Սեմինարիա
Դաս 56. Վարդապետություն և Ուխտեր 49


Դաս 56

Վարդապետություն և Ուխտեր 49

Նախաբան

Լեման Քոփլին, եկեղեցու նորադարձներից, ցանկանում էր, որ միսիոներներն ավետարանը քարոզեին նրա նախկին կրոնական խմբի անդամներին` շեյքերներին: Սակայն, նա շարունակում էր հետևել այդ կրոնի որոշ սխալ համոզմունքներին: Մտահոգված Լեմանի երկարատև համոզմունքներով, Ջոզեֆ Սմիթն այդ մասին հարցրեց Տիրոջը մայիսի 7-ին, 1831թ., և ստացավ հայտնություն, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 49 բաժնում:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 49․1-4

Տերը կանչում է Սիդնի Ռիգդոնին, Փարլի Պ. Պրատին և Լեման Քոփլիին` քարոզելու շեյքերներին:

Դասից առաջ կապկի մի թակարդ պատրաստեք, կամ նկարեք համապատասխան նկարը գրատախտակին: Կապկի թակարդ պատրաստելու համար վերցրեք կափարիչ ունեցող մի արկղ: Ամրացրեք կափարիչը արկղին և արկղի կողմերից մեկում մի անցք բացեք, այնպիսին, որ ուսանողը կարողանա ձեռքը մտցնել ներս, բայց ոչ`բռունցքը: Որևէ միրգ կամ գնդակ դրեք արկղի ներսում:

Նկար
Անցքով արկղը

Հարցրեք ուսանողներին, թե արդյոք գիտե՞ն ինչպես կապիկ բռնել: (Եթե նրանք գիտեն այս մեթոդը հրավիրեք նրանց բացատրել դասարանի մյուս անդամներին: Երբ պատրաստեք թակարդը, կարող եք հրավիրել մի ուսանողի ցույց տալ, թե ինչպես են բռնվում): Ասացեք, որ կապկին ծուղակը գցելու եղանակներից մեկը` նրա համար ցանկալի մի առարկա դնելն է արկղի մեջ, որը բավականաչափ մեծության մի անցք ունի, որպեսզի կապիկն իր ձեռքը կարողանա ներս մտցնել: Երբ կապիկը հափշտակում է առարկան, նա չի կարողանում դուրս հանել բռունցքը, քանի որ առարկայի մեծությունն իր բռունցքում թույլ չի տալիս, որ այն անցքով անցնի: Առարկան բաց չթողնելու իրենց վճռականությամբ որոշ կապիկներ թույլ կտան բռնել իրենց:

Ուսանողներին հանձնարարեք մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 49 բաժնի նախաբանը և տեսնել, թե նկարագրված իրավիճակն ինչով է նման կապկի թակարդին: Երբ ուսանողները նշեն, որ Լեման Քոփլին պայքարում էր թողնել շեյքերների որոշ համոզմունքները, խնդրեք ուսանողներին թվարկել շեյքերների համոզմունքներից մի քանիսը:

Երբ ուսանողները խոսում են, գրեք նրանց պատասխանները գրատախտակին` ինչպես ցույց է տրված ստորև: Մի ներառեք «Տիրոջ վարդապետությունը» կոչվող սյունակը: Դուք կավելացնեք այդ սյունակն ավելի ուշ` այս դասի ժամանակ:

Շեյքերների համոզմունքները

Տիրոջ վարդապետությունը

  1. Քրիստոսի երկրորդ գալուստն արդեն տեղի էր ունեցել:

ՎևՈւ 49.5-8

  1. Քրիստոսը հայտնվել էր մի կնոջ` Աննա Լիի տեսքով:

ՎևՈւ 49.22-25

  1. Ջրով մկրտությունն էական չէր համարվում:

ՎևՈւ 49.11-14

  1. Նրանք մերժում էին ամուսնությունը և հավատում էին բացարձակ ամուրի կյանքով ապրելուն (զերծ մնալով ամուսնական և սեռական հարաբերություններից):

ՎևՈւ 49.15-17

  1. Որոշ շեյքերներ արգելում էին խոզի միս ուտելը:

ՎևՈւ 49.18-21

Եթե ուսանողները հետաքրքրվեն շեյքեր բառով, բացատրեք, որ Քրիստոսի երկրորդ հայտնվելուն հավատացողների միացյալ ընկերության անդամները, սովորաբար, շեյքերներ էին կոչվում` նրանց երկրպագելու ոճի պատճառով, որի ժամանակ երգելիս ու պարելիս թափահարում էին իրենց մարմինները և ծափահարում` երաժշտության տակ:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 49.1–4 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով թե ինչ բացահայտեց Տերը շեյքերների վերաբերյալ:

  • Ինչպե՞ս է նկարագրել Տերը շեյքերներին: (Տես հատված 2):

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում «փափագում են իմանալ ճշմարտությունը մասամբ, ոչ ամբողջովին»: (Նրանք ընդունել են Աստծո ուսմունքներից մի քանիսը, բայց մյուսները մերժել են):

  • Ինչպե՞ս կարող են եկեղեցու անդամները նմանատիպ մոտեցում ունենալ մեր օրերում:

Գրեք հետևյալ անավարտ նախադասությունը գրատախտակին. Տիրոջ առաջ ճիշտ լինել նշանակում է …

Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կավարտեին այս սկզբունքը` 2-րդ հատվածում գրված Տիրոջ խոսքերով: Երբ ուսանողները պատասխանում են, ավարտեք գրատախտակին գրված սկզբունքը. Տիրոջ առաջ ճիշտ լինել նշանակում է ձգտել ստանալու ամբողջ ճշմարտությունը, որ Նա բացահայտել է: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս սկզբունքն իրենց սուրբ գրություններում, 2 հատվածի կողքի լուսանցքում: Նշեք, որ երբ մենք սրտանց ցանկանում ենք իմանալ ճշմարտությունը, ապա մենք նաև ցանկանում ենք ապրել համաձայն այդ ճշմարտության:

  • Ինչո՞ւ Լեման Քոփլին խորհրդի կարիք ուներ հատված 2-ում: Ինչպե՞ս կարող է այս սկզբունքն օգտակար լինել մեզ համար:

  • Ի՞նչ օրհնություններից կարող է զրկվել մարդն, ընդունելով ճշմարտության միայն մի մասը:

Անդրադարձեք կապկի թակարդին: Խնդրեք ուսանողներին թվարկել մի քանի թակարդներ, որ կարող են դրդել մարդկանց մերժելու Աստծո որոշ ուսմունքները, գործողություններ և նախասիրություններ, որոնք մարդկանց մոտ կախում առաջացնելով հետ են պահում նրանց Տիրոջ առաջ ճիշտ լինելուց: (Որոշ օրինակներ կարող են լինել կործանարար սովորության արդարացումը, այնպիսի երաժշտություն լսելը, որը վանում է Հոգին, կիրակի օրն այնպիսի միջոցառումների մասնակցելը, որոնք հարիր չեն հանգստյան օրվան, աշխարհի փիլիսոփայություններն ու ուսմունքներն Աստծո ուսմունքներից բարձր դասելը, և մարդկանց ներելու պատվիրանը չընդունելը):

  • Որո՞նք են այդպիսի գործողությունների և վարվելակերպի որոշ հետևանքները: Ինչո՞վ է սա նման թակարդի:

Հրավիրեք ուսանողներին մտածել, թե նրանք ինչից կարող են հրաժարվել, որպեսզի ստանան բոլոր օրհնությունները, որոնք Երկնային Հայրը նախատեսել է նրանց համար: Կարող եք քաջալերել նրանց նպատակ դնել` հրաժարվել ինչ-որ բանից, որը հետ է պահում նրանց Տիրոջ առաջ ճիշտ լինելուց:

Վարդապետություն և Ուխտեր 49․5-28

Տերը ուղղում է շեյքերների սխալ վարդապետությունը և պատվիրում Իր ծառաներին հրավիրել նրանց ապաշխարելու և մկրտվելու:

Հիշեցրեք ուսանողներին, որ Տերը պատվիրել էր Լեման Քոփլիին, Սիդնի Ռիգդոնին և Փարլի Պ. Պրատին ավետարանը քարոզել շեյքերներին (տես ՎևՈւ 49.1–4): Բացատրեք, որ այս հրահանգը ստանալուց առաջ, Լեման Քոփլին «մտահոգ էր, որ երեցներից ոմանք պետք է գնային իր նախկին եղբայրների [շեյքերների] մոտ և քարոզեին ավետարանը»(Histories, Volume 2: Assigned Histories, 1831–1847, vol. 2 of the Histories series of The Joseph Smith Papers [2012], 37): Երբ երեցները գնացին շեյքերների մոտ, նրանք բարձրաձայն կարդացին նրանց Վարդապետություն և Ուխտեր 49 բաժնում գրված հայտնությունը:

Գրատախտակի վրա արտագրեք այս դասի սկզբում անցած աղյուսակի երկրորդ սյունակը:

Դասարանը բաժանեք հինգ խմբերի: Յուրաքանչյուր խմբին հանձնարարեք գրատախտակին գրված սուրբ գրության հատվածներից մեկը: (Եթե դասարանը փոքր է, բաժանեք հատվածները ուսանողների մեջ և դասարանի հետ միասին քննարկեք դրանք): Հրավիրեք ուսանողներին կարդալ իրենց հանձնարարված հատվածները, գտնելով վարդապետություններ և սկզբունքներ, որոնք ուղղում են շեյքերների սխալ ուսմունքները:

Երբ ուսանողները ժամանակ կունենան ուսումնասիրելու սուրբ գրութունների այս հատվածները, հրավիրեք նրանց քննարկել այս հարցերը խմբերով և պատրաստվել ներկայացնել իրենց պատասխանները դասարանին:

  • Ո՞ր վարդապետություններն ու սկզբունքները կարիք ունեին հասկանալու շեյքերներն ու Լեման Քոփլին:

  • Ինչպե՞ս են ձեզ հանձնարարված հատվածները բացատրում այս ճշմարտությունները:

Երբ խմբերը բավականաչափ ժամանակ կունենան կարդալու և քննարկելու իրենց հանձնարարված հատվածները, յուրաքանչյուր խմբից մի ուսանողի հրավիրեք պատասխանելու այս հարցերին դասարանի համար: Կարող եք առաջարկել ուսանողներին նշել իրենց գրքերում այն հատվածները, որոնք ուսուցանում են իրենց սովորած ճշմարտությունները:

Ուսանողները պետք է հիշատակեն հետևյալ վարդապետություններն ու սկզբունքները: (Ուշադրություն դարձրեք, որ այդ ճշմարտությունները համարակալված են, որպեսզի համապատասխանեն գրատախտակին գրված սխալ ուսմունքների ցանկին): Երբ ուսանողներն արտաբերեն այս ճշմարտությունները, կարող եք հարցեր տալ նրանց հետագա քննարկումը խթանելու համար:

  1. Վարդապետություն և Ուխտեր 49.7-ում ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ վարդապետությունը. Ոչ մեկը բացի Աստծուց չգիտի, թե երկրորդ գալուստը երբ է լինելու:

  2. Վարդապետություն և Ուխտեր 49.22–25 հատվածներից սկզբունքը, որ ուսանողները պետք է բացահայտեն հետևյալն է. Եթե մենք իմանանք երկրորդ գալուստի նշանները, մենք չենք խաբնվի կեղծ հայտարարություններով:

    • Որո՞նք են 23–25 հատվածներում նշված որոշ նշանները: (Կարող եք բացատրել, որ 24 հատվածում հանդիպած Հակոբ անունը Իսրայելի տունն է ներկայացնում): Ինչպե՞ս եք տեսնում այս նշանները մեր օրերում:

  3. Վարդապետություն և Ուխտեր 49.11–14 հատվածներից ուսանողները պետք է բացահայտեն հետևյալ սկզբունքը. Հիսուս Քրիստոսը պատվիրել է Իր ծառաներին կոչ անել մարդկանց` հավատալ Իրեն, ապաշխարել, մկրտվել և ստանալ Սուրբ Հոգու պարգևը:

    • Ինչո՞ւ եք դուք երախտապարտ, որ մկրտվել եք և ստացել եք Սուրբ Հոգու պարգևը: Ինչո՞ւ եք ձգտում օգնել ուրիշ մարդկանց ստանալու այս արարողությունները:

  4. Վարդապետություն և Ուխտեր 49.15–17 հատվածներից ուսանողները պետք է ճանաչեն հետևյալ մեկ կամ մեկից ավել վարդապետությունները. Ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև կարգված է Աստծուց և ամուսիններին ու կանանց պատվիրված է մեկ լինել և ունենալ երեխաներ: Հարկավոր կլինի բացատրել արտահայտությունը. «որպեսզի երկիրը կատարի իր ստեղծման նպատակը. և որպեսզի այն լրացնի մարդկանց քանակը»: Այս հատվածն ուսուցանում է, որ երկրի արարման նպատակներից մեկը տեղ ապահովելն է, որտեղ Աստծո զավակները կարող են ապրել որպես ընտանիքներ:

    • Ի՞նչ նպատակներ է իրականացնում Երկնային Հոր ծրագրում ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև:

    • Ի՞նչ կերպ է հակասում Երկնային Հոր ծրագրին ամուսնանալն արգելելը:

    • Համաձայն 16 հատվածի, Աստված հաստատում է ավանդական ամուսնությունը տղամարդու և կնոջ միջև: Ի՞նչ եղանակներով են մարդիկ փորձում ծաղրել կամ ոչնչացնել ավանդական ամուսնությունը:

    • Ի՞նչ կարող են երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք անել հիմա` պատրաստվելու համար սելեստիալ ամուսնությանը:

  5. Վարդապետություն և Ուխտեր 49.18–21 հատվածներում ուսանողները պետք է ճանաչեն հետևյալ վարդապետությունը. Տերը տվել է երկրի կենդանիներին մեր օգտագործման համար: (Եթե կարիք կա, կարող եք բացատրել հագուստ բառը):

    • Ի՞նչ զգուշացում կա 21 հատվածում: Ձեր կարծիքով, ինչո՞ւ Տերը գոհ չէ նրանցից, ովքեր անտեղի սպանում են կենդանիներին:

Պատմեք, որ շեյքերները և Լեման Քոփլին չհետևեցին Տիրոջ խորհրդին: Շեյքերները մերժեցին միսիոներների ուղերձը և Լեման Քոփլին վերադարձավ իր նախկին համոզմունքներին և հեռացավ եկեղեցուց:

Ամփոփեք, խնդրելով մի ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 49.26–28 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, փնտրելով Տիրոջ խորհուրդն ու խոստումները: (Կարող եք բացատրել, որ թիկնապահը այն մեկն է, ով մեկ ուրիշին պաշտպանում է թիկունքից):

Հրավիրեք ուսանողներին կրկին կարդալ այս հատվածները մտքում և մտածել, թե ինչպես են Տիրոջ խորհուրդն ու խոստումները վերաբերում անհատապես իրենց: Կիսվեք ձեր վկայությամբ օրհնությունների մասին, որոնք ստանում ենք, երբ փնտրում ենք Տիրոջ ուսմունքները և հետևում դրանց:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 49.2: Փափագում են «իմանալ ճշմարտությունը մասամբ»

Յոթանասունից երեց Գլեն Լ. Փեյսը խոսել է մարգարեական խորհրդին մասնակի հնազանդվելու վտանգի մասին.

