը, որը Նա մեծապես ցանկանում է տալ մեզ, անհատական չէ: Մենք պետք է մյուսների հետ միասին փնտրենք այն և արժանի լինենք դրան: Զարմանալի չէ, որ Աստված կոչ է անում մեզ խմբավորվել, որպեսզի օրհնի մեզ: Նա ցանկանում է, որ մենք խմբավորվենք ընտանիքներով: Նա հիմնել է դասարաններ, ծխեր և ճյուղեր, և պատվիրել է մեզ հաճախ հանդիպել: Այդ հավաքները, որոնք Աստված նախատեսել է մեզ համար, մեծ հնարավորություններ են բացում մեզ համար: Մենք կարող ենք աղոթել և աշխատել միասնության համար, որը կբերի մեզ ուրախություն և կբազմապատկի մեր ծառայելու ուժը» («Մեր սրտերը միահյուսված որպես մեկ», Լիահոնա, Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 69):

  • Համաձայն Նախագահ Այրինգի, Տերն ինչո՞ւ է ցանկանում, որ մենք հավաքվենք միասին:

  • Ըստ նրա խոսքերի, որո՞նք են այն օրհնությունները, որ միասնությունը կբերի մեզ:

  • Նախագահ Այրինգի հայտարարությունն ինչպե՞ս է օգնում մեզ հասկանալ, թե ինչո՞ւ ենք մենք հավաքվում ընտանիքներով: Իսկ որպես Եկեղեցու անդամնե՞ր: Իսկ որպես սեմինարիայի դասարա՞ն:

  • Ինչպե՞ս եք դուք զգացել այն օրհնությունները, որոնք գալիս են մյուսների հետ միասին հավաքվելուց:

Հրավիրեք ուսանողներին իրենց օրագրերում գրառումներ կատարել այն մասին, թե ինչ կարող են նրանք անել, որպեսզի մեկ լինեն իրենց ընտանիքների հետ, երիտասարդ տղամարդկանց և կանանց հետ` Եկեղեցու իրենց քվորումներում և դասարաններում, ինչպես նաև Տիրոջ հետ: Բավարար ժամանակ տրամադրելուց հետո հանձնարարեք մի քանի ուսանողների կիսվել իրենց գրածով։ Կարող եք ավելացնել ձեր վկայությունն այն օրհնությունների մասին, որոնք գալիս են միմյանց հետ մեկ լինելուց և նրանց այնպես արժեվորելուց, ինչպես արժեվորում ենք ինքներս մեզ:

Վարդապետություն և Ուխտեր 39-40

Տերը հրավեր է հղում Ջեյմս Քովիլին

Հրավիրեք ուսանողներին վերանայել, թե ով էր Ջեյմս Քովիլը և ի՞նչ պատահեց նրան` կարդալով Վարդապետություն և Ուխտերի 39 և 40 բաժինների առաջաբանները: 1831 թվականի հունվարի 5-ին Տերը պատվիրեց Ջեյմս Քովիլին մկրտվել (տես ՎևՈւ 39.10): Սակայն նա չպահեց Աստծո պատվիրանին հնազանդվելու իր խոստումը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտերի 40.1-3 հատվածները: Ուսանողներին խնդրեք պատմել, թե ինչու Ջեյմս Քովիլը մերժեց այն հրավերը, որը Տերը տվեց նրան: Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել այս հատվածներից իրենց սովորածով` Տիրոջ հետ կապած իրենց ուխտերը պահելու կարևորության մասին:

Հաջորդ մասը (Վարդապետություն և Ուխտեր 41-44)

Որպեսզի ուսանողներին նախապատրաստեք եկող շաբաթվա Վարդապետություն և Ուխտերի 41-44 բաժինների ուսումնասիրությանը, կարող եք հրավիրել նրանց` մտածել հետևյալի մասին. «Որո՞նք են ցանկասիրության վտանգները»: Մենք ինչպե՞ս պիտի ուսուցանենք Տիրոջ Եկեղեցում: Ինչպիսի՞ն կլինի մահը նրանց համար, ովքեր արդար են: Բացատրեք, որ հաջորդ մասում ուսանողները հնարավորություն կունենան սովորել Տիրոջ պատասխաններն այս հարցերին, ինչպես նաև կիմանան Տիրոջ նվիրաբերման օրենքի մասին: