Սեմինարիա
Դաս 48. Վարդապետություն և Ուխտեր 42.30-42


Դաս 48

Վարդապետություն և Ուխտեր 42․30-42

Նախաբան

1831թ. սկզբին Նյու Յորքում ապրող սրբերի մեծամասնությունը, այդ թվում Ջոզեֆ Սմիթը, արտագաղթեցին Օհայո` այնտեղ միանալով նոր մկրտված անդամների մեծ խմբին: Եկեղեցու ղեկավարները Տիրոջից առաջնորդություն խնդրեցին աճող եկեղեցու վերաբերյալ: Մարգարե Ջոզեֆ Սմիթը 12 երեցների ներկայությամբ հայտնություն ստացավ, որն այժմ գրված է Վարդապետություն և Ուխտեր 42.1–73 հատվածներում: Այս հայտնությամբ Տերը ներկայացրեց աշխարհիկ, տնտեսական և հոգևոր օրենքներ, որոնք կառաջնորդեին եկեղեցու անդամներին օգնել աղքատներին, ֆինանսավորել եկեղեցու տարբեր նախաձեռնությունները և աջակցել Օհայո եկած մյուս սրբերին:

Ուսուցանման առաջարկներ

Վարդապետություն և Ուխտեր 42․30-42

Տերը սահմանում է նվիրաբերման օրենքը

Նախքան դասը, ժապավենի կամ մարկերի օգնությամբ վեցը դատարկ բաժակների վրա գիծ գծեք: Բաժակների վրա գծված գծերը տարբեր բարձրությունների վրա արեք: Բաժակները բերեք դասարան: Բերեք նաև սափոր, որում բավական ջուր կլինի, որ բոլոր բաժակները լցվեն մինչև նրանց վրա գծված գծերը: (Ցանկության դեպքում ջուրը կարող եք գունավորել, որպեսզի ուսանողները կարողանան հեշտությամբ այն տեսնել):

Դասի սկզբում ցույց տվեք սափորը: Ասացեք ուսանողներին, որ ջուրը ներկայացնում է համայնքի ողջ հարստությունն ու միջոցները:

Բացատրեք, որ 1831թ. փետրվարին Կիրթլենդի, Օհայո, եկեղեցու անդամները կարիք ունեին հոգ տանելու աղքատների համար, աջակցելու նոր բնակիչներին, ովքեր մեծ զոհաբերությունների գնով էին տեղափոխվել Օհայո, և օգնելու ֆինանսավորել եկեղեցու գործառույթները:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.30 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով թե ինչ բացահայտեց Տերը աղքատների վերաբերյալ:

  • Ի՞նչ եք կարծում, ինչ է նշանակում «հիշել աղքատներին»:

Նշեք, որ Տերը պատվիրել է սրբերին նվիրաբերել իրենց ունեցվածքից աղքատներին աջակցելու համար: Գրատախտակին գրեք Նվիրաբերել բառը: Խնդրեք ուսանողներին խորհել հետևյալ հարցի շուրջ.

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում նվիրաբերել:

Գրատախտակին գրեք նվիրաբերել բառի հետևյալ սահմանումը, տրված Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի կողմից. Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս սահմանումը իրենց սուրբ գրություններում 30 հատվածի կողքի լուսանցքում:

Նկար
Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

«Նվիրաբերել նշանակում է ի սպաս դնել կամ նվիրագործել ինչ-որ սրբազան բան, սուրբ նպատակների համար» (“Reflections on a Consecrated Life,” Ensign կամ Լիահոնա, Նոյ. 2010, 16):

  • Ձեր կարծիքով, ինչպե՞ս է այս սահմանումը վերաբերում կարիքավորներին օգնելու համար ինչ-որ բան տալու գործողությանը:

  • Ինչպե՞ս կամփոփեք 30 հատվածում տրված Տիրոջ պատվիրանը, կապված կարիքավորների հետ: (Թեև ուսանողները կարող են տարբեր բառերով բացատրել, նրանց պատասխանները պետք է պարունակեն հետևյալ վարդապետությունը. Տերը պատվիրում է մեզ հոգ տանել աղքատների և կարիքավորների համար: Որպես այս զրույցի մի մաս կարող եք հրավիրել ուսանողներին վերանայել Վարդապետություն և Ուխտեր 38.16, 34–36 հատվածները:

Բացատրեք, որ Վարդապետություն և Ուխտեր 42 բաժինը պարունակում է Նվիրաբերման Օրենք կոչվող օրենքի սկզբունքները: Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այս հիմնական սկզբունքները, հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահության Նախագահ Մարիոն Գ. Ռոմնիի հետևյալ բացատրությունը.

Նկար
Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնի

«Նվիրաբերման օրենքի հիմնական սկզբունքն ու հիմնավորումն այն է, որ մեր ունեցած ամեն ինչը պատկանում է Տիրոջը, հետևաբար, Տերը կարող է պահանջել մեզանից մեր ունեցվածքից որևէ բան կամ ամբողջը, ինչ մենք ունենք, քանի որ դա պատկանում է Իրեն»:… (ՎևՈւ 104.14–17, 54–57) (J. Reuben Clark, Jr., in Conference Report, Oct. 1942, p. 55)” (“Living the Principles of the Law of Consecration,” Ensign, Feb. 1979, 3):

Նշում. Այս առարկայական դասը նվիրաբերման օրենքի պարզ ներկայացումն է, ինչպիսին որ այն կար եկեղեցում մինչև 1833թ.: Այս ժամանակից հետո եկեղեցին փոխեց այդ կարգը: Նվիրաբերման օրենքի կիրառման մի քանի փուլեր եղան, իսկ հետագա տարիների ընթացքում տեղի ունեցան փոփոխություններ:

Հրավիրեք վեց ուսանողների կանգնել դասարանի առաջ: Նրանցից յուրաքանչյուրին մի դատարկ բաժակ տվեք: Սափորից ջուր լցրեք այդ բաժակների մեջ: Բաժակներից մեկը լցրեք մինչև ձեր գծած գիծը, երեքը` լցրեք գծից բարձր և երկուսը` լցրեք գծից ցածր: Բացատրեք, որ յուրաքանչյուր բաժակը խորհրդանշում է մի ընտանիք և որ ամեն մի բաժակի վրայի գիծը խորհրդանշում է այդ ընտանիքի կարիքներն ու արդար ցանկությունները: Այն ջրով բաժակները, որոնք լցված են գծից ներքև, խորհրդանշում են ընտանիքները, որոնք բավականաչափ փող կամ ապրանքներ չունեն իրենց կարիքները հոգալու համար:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.31 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով այն առաջին քայլերը, որ սրբերը պետք է ձեռնարկեին, նվիրաբերման օրենքի համաձայն ապրելու համար:

  • Այս սրբերի համար, որո՞նք էին նվիրաբերման օրենքով ապրելու առաջին քայլերը: (Նրանց ստացվածքը պետք է «դրվեր եկեղեցու եպիսկոպոսի և նրա խորհրդականների առաջ»: Այլ խոսքերով, նրանք պետք է ցուցաբերեին իրենց պատրաստակամությունը` նվիրաբերելու իրենց փողն ու ունեցվածքը եկեղեցուն):

  • Ու՞մ է ներկայացնում եպիսկոպոսը: (Տիրոջը):

Որպեսզի ներկայացնեք եկեղեցու անդամներին, որոնք նվիրաբերում էին իրենց ունեցվածքը եկեղեցուն, խնդրեք վեց ուսանողներին իրենց բաժակների ջուրը լցնել սափորի մեջ: Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42․32 հատվածը և խնդրեք դասարանի անդամներին փնտրել երկրորդ քայլը, որ սրբերը պետք է անեին, նվիրաբերման օրենքով ապրելու համար:

Բացատրեք, որ յուրաքանչյուր ընտանիք աշխատում էր եպիսկոպոսի հետ և ստանում` այսպես կոչված «տնտեսություն» (ՎևՈւ 42.72): Սա նշանակում է, որ յուրաքանչյուր ընտանիքի Տերը վստահել էր գույք և միջոցներ: Ընտանիքները դառնում էին իրենց ստացած գույքի և միջոցների մասնավոր սեփականատերերը և օգտագործում ազատ կամքը` իրենց տնտեսությունը կառավարելու համար: Որպես Տիրոջ գույքի ու միջոցների տնտեսվարներ, նրանք հաշվետու էին Նրան և ամբողջովին պատասխանատու` այն ամենի համար, ինչ Նա վստահել էր նրանց:

Սափորից ջուր լցրեք յուրաքանչյուր բաժակի մեջ մինչև նշված գծերը:

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես էր եպիսկոպոսը բաշխում միջոցներն ընտանիքներին, ուսանողներից մեկին խնդրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 51.3 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով թե ինչպես էր եպիսկոպոսն (այս դեպքում Էդվարդ Պատրիջը) իրենց բաժինը հատկացնում յուրաքանչյուր ընտանիքին: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել ՎևՈւ 51.3 իրենց սուրբ գրություններում` Վարդապետություն և Ուխտեր 42.33 հատվածի կողքին:

  • Ինչպե՞ս էր եպիսկոպոսը բաժին հատկացնում յուրաքանչյուր ընտանիքին: (Բաժինների հատկացումը կատարվում էր ելնելով յուրաքանչյուր ընտանիքի հանգամանքներից, պահանջներից ու կարիքներից):

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 82.17 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով թե ինչպես է Տերը որոշում մարդու պահանջներն ու կարիքները: Կարող եք առաջարկել ուսանողներին գրել ՎևՈւ 82.17 իրենց սուրբ գրություններում` Վարդապետություն և Ուխտեր 42.33 հատվածի կողքին:

  • Ըստ այս հատվածի, ի՞նչ է պահանջում Տերը մարդկանցից, ովքեր իրենց պահանջներն ու կարիքներն են ներկայացնում եպիսկոպոսին: (Նրանք պետք է արդար լինեն, այլ կերպ ասած` շիտակ ու ազնիվ):

Ցույց տվեք ուսանողներին սափորի մեջ մնացած ջուրը: Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.33–36 հատվածները: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, ուշադրություն դարձնելով, թե ինչ է Տերը հրահանգել սրբերին անել նվիրաբերված ունեցվածքի հետ, որը կավելանար տնտեսությունների բաշխումից հետո:

  • Ի՞նչ է Տերը պատվիրել սրբերին անել ավելացած ունեցվածքի կամ «մնացորդի» հետ: (Նրանք պետք է օգտագործեին այն աղքատներին օգնելու, եկեղեցու շենքերի կառուցումը ֆինանսավորելու և կարիքի մեջ գտնվող անդամներին օգնելու համար): Ձեր կարծիքով, ի՞նչն է խորհրդանշում սափորը այս հատվածներից: (Շտեմարանը):

  • Ինչպե՞ս կարող է նվիրաբերումն օգնել հոգ տանելու աղքատների ու կարիքավորների համար:

  • Ինչպե՞ս կարող է նվիրաբերման օրենքը օրհնություն լինել եկեղեցու համար:

  • Ի՞նչը կարող է դժվար լինել նվիրաբերման օրենքով ապրելու պարագայում:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.38 հատվածը: Խնդրեք դասարանի անդամներին հետևել, գտնելով թե ինչ սկզբունք է Տերն ուսուցանում` մյուսների համար բարին անելու հետ կապված:

  • Ի՞նչ սկզբունք է Տերն ուսուցանել` մյուսների համար բարիք անելու մասին: (Ուսանողները պետք է ասեն, որ երբ մենք բարիք ենք գործում մյուսների համար, մենք դա անում ենք Տիրոջ համար: Գրեք այս սկզբունքը գրատախտակին):

  • Ինչպե՞ս է այս ճշմարտությունն օգնել սրբերին պատրաստակամ լինել` նվիրաբերելու իրենց ունեցվածքից: Ինչպե՞ս է օգնել ձեզ այս ճշմարտության մասին հիշելը:

  • Ե՞րբ եք զգացել, որ դուք ծառայում եք Տիրոջը, երբ մյուսներին օգնելու համար ինչ-որ բան եք արել:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 42.40–42 հատվածները: Դասարանի անդամներին խնդրեք հետևել, գտնելով, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա մարդը նվիրաբերման օրենքով ապրելու համար: (Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, թե ինչպես է 40 հատվածը վերաբերում իրենց կյանքին, բացատրեք, որ Տերը չի ակնկալում մեզանից, որ մենք պատրաստենք մեր սեփական հագուստը: Սակայն, Նա ուզում է, որ մենք կոկիկ ու մաքուր արտաքին ունենանք:)

  • Վարդապետություն և Ուխտեր 42.42-ում, ծույլ բառը նշանակում է անաշխատասեր: Ինչո՞ւ կարող է ծույլ մարդու համար դժվար լինել` ապրել նվիրաբերման օրենքով:

Ուսանողներին երկու-երեք հոգանոց խմբերի բաժանեք: Բացատրեք, որ թեև վաղեմի սրբերի պես մեզ պատվիրված չէ ապրել նվիրաբերման օրենքով, սակայն օրենքն այսօր դեռ ուժի մեջ է: Յուրաքանչյուր խմբին հրավիրեք կարդալ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի հետևյալ արտահայտությունը, ուշադրություն դարձնելով, թե ինչ է նշանակում մեզ համար այսօր ապրել նվիրաբերման օրենքով: Ապա խնդրեք յուրաքանչյուր խմբի անդամներին քննարկել այս խոսքերից հետո տրվող հարցերը: (Կարող եք առաջարկել ուսանողներին գրել այս արտահայտությունն իրենց սուրբ գրություններում` 30 հատվածի կողքի լուսանցքում:)

Նկար
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ

«Նվիրաբերումը դա մեր ժամանակը, տաղանդներն ու միջոցները տալն է` հոգ տանելու նրանց համար, ովքեր կարիքի մեջ են - թե հոգեպես, թե ֆիզիկապես և կառուցելու համար Տիրոջ արքայությունը» (“Welfare Services: The Gospel in Action,” Ensign, Nov. 1977, 78):

  • Ի՞նչ կերպ ձեր շրջապատից որևէ մեկը կարող է կարիքի մեջ լինել (բացառությամբ ֆինանսապես):

  • Որքա՞ն ժամանակ, տաղանդներ կամ միջոցներ դուք ունեք, որ կարող եք օգտագործել օգնելու համար նրանց, ովքեր կարիքի մեջ են:

  • Ե՞րբ եք դուք օրհնվել մեկ ուրիշի կողմից, ով տվել է իր ժամանակը, տաղանդները կամ միջոցները` ձեզ օգնելու համար:

Դասն ավարտեք ձեր վկայությունը բերելով այս դասի ընթացքում քննարկված սկզբունքների վերաբերյալ:

Բացատրական և պատմական տեղեկություն

Վարդապետություն և Ուխտեր 42.30–34: Նվիրաբերման օրենք

Նկար
Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ

Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը բացատրել է, որ «Միացյալ Միաբանությունը, կամ նվիրաբերման օրենքը, չեն նախատեսում, որ ծույլը պետք է ուտի աշխատողի հացը: Թեև բոլորը պետք է սովորականի պես կիսվեն, ոչ ոք չպետք է մյուսից ավել ունեցվածք ունենա, ինչպես նաև բոլորը պետք է ծառայեն և աշխատեն` բոլորի օգտի համար» (Church History and Modern Revelation, 2 vols. [1953], 1:205):

Վարդապետություն և Ուխտեր 42.30–34: Տիրոջ նվիրաբերման օրենքը համեմատվում է սոցիալիստական ծրագրերի հետ

Ոմանք կարծիք են արտահայտել, որ նվիրաբերման օրենքի և միացյալ միաբանության համակարգի պրակտիկան` սոցիալիզմի կամ կոմունիզմի զուտ կրոնական տեսակն է: Մյուսները պնդում են, որ դա կամ եղել է Ջոզեֆ Սմիթի օրերի տնտեսական փիլիսոփայության զարգացումը, կամ կոմունալ փորձարկումներ` նոր կրոնի ներքո: Այս կարծիքները սխալ են: Վերջին ժամանակներում Առաջին Նախագահության Նախագահ Մարիոն Գ. Ռոմնին մեկնաբանել է միացյալ միաբանության համակարգը.

Նկար
Նախագահ Մարիոն Ջ. Ռոմնի

«(1) Միացյալ միաբանության անկյունաքարը հավատքն է Աստծո հանդեպ և Նրա ընդունումը որպես երկրի Տեր և միացյալ միաբանության հեղինակ:…

(2) Միացյալ միաբանությունը գործի է դրվում մարդկանց կամավոր, ազատ կամքի գործողություններով, ինչի մասին վկայում է Աստծո եկեղեցուն նրանց կողմից ամբողջ ունեցվածքի նվիրաբերումը:…

(3) …Միացյալ միաբանությունը գործում է մասնավոր սեփականության և անհատական կառավարման սկզբունքի հիման վրա:…