Նկար
Երեց Գլեն Լ․ Փեյս

«Մեր անդամներից ոմանք ցուցաբերում են մասնակի հնազանդություն: Մարգարեն այնպիսի մեկը չէ, ով ներկայացնում է ճշմարտության տեսականի, որից մենք ազատ ենք ընտրություն կատարել: Սակայն, որոշ անդամներ դառնում են քմահաճ և առաջարկում մարգարեին փոխել մենյուն: Մարգարեն հարցում չի անցկացնում, տեսնելու համար, թե հանրային կարծիքի քամին որ կողմն է փչում: Նա Տիրոջ կամքն է հայտնում մեզ: Աշխարհը լի է քայքայվող եկեղեցիներով, որոնք զիջել են հասարակական կարծիքին և ավելի նվիրված են դարձել իրենց անդամների ականջների համար հաճելի լինելուն, քան Աստծո օրենքներին հնազանդվելուն:

1831 թվականին, որոշ նորադարձներ ուզում էին իրենց հետ եկեղեցի բերել իրենց նախկին ուսմունքներից մի քանիսը: Մեր խնդիրն այսօր այն անդամների հետ է, ովքեր կարծես շատ խոցելի են հասարակության միտումների նկատմամբ (և իրենց մատնացույց անողների), ուստի, ցանկանում են, որ եկեղեցին փոխի իր դիրքորոշումը` հարմարվելով նրանց: Ցանկապատի մյուս կողմում աճող վարդապետական խոտը շատ կանաչ է թվում նրանց:

1831թ. տված Տիրոջ խորհուրդն արդիական է այսօր. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրանք փափագում եմ իմանալ ճշմարտությունը մասամբ, ոչ ամբողջովին, քանզի նրանք ճիշտ չեն իմ առաջ և անպայման պետք է ապաշխարեն»: ( ՎևՈւ 49.2):

Մենք պետք է ընդունենք լիարժեք ճշմարտությունը, այսինքն՝ ամբողջությամբ, «Աստծո սպառազինությունը հագնենք» (Եփես. Զ.11), և սկսենք աշխատել` կառուցելով թագավորությունը: Մեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն հարց կարող է տալ. «Արդյո՞ք մեր օրերում` ժամանակների լրության այս տնտեսությունում ես ունեմ զգալի ներդրում թագավորության կառուցման գործում»: (“Follow the Prophet,” Ensign, May 1989, 26–27).

Վարդապետություն և Ուխտեր 49.7: «Բայց ժամը և օրը ոչ մի մարդ չգիտի»

Կարող եք կիսվել մարգարե Ջոզեֆ Սմիթի հետևյալ խոսքերով, որոնք զգուշացնում են նրանց մասին, ովքեր պնդում են, թե գիտեն Փրկչի երկրորդ գալուստի ժամանակը. «Հիսուս Քրիստոսը երբեք չէր բացահայտել որևէ մարդու Իր գալու ճշգրիտ ժամանակը [տես Մատթ. ԻԴ.36; ՎևՈւ 49.7]: Գնացեք և կարդացեք սուրբ գրությունները և դուք չեք կարող գտնել ոչ մի բան, որ հստակեցնում է Նրա գալու ճշգրիտ ժամը և ովքեր որ ասում են դա, կեղծ ուսուցիչներ են» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 253):

Վարդապետություն և Ուխտեր 49․15-17: «Ամուսնությունն Աստծու կողմից է կարգված»

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին անդրադառնալով տղամարդու և կնոջ միջև ամուսնությանն ասել է.

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

Ի՜նչ հրաշալի բան է ամուսնությունը մեր Հավիտենական Հոր ծրագրում, մի ծրագիր, որ տրվել է Նրա աստվածային իմաստությամբ Նրա զավակների երջանկության և ապահովության, ինչպես նաև սերունդների շարունակության համար:…

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը մի անգամ ասել է, «որ ոչ մի մարդ չի կարող փրկվել և վեհանալ Աստծո թագավորությունում` առանց կնոջ, և ոչ մի կին չի կարող հասնել կատարելության և վեհացման Աստծո թագավորությունում, լինելով միայնակ:… Աստված կարգել է ամուսնությունը ի սկզբանե: Նա ստեղծեց մարդուն իր պատկերով և նմանությամբ, տղամարդու և կնոջ, և նրանց արարումով նախատեսված էր, որ նրանք պետք է միավորվեն ամուսնության սուրբ կապով, և մեկը կատարյալ չի առանց մյուսի»: (In Conference Report, April 1913, p. 118):