(4) Միացյալ միաբանությունը քաղաքական չէ…

(5) Արդար մարդիկ են Միացյալ միաբանության նախապայմանը…

Միացյալ միաբանությունը բարձրացնում է աղքատներին և խոնարհեցնում` հարուստներին: Այդ ընթացքում երկուսն էլ սրբագործվում են: Աղքատներն ազատվում են աղքատության գերությունից և նվաստացուցիչ սահմանափակումներից, և ի վիճակի են լինում որպես ազատ մարդիկ աճել իրենց ողջ ներուժով` ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր: Հարուստները, նվիրաբերելով և տալով իրենց ավելցուկից աղքատների օգտի համար, ոչ թե հարկադրաբար, այլ պատրաստակամորեն` որպես ազատ կամքի դրսևորում, ապացուցում են, որ գթությունն իրենց մերձավորների հանդեպ, ինչպես Մորմոնն է բնութագրել. «Քրիստոսի մաքուր սերն է»: (Մորոնի 7.47)» (in Conference Report, Apr. 1966, 97):

Նկար
Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ

Առաջին Նախագահության Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերն ասել է. «Միացյալ միաբանությունն, ընդհանուր առմամբ, չէր հասկացվել:… [Այն] կոմունալ համակարգ չէր:… Միացյալ միաբանությունն ու կոմունիզմը հոմանիշներ չեն» (in Conference Report, Oct. 1943, 11):

Նախագահ Ռոմնին բացատրել է, որ մենք պետք է անձնական պատասխանատվություն կրենք` հոգ տանելու աղքատների և կարիքավորների համար. «Այս ժամանակակից աշխարհում, որը լի է Տիրոջ ծրագրի հանդեպ կեղծիքներով, մենք չպետք է մոլորության մեջ ընկնենք, ենթադրելով, որ կարող ենք մեր վրայից հանել աղքատների ու կարիքավորների հանդեպ մեր պարտավորությունները, դրանք փոխանցելով որոշ կառավարական կամ այլ հասարակական գործակալություններին: Միայն պատրաստակամորեն առատ սեր ցուցաբերելով մեր մերձավորների հանդեպ մենք կարող ենք զարգացնել գթություն, որն ինչպես Մորմոնն է բնութագրել. «Քրիստոսի մաքուր սերն է»: (Մորոնի 7.47)» (“Caring for the Poor and Needy,” Ensign, Jan. 1973, 98):

Նախագահ Քլարկը հետևյալ հայտարարությունն է արել պետական նպաստների մասին.

Նկար
Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ

«Մեծ քանակությամբ նպաստների բաշխումը հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր մարդկանց մտքերում ծնել է սեր` ծուլության հանդեպ, զգացում, որ աշխարհը պարտական է նրանց ապրուստի համար: Դա մի պարարտ հող է ստեղծել որոշ շատ կործանարար քաղաքական վարդապետությունների համար, որոնք երբևէ կյանքի են կոչվել, … և ես կարծում եմ, որ դա կարող է տանել մեզ դեպի լուրջ քաղաքական խնդիրներ» (quoted in Marion G. Romney, “Church Welfare Services’ Basic Principles,” Ensign, May 1976, 121):

Նկար
Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ

«Հասարակությունը պարտավոր չէ ոչ մի մարդու, անկախ տարիքից, ապահովել ծույլ կյանքով: Ես երբեք չեմ տեսել սուրբ գրություններում նույնիսկ մեկ տող, որը կոչ է անում, կամ նույնիսկ` թույլ տալիս սա: Անցյալում ոչ մի ազատ հասարակություն չի կարողացել աջակցել մեծ խմբերի` անգործության մեջ և ազատ ապրել» (in Conference Report, Apr. 1938, 107):

Վարդապետություն և Ուխտեր 42.30–34, 54–55: Վաղ կոմունալ համակարգեր, որոնք նախորդել են նվիրաբերման օրենքի հայտնությանը

Ջոզեֆ Սմիթի օրոք, մարդկանց որոշ խմբեր փորձել են ձևավորել կոմունալ համակարգեր, որի ներքո խումբը կիսում էր ամբողջ հարստության և միջոցների սեփականությունը: Նվիրաբերման օրենքի հայտնությունից առաջ, Օհայոյում եկեղեցու որոշ անդամներ հիմնադրել էին այդպիսի մի խումբ: Նրանց գործելակերպից որոշ բաներ խնդրահարույց էին.

«Երբ [Ջոզեֆ Սմիթը] ժամանել էր Օհայո [նա] հայտնաբերել էր մոտ հիսուն մարդկանցից կազմված մի խումբ, ովքեր համատեղ տնտեսություն էին հիմնել, յուրովի մեկնաբանելով Գործք գրքի այն տողերը, որտեղ նկարագրված են վաղեմի սրբերը, որոնք ամեն բան հասարակաց ունեին (տես Գործք Բ.44–45; Դ.32): «Ընտանիք» կոչվող այս խումբը … եկեղեցու անդամներն էին, ովքեր ապրում էին Այզեք Մորլիի ֆերմայում, Կիրթլենդի մոտակա գյուղում: Երբ հունվարի կեսին ժամանեց Ջոն Վիթմերը, նա նկատեց, որ այն, ինչ նրանք անում էին, շատ խնդիրներ էր ստեղծել: Օրինակ, Հեման Բասեթը վերցրել էր Լիվայ Հենկոքին պատկանող գրպանի ժամանցույցը և` վաճառել այն: Երբ նրան հարցրել էին, թե ինչու՞ է այդպես վարվել, Հեմանը պատասխանել էր. «Օ՜, ես մտածեցի, որ այդ բոլորն ընտանիքինն է»: Լիվայն արձագանքել էր, որ նրան դուր չի գալիս այն, «ինչ ընտանիքն անում է, և այլևս չի հանդուրժելու դա»: [Levi W. Hancock, “Levi Hancock Journal,” LDS Historical Department, Salt Lake City, p. 81.]:

Մարգարե Ջոզեֆը … գիտակցում էր մի ավելի կատարյալ համակարգ հիմնադրելու կարիքը` եկեղեցու աճող տնտեսական կարիքները հոգալու համար: Գումար էր պահանջվում ֆինանսավորելու համար եկեղեցու տարբեր նախաձեռնությունները, ինչպես, օրինակ, հայտնությունները և միսիոներական բրոշյուրները հրատարակելու համար:… Դրամ, ապրանքներ և գույք էր անհրաժեշտ աղքատներին օգնելու և ներգաղթյալներին աջակցելու համար, ովքեր շատ բաներ էին զոհաբերել Օհայոյում հավաքվելու համար, այնպես որ Ջոզեֆը հարցրեց Տիրոջը» (Church History in the Fulness of Times Student Manual, 2nd ed. [Church Educational System manual, 2003], 95):

Վարդապետություն և Ուխտեր 42-րդ բաժնում տեղ գտած հայտնությունը, որտեղ բացահայտվում է Տիրոջ նվիրաբերման օրենքը, այն բազմաթիվ հայտնություններից մեկն է, որը ստացվել էր ի պատասխան Ջոզեֆի խնդրանքի:

Վարդապետություն և Ուխտեր 42.34, 55: Եպիսկոպոսի շտեմարանը

1831թ. Տերը հայտնել է մարգարե Ջոզեֆ Սմիթին, որ Եկեղեցու անդամները պետք է «[իրենց] ստացվածքից բաժին հանեն աղքատներին… և դրանք պիտի դրվեն իմ եկեղեցու եպիսկոպոսի առաջ… և պահվեն իմ շտեմարանում, աղքատին ու կարիքավորին սատարելու համար» (ՎևՈւ 42.31, 34):

Ավելի քան 180 տարի անց, եպիսկոպոսների պահեստներն ամբողջ աշխարհում շարունակում են աջակցել եպիսկոպոսներին այս կոչման մեջ. «եղիր հավատարիմ. կանգնիր այն պաշտոնում, որում նշանակել եմ քեզ. սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և ամրացրու տկար ծնկները» (ՎևՈւ 81.5):

«Անկախ նրանից, թե դա մի շենք է, որը պարունակում է սնունդ և այլ պարագաներ, թե` ծխի մի շարք ռեսուրսներ, որտեղից եպիսկոպոսը կարող է բաշխել, եպիսկոպոսի պահեստներն օգտագործվում են հոգ տանելու նրանց համար, ովքեր կարիքի մեջ են:

Բարօրության և ինքնաապահովման հիմնական սկզբունքներ եկեղեցու ձեռնարկում (2009թ.) ասվում է. «Տիրոջ շտեմարանը մատչելի է յուրաքանչյուր եպիսկոպոսի համար և գոյություն ունի յուրաքանչյուր ծխում: Հակառակ ընդունված իմաստության, Տիրոջ շտեմարանը չի սահմանափակվում շենքով կամ պահեստով, որի ապրանքները սպասում են բաշխման»:

«Որտեղ աղյուս ու շաղախ է, շտեմարան առկա չէ, եպիսկոպոսները կարող են ձեռք բերել անհրաժեշտ ապրանքները տեղական առևտրականներից օգտագործելով ծոմի նվիրատվությունները» (“Bishops’ Storehouse Opens the Windows of Heaven,” Church News and Events, May 20, 2011, LDS.org):