Անշուշտ, կարդալով սուրբ գրություններն, ինչպես հին, այնպես էլ` ժամանակակից, ոչ ոք չի կարող կասկածի տակ առնել ամուսնության աստվածային բնույթը: Կյանքի ամենաքաղցր զգացմունքները, մարդկային սրտի ամենաառատ ու գոհացնող ազդակներն, իրենց դրսևորումն են գտնում ամուսնության մեջ, որ կանգնած է մաքուր ու անարատ` աշխարհի չարիքից վեր:

Այսպիսի ամուսնությունը, կարծում եմ, ցանկություն է, որի համար հույս ունեն, որին ձգտում են և որի համար աղոթում են տղամարդիկ ու կանայք` ամենուրեք» (“What God Hath Joined Together,” Ensign, May 1991, 71):

Ինչպես նշվում է հետևյալ հայտարարության մեջ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին չի ընդունում և չի արդարացնում միասեռ ամուսնությունը.

«Եկեղեցին ունի սեռական բարոյականության մեկ, անշեղ սկզբունք` ինտիմ հարաբերություններ պետք է լինեն միայն ամուսնական կապով միավորված ամուսնու և կնոջ միջև:

Միասեռ ամուսնությանն ընդդեմ լինելը չի նշանակում, որ Եկեղեցին թշնամանք է տածում համասեռամոլ տղամարդկանց և կանանց հանդեպ: Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը պաշտպանելը չի ազդում բոլոր մարդկանց հանդեպ եկեղեցու անդամների քրիստոնեական պարտավորությունների` սիրո, բարության և մարդասիրության վրա:… Մենք կարող ենք անկեղծ սեր ու ընկերություն ցուցաբերել միասեռական ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ նկատմամբ, առանց ընդունելու համասեռամոլությունը կամ ամուսնության որևէ այլ սահմանում» (“The Divine Institution of Marriage,” mormonnewsroom.org):

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է.

Նկար
Նախագահ Գորդոն Բ․ Հինքլի

«Մարդիկ հարցնում են մեր տեսակետն այն մարդկանց վերաբերյալ, ովքեր իրենց համարում են, այսպես կոչված, գեյեր և լեսբուհիներ: Իմ պատասխանն է, որ մենք սիրում ենք նրանց, որպես Աստծո որդիներ և դուստրեր: Նրանք կարող են ունենալ որոշակի հակումներ, որոնք շատ ուժեղ են և դրանք դժվար է վերահսկել: Շատ մարդիկ տարբեր ժամանակներում ունենում են այս կամ այն հակումը: Եթե նրանք չեն տրվում այդ հակումներին, ապա կարող են առաջ գնալ, ինչպես եկեղեցու մյուս բոլոր անդամները: Եթե նրանք խախտում են մաքրաբարոյության օրենքը և եկեղեցու բարոյական չափանիշները, ապա նրանք, մյուսների նման, ենթակա են եկեղեցու կարգապահական գործընթացին» (“What Are People Asking about Us?” Ensign, Nov. 1998, 71):

Վարդապետություն և Ուխտեր 49.18-21: Կենդանիները կարգված են «մարդու օգտագործման համար»

Նախագահ Բոյդ Ք. Փաքերը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, ուսուցանել է.

Նկար
President Boyd K. Packer

«Երիտասարդնե՛ր, առողջության և սննդի հարցում սովորեք կիրառել չափավորություն և ողջամտություն, հատկապես` դեղորայքի հարցում: Խուսափեք ծայրահեղ կամ մոլեռանդ լինելուց, կամ ձեռք բերելուց կախվածություն:

Օրինակ, Իմաստության Խոսքը մեզ խորհուրդ է տալիս միսն ուտել խնայողաբար (տես ՎևՈւ 89.12): Որպեսզի ոչ մեկ չդառնա ծայրահեղական, մեզ մեկ այլ հայտնությամբ ասվել է, որ «ով արգելում է [ուտել միս] կարգված չէ Աստծուց» (ՎևՈւ 49.18)” (“The Word of Wisdom: The Principle and the Promises,” Ensign, May 1996, 18